Այս անգամ պաշտոնական Բաքուն դեռևս չի իմանում, թե ում մեղադրի հերթական գունավոր հեղափոխությունը նախապատրաստելու մեջ
Ռաուֆ ՄԻՐԿԱԴԻՐՈՎ
Լրագրող
Բաքու
Ժամանակին ամեն ինչ լույսի պես պարզ էր: Յուրաքանչյուր համապետական ընտրությունների նախաշեմին վատթարանում էին պաշտոնական Բաքվի և Ադրբեջանի արևմտյան գործընկերների միջև փոխհարաբերությունները: Եթե ոչ բարձրաստիճան պետական պաշտոնյաները, ապա մերձկառավարական քաղաքական գործիչները սկսում էին բաց տեքստով մեղադրել այսպես կոչված արևմտյան շրջանակներին՝ մեր երկրի ներքին գործերի մեջ միջամտելու և Ադրբեջանում հերթական գունավոր հեղափոխություն հրահրելու փորձերի մեջ:
Արևմտյան գործընկերների հետ հարաբերությունների վատթարացմանը զուգահեռ լավանում էին Մոսկվայի հետ հարաբերությունները: Ռուսաստանը հռչակվում էր իսկական բարեկամ, ժողովրդավարության չափանիշ և Ադրբեջանի ռազմավարական գործընկեր: 2003թ. նախագահական և 2005թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ Ռուսաստանը, հանձինս հետխորհրդային տարածությունում այդ ժամանակ հայտնի քաղաքական գործիչ Վլադիմիր Ռուշայլոյի, աշխուժորեն մասնակցում էր, օրինակ, ընտրական գործընթացների արդյունքների ծրագրավորմանը: Չգիտեմ ինչու, բայց Ադրբեջանում ընտրական գործընթացներին հետևելը Կրեմլը հանձնարարում էր հենց Ռուշայլոյին: Երկու դեպքում էլ Ռուշայլոն համարյա ողջ ընտրարշավի ընթացքում գտնվում էր Բաքվում: 2005թ. դա դեռևս հնարավոր էր բացատրել Ռուշայլոյի՝ ԱՊՀ Գործադիր կոմիտեի նախագահ նշանակվելու հանգամանքով:
Իսկ 2003թ. պարոն Ռուշայլոն եղել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար: Փաստորեն, ադրբեջանական ընտրությունները գոնե այդ ժամանակ Կրեմլը դիտում էր որպես Ռուսաստանի ազգային անվտանգությանն առնչվող հարց: Բացառված չէ, որ հենց այդպես էլ կար:
Մի խոսքով, պաշտոնական Բաքուն ստանում էր Կրեմլի աջակցությունը ոչ միայն վիճելի ընտրությունների օրինավորեցման, այլև անհրաժեշտ արդյունքի կազմակերպման համար:
Ես անգամ հնարավոր եմ համարում, որ այդ առաքելության ձախողումը Ռուշայլոյի քաղաքական կենսագրության համար ընդհանուր առմամբ ունեցել է բախտորոշ հետևանքներ: Չի արդարացրել բարձր վստահությունը, չի կարողացել ապահովել մոլորյալ որդու վերադարձը հոր տուն, չի հաջողվել: Ադրբեջանն այդպես էլ ռուսամետ չի դարձել: Բացառված չէ, որ պարոն Ռուշայլոն Ռուսաստանի ղեկավարությանը այս նախագծի հաջողության 100 տոկոսանոց հույս է ներշնչել, ինչն էլ նրան չի ներվել: 2007 թվականից հետո Վ. Ռուշայլոն հեռացել է քաղաքական ասպարեզից: Այսօր համարյա ոչ ոք չի հիշում ՌԴ Արխանգելսկի նահանգից Դաշնային խորհրդի անդամ Վլադիմիր Ռուշայլոյին:
2008թ. նախագահական և 2010թ. խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում անցել են «կանխատեսելիորեն նախատեսված կանոնավոր ռեժիմով»: Մեծ հաշվով, վերջին տաս տարիների ընթացքում Ադրբեջանում անցկացվող համապետական ընտրություններն այլևս ոչ մեկին չէին հետաքրքրում: Ամենավատն այն է, որ դրանք չէին հետաքրքրում անգամ ադրբեջանական հասարակությանը:
Այսօր իրավիճակը փոխվել է, ընդ որում՝ բոլոր հարաչափերով: Նախ՝ հասարակությունը փորձում է զարթնել: Ընդդիմությունը միավորվել է: Իշխող վարչակարգի համար ավելի վատ է այն, որ ընդդիմությունը կողմնորոշվել և միավորվել է միասնական թեկնածուի անձի շուրջ նախընտրական շրջանից շատ ավելի վաղ: Ոչ պակաս կարևոր է այն, որ ընդդիմության միասնական թեկնածուն դարձել է համաշխարհային հռչակ ունեցող մշակութային գործիչ, հայտնի կինոռեժիսոր, ամերիկյան կինոակադեմիայի դափնեկիր Ռուստամ Իբրահիմբեկովը, ով, միաժամանակ, չունի ոչ մի քաղաքական հավակնություն: Նա համաձայն է դառնալ «անցումային շրջանի» նախագահ և ղեկավարել Ադրբեջանն ընդամենը երկու տարիների ընթացքում: Ընդ որում, նա պարտավորվել է չմասնակցել հաջորդ ընտրություններին և չաջակցել ոչ մի թեկնածուի:
Այսօր կարևոր չէ, թե Ռ. Իբրահիմբեկովը որքանով հավատարիմ կմնա իր ստանձնած պարտականություններին: Բայց քաղաքական հավակնություններ չունենալու մասին հրապարակային հայտարարությունն ապահովել է այդ թեկնածության շուրջ Ադրբեջանի մնացած առաջատար ընդդիմադիր ուժերի միավորումը, որը մինչ այդ չէր հաջողվում:
Ընդդիմության միավորման հարցում ամենամեծ վաստակը պատկանում է հենց իշխանությանը: Հենց իշխանությունն է հավակնոտ ընդդիմադիր առաջնորդներին զրկել հաջողության հասնելու որևէ հույսից և ստիպել է նրանց միավորվել: Նրանց պարզապես այլ ընտրություն չեն թողել:
Հասարակության աշխուժացումը, բողոքի տրամադրությունների հրապարակային դրսևորումը (բավական է հիշել երկրի տարբեր վայրերում սոցիալական անարդարության դեմ զանգվածային գործողությունները, իսկ մայրաքաղաքում՝ քաղաքական պահանջներով երիտասարդության փողոց դուրս գալը), ինչպես նաև Ռ. Իբրահիմբեկովի՝ որպես միասնական թեկնածու հայտնվելն իշխող վարչակարգին խիստ նյարդային իրավիճակի մեջ են գցել:
Երկրորդ՝ անկախանալուց հետո առաջին անգամ պաշտոնական Բաքուն անորոշության մեջ է հայտնվել, և դրա պատճառը ոչ միայն ընդդիմության միավորումն է: Բաքվում այսօր էլ չգիտեն, թե ում կարելի է մեղադրել Ադրբեջանում հերթական գունավոր հեղափոխություն կազմակերպելու համար: Առաջին անգամ ընտրություններից առաջ Ադրբեջանում ներքաղաքական իրավիճակն ապակայունացնելու ձգտման մեջ կարելի է մեղադրել թե՛ Ռուսաստանին, և թե՛ Արևմուտքին: Ընդ որում՝ Ռուսաստանը մեղադրվում է առաջին հերթին:
Այս խնդիրների առաջին ախտանշաններն ի հայտ են եկել դեռևս անցած տարեվերջին, երբ Մոսկվայում ձևավորվել է այսպես կոչված Միլիարդատերերի ակումբը, որին անդամակցել են Մոսկվայում և Ռուսաստանի տարբեր քաղաքներում տնտեսվարող առաջատար ադրբեջանցի օլիգարխները: Անցած սեպտեմբերին Մոսկվայում հայտարարվել է Ռուսաստանի ադրբեջանական համայնքների միության (ՌԱՀՄ) ստեղծման մասին: Շատ փորձագետներ և քաղաքական գործիչներ ՌԱՀՄ-ը դիտում են որպես ռուսաստանյան իշխանությունների նախագիծ, որը միտված է ազդեցություն գործել Ադրբեջանի ներքաղաքական կյանքի վրա:
Նոր կազմակերպության և Ադրբեջանի իշխանությունների միջև փոխհարաբերությունների հարցը չի պարզվել նաև դեկտեմբերին կայացած նախագահ Իլհամ Ալիևի և ՌԱՀՄ նախագահ, Ադրբեջանի կառավարության նախկին փոխվարչապետ Աբաս Աբասովի հանդիպումից հետո:
Այսպիսով, Ռուսաստանի ադրբեջանական համայնքների միությունը ստեղծվել է անցած տարվա սեպտեմբերի 28-ին՝ ադրբեջանական սփյուռքի հայտնի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ:
Հանդիպմանը մասնակցել են LUKoil նավթային ընկերության նախագահ Վահիդ Ալեքպերովը, «Կրոկուս-սիթի» հոլդինգի ղեկավար Արազ Աղալարովը, АСТ ընկերությունների խմբի ղեկավար Թելման Իսմայիլովը, գործարար Իսքենդեր Խալիլովը («Սլավնավթ» ընկերության նախկին փոխնախագահ, որը ներկայումս Ռուսաստանում և Ադրբեջանում տարբեր տեսակի խոշոր ձեռնարկությունների սեփականատերն է), Ադրբեջանի կառավարության նախկին փոխվարչապետ, ներկայումս ձեռնարկատեր Աբաս Աբասովը, Ռուսաստանի նոտարական գրասենյակների գիլդիայի նախագահ Նաթիգ Աղամիրովը, Ռուսաստանի ադրբեջանցիների ազգային-մշակութային ինքնավարության ղեկավար Սոյուն Սադիխովը, Պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի ժողովուրդների հասարակության ղեկավար Ռամազան Աբդուլաթիպովը: Հանդիպման մասնակիցների թվում էր նաև Ադրբեջանի մտավորականների ֆորումի համանախագահ, «Իբրուս» մշակութային կենտրոնի ղեկավար, կինոդրամատուրգ Ռուստամ Իբրահիմբեկովը՝ միավորված ընդդիմության ներկայիս միասնական թեկնածուն:
Սկզբում տեղական, ապա նաև իշխանամետ մամուլը «Ռուսաստանի ադրբեջանական համայնքների միությունը» բնութագրել է որպես Ադրբեջանի իշխանությունների դեմ ստեղծված «Կրեմլի նախագիծ»: Հակառուսական արշավին միացել են նաև իշխող կուսակցության ներկայացուցիչները:
«Ռուստամ Իբրահիմբեկովը դուրս է բերվել ասպարեզ ռուսաստանյան հատուկ ծառայությունների կողմից: Գոյություն ունեն որոշ նախագծեր, որոնց մեջ ազգային շահերից ելնելով Ադրբեջանը չի մասնակցում: Դա Մաքսային միությունն է, ՀԱՊԿ-ն է և համանման այլ նախագծեր: Մենք դրանց չենք միանա, այդ նախագծերը հակասում են ժողովրդի շահերին: Մենք մինչև վերջ դրանց ընդդիմանալու ենք», – լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ, պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը:
Ս. Նովրուզովը նշել է, որ Ռուստամ Իբրահիմբեկովը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է. «Ռուստամ Իբրահիմբեկովն աշխատում է Ռուսաստանի հատուկ ծառայությունների օգտին: Սակայն նրանք Ադրբեջանում ոչինչ անելու ընդունակ չեն»:
Մի խոսքով, իշխանությունը բաց տեքստով հուշում է, որ լիովին օրինական հիմունքներով կարող է մերժել ՌԴ քաղաքացի Ռ. Իբրահիմբեկովի գրանցումը որպես Ադրբեջանի նախագահի թեկնածու: Ընդ որում, Ռ. Իբրահիմբեկովն արդեն ներկայացրել է ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու վերաբերյալ հայցադիմում:
Հազիվ թե Մոսկվայում որևէ մեկը հավատում է Ադրբեջանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխությանն՝ անգամ իշխանափոխությունից հետո: Այդպիսի բան լինել չի կարող: Պաշտոնական Բաքվի արտաքին քաղաքական ուղղվածությունն՝ անկախ իշխանության մեջ գտնվող անձի կամ ուժի ինքնությունից, կանխորոշված է հաղորդակցային և էներգետիկ նախագծերով, աշխարհաքաղաքական իրողություններով և, ի վերջո, ազգային-պետական շահերով: Իշխանափոխությամբ այստեղ ոչնչի հասնել չի կարելի: Դրա մասին է վկայում Վրաստանի և Ուկրաինայի օրինակը: Ադրբեջանը Վրաստանի և Ուկրաինայի նման վաղուց անցել է անշրջելիության եզրագիծը: Անգամ Հայաստանն է փորձում ազատվել ռուսական ուղղորդումից:
Այսպիսով, բացառված չէ, որ Կրեմլն իրականում փորձում է նպաստել Բաքվում իշխանության փոփոխությանը, թեև՝ ոչ Ադրբեջանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխության համար: Կրեմլի քաղաքական տեխնոլոգներն այնքան միամիտ չեն՝ իշխանափոխությունից հետո Ադրբեջանի արտաքին քաղաքականության ուղեգծի փոփոխությանը հավատալու համար: Պարզապես Կրեմլում ինչ-որ բանի համար որոշել են Ադրբեջանի նախագահին պատժել:
Բայց ամեն ինչ կորած չէ: Կողմերը փորձում են ընդհանուր լեզու գտնել: Օրինակ, բոլորովին վերջերս Բաքու է այցելել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վստահված անձ՝ «Ռոսնավթի» նախագահ Իգոր Սեչինը: Այս անսպասելի այցից հետո երկու պետությունների նախագահները հեռախոսով զրուցել են:
Սակարկելու են: Օրինակ, Պուտինն ըստ գործող օրենսդրության կարող է վեց ամսով ձգձգել Իբրահիմբեկովին ՌԴ քաղաքացիությունից զրկելու համապատասխան փաստաթղթի ստորագրումը, որով Ադրբեջանի նախագահին մեծագույն ծառայություն մատուցած կլինի: Բնականաբար՝ համապատասխան վճարի դիմաց…