Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Չճանաչված պետություններ. կարեւոր է «ներքին լեգիտիմությունը»

marut
March 2012

Ալեքսանդր ԿՌԻԼՈՎ
Պատմական գիտությունների դոկտոր, Կովկասագետների գիտական միության նախագահ, Ռուսաստանի ԳԱ Միջազգային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի փորձագետ
Մոսկվա

Չճանաչված պետությունները նորագույն շրջանի պատմական երեւույթ են: Նրանց առաջացումը սկսզբնապես կապված էր Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո բազմազգ գաղութատիրական կայսրությունների տրոհման, ապա նաեւ՝ բազմազգ ԽՍՀՄ-ի եւ Հարավսլավիայի փլուզման հետ:

Կոսովյան նախադեպից առաջ միջազգային հանրությունը հրաժարվում էր ճանաչել նոր պետություններ, եթե ՄԱԿ-ի անդամ «մետրոպոլիա-պետությունը» դրան դեմ էր:  Այնուամենայնիվ, տարբեր պատճառներով այդպիսի պետությունները կարող էին ճանաչվել ՄԱԿ-ի անդամ որոշ պետությունների կողմից: Հաճախ ՄԱԿ-ի անդամ սույն պետություններն՝ էթնիկական եւ կրոնադավանական համերաշխության հանգամանքների բերմամբ, ինչպես նաեւ «խնդրահարույց հարեւանի» դրությունը բարդացնելու ձգտմամբ, չճանաչված պետություններին ցուցաբերում էին քաղաքական, ֆինանսական եւ անգամ ռազմական աջակցություն:

Չճանաչված պետությունների ճակատագիրը տարբեր էր:

Տարբերակ Ա. Նրանց մի մասը ջախջախվել է ռազմական ճանապարհով: Այսպես, օրինակ, 1970 թ. վերացվել է 1967 թ. անկախություն հռչակած Բիաֆրայի հանրապետությունը, որը ճանաչվել էր մի քանի հարեւան աֆրիկյան պետությունների կողմից եւ վայելում էր Ռոդեզիայի, Հարավային Աֆրիկայի Հանրապետության եւ Ֆրանսիայի ռազմական աջակցությունը: 1976 թ. Շրի-Լանկայի հյուսիսային եւ արեւելյան նահանգներում հռչակվել է ոչ մեկի կողմից չճանաչված Թամիլ-Իլամ պետությունը, որն, այնուամենայնիվ, ընդունակ է գտնվել դիմադրելու ոչ միայն շրիլանկյան բանակին, այլեւ հնդկական էքսպեդիցիոն կորպուսին: Շրի-Լանկայի կառավարությանը մեծագույն դժվարությամբ հաջողվել է ջախջախել Թամիլ-Իլամը միայն 2009 թ.:

1991 թ. դեկտեմբերին հռչակվել է Սերբական Կրաինայի Հանրապետությունը (ՍԿՀ), որը 1995 թ. ջախջախվել է խորվաթական բանակի կողմից: Նույն շարքի օրինակներին է պատկանում նաեւ ռուսաստանյան Հյուսիսային Կովկասում հռչակված Չեչենական Իչքերիա հանրապետությունը:

Արդյո՞ք ռազմաուժային լուծման պարագայում չճանաչված պետության կամ «մետրոպոլիա-պետության» մեջ ժողովրդավարության եւ պետական հաստատությունների զարգացման մակարդակն ուներ որեւէ նշանակություն: Պատասխանն ակնհայտ է՝ ոչ: Իրական կյանքում այն ոչ մի նշանակություն չուներ: Բիաֆրան բազում ցուցանիշներով շատ ավելի կայացած էր նրան կործանած Նիգերիայից, բայց վճռորոշը կողմերի ռազմական ներուժն էր եւ արտաքին գործոնները (Նիգերիան վայելում էր ԽՍՀՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի վճռական աջակցությունը):

Տարբերակ Բ. Աշխարհում շարունակում են գոյություն ունենալ «մասնակիորեն ճանաչված» չճանաչված պետությունները՝ Աբխազիան, Կոսովոն, Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը (ՀԿԹՀ), Սահարայի Արաբական Ժողովրդավարական Հանրապետությունը (ՍԱԺՀ), Հարավային Օսիայի Հանրապետությունը (ՀՕՀ) եւ այլն: Այլ առանձնահատուկ օրինակ են Պաղեստինն ու Թայվանը (նրանք հրաժարվում են ճանաչել իրենց «մետրոպոլիա-պետությունների» լեգիտիմությունը): Այս պետությունները ճանաչվել են ոչ թե ՄԱԿ-ի, այլ այդ կազմակերպության առանձին անդամների կողմից: Դա տեղի է ունեցել տարբեր պատճառներով, բայց ակնհայտ է, որ ժողովրդավարության կամ պետական հաստատությունների զարգացման մակարդակն այնտեղ ոչ մի դեր չէր խաղում:

Եվ եթե «մասնակիորեն ճանաչված» պետություններին հաջողվի հասնել լիարժեք միջազգային ճանաչման, ապա դա տեղի կունենա ոչ թե ժողովրդավարական չափանիշներին համապատասխանելու կամ պետական հաստատությունների արդյունավետ գործառնության շնորհիվ, այլ բոլորովին ուրիշ պատճառներով: Օրինակ, եթե ԱՄՆ-ն եւ վերջինիս եվրոպական դաշնակիցները կարողանան վերջնականապես ճնշել Սերբիային՝ կորզելով նրանից Կոսովոյի անկախության ճանաչումը: Արդյո՞ք դրանում Սերբիայի կամ Կոսովոյի ժողովրդավարացման ավելի բարձր մակարդակը որեւէ դերակատարություն կունենա: Ակնբախ է, որ ո°չ: Դրա վառ ապացույցն են այն ճանաչված պետությունները, որոնք ստացել են միջազգային ճանաչում, դարձել են ՄԱԿ-ի լիիրավ անդամ եւ ներկայացնում են չճանաչված պետությունների զարգացման եւս մեկ տարբերակ:

Տարբերակ Գ. Էրիտրեան, Արեւելյան Տիմորը եւ Հարավային Սուդանը: Այս բոլոր պետությունները հաղթել են երկարատեւ պատերազմներում եւ հարկադրել են Եթովպիայի, Ինդոնեզայի եւ Սուդանի կառավարություններին ճանաչել իրենց անկախությունը: Ընդսմին, էրիտրեացիներն անկախության նպատակին հասնելու համար ստիպված էին ոչ միայն պատերազմել 1961 թ., այլեւ 1991 թ. իշխանազրկել Եթովպիայի վարչակարգը եւ իշխանության բերել իրենց քաղաքական դաշնակիցներին: Այս պետությունների միջազգային ճանաչման մեջ գլխավոր դեր են ունեցել հակամարտող կողմերի ուժերի փոխհավասարակշռությունը եւ միջազգային ասպարեզում նախկին չճանաչված պետությունների համար ստեղծված բարենպաստ իրադրությունը:

Տարբերակ Դ. Եվ, վերջապես, չճանաչված պետությունների վերջին՝ այսպես ասած «հարյուր տոկոսով չճանաչված» պետությունների խումբը, որոնք ոչ մի պետության կողմից պաշտոնական ճանաչում չեն ստացել: Հետխորհրդային տարածքում դրանք երկուսն են՝ Լեռնային Ղարաբաղի եւ Մերձդնեստի հանրապետությունները: Նմանատիպ պետություններ շարունակում են գոյություն ունենալ Ասիայում եւ Աֆրիկայում: Ընդսմին, միայն նախկին Սոմալիի Հանրապետության տարածքում դրանց թիվը համարյա մեկ տասնյակի է հասնում: Դեռեւս չկա ոչ մի նշան, որ այս պետությունների զարգացման մակարդակը նշանակալից դեր կունենա միջազգային հանրության կողմից նրանց ապագա իրավաբանական ճանաչման համար:

Չճանաչված Սոմալիլենդը (երբեմնի «Բրիտանական Սոմալի» գաղութը) շատ ավելի հաջողված ու կայացած է՝ քայքայման եւ անիշխանության վիճակում գտնվող, բայց միջազգային հանրության կողմից ցայսօր նախանձախնդրորեն անկախ ճանաչվող Սոմալիի Հանրապետության համեմատ: Պաշտոնապես չճանաչված Սոմալիլենդի հետ դիվանագիտական հարաբերություններ են հաստատել Մեծ Բրիտանիան, Բելգիան, Գանան, ՀԱՀ-ը, Շվեդիան, Ջիբուտին: Սոմալիլենդի մայրաքաղաք Խարգեյսում գործում է Եթովպիայի դեսպանատունը, իսկ տեղական նավահանգիստների միջով անցնում են Եթովպիայի ներկրման ու արտահանման տարանցիկ հոսքեր:

2007 թ. Եվրամիությունը Սոմալիլենդ պատվիրակություն է գործուղել՝ հարաբերությունների հետագա զարգացման հնարավորությունները քննարկելու համար: Որոշ ժամանակ անց այդտեղ  ժամանել է նաեւ Աֆրիկյան միության հատուկ ներկայացուցիչը՝ սույն չճանաչված պետության ապագա միջազգային ճանաչման հարցերին լուծում տալու նպատակով: Այդ ժամանակվանից ի վեր անցել է մի քանի տարի, բայց իրավիճակը նույն է մնում. շարունակում է գոյություն ունենալ ՄԱԿ-ի կողմից ճանաչված, բայց փաստացիորեն մասնատված եւ ծովահենների ոստանի վերածված Սոմալիի Հանրապետությունը եւ չճանաչված, բայց անհամեմատ ավելի կայուն ու հաջողակ Սոմալիլենդը:

Վերոշարադրյալից առաջին եզրակացությունն այն է, որ որեւէ չճանաչված կամ «մասնակիորեն ճանաչված» պետության միջազգային ճանաչման հեռանկարի տեսանկյունից որոշիչ դեր է շարունակում ունենալ հակամարտող կողմերի միջեւ առկա ռազմաքաղաքական փոխհավասարակշռությունը, ինչպես նաեւ միջզգային ասպարեզում տիրող իրադրությունը, նախ եւ առաջ՝ խնդրի հանդեպ հիմնական միջազգային խաղացողների եւ հարեւան պետությունների դիրքորոշումը: Այս առումով տեսանելի ապագայում իրավիճակը հազիվ թե արձանագրի փոփոխության միտումներ:

Երկրորդ եզրակացությունը. ի հեճուկս վերոգրյալի, չճանաչված պետությունների ժողովրդավարության եւ պետական հաստատությունների զարգացման մակարդակն ու սոցիալ-տնտեսական հաջողվածության հանգամանքը շարունակում են ունենալ ակնառու նշանակություն: Նախ՝ այն պատճառով, որ չճանաչված պետությունում քաղաքական եւ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման արդյունավետությունն էապես նվազեցնում է վերջինիս ռազմաուժային ոչնչացման սցենարի իրականացման հավանականությունը: Հակառակ դեպքում, անկախության գաղափարը տեղի բնակչության մոտ կարող է արժեզրկվել, եւ չճանաչված պետության ղեկավարությունը կարող է կորցնել խիստ կարեւոր սոցիալական հենքը, որն, իր հերթին, կստեղծի բարենպաստ պայմաններ՝ բոլոր հնարավոր միջոցներով «ապստամբ տարածքում սահմանադրական կարգը վերականգնելու» համար:

Այսպիսով, պատմական հեռանկարի տեսանկյունից ժողովրդավարության եւ պետական հաստատությունների զարգացման մակարդակը ձեռք է բերում ոչ նվազ կարեւորություն, քան ռազմական եւ միջազգային գործոնները: Պատմական որոշակի փուլում չճանաչված պետության «ներքին լեգիտիմությունը» կարող է միջազգային ճանաչումից շատ ավելի կարեւոր դառնալ:

Արդի միջազգային իրադրության առանձնահատկությունն այն է, որ ՄԱԿ-ի (որի հեղինակությունն ու ազդեցությունն աշխարհում շարունակում են նվազել) անդամությունը շատ հարցերում արժեզրկվել է եւ արտաքին միջամտությունից խուսափելու առումով այլեւս երաշխիք չի տալիս: Սերբիայի, Իրաքի, Լիբիայի եւ այլ պետությունների ճակատագիրը, ինչպես նաեւ մերօրյա «արաբական գարունը» վկայում են, որ «ներքին լեգիտիմության» խնդիրը հետզհետե ձեռք է բերում ավելի մեծ արդիականություն, այդ թվում եւ միջազգային իրավունքի տեսանկյունից «հարյուր տոկոսով ճանաչված» պետությունների համար:

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.