Լուսանկարը` GOOGLE Մարտի 10-ին նավթի գինն աճեց 11%-ով, բայց այդ փոքր բարձրացումն ի վիճակի չէ փոխհատուցել նախորդ օրերին տեղի ունեցած գների անկումը: Մարտի 6-ից 9-ն ընկած ժամանակահատվածում Brent տեսակի նավթի գինն ընկել է 21,4%-ով և հասել մեկ բարելի դիմաց 35.02 դոլարի: Երկու տարի առաջ այն 85 դոլար էր: Չինաստանում կորոնավիրուսային համաճարակի պատճառով մի քանի շաբաթվա ընթացքում նավթի գինը սկսեց անկում ապրել (հունվարին գինը գերազանցում էր 70 դոլարը): Նավթի գների ռեկորդային անկումը պայմանավորված էր համաշխարհային շուկաների շղթայական արձագանքով: Մարտի 6-ին Վիեննայում` ՕՊԵԿ-ի կենտրոնակայանում, կայացած հանդիպման ժամանակ Սաուդյան կարտելի փաստացի առաջնորդը մասնակիցներին առաջարկեց կրճատել նավթի արդյունահանումը ՝ կանխելու կորոնովիրուսի պատճառով գների անկումը: Բայց Ռուսաստանը, ի տարբերություն ՕՊԵԿ-ի հետ կայացած նախորդ հանդիպումների, այս անգամ չէր ցանկանում աջակցել Ռիադին: Հետևաբար, Սաուդյան Արաբիան որոշեց փոխել մարտավարությունը. թագավորությունը հայտարարեց գների իջեցում և արտադրության զանգվածային աճ, որպեսզի շուկայում նավթի գինն անկում ապրի: Ֆոնդային շուկաները խուճապի մատնվեցին՝ արձանագրելով նավթի ամենամեծ անկումը 1991 թվականից Իրաքի` Քուվեյթ ներխուժումից ի վեր: Միջազգային և ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի (IRIS) հետազոտող Ֆրենսիս Պերենը խոսում է իրադարձությունների այս շրջադարձի պատճառների և դրանց հետևանքների մասին:
Le Point.
-Գների իջեցմամբ և արտադրության ավելացմամբ Սաուդյան Արաբիան ի՞նչ նպատակներ է հետապնդում: Հարկ է հաշվի առնել, որ Ռիադը նախկինում հետևում էր հակառակ ռազմավարությանը:
Ֆրենսիս Պերեն.
–Մինչ այժմ այս հարցում մի բան է պարզ. «Saudi Aramco» -ն որոշեց ապրիլի 1-ից իջեցնել համաշխարհային շուկա մատակարարվող նավթի գները: Ինչ վերաբերում է արտադրության աճին, ապա սա ավելի քիչ ակնհայտ փաստ է: Պաշտոնական հայտարարություն չի եղել, բայց սաուդցիները չեն հերքել տեղեկատվությունը: Ամեն դեպքում, ռազմավարության այդպիսի փոփոխությունը շատ էական է: Ուրբաթ օրը Ռուսաստանը չհամաձայնեց ՕՊԵԿ-ի` արտադրության կրճատման հետագա առաջարկին: Նախատեսվում էր, որ նավթային կարտելից դուրս գտնվող երկրները, ներառյալ Ռուսաստանը, կունենան օրական 0,5 միլիոն բարել: Սաուդացիներն այս լուրը շատ վատ ընդունեցին: Հետևաբար, թագավորությունը որոշեց ամբողջովին փոխել իր ռազմավարությունը շուկայում իր շահերը պաշտպանելու համար:
-Այսինքն ՝ Սաուդյան Արաբիան որոշե՞լ է իր սեփական խաղը սկսել:
– Հենց այդպես: Սաուդյան Արաբիան իջեցնում է գները և, անկասկած, մեծացնում է արտադրությունը: Նա բոլոր հնարավորություններն ունի Ռուսաստանի դեմ գների պատերազմ սկսելու համար: Սա շատ պարզ է. «Saudi Aramco»-ն բարձրախոսի կարիք չունի, որպեսզի բոլորին հայտարարի, որ իր նպատակը Ռուսաստանն է: Սաուդցիները կարծում են, որ Ռուսաստանը լքել է նավը, ուստի պետք է պատժվի:
– Բացի այդ, շատ այլ արտադրող և արտահանող երկրներ կտուժեն ցածր գների պատճառով:
– Բնականաբար: Դա նման է երկու որսորդների մասին պատմվածքին. նրանք կրակում են արջի վրա, վրիպում են, արջը վազում է նրանց հետևից, և երկու որսորդներից մեկը ասում է. «արջը մեզ կբռնի, գլխավորն այն է, որ ես քեզանից արագ եմ վազում»: Մի խոսքով, որոշ երկրներ ավելի շատ կտուժեն, քան մյուսները:
– Արդյո՞ք Սաուդյան Արաբիան որոշել է հարված հասցնել նաև ԱՄՆ-ի թերթաքարային արդյունաբերությանը:
– Հիմնական նպատակը Ռուսաստանն է, ԱՄՆ-ն՝ երկրորդական: Նրանց նավթարդյունաբերությունը և հատկապես փոքր արտադրողները կտուժեն:
Ամերիկյան նավթային ոլորտին սնանկություն և վերակազմավորում է սպասվում:
– Որքա՞ն կտևի այս ճգնաժամը:
– Ամեն ինչ կախված է Ռուսաստանի գործողություններից: Եթե Մոսկվան որոշի. «Մենք ենք ձախողել, մենք էլ պետք է վերսկսենք երկխոսությունը», OPEC- ի հետ բանակցությունները կարող են վերսկսվել: Եթե Մոսկվան որոշի. «Սպասենք և տեսնենք», ամենայն հավանականությամբ, իրավիճակը կշարունակվի: Ամբողջ խնդիրն այն է, որ նման հարցերը լուծվում են պետությունների ղեկավարների մակարդակով, որտեղ էգո-ի դերը գերակա նշանակություն ունի:
Հատուկ «Անալիտիկոնի» համար ֆրանսերենից թարգմանեց Աննա Բարսեղյանը
Արցախի նախկին պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը չի կարծում, թե Արցախում իշխանափոխությունը, որն ավարտվեց նախագահի ընտրությամբ, տեղի ունեցավ սահմանադրական լեգիտիմության զգալի...
Ռուբեն Մեհրաբյան Հունիսի 11-12-ին Վիլնյուսում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հարուստ էր պատմական որոշումներով, որոնք կանխորոշում են ապագա աշխարհակարգում Դաշինքի ամենահզոր...
Մանվել Սարգսյան Ադրբեջանը շարունակում է շրջափակման մեջ պահել Լեռնային Ղարաբաղը (Արցախի Հանրապետությունը)՝ դրա հետ ինչ-որ հույսեր կապելով։ Ադրբեջանի հասարակության մեջ...
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ «Ռուսաստանը արդարացնում է իրեն որպես դաշնակից», -ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը` Պրիմակովյան ընթերցումների շրջանակում պատասխանելով Երևանի...