Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Սոչի-2014. էթնոքաղաքական հանգույցներ

marut
November 2013

Սերգեյ ՄԱՐԿԵԴՈՆՈՎ
Անկախ քաղաքագետ
Մոսկվա 

2014թ. փետրվարի 7-ին սևծովյան հայտնի հանգստավայր Սոչիում հանդիսավորապես բացվելու են 22-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը: Հետխորհրդային Ռուսաստանի համար դրանք առաջին խաղերն են լինելու: Ընդ որում, սպասվող իրադարձության նշանակությունն էապես դուրս է գալիս քառամյակի գլխավոր սպորտային տոնի շրջանակներից: Օլիմպիադան ունենալու է կարևոր քաղաքական նշանակություն: Ռուսաստանի ղեկավարությունն օլիմպիադան դիտում է որպես միջազգային ասպարեզում երկրի աճող ներուժի ցուցադրում և լուրջ ներքին խնդիրների հաղթահարման ակներև վկայություն:

Երբ Միջազգային օլիմպիական կոմիտեն իր 119-րդ նստաշրջանի նախաշեմին՝ 2007թ. հուլիսի 4-ին, որոշում է ընդունել 2014 թ. ձմեռային օլիմպիական խաղերը Ռուսաստանում անցկացնելու վերաբերյալ, Վլադիմիր Պուտինը հանդես էր գալիս որպես «սոչիական» նախագծի գլխավոր ջատագով: Այսօր էլ Ռուսաստանի առաջնորդն այս նախաձեռնոթյունը համարում է իր՝ «1990-ականների քաոսի» հաղթահարման և աշխարհում Ռուսաստանի դիրքերի ամրապնդման ուղեգծի հաջողության վառ ապացույց: Նրա խոսքերով. «Եթե Ռուսաստանը չկարողանար վերականգնել երկրի տարածքային ամբողջականությունը, եթե մենք չդադարեցնեինք Կովկասում հինգ-յոթ տարի առաջ ունեցած տեսքով դիմակայությունը, եթե մենք սկզբունքային կերպով չփոխեինք տնտեսության վիճակը, եթե չլուծեինք մի շարք սոցիալական խնդիրներ, ապա մենք Օլիմպիադան մեր ականջների պես չէինք տեսնի»:

Անգամ Սոչիի՝ որպես Օլիմպիադայի մայրաքաղաքի, ընտրությունը որոշ չափով մարտահրավեր է դիտվում: Ձմեռային խաղերը կանցկացվեն Կրասնոդարի երկրամասի սևծովյան ափին՝ մերձարևադարձային կլիմայի և հազարավոր ռուսաստանցիների ամառային հանգստավայրի գոտում:

Սակայն, բնակլիմայական սյուժեներից բացի Սոչիի շուրջ միահյուսված են բազմաթիվ բարդ և ուշագրավ քաղաքական հանգույցներ: Առանց անվտանգության հարցերի և արտաքին-քաղաքական խնդիրների որակական հանգուցալուծման խաղերը չեն ապահովելու ակնկալվող արդյունքը:

Նախ՝ ի տարբերություն նախորդ ամառային և ձմեռային օլիմպիադաների (Վանկուվեր, Թուրին, Լոնդոն, Պեկին), Սոչին գտնվում է Ռուսաստանի ամենախնդրահարույց տարածաշրջանի՝ Հյուսիսային Կովկասի անմիջական մերձավորությամբ: Այստեղից մինչև Կարաչաևո-Չերքեզիայի Հանրապետությունը շուրջ 100 կմ է, իսկ մինչև Կաբարդինո-Բալկարիայի Հանրապետությունը՝ շուրջ 200 կմ: Մեծ Սոչիի[1] շրջանը, որի մեջ բուն քաղաքից բացի մտնում են Լոո, Լազարևսկոյե, Ադլեր և այլ հայտնի հանգստավայրերը, Պսոու գետով սահմանակցում է մասնակիորեն ճանաչված Աբխազիայի Հանրապետությանը: Եթե ՌԴ համար դա միջպետական՝ ռուս-աբխազական սահման է, ապա Վրաստանի և ՄԱԿ անդամ երկրների ճնշող մեծամասնության համար այն ռուս-վրացական սահմանագիծն է[2]: Ու թեև այսօր Մոսկվայի և Թբիլիսիի հարաբերությունները հեռացել են Վրաստանի նախորդ առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլու հասցրած վտանգավոր գծից, նրանց միջև սուր խնդիրները կրկին բազմաթիվ են, որոնցից ամենախնդրահարույցը Աբխազիայի և Հարավային Օսիայի կարգավիճակների շուրջ առկա հակասություններն են:

Երկրորդ՝ Սոչիի շուրջ իրադրությունը հաճախ դիտարկվում է ավելի լայն միջազգային համապատկերրում, օրինակ՝ ռուս-ամերիկյան կամ ՌԴ-ԵՄ հարաբերությունների կտրվածքով: Թեպետև արդի ժամանակաշրջանը հնարավոր չէ համեմատել «Սառը պատերազմի» տարիների հետ, խաղերի բոյկոտի գաղափարը ժամանակ առ ժամանակ հնչում է արևմտյան պետությունների ոչ առաջին դեմքերի միջոցով:  Այսպես, սույն թվականի հուլիս ամսին Հարավային Կարոլինայից սենատոր ընտրված Լինդսի Գրեմը հայտարարել է, որ խաղերին չմասնակցելու հնարավորությունը պետք է մտնի ամերիկյան արտաքին քաղաքականության օրակարգ՝ «Սնոուդենի գործի», Սիրիայում Ռուսաստանի պահվածքի և այլ սյուժեների բերմամբ, որոնց շուրջ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև առկա են լուրջ տարաձայնություններ: Արդարացնելով հնարավոր բոյկոտի գաղափարը Ռուսաստանի բռնաճնշողական քաղաքականությամբ՝ բոյկոտի գաղափարի օգտին է արտահայտվել Թվիթերում վեց միլիոն բաժանորդ ունեցող հայտնի բրիտանական դերասան և գրող Ստիվեն Ֆրայը:

Ինչքանո՞վ են այս տարամետ քաղաքական մարտահրավերներն արդիականություն պահպանում ռուսաստանյան սուբտրոպիկներում Սպիտակ Օլիմպիադայի մեկնարկից 100 օրից էլ քիչ մնացած շրջանում: Այն բանից հետո, երբ 1972թ. Մյունխենյան օլիմպիադայի ժամանակ իսրայելական պատվիրակության դեմ տեղի էր ունեցել ահաբեկչական հարձակում, անվտանգության միջոցառումները դարձել են բոլոր մարզական խաղերի կազմակերպիչների կարևորագույն առաջնահերթությունը: Սոչիի պարագայում իրավիճակին սրություն է հաղորդում Հյուսիսային Կովկասին օլիմպիական մայրաքաղաքի մոտ լինելը, ինչպես նաև հյուսիսկովկասյան ընդհատակի առաջնորդ Դոկու Ումարովի հրապարակային հայտարարությունները՝ ոչ միայն Սոչիի անմիջական հարևանությամբ, այլ ողջ Ռուսաստանով մեկ քաղաքացիական օբյեկտները հարվածելու մտադրության մասին: Վոլգոգրադում կին ահաբեկչի վերջերս կատարած գործողությունը կամ Նազրանում և Սեռնովոդսկում իրականացված ահաբեկչությունները վկայում են, որ Դոկու Ումարովի սպառնալիքները սին չեն: 2011-2013 թվականներին ընդհատակը ձեռնարկել է օլիմպիական մայրաքաղաքին անմիջական հարևանությամբ գտնվող Աբխազիայի տարածքում հաստատվելու մի քանի փորձ:

Սույն թվականի հուլիսին Ումարովը հայտարարել է քաղաքացիական օբյեկտները չհարվածելու՝ իր կողմից 2012թ. փետրվարին հռչակված «մորատորիումի» դադարեցման մասին: Իրականում այդ «մորատորիումի» ժամանակ էլ քաղաքացիական անձանց դեմ գործողությունները չէին դադարեցվել: Միայն անցած տարվա վերջին քառորդում ահաբեկչությունների զոհ է դարձել 22 հոգի: Առանձնակի ընդգծենք, որ նրանք ոստիկաններ, պետական պաշտոնյաներ կամ «ուժայիններ» չէին. խոսքը քաղաքացիական բնակչության մասին է, օրինակ՝ գյուղատնտեսական ինստիտուտի ռեկտոր Բորիս Ժերուկովը՝ Կաբարդինո-Բալկարիայից կամ Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության (ՀՊՀՌԸ) լրագրող Կազբեկ Գեկիևը և մի շարք այլ անձինք:

Ումարովի անցած տարվա քայլն իրականում զուտ քարոզչական բնույթ էր կրում, որը Մոսկվայի և Վաշինգտոնի միջև աճող տարաձայնությունների ֆոնին (2011թ. խորհրդարանական և 2012թ. նախագահական ընտրություններից և նախագահի աթոռին Վլադիմիր Պուտինի վերադառնալուց հետո) միտված էր վերափոխելու «Էմիրաթի» վարկանիշը: Սակայն, հյուսիսկովկասյան ջիհադականների նկատմամբ Արևմուտքն իր դիրքորոշումը չի փոխել (Ումարովն ու իր «Էմիրաթը» ներառված են ԱՄՆ Պետդեպարտամենտի «ահաբեկչական ցուցակներում»):

2013թ. Բոստոնում տեղի ունեցած ահաբեկչությունը (ահաբեկչական հարձակումը կազմակերպելու մեղադրանքով դատական պատասխանատվության է ենթարկվել քսանամյա Ջոհար Ցառնաևը) հերթական անգամ արդիականացրել է ռուս-ամերիկյան հակաահաբեկչական փոխգործակցության խնդիրը: Թեև այդպիսի հնարավորությունը սահմանափակված է շատ հանգամանքներով, Ումարովի՝ քաղաքացիների դեմ պայքարը որպես հակագաղութային շարժում ներկայացնելու փորձը ձախողվել է: Բոստոնյան ահաբեկչության վերաբերյալ վերջին խոսքը, բնականաբար, կարտաբերվի երդվյալ ատենակալների կողմից, իսկ «Ցառնաևի գործի» շուրջ բանավեճը ստիպել է պաշտոնական Վաշինգտոնին նվազ քննադատողաբար վերաբերվել Հյուսիսային Կովկասում Ռուսաստանի գործողություններին: Այս պաթոսը կիսել են նաև Կովկասում ԱՄՆ մերձավորագույն դաշնակիցները: Բոլորովին պատահական չէ, որ վերջերս պաշտոնական այցով Վաշինգտոն այցելած Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ Սոչիում օլիմպիական խաղերի անվտանգությանն առնչվող հարցերում՝ «ի հեճուկս «2008 թ. ռազմական հակամարտության թողած ծանր ժառանգության»:[3]

Կարելի է ասել, որ վրացական սահմանի հյուսիսկովկասյան հատվածում աճող անկայունությունը պաշտոնական Թբիլիսիին ստիպում է հետաքրքրություն ցուցաբերել Մոսկվայի հետ համագործակցության նկատմամբ: Դա արվում է առնվազն իրապաշտական նկատառումներով, քանի որ արմատական իսլամական ընդհատակը ոչ միայն Ռուսաստանը, այլ նաև Վրաստանն է դիտում որպես ահաբեկչական գործունեության ծավալման դաշտ:

Զգալի չափով ռուսական շահգրգռվածության ավելի որակյալ ըմբռնումը օլիմպիական խաղերի և, առհասարակ, Հյուսիսային Կովկասում անվտանգության պահպանման շուրջ ԱՄՆ-ին և նրա եվրոպական դաշնակիցներին ստիպել է քննադատողաբար վերաբերվել Մոսկվա-1980-ի պատմությունը կրկնելու գաղափարներին: Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները սենատոր Լինդսի Գրեմի առաջարկն անվանել է «մեծապես սխալ»: Վերջինիս նախաձեռնությունն աջակցություն չի ստացել նաև ԱՄՆ Ազգային օլիմպիական կոմիտեում: Իրենց հերթին, նախագահ Բարաք Օբաման և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, արտահայտելով հանդերձ իրենց մտահոգությունը Ռուսաստանում փոքրամասնությունների և մարդու իրավունքների ապահովման հարցում, չեն սատարել Սոչիում խաղերի բոյկոտի գաղափարը:

Այսպիսով, Ռուսաստանի քաղաքականությունը 22-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի անցկացմանը պատրաստվելու ուղղությամբ արձանագրել է որոշակի հաջողություններ: Մոսկվային հաջողվել է նվազագույնի հասցնել իր դեմ «չերքեզների ցեղասպանության» պես քաղաքական զենքի կիրառման վտանգը. Ռուսաստանը կարողացել է ավելի լայն ընդունելություն գտնել արևմտյան երկրների քաղաքական և գործարար շրջանակներում: Խաղերի գործընկերոջ դերում հանդես են եկել մի շարք խոշոր ընկերություններ՝ Coca-Cola, Procter & Gamble, McDonald’s, VISA, Samsung, Dow Chemical, Omega, General Electric և շատ ուրիշներ: Ռուսաստանի հատուկ ծառայությունները հաջողություններ ունեն նաև ահաբեկչական հարձակումների և սպառնալիքների նվազեցման ասպարեզում: Չպետք է մոռանալ, որ ձմեռային օլիմպիադայի անցկացման իրավունքը ստանալուց հետո ՌԴ-ն ձեռք է բերել նաև 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունքը:

Հնարավոր ահաբեկչական սցենարները կանխելու համար ձեռնարկվում են աննախադպ միջոցներ: 2013թ. հունիսի դրությամբ օլիմպիական օբյեկտներում և Սոչիի շուրջ անվտանգությունն ապահովելու նպատակով ծախսվել է շուրջ 2.5 միլիարդ ամերիկյան դոլար: Ռուսաստանի ՆԳՆ-ն ծրագրում է այսպես կոչված «անվտանգության պատնեշի» ստեղծումը, որը ձգվելու է Մեծ Սոչիի ողջ տարածքով՝ ծովափի ավելի քան 100 կմ երկայնքով. արևմուտքում՝ Մագրի ավանից մինչև Կարդավաչ Ուզլովոյ գագաթն արևելքում և Կաշին լեռից հյուսիսում մինչև Իմերեթական ծովածոցը հարավում՝ ամենուրեք 40 կմ խորությամբ: Բաց տարածությունում դահուկային մրցումները տեղի են ունենալու Սոչիի քաղաքային կենտրոնից 39 կմ հեռու՝ Կրասնայա Պոլյանա ավանում: 2007թ. դեկտեմբերի 1-ին ընդունված թիվ 310՝ «Օլիմպիական խաղերի կազմակերպման և անցկացման մասին» դաշնային օրենքը պետության ղեկավարին ընձռում է լայն հնարավորություններ՝ անվտանգության լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու համար: Դրանք վերաբերվում են նշված տարածք մարդկանց և փոխադրամիջոցների՝ ներառյալ ծովային և օդային տրանսպորտի մուտք գործելու, այնտեղ բնակվելու կամ ժամանակավորապես գտնվելու սահմանափակումներին:

Այսուհանդերձ, Մոսկվան չպետք է գայթակղվի և մատնվի հաղթական տրամադրություններին: Սոչիի համապատկերում Ռուսաստանի ղեկավարությանը հանդիպած խնդիրներից շատերը ծագել էին խաղերից առաջ, իսկ դրանց (հուսանք՝ բարեհաջող) ավարտից հետո չեն անհետանա: Ահաբեկչական ակտիվությունն անհնարին է դիտել սոցիալ-տնտեսական բարդ և խճողված խնդիրների (գործազրկություն, բնակչության գերխտացում, ներքին միգրացիա և այլն) համալիրից դուրս: «Չերքեզական խնդրի» շուրջ բանավեճը Ռուսաստանին ցույց է տվել, որ վաղուց ժամանակն է մշակել որակյալ բացատրական մոդել, որն ընդունակ կլինի տալ պատշաճ գնահատական Կովկասյան պատերազմին և Ռուսաստանի կազմում տարածաշրջանի պատմությանը: Խնդիրն իրականում բոլորովին բացառիկ կամ եզակի չէ: Համարյա յուրաքանչյուր բազմազգ երկիր լուծում էր նման խնդիրներ: Օրինակ՝ կանադացիներն ու ամերիկացիները վաղուց և պատրաստակամորեն են ներառում ինքնին ոչ միանշանակ «հնդկական սյուժեն» իրենց պետական և մարզական տոների մեջ (վերջին շրջանի ամենավառ օրինակներից է Վանկուվերում Օլիմպիադայի բացման արարողությունը) , էլ չենք խոսում դասագրքերն ու թանգարանային ցուցահանդեսների մասին:

Ռուս-վրացական բնականոնացումը նույնպես գտնվելու է ստատիկ վիճակում առանց անվտանգության ոլորտում փոխգործակցության իրական նախագծերի, այդ թվում և Սոչիի մասով: Ռուս-ամերիկյան հարաբերությունները Վլադիմիր Պուտինի սիրիական նախաձեռնությունից հետո ավելի լավ տեսք ունեն, քան սրանից կես կամ մի տարի առաջ: Բայց դրանց էլ անհրաժեշտ է ոչ թե անցյալի ֆանտոմների, այլ ներկայիս իրողությունների վրա հիմնված որակական ռազմավարություն: Երկու երկրներն էլ նախկինի պես միմյանց են կապված այդ թվում և անվտանգության ոլորտի մարտահրավերների միջոցով: Մարզական մրցություններում ամերիկացիները, որպես կանոն, ունեն ամենախոշոր պատվիրակությունը: Ինչ էլ լինի, Սոչիի քննությունը Ռուսաստանը դեռ պետք է հանձնի: Առանց դրա բարեհաջող հանձնման համաշխարհային քաղաքականության բարձրագույն լիգա վերադառնալու Ռուսաստանի հնարավորությունները նշանակալիորեն կնվազեն:

Հեղինակը՝  Սերգեյ Մարկեդոնովը, քաղաքագետ է՝ 2010թ. մայիսից մինչև 2013թ. հոկտեմբերը Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի հրավիրյալ գիտաշխատող, Վաշինգտոն, ԱՄՆ

 

[1] Քաղաք-հանգստավայր Սոչի մունիցիպալ կազմավորման երկարությունը 105 կմ է: Սակայն, ելնելով սևծովյան ափի երկայնքով կառուցված ավտոմայրուղիների առանձնահատկություններից, այս տարածությունը ցամաքով հաղթահարելու համար հարկավոր է անցնել 140 կմ:

[2] Մի շարք պետություններ (ԱՄՆ, Լիտվա, Ռումինիա) և միջազգային կազմակերպություններ (ՆԱՏՕ, Եվրախորհրդարանը, ՆԱՏՕ Խորհրդարանական վեհաժողով) Աբխազիան դիտում են որպես Ռուսաստանի կողմից բռնազավթված տարածք: Վրաստանում այդ կապակցությմբ ընդունվել է «Բռնազավթված տարածքների մասին» օրենքը:

[3] Մեջբերված է.  http://vz.ru/news/2013/8/22/646647.html

Նմանատիպ  նյութեր

Հայերին «ինտեգրելու» հարցում Ադրբեջանում Ալիևի հետ համակարծիք են նույնիսկ նրա ամենակոշտ քննադատները

Բեգլարյանը չի կարծում, թե Արցախում իշխանափոխությունը տեղի ունեցավ սահմանադրական լեգիտիմության զգալի պակասի պայմաններում

September 2023

Արցախի նախկին պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը չի կարծում, թե Արցախում իշխանափոխությունը, որն ավարտվեց նախագահի ընտրությամբ, տեղի ունեցավ սահմանադրական լեգիտիմության զգալի...

Կարդալ ավելին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Վիլնյուսում և Հայաստանի շահերը

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Վիլնյուսում և Հայաստանի շահերը

July 2023

Ռուբեն Մեհրաբյան Հունիսի 11-12-ին Վիլնյուսում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հարուստ էր պատմական որոշումներով, որոնք կանխորոշում են ապագա աշխարհակարգում Դաշինքի ամենահզոր...

Կարդալ ավելին
Ո՞ւմ հետ կարող է կարգավիճակի հարցով բանակցել Արցախը

Ո՞ւմ հետ կարող է կարգավիճակի հարցով բանակցել Արցախը

March 2023

Մանվել Սարգսյան Ադրբեջանը շարունակում է շրջափակման մեջ պահել Լեռնային Ղարաբաղը (Արցախի Հանրապետությունը)՝ դրա հետ ինչ-որ հույսեր կապելով։ Ադրբեջանի հասարակության մեջ...

Կարդալ ավելին
ՌԴ դեսպանը սպառնացել է Հայաստանում ռազմական ներկայությամբ

ՌԴ դեսպանը սպառնացել է Հայաստանում ռազմական ներկայությամբ

November 2022

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ «Ռուսաստանը արդարացնում է իրեն որպես դաշնակից», -ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը` Պրիմակովյան ընթերցումների շրջանակում պատասխանելով Երևանի...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • Վրաստանի եվրաինտեգրումն ու նախագահի շուրջ ներքաղաքական դիմակայությունը
  • Նախագահ Զուրաբիշվիլիի իմպիչմենտը՝ Եվրամիության դռների մոտ
  • Եվրաինտեգրման հերթական սաբոտաժը՝ Վրաստանի իշխանության կողմից

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.