Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լրագրող
Ստեփանակերտ
Վերջերս Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ շուրջ 1 միլիարդ դոլարի ռազմական գործարքը, որի շրջանակներում Ռուսաստանը զենք է մատակարարել Ադրբեջանին, այդ թվում` «Սմերչ» ԲՄ-30 համազարկային հրթիռային համակարգ, լուրջ քննարկման թեմա է դարձել հայկական երկու պետությունների որոշ շրջանակներում: Հայաստանում արձագանքները եւ շատ էին, եւ իրարից խիստ տարբեր, իսկ ահա Արցախում առավել քան պասիվ էին, հատկապես գործարքի կնքման առաջին օրերին:
Այստեղ առաջինն արձագանքեց ԼՂՀ ինքնապաշպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը, ում կարծիքով Ռուսաստանն այդ գործարքով ավելի է թեժացնում իրադրությունը:
«Ինձ ամենաշատը մտահոգում է «Սմերչ» համազարկային հրթիռային համակարգի ձեռքբերումը։ Եթե Ցխինվալի ուղղությամբ տեղացած «Գրադի» համազարկերից 1600 մարդ է զոհվել, ապա ի՞նչ կլինի «Սմերչի» կիրառման դեպքում Ստեփանակերտի ուղղությամբ: Հազարավոր մարդիկ կզոհվեն, եթե ոչ ամբողջ բնակչությունը»,- ասում է նա:
Անդրադառնալով այն հիմնավորումներին, թե դա բիզնես-գործարք է, Արկադի Կարապետյանը տարակուսում է, հետադարձելով՝ այդ դեպքում չպետք է հայտարարվի, թե եղբայրական պետություն է Ռուսաստանը. «Դե, որ բիզնեսմեն եք՝ Հայաստանում տեղակայված ռազմաբազայի դիմաց ինչու՞ չեք վճարում: Եթե որպես բիզնեսմեն եք պաշտպանում մեզ, ապա ինչու՞ չեք մեզնից փող գանձում: Բիզնեսով զբաղվող պետությունը շահի համար ցանկացած ժամանակ կարող է հանել ռազմաբազան ու հեռանալ: Կամ էլ՝ վաճառել մեկ այլ պետության: Եղբայրական կամ ռազմավարական դաշնակից համարվող պետությունն այլկերպ պիտի վարվի, եղբայրությունը բիզնես չէ»,- գտնում է ԼՂՀ ինքնապաշպանական ուժերի առաջին հրամանատարը, ում համոզմամբ եղբայրական Ռուսաստանը հայոց ցեղասպանություն է նախապատրաստում:
Ի տարբերություն Արկադի Կարապետյանի՝ ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը զարմանում է, թե ինչու են վախենում Ադրբեջանի կողմից ձեռքբերված զինատեսակից. «Այդ ի՞նչ զինատեսակ է, որ բոլորիդ վախեցրել է, մենք ունենք համարժեքը։ Դա ատոմային ռումբ չէ, որ ասենք, թե չգիտեմ ինչ զենքեր ունեն, ոչ էլ նեյտրոնային ռումբ են ստեղծել, կամ լազերային ինչ-որ զենքեր ունեն… Ոչ, ընդամենը զենք է, որի համարժեքն ունենք նաեւ մենք»: Ըստ մամլո խոսնակի, դրանով ուղղակի ուզում են ահաբեկել մեզ։ «Մենք պետք է մի բան հասկանանք՝ քանի դեռ պատերազմական գործողություններ չեն ընթանում, պատերազմը գնում է տեղեկատվական դաշտում»։
Դավիթ Բաբայանի խոսքերով, Ադրբեջանը բավականին արագ տեմպերով շարժվում է դեպի ֆաշիզմի գիրկը եւ կարող է դառնալ շատ վտանգավոր երկիր, ինչը պետք է ավելի պարտավորեցնող լինի Ռուսաստանի համար, որն էլ պիտի մտահոգվի այդ զենքի հնարավոր կիրառմամբ: Ադրբեջանը տաբեր երկրներից է զենք գնում, եւ միջազգային հանրությունն ինչ-որ ձեւով պետք է արձագանքի, որպեսզի գոնե ցույց տա, որ անթույլատրելի է համարում պատերազմական գործողությունները: Նման արձագանք եղավ 1-2 ամիս առաջ` համանախագահող երկրների նախագահների հայտարարության տեսքով: «Կարծում եմ, որ այս տրամաբանությունը կշարունակվի նաեւ ապագայում: Պատերազմական գործողությունների վերսկսումը որեւէ մեկին ձեռնտու չէ: Այն անկանխատեսելի հետեւանքներ կարող է ունենալ ողջ տարածաշրջանի համար»:
«Սմերչի» գործարքի հետ կապված մտահոգությունն Արցախում հնչեցվեց նաեւ ԱԺ նիստում՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ՝ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանի կողմից: Ի պատասխան պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը նշել է, որ Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ վերջին ռազմական գործարքն ուղղված է Հայաստանում որոշակի լարվածության ստեղծմանը։ «Անշուշտ, դա մեզ բոլորիս մտահոգում է, բայց մենք համապատասխան միջոցներ ենք ձեռնարկում՝ ռազմական հավասարակշռությունը պահպանելու ուղղությամբ»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ հասարակությանը մտահոգող «դիսբալանսը դեռեւս բավարար չէ, որ Ադրբեջանը պատերազմ սկսի»։ «Իրավիճակը վերահսկելի է, եւ սպառազինության ոչ մի ձեռքբերում չի կարող խաթարել ԼՂՀ անվտանգությունը»,- վստահեցրել է Մովսես Հակոբյանը:
ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Ժողովրդավարություն» խմբակցության անդամ Վահրամ Աթանեսյանի խոսքերով՝ ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցությունը նորություն չէ, ուստի արտառոց ոչինչ չկա, իսկ վերջին գործարքի առթիվ հուզական արձագանքները, ըստ պատգամավորի, կարող են մեզ խանգարել ճիշտ ու սթափ հաշվարկներ կատարել եւ համարժեք գնահատականներ տալ: «Ինչ վերաբերում է բանակցային գործընթացի վրա ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցության հնարավոր ազդեցությանը, ապա այն, անկասկած, կնպաստի Ադրբեջանի դիրքորոշման էլ ավելի կոշտացմանը: Անտեսել այդ գործոնը՝ նշանակում է զբաղվել ինքնահանգստացմամբ»,- գտնում է Վ.Աթանեսյանը, ում կարծիքով Ադրբեջանի կողմից ձեռքբերված հարձակողական նշանակության արդիական զենքը մի օր կկրակի: Համենայնդեպս, ադրբեջանական կողմի պնդմամբ` «պատերազմի միայն առաջին փուլն է ավարտվել»: Առհասարակ` այդպես էլ կա, քանի դեռ կողմերի միջեւ խաղաղության պայմանագիր ստորագրված չէ:
Ըստ Վահրամ Աթանեսյանի՝ իրավիճակը մարտահրավեր է ամբողջ հայ ժողովրդին, Հայաստանի եւ Արցախի քաղաքական ուժերին, հանրությանը, ուստի համատեղ ուժերով պետք է ելք փնտրենք, հասկանանք, թե որն է սպառազինությունների մրցավազքի այլընտրանքը, ինչ պետք է արվի, որպեսզի վաղվա օրով պատրաստ լինենք եւս մեկ փորձութուն հաղթահարել։ Այս եւ ուրիշ շատ հարցեր կարոտ են ամենալուրջ քննարկումների: Իշխանություններն անում են այն, ինչ պատվիրակել է հանրությունը` ոչ մի զիջում ղարաբաղյան կարգավորման, հայ-թուրքական «հաշտեցման» հարցերում: Կփոխվի՞ հանրային պահանջարկը… «Չեմ կարծում, բայց նաեւ պնդել չեմ կարող, դա զուտ անձնական տպավորություն է»՝ ասում է պատգամավորը:
Իսկ ահա ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն, ընդհակառակը, զարմանում է ոուս-ադրբեջանական գործարքի հայկական զուսպ արձագանքներից, որոնք, ըստ նրա, համարժեք չեն ռազմավարական դաշնակից պետության դավաճանական գործարքին: Բայց անգամ այս իրավիճակում Ադրբեջանին ՌԴ-ի տված սպառազինությունը նա չի համարում ռազմական ագրեսիայի նոր հնարավորություն: «Իմ տեսակետն այս առումով հստակ է՝ ՌԴ-ի վաճառածը Ադրբեջանին այն զինատեսակն է, որն ուղղված է խաղաղ բնակչության դեմ: ՀՀ-ն չի կարող իրեն թույլ տալ, որպեսզի խախտվի կողմերի միջև առկա ռազմական հավասարակշռությունը եւ հակառակորդը սպառազինվելու նոր հնարավորություններ ստանա: Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ «Սմերչի» գործարքով չի խախտվել կողմերի միջև առկա հավասարակշռությունը: Բայց սա բերում է նրան, որ մենք էլ ավելի շատ ջանանք ու էլ ավելի շատ ռեսուրսներ հատկացնենք մեր պաշտպանական ընդհանուր համալիրի կառուցմանը, ինժեներական կառույցներին: Մյուս կողմից էլ պարտավոր ենք ԼՂՀ-ում անել ամեն բան, որպեսզի աշխարհին ցույց տանք, թե որքան նպատակաուղղված ու հաստատակամ ենք գնում ԼՂՀ դիրքերի ամրապնդման, տարածաշրջանի զարգացման կոմունիկացիոն խնդիրների լուծման ճանապարհով, եւ որ ադրբեջանական ոչ մի ռազմական շքերթ ու ռազմական գործարք մեզ չի կարող ընկճել կամ հետ պահել մեր նպատակների իրականացման ճանապարհից»:
Ինչ էլ վաճառեն Ադրբեջանին, ինչ հզորության զենք-զինամթերք էլ տրամադրեն՝ այդ երկիրը ռազմական գործողություն չի սկսի, համոզված է փոխվարչապետը, հավելելով, որ առայժմ չկան ռազմական ագրեսիա սկսելու համար Ադրբեջանին անհրաժեշտ հիմքերը, ինչը նշանակում է, որ հայկական կողմը պարզապես դիմակայելու եւ հզորանալու խնդիր ունի:
ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը գործարքը դիտարկում է մի քանի հարթություններում, օրինակ՝ Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների հարթությունում, որտեղ, ըստ նրա, Ռուսաստանը փորձում է վերջին տարիներին որոշակիորեն թուլացած իր դիրքերը վերականգնել եւ պահպանել, ինչը կարող է նոր իրավիճակներ ստեղծել: Երկու երկրների միջեւ գործարքը, որը որակվեց որպես բիզնես-գործարք եւ Ադրբեջանի կողմից ցուցադրական քայլ հայկական կողմին ու աշխարհին, այդ թվում՝ հակամարտության շահագրգիռ կողմերին, ըստ ԿԿ ներկայացուցչի, բավականին հեռուն գնացող քաղաքական նպատակներ ունի:
Անդրադառնալով Ռուսաստան-Հայաստան հարթությանը, Դավիթ Իշխանյանը հիշեցրեց, որ Ռուսաստանն ակնհայտ քայլերով փորձում է Հայաստանը դարձնել իր ամբողջական տիրույթը. այդ համոզմանն են մղում Ռուսաստանի կողմից ձեռնարկած քայլերը:
Հայաստան-Ադրբեջան հարթության մեջ գործարքը, ըստ դաշնակցականի, Ադրբեջանի ռազմական գերակայության եւ տնտեսական հզորության ցուցադրում է՝ հայկական կողմում խուճապային տրամադրություն ստեղծելու նպատակով: Այսպիսին էր Ադրբեջանի քաղաքականությունը վերջին 15-17 տարիների ընթացքում:
Անդրադառնալով «Սմերչի» թեմային՝ Դավիթ Իշխանյանը նկատեց, որ հարցը կարող է խորանալ՝ տարածաշրջանը դարձնելով լուրջ դիմակայության եւ ռազմագործողությունների թատերաբեմ, ինչի նախադրյալներն, ըստ նրա, կարծես թե առկա են՝ Իրան-Ադրբեջան, Իրան-Թուրքիա, Հայաստան-Թուրքիա, Արեւմուտք-Իրան հարթություններում:
Հայկական կողմն իր անհանգստությունը, բնականաբար, պետք է ունենա, որովհետեւ մենք, ըստ նրա, այդպես էլ չկարողացանք պաշտոնական մակարդակով այդ ամենին համարժեք պատասխան տալ՝ հայտարարությունների կամ մեկնաբանությունների տեսքով: Ստեղծված իրավիճակում հայկական կողմը, ըստ դաշնակցականի, պետք է քայլերն ուղղի անվտանգության պաշարների, համակարգի ամրապնդմանն ու կատարելագործմանը:
«Սմերչի» գործարքի եւ մյուս զարգացումների մասին այլ է արցախցի անկախ վերլուծաբան Դավիթ Կարաբեկյանի կարծիքը, ով գտնում է, որ 21-րդ դարն արժեքները վերագնահատելու, այդ թվում՝ քաղաքականության մեջ կարծրատիպերից հրաժարվելու շրջան է. Հայաստանի համար այդպիսի կարծրատիպ է արտաքին աշխարհում «հավերժական բարեկամ» ունենալու պատրանքը: Մինչդեռ մեր ռազմավարական դաշնակից եւ հավերժական բարեկամ Ռուսաստանը պաշտոնական ամենաբարձր մակարդակով նշել էր, որ իր արտաքին քաղաքականության մեջ առաջնորդվում է եւ առաջնորդվելու է գլխավորապես իր ազգային եւ աշխարհաքաղաքական շահերով, ու Հայաստանի հետ բարեկամությունն ամենեւին էլ չի բացառում մյուս գործընկերների` Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ (նաեւ ռազմատեխնիկական եւ տնտեսական) ոլորտներում համակողմանի հարաբերությունների զարգացումը:
«Արտաքին աշխարհում իրադարձությունները զարգանում են շատ դինամիկ կերպով: Բարձր դինամիկան ենթադրում է ավելի մեծ ճկունություն, նախաձեռնողականություն՝ սպասվող մարտահրավերներին օր առաջ պատրաստ լինելու ունակություն: Միգուցե հայկական կողմը «Իսկանդեր Մ» կոմպլեքսը Հայաստանում տեղակայելու փաստով էյֆորիայի մեջ ընկնելու փոխարեն ավելի հաշվենկատ եւ հեռատեսորեն գնահատեր իրավիճակը, մշակեր հասարակական կյանքի բոլոր ոլորտներում վերազինման քաղաքականությունը»: Վելուծաբանն այս ամենում մեղադրում է հայկական կողմին, որը ընդունելով «փոքր եղբոր» կեցվածք եւ ոչ միայն արտաքին, այլ նաեւ ներքին հարցերում առաջնորդվելով «մեծ եղբոր» կամքին չհակառակվելու, բարյացակամ վերաբերմունքն ամեն գնով պահպանելու կեղծ-իրապաշտական կարգախոսով, հասել է այնտեղ, որտեղ զիջելը մահացու հարված է հասցնում ազգի արմատական շահերին:
«Մեծ եղբորը» չզայրացնելուց բացի բավականին հաճախ շահարկվում է նաեւ այն, հակառակորդը կարող է օգտվել մեր անմիաբանությունից, ուստի քաղաքական ակտիվությունը վտանգի տակ է դնում ազգի միասնությունը և երկիրը թուլացնում ներսից։ Այս խաղաթուղթն օգտագործվում է հակամարտության բոլոր կողմերում։
Որքանո՞վ է այս իրավիճակում հավանական պատերազմական գործողությունների վերսկսումը, եւ ի՞նչ պետք է անի հայկական կողմը։ Դավիթ Կարաբեկյանը նկատում է. «Ստեղծված իրավիճակում տեղին չէ ոչ «մեծ եղբոր կողմից» դավաճանվելու եւ նրա կողմից ագրեսիվ հարեւանների նկրտումներին տուրք տալու մտավախություններով պայմանավորված հիստերիան, ոչ ճակատագրին փնովելը, ոչ էլ հուսալը, որ հանգամանքների բերումով ամեն ինչ կկարգավորվի»: Նա, հիշեցնելով սրբ. Գրիգոր Տաթեւացուն, ով ամեն մեղքի ետեւում տեսնում է թերահավատությունը՝ նշելով, որ այն բերում է հպարտության եւ կեղծիքի, ընդգծել է, որ ինչ կարգի քաղաքական գործիչ էլ լինի` ղեկավար, թե շարքային, ցանկացած իրավիճակում` ճգնաժամային, թե կայուն, պետք է ազնիվ լինի Աստծո, ժողովրդի ու իր առջեւ եւ որոնի ոչ թե արդարացումներ, այլ լուծումներ, ոչ թե բացատրություններ, այլ՝ ելքեր:
Photo: http://rusembassy.in