Հայոց ցեղասպանության մասին ընդունված բանաձևերի տեքստը
Թաթուլ ՀԱԿՈԲՅԱՆ
Երևան
Թաթուլ Հակոբյանը լրագրող է, «Սիվիլիթաս» հիմնադրամի փորձագետ: Նա Ղարաբաղյան հակամարտության մասին «Կանաչ ու սև. արցախյան օրագիր» և հայ-թուրքական հարաբերությունների մասին «Հայացք Արարատից. հայերը և թուրքերը» գրքերի հեղինակն է։
1965-ից ի վեր աշխարհի շուրջ երկու տասնյակ երկրների խորհրդարաններ և միջազգային կազմակերպություններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը՝ ընդունելով բանաձևեր, զեկույցներ կամ հայտարարություններ: Սովորաբար Թուրքիան դատապարտում է, իսկ Հայաստանը և Սփյուռքը՝ ողջունում:
Ընդունված տեքստերի բովանդակությունը հաճախ վերլուծության չեն ենթարկվում: Մինչդեռ դրանք երբեմն պարունակում են նաև դրույթներ կամ առանձին կետեր, որոնք անընդունելի են Հայաստանի և Հայ դատը հետապնդող կազմակերպությունների համար: Մյուս կողմից, պետք է համակերպվել այն իրողության հետ, որ միջազգայնորեն ընդունված փաստաթղթերը չեն կարող ամբողջովին բավարարել միայն մեկ կողմի ցանկությունները:
Առաջին պետությունը, որ անդրադարձել է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայության հետ կատարվածին, Ուրուգվայն է: 1965 թվականի ապրիլի 20-ին Լատինական Ամերիկայի այդ երկրի Սենատի և Ներկայացուցիչների պալատի բանաձևում, որը կրում է «Հայ նահատակների հիշատակի օր» խորագիրը, բացակայում է «ցեղասպանություն» անվանումը: Բանաձևն ունի չորս հոդված. «1. Առաջիկա ապրիլի 24-ը հայտարարվում է «Հայ նահատակների հիշատակի օր»` նվիրված 1915 թ. այդ ազգության կոտորածներին զոհ գնացած ներկայացուցիչներին: 2. Պաշտոնական ռադիոծառայությունների կայանները պետք է այդ օրը իրենց հաղորդումների մի մասը նվիրեն վերոհիշյալ ազգության զոհերի հիշատակին: 3. Հայկական ծագում ունեցող քաղաքացիներին, որոնք պետական ծառայողներ են, թույլատրվում է այդ օրը աշխատանքի չներկայանալ: 4. Մոնտեվիդեոյի շրջանի թիվ 156 երկրորդ աստիճանի դպրոցը «Հայաստան» անվանակոչել»:
Ուշագրավ է, որ հենց 1965 թվականին՝ ապրիլի 24-ին, Խորհրդային Հայաստանում ոգեկոչվեց Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակը: Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը հայրապետական կոնդակով 1965 թվականը հռչակեց սգո և աղոթքի տարի: Խորհրդային իշխանությունները թույլատրեցին, որ Մայր Աթոռը ապրիլի 24-ին Սուրբ պատարագ մատուցի և հոգեհանգստյան պաշտոն կատարի ի հիշատակ Մեծ եղեռնի 50-րդ տարելիցի: Հայաստանում առաջին անգամ պաշտոնապես նշվեց Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, որը հետագայում դարձավ ավանդական: Ապրիլ 24-ին Երևանի Լենինի (այսօր՝ Հանրապետության) հրապարակում հավաքված բազմությունը նախ շարժվեց Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն` ծաղկեպսակ դնելու Կոմիտաս վարդապետի շիրիմին: Կեսօրին շուրջ հարյուր հազար հոգու հասնող բազմությունը, ըստ նախօրոք կազմված ծրագրի, դուրս եկավ հրապարակից, շարժվեց Երևանի գլխավոր պողոտաներով, ապա կրկին վերադարձավ Լենինի հրապարակ, որը ողողված էր «Մեր հողերը, մեր հողերը» գրությունը կրող մեծատառ պաստառներով:
1982-ի ապրիլի 29-ին Հայոց ցեղասպանությանը անդրադարձավ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը՝ օգտագործելով «ցեղասպանություն» եզրը: Բանաձևը կազմված էր սեղմ նախաբանից և հինգ հոդվածից. «Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը 1915թ. սկսած և թուրքական անցյալ վարչակարգի կողմից կազմակերպված հայ ժողովրդի ցեղասպանության տարելիցի կապակցությամբ` 1. Սարսափով նշում է և անկեղծորեն դատապարտում հայ ժողովրդի հանդեպ կատարված ոճիրը, որը բնութագրվում է որպես ցեղասպանություն և որն արմատախիլ արեց հայերին իրենց նախնիների հողերից: 2. Պաշտպանում է հայ ժողովրդի անխախտ իրավունքների լիարժեք վերականգնումը: 3. Ընդգծում է երկարատև բարեկամական համակեցությունը և եղբայրական համագործակցությունը Կիպրոսի հայերի հետ, ինչպես նաև նրանց ներդրումը մեր երկրի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում: 4. Համարում է այս համակեցությունն իբրև Կիպրոսի բոլոր ժողովուրդների խաղաղ համակեցության իրական հնարավորության ակներևություն` անկախ լեզվի, կրոնի կամ ազգային ծագման: 5. Միաժամանակ անհրաժեշտ է համարում դատապարտել նույն ոճիրը, որը կատարվեց Կիպրոսի ժողովրդի հանդեպ` 1974թ. թուրքական ներխուժումից հետո»:
1987-ի հունիսի 18-ին Հայոց ցեղասպանությանն անդրադարձավ Եվրոպական խորհրդարանը, որի ընդունած բանաձև կրում էր «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» խորագիրը: Այս բանաձևը, որ մեծ գոհացում պատճառեց ողջ հայությանը, պարունակում էր նաև դրույթներ, որոնցով դատապարտվում էր հայկական զինյալ պայքարը: Եվրոպական խորհրդարանը հայերի նկատմամբ 1915-1917թթ. Օսմանյան կայսրության տարածքում տեղի ունեցածը որակում էր «ցեղասպանություն, միաժամանակ նշում, որ ժամանակակից Թուրքիան պատասխանատու չի կարող համարվել Օսմանյան կայսրության հայ բնակչության ողբերգության համար և ամենայն հաստատակամությամբ ընդգծում է, որ պատմական այդ իրադարձությունների ճանաչումը որպես ցեղասպանություն առիթ չի կարող լինել քաղաքական, իրավական կամ նյութական որևէ պահանջի այսօրվա Թուրքիայի նկատմամբ»: Բանաձևում խորը ափսոսանք էր հայտնվում և դատապարտվում «1973-1986 թթ. ընթացքում հայկական խմբավորումների անիմաստ ահաբեկչությունը, ինչպես նաև` բազմաթիվ մահափորձեր, որոնց հետևանքով զոհվեցին կամ վիրավորվեցին շատ անմեղ մարդիկ, ինչը դատապարտվեց հայ ժողովրդի ճնշող մեծամասնության կողմից», իսկ «առանձին կազմակերպությունների կողմից ի գործ դրվող բոլոր բռնի գործողություններն ու ահաբեկչական ձևերը հատկանշական չեն հայ ժողովրդին»: Այսպիսով, Եվրոպական խորհրդարանի բանաձևը դատապարտում էր ԱՍԱԼԱ-ի և Հայոց ցեղասպանության արդարության մարտիկների զինյալ պայքարը՝ թուրքական թիրախների դեմ գործողությունները, որոնք իրականացվել են հիմնականում թուրք դիվանագետների և նրանց ընտանիքների անդամների դեմ աշխարհի տարբեր վայրերում:
Հայաստանի անկախացումից հետո՝ 1995-ի գարնանը Հայոց ցեղասպանությունը ճանաչեցին Արգենտինայի Սենատը և Ռուսաստանի Պետական դուման (խորհրդարանի ներքին պալատ): Իր ձևակերպումներով հատկանշական էր Պետական դումայի ապրիլի 14-ի «1915-1922 թթ. հայ ժողովրդի ցեղասպանության դատապարտման» հայտարարությունը: «Հենվելով Արևմտյան Հայաստանի տարածքում 1915-1922 թթ. հայերի բնաջնջման մասին վկայող անհերքելի պատմական փաստերի վրա, հետևելով ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժելու մասին 1948թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի ընդունած Հռչակագրի միջազգային ոգուն ու տառին, նշելով, որ իր պատմական հայրենիքում եղբայրական հայ ժողովրդի ֆիզիկական բնաջնջումը կատարվել է Ռուսաստանի քայքայման համար պայմաններ ստեղծելու նպատակով», Ռուսաստանի Պետական դուման «դատապարտում է 1915-1922 թթ. հայերի բնաջնջման կազմակերպիչներին, իր կարեկցանքը հայտնում հայ ժողովրդին և ապրիլի 24-ը համարում ցեղասպանության զոհերի հիշատակի օր»:
Հետագայում ևս ավելի քան մեկ տասնյակ երկրների խորհրդարաններ ընդունեցին Հայոց ցեղասպանությունը, սակայն այդ փաստաթղթերից որևէ մեկում չէր հիշատակվել ոչ «Արևմտյան Հայաստան» անունը և ոչ էլ «պատմական հայրենիք» եզրը: Թուրքիայի արտգործնախարարության խոսնակը դժգոհություն հայտնեց Պետական դումայի որոշումից, ինչպես նաև քննադատեց Ռուսաստանին, որն անուղղակի կերպով վտանգել էր Թուրքիայի տարածքային ամբողջականությունը` հղում անելով պատմական «Արևմտյան Հայաստան» անվանը:
Հայոց ցեղասպանությունը 1996-ին ճանաչեցին նաև Կանադայի Համայնքների պալատը (23 ապրիլ), Հունաստանի խորհրդարանը (25 ապրիլ), իսկ 1997թ. ապրիլի 3-ին՝ Լիբանանի խորհրդարանը: Լիբանանի խորհրդարանի ընդունած բանաձևում ասվում էր. «Զգալով 1915-1923 թթ. երկար տարիների ընթացքում լիբանանցի հայ ժողովրդի ապրած տառապանքի ու ցավի չափը, որ նման էր լիբանանցի և շրջանի այլ ժողովուրդների տառապանքներին, որոնք մինչև օրս շարունակում են այս դարասկզբին մեր ժողովուրդների դեմ գաղութատիրոջ կողմից սկսած ցեղասպանությունը, և նկատի ունենալով, որ ամեն տարի Ապրիլ 24-ը առիթ է` ոգեկոչելու հայ ժողովրդի դեմ կատարված ջարդերի արհավիրքի հիշատակը, Լիբանանի խորհրդարանը սրանով կոչ է անում լիբանանցի ժողովրդին, որ ամեն տարի այդ օրը հայտարարվի հայ ժողովրդի հետ միասնականության օր»: Լիբանանի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը կրկին ճանաչեց 2000թ. մայիսի 11-ին: «Օսմանյան իշխանության կողմից 1915-ին կազմակերպած ջարդերի 85-ամյակի առթիվ, որի հետևանքով ոչնչացվեցին 1,5 միլիոն հայեր, Լիբանանի պատգամավորների Պալատը ճանաչում է և դատապարտում հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը և հայտնում է իր ողջ համերաշխությունն իր երկրի հայ քաղաքացիներին: Դրանից բացի, Պալատը գտնում է, որ ցեղասպանության միջազգային ճանաչումը հանդիսանում է անհրաժեշտ պայման նմանօրինակ հանցագործությունները կանխելու համար, որոնք կարող են ձեռնարկվել ապագայում», ասվում էր Լիբանանի խորհրդարանի ընդունած բանաձևում:
1998-ի գարնանը Հայոց ցեղասպանությունը ճանաչել էին Բելգիայի և Ֆրանսիայի օրենսդիրները: Բելգիայի Սենատի՝ մարտի 26-ին ընդունած որոշման մեջ թուրքական կառավարությանը կոչ էր արվում «ճանաչել Օսմանյան կայսրության վերջին կառավարության կողմից 1915թ. կազմակերպված ցեղասպանության պատմական ճշմարտությունը», ինչպես նաև՝ «Եվրոպական Միության անդամ պետությունների խորհրդարաններին` նպաստել թուրք և հայ ժողովուրդների միջև հաշտեցմանը»: Ֆրանսիայի Ազգային ժողովի՝ մայիսի 29-ի ընդունած բանաձևն ընդամենը մեկ նախադասություն էր. «Ֆրանսիան հրապարակավ ճանաչում է 1915թ. Հայոց ցեղասպանությունը»: 2000թ. նոյեմբերի 7-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչեց Ֆրանսիայի Սենատը: Կարճ ժամանակ անց՝ 2001 թ. հունվարի 29-ին Ֆրանսիան ընդունեց օրենք Հայոց ցեղասպանության մասին, որի տակ դրված է Ժակ Շիրակի ստորագրությունը:
Հայոց ցեղասպանությունը ճանաչող պետությունների շարքում ամենից առաջ գնացողը Ֆրանսիան էր: 2006թ. հոկտեմբերի 12-ին Ազգային ժողովն ընդունեց օրինագիծ, որով 1915-ի ժխտումը որակվում էր քրեորեն պատժելի արարք, իսկ ժխտողներին սպասվում մեկ տարի ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: Սակայն օրենքի ուժ ստանալու համար անհրաժեշտ էր, որ Սենատը, ապա երկրի նախագահը ևս վավերացնեն օրինագիծը: 2007թ. նախագահական ընտրությունների նախօրեին թեկնածուներից Նիկոլա Սարկոզին ֆրանսահայ համայնքին խոստացավ, որ ընտրվելու դեպքում օրինագծի վավերացման ուղղությամբ քայլեր կձեռնարկի, սակայն նախագահ ընտրվելուց կարճ ժամանակ անց խորհրդապահական կերպով Անկարա գործուղեց Ելիսեյան պալատի դիվանագիտական խորհրդատու Ժան-Դավիդ Լևիտին` թուրքական իշխանություններին վստահեցնելով, որ ինքը մտադիր է անել ամեն ինչ, որպեսզի հայկական օրինագիծը Սենատում «թաղվի»: Այս մասին հայտնի դարձավ ավելի ուշ, երբ Վիկիլիքս կայքը հրապարակեց գաղտնի փաստաթղթեր: Ֆրանսիայի Սենատը 2011 թ. մայիսի 4-ին հնարավորություն ուներ ընդունել ցեղասպանության ուրացումը քրեականացնող օրինագիծը, սակայն քվեարկությունից առաջ Սենատի սահմանադրական հանձնաժողովն առաջարկեց այն հանել քվեարկությունից, ինչը և արվեց: Օրինագծի ընդունմանը դեմ քվեարկողները բերում էին հիմնական երկու պատճառ. առաջին` այն կխոչընդոտի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը, երկրորդ` սա պատմաբանների քննարկելիք հարց է: Սարկոզին, ով քվեարկությունից առաջ ֆրանսահայերին խոստացել էր չխոչընդոտել օրինագծի քվեարկությանը, ամիսներ անց` 2011թ. հոկտեմբերի 7-ին, Երևանում հայտարարեց, որ եթե Թուրքիան շարունակի ժխտել ցեղասպանությունը, ապա Ֆրանսիան կցանկանա քրեական պատիժ սահմանել Հայոց ցեղասպանության այդ ժխտման համար: 2011թ. դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը մեկ անգամ ևս վավերացրեց Հայոց ցեղասպանության ժխտումը կամ ուրացումը քրեականացնող նոր օրինագիծ: Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատը` Սենատը, 2012-ի հունվարի 23-ին ընդունեց Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը: Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը (դատարանը), սակայն, 2012-ի փետրվարի 28-ին դեմ քվեարկեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին Սենատի հունվարի 23-ի օրինագծին՝ այն համարելով հակասահմանադրական, քանի որ օրինագիծը սահմանափակում է խոսքի ազատությունը:
2002թ. հունիսի 13-ին բանաձև ընդունեց Կանադայի Սենատը` կառավարությանը հորդորելով «ճանաչել հայերի ցեղասպանությունը և դատապարտել պատմական ճշմարտության խեղաթյուրման կամ ժխտման ամեն մի փորձ, երբ այն կներկայացվի նվազ, քան ցեղասպանությունն է», ինչպես նաև՝ յուրաքանչյուր տարի ողջ Կանադայում ապրիլի 24-ը նշել որպես «1,5 միլիոն հայերի, որոնք դարձան քսաներորդ դարի առաջին ցեղասպանության զոհեր, հիշատակի օր»: Երկու տարի անց` 2004թ. ապրիլի 21-ին, Հայոց ցեղասպանությունը ճանաչեց Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատը: Բանաձևը մեկ նախադասություն էր. «Համայնքների պալատը ճանաչում և դատապարտում է 1915թ. Հայոց ցեղասպանությունը՝ որպես մարդկության դեմ կատարված ոճրագործություն»:
2003-2004 թթ. Հայոց ցեղասպանությունը ճանաչեցին նաև Արգենտինայի Սենատը՝ 2003թ. օգոստոսի 20-ին, Շվեյցարիայի Ազգային խորհուրդը՝ 2003թ. դեկտեմբերի 16-ին, Սլովակիայի Ազգային ռադան՝ 2004թ. նոյեմբերի 30-ին, Նիդեռլանդների խորհրդարանը՝ նույն տարվա դեկտեմբերի 21-ին: Բոլոր չորս բանաձևերում հստակ օգտագործվում էր «Հայոց ցեղասպանություն» եզրը: Բացի այդ, նախկինում ճանաչած լատինաամերիկյան երկու երկրներ վերահաստատեցին Հայոց ցեղասպանության եղելությունը. 2004թ. մարտի 18-ին Արգենտինան՝ օրինագծով, իսկ մարտի 31-ին՝ Սենատի հռչակագրով, և Ուրուգվայը 2004թ. մարտի 26-ին՝ օրենքով:
2005-ին բանաձևեր ընդունեցին Լեհաստանի (19 ապրիլ), Գերմանիայի (15 հունիս), Վենեսուելայի (14 հուլիս) և Լիտվայի (15 դեկտեմբեր) խորհրդարանները: Լեհաստանի խորհրդարանը ընդունած բանաձևում իր հարգանքի տուրքն էր մատուցում «Առաջին աշխարհամարտի ընթացքում Թուրքիայում հայերի դեմ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակի առթիվ»: Լիտվայի Սեյմի բանաձևը՝ «նշելով հայ ժողովրդի ցեղասպանության իննսունամյա տարելիցը, դատապարտելով Օսմանյան կայսրությունում թուրքերի կողմից 1915թ. հայերի ցեղասպանությունը, Թուրքիային հորդորում է ճանաչել այս պատմական փաստը»:
Թուրքերը բավական կոշտ արձագանքեցին Գերմանիայի խորհրդարանի 2005թ. հունիսի 15-ի որոշմանը, թեև նրանում «ցեղասպանություն» բառը օգտագործվել էր միայն նկարագրական մասում: Բունդեսթագի բանաձևում կային առաջարկներ, որոնք բխում էին թուրքական շահերից: Այսպես, Գերմանիայի խորհրդարանը երկրի կառավարությանը խնդրում էր աջակցել պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը` մասնակցությամբ թուրք, հայ և միջազգային փորձագետների: 2005թ. մայիսին Թուրքիա այցի նախօրեին Գերմանիայի վարչապետ Գերհարդ Շրյոդերն իր աջակցությունը հայտնեց պատմաբանների համատեղ հանձնաժողով ձևավորելու Էրդողանի այն առաջարկին, որը հետևողականորեն մերժում էր Ռոբերտ Քոչարյանը և որը, սակայն, տեղ գտավ 2009-ի հոկտեմբերին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրության մեջ:
2007 թվականի հուլիսի 7-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչեց նաև Չիլիի Սենատը: 2010թ. մարտի 11-ին Հայոց ցեղասպանությանն անդրադարձավ Շվեդիայի խորհրդարանը` Ռիկսդագը: Վերջինս զեկույցի տեսքով 1915-ը ընդունել էր դեռ 2000թ. մարտին: Երկրորդ ճանաչումն ուշագրավ էր նրանով, որ շվեդ օրենսդիրները քվեների 131«կողմ» և 130 «դեմ» հարաբերակցությամբ ճանաչում էին «հայերի, ասորիների և Պոնտոսի հույների` Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանությունը»: Բացի այդ, Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը մտահոգություն հայտնեց, իսկ վարչապետ Ֆրեդրիկ Ռայնֆիլդտը զանգահարեց իր թուրք գործընկերոջը և պաշտոնապես ներողություն խնդրեց խորհրդարանի ընդունած որոշման համար:
Անշուշտ, կարևոր է, երբ աշխարհի տարբեր երկրների խորհրդարաններ անդրադառնում են 1915-ին՝ բանաձևով, զեկույցով կամ հայտարարությամբ դատապարում մոտ հարյուր տարի առաջ հայ ժողովրդի դեմ կատարված ոճիրը: Սակայն պակաս կարևոր չէ նաև, թե Հայոց ցեղասպանությանը անդրադառնալիս միջազգայնորեն ինչպիսի բառապաշար է օգտագործվում: Հետևաբար, անընդունելի և շատ վտանգավոր է, երբ Հայաստանի իշխանությունները, այդ թվում՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանը, հայտարարում են, թե հայերի համար «Մեծ եղեռն» և «Հայոց ցեղասպանություն» բառերը նույնն են, իսկ Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրն ասում է, որ «թքած ունի ցեղասպանություն բառի վրա, քանի որ իր համար առավել մեծ կարևորություն ունի պատմական փաստերի ճանաչումը»: