Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Սփյուռքի մամուլը՝ որպես էթնիկ սահմանների պահպանման գործոն

marut
April 2018



Սյուզաննա ԲԱՐՍԵՂՅԱՆ
ՀՀ ԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սփյուռքի հետազոտությունների բաժնի գիտաշխատող
Երևան

Սահմանների պահպանումը սփյուռքի բնույթն առավել համապարփակ ընկալելու երեք առանցքային տարրերից մեկն է՝ ի թիվս ցրման և դեպի հայրենիք կողմնորոշման1: Սահմանների պահպանմանն ուղղված մի քանի սերունդների ջանքներն են հենց տարբերակում ավանդական համախմբված սփյուռքին, ինչը բնորոշ է նաև հայկական սփյուռքին 2: Ինքնության բանակցությունների և էթնիկության սահմանների հաստատման համար անհրաժեշտ են տարածություններ, որտեղ սփյուռքի էթնիկ խմբի անդամներն ինքնանույնացնում են իրենց և իրենց համայնքին: Այդ տարածություններից մեկն էթնիկ մեդիան է3: Նրա հիմնական գործառույթներից մեկն էթնիկ ինքնության կառուցակցման գործում կատարած դերն է:Էթնիկ սահմանների պահպանման գործում հայկական սփյուռքի մամուլի դերի առանձնահատկությունները հասկանալու համար կարող ենք դիմել մեր կողմից իրականացված ուսումնասիրությանը4, որի շրջանակներում վերլուծվել են հայկական երեք համայնքների՝  Մոսկվայի, Թեհրանի և Լոս Անջելեսի մեկական պարբերական՝ «Ноев Ковчег», «Ալիք» և «Ասպարեզ»: Մամուլի ուսումնասիրությունն իրականացվել է բովանդակության վերլուծության մեթոդով, ընդգրկել են երեք պարբերականների վեց տարվա (2005-2010թթ.) հրատարակությունները5:

Էթնիկ սահմանների պահպանման գործում մամուլի կատարած առաջին դերը հենց նրա ներկայությունն է ընդունող հասարակության մեջ. այն սփյուռքի անկախ ձայնն է, որը ներկայացնում է համայնքը հիմնական մեդիայից տարբերվող պատմություններով, հաստատում է համայնքի կարևորությունը և ներկայացնում շահերը:

Երկրորդը մամուլի՝ որպես սփյուռքում էթնոմշակութային ինքնության պահպանմանն ուղղված դիսկուրսիվ տարածության դերն է: Մի կողմից, մամուլը ցույց է տալիս բազմազան ու բազմաշերտ սփյուռքում էթնոմշակութային ինքնության պահպանման վրա ներգործող ընդունող երկրների միջավայրի և համայնքային առանձնահատկությունները, մյուս կողմից, մեդիա բովանդակությունը տարածում է ընդհանուր էթնոմշակութային արժեքներ տարբեր միջավայրերում գտնվող սփյուռքի համայնքներին: Այդ արժեքների մեջ մշակույթի և ծագման տեղի մասնատվածության պարագայում մշակույթի տեղը դառնում է անգնահատելի:

Սփյուռքի մամուլի հայկական բովանդակության6  մեջ էթնիկության սահմանները ցույց տվող մշակութային տեղեկատվությունն իր ծավալով զբաղեցնում է երկրորդ տեղը (քաղաքականից հետո): Ընդ որում, Սփյուռքի մասին նյութերի մեջ նրանք զբաղեցնում են առաջին տեղը: Մշակույթի մասին ընդհանուր տեղեկատվության մեջ մեծամասնություն են կազմում  Հայաստանի մշակույթի և մշակութային իրադարձությունների մասին նյութերը (մամուլի ողջ մշակութային թեմայով նյութերի մեջ մոտ 56%-ը վերաբերում է Հայաստանին, 39%-ը՝ սփյուռքին, և 5%-ը՝ ՀՀ-սփյուռք հարաբերություններին): Այսպիսով, սփյուռքի մամուլն ավելի շատ ներկայացնում է հայաստանյան, քան սփյուռքյան մշակույթը: Բացի մշակութային թեմաներից, ընդհանուր առմամբ, սփյուռքյան մամուլի հայկական բովանդակության ճնշող մեծամասնությունը վերաբերում է Հայաստանին: Թերևս, սա կարելի է բացատրել այն հանգամանքով, որ ազգային մշակույթի զարգացման համար ամենաբարենպաստ տեղը ազգային պետությունն է և որ սփյուռքյան ցանցի ամենակարևոր կենտրոնը հայրենիքն է, ինչն արտահայտվում է նաև մամուլում: Մշակույթն այն առանձնահատուկ ոլորտն է, որտեղ սփյուռքն ամենաշատն է ներկայացված մամուլի նյութերում: Հայրենիք-սփյուռք կապը, որի մասին տեղեկատվությունը բավականին քիչ է, նույնպես առավելապես ներկայացվել է մշակութային թեմաների շրջանակներում:

Հայաստանի և Սփյուռքի մշակույթի վերաբերյալ տեղեկատվությունն իր հերթին կարելի է բաժանել երկու խմբի՝ հայկական մշակույթն ինքնին և հայկական մշակույթի առնչությունները: Տվյալները ցույց են տալիս, որ հայկական մշակույթը և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում ավելի շատ ներկայացվում է փակ (միայն ՀՀ մշակույթ՝ 33.1%, միայն սփյուռքի մշակույթ՝ 26.4%), քան համագործակցային կամ համեմատական (ՀՀ-միջազգային մշակութային առնչություններ՝ 22.6%, սփյուռք-ընդունող երկիր մշակութային առնչություններ՝ 13.0%): Հայրենիք-սփյուռք մշակութային առնչությունների մասին նյութերը կազմել են ընդամենը 4.9%: Այս հանգամանքը, մի կողմից, կարող է վկայել ընդհանուր հայկական մշակութային արժեքների մասին (ինչի արդյունքում մամուլը չի ներկայացնում մշակույթները կամրջող պատմություններ), մյուս կողմից, մամուլը մշակութային սահմաններ է դնում ոչ միայն այլ մշակույթների, այլ նաև էթնոսի տարբեր հատվածների միջև:

Սեփական մշակութային արժեքների վերաբերյալ մամուլի տեղեկատվությունն այս ծավալը նպաստում է մշտարթուն պահել ձուլման վտանգը, ինչպես նաև վերակազմավորել հատվածական մշակութային ինքնությունը՝ այլազգի միջավայրում ապրող և մշակութային միջսահմանային իրավիճակում գտնվող հայերի համար:

Հարկ է նշել, որ մամուլում մշակութային տեղեկատվության դրական կամ բացասական գնահատականով ներկայացումը կարող է պայմանավորել սեփական մշակութային արժեքների հանդեպ որոշակի վերաբերմունք: Առհասարակ, մշակույթը, ի համեմատություն այլ ոլորտների, ամենադրական ներկայացվածն է: Մշակույթի վերաբերյալ տեղեկատվության ընդհանուր գնահատականն ունի հետևյալ պատկերը. 49%՝ դրական, 50%՝ չեզոք կամ համակցված, և միայն 1%՝ բացասական: Երեք թերթերի ողջ մշակութային թեմաների գնահատականների համամասնությունը նույնն է թե՛ Հայաստանի, թե՛ Սփյուռքի մշակույթը ներկայացնելու դեպքում: Սա նույնպես հաստատում է Հայաստան-Սփյուռք մշակութային նշանակալի տարանջատվածության բացակայության մասին: Նման փոխլրացնող մշակութային դաշտում առավել դյուրին է իրականացնել անդրազգային տեղեկատվական, մշակութային և այլ ծրագրեր: Հայաստանի և սփյուռքի մշակութային թեմաների գնահատականներն ունեն գրեթե նույն համամասնությունը և գնահատականների դրական-բացասական բաշխվածությունը: Իհարկե, մշակութային թեմաների գնահատականները տարբերվում են ըստ թերթերի: Այսպես, սփյուռքի մշակութային կյանքն առավել դրական գնահատականով է ներկայացվել «Ноев Ковчег»-ում, իսկ Հայաստանի մշակութային կյանքն ամենաքիչ դրականը՝ «Ալիք»-ում:

Մամուլի միջոցով ազգային արժեքների տարածման գործում մշակութային թեմաներից հետո կարևորվում է նաև համազգային հարցերի քննարկումը: Ազգային հիմնահարցերը (Հայկական հարց, Հայոց եղեռն, Ղարաբաղյան հիմնահարց, ազգային արժեքներ, ազգապահպանություն և այլն) բավականին քիչ են քննարկվել: Այդ թեմային առնչվող նյութերի մեծամասնությունը ներկայացվել է  քաղաքական թեմաների համատեքստում: Հատկանշական է, որ երեք թերթերը տարբեր համամասնությամբ քննարկել են ազգային հարցերն ավելի շատ սփյուռքի համատեքստում, քան Հայաստանի: Համազգային հարցերը, ի տարբերություն մշակույթի, տարածական ընկալում չունեն, բացառությամբ Ղարաբաղյան հիմնահարցի, որը, բացի համազգային  նշանակությունից, տեղայնացվում է հայրենիքում: Հետևաբար, ազգային խնդիրների քննարկման շրջանակներն ընդգրկում են և՛ Հայաստանը, և՛ Սփյուռքը: Ավելին, սփյուռքում այդ հարցն առավել սուր ընկալում ունի՝ ազգայինի պահպանման և մարտահրավերների տեսանկյունից:

Մյուս թեման, որը մամուլի բովանդակության մեջ կարող է տարածել էթնիկության սահմանների սիմվոլները, բարեգործությունն է՝ որպես համազգային փոխօգնության և վստահության արժեք: Չնայած բարեգործության՝ որպես հայկական սփյուռքի ավանդական գործառույթի ընկալմանը, մամուլը շատ քիչ է ուղղակիորեն անդրադարձել այս թեմային (նյութերի ընդհանուր ծավալի մոտ 2%-ը):  Բարեգործությունը նաև կարևոր նշանակություն ունի սփյուռքում համայնքային կառույցների պահպանման գործում: Եվ մամուլի բովանդակության մեջ դրա քիչ ծավալը կարող է վկայել համայնքային վերակազմավորումների և սփյուռքյան կառույցների ստեղծման ու պահպանման նոր մոտեցումների պահանջի մասին: Հատկանշական է, որ բարեգործությունը միակ թեման է, որը մամուլում չի ներկայացվել որևէ բացասական գնահատականով, իսկ սփյուռքի համար այն կրկնակի դրական է ներկայացվել, քան Հայաստանի:

Այսպիսով, մշակութային, ազգային և բարեգործական թեմաների միջոցով էթնիկ մամուլը տարածում և վերարտադրում է էթնիկ պատկանելությունն ամրապնդող արժեքներ, ինչպես նաև ընդհանրական հայկական տեղեկատվության միջոցով նպաստում հայաստանակենտրոն, սփյուռքակենտրոն և անդրազգային դիսկուրսներին: Սփյուռքի մամուլը ստեղծում է էթնիկ ինքնության բանակցությունների դիսկուրսիվ դաշտ, մասնակցում է սփյուռքյան ինքնության ձևավորմանը, տալիս է սիմվոլներ և դիրքորոշումներ՝ էթնիկ սահմանների համար, ստեղծում է երևակայական համայնքի անդամության զգացում, միավորում է  հիշվող կամ երևակայվող «հայրենիքի» շուրջ, ինչպես նաև նպաստում է սփյուռքի անդրազգային բնույթի ամրապնդմանը: Մամուլը ստեղծում է այն դաշտը, որտեղ առաջադրվում են հարցեր էթնիկ մշակույթի, գաղափարախոսության վերաբերյալ և սցենարներ սոցիալական ու քաղաքական կյանքում:

 

_____________

1 Brubaker R. The “Diaspora” Diaspora, Ethnic and Racial Studies, Vol. 28, No. 1, 2005, pp. 1-19.
2 TՓlՓlyan Kh. Rethinking Diasporas: Stateless Power in the Transnational Moment, Diaspora: A Journal of Transnational Studies, Vol. 5, No. 1, 1996, pp. 1-2.
3 Էթնիկ մեդիա է համարվում լրատվամիջոցը, որն արտադրվում է տարբեր երկրներում բնակվող ներգաղթյալների, ռասսայական, էթնիկ և լեզվական փոքրամասնությունների, ինչպես նաև տեղաբնիկների համար և նրանց կողմից: Տե՛ս Matsaganis M.D., Katz V.S., Ball-Rokeach S.J. Understanding Ethnic Media: Producers, Consumers, and Societies, SAGE Publications, Inc., 2011, p. 10:
4 Հետազոտությունն իրականացվել է ՀՀ ԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սփյուռքի հետազոտությունների բաժնի կողմից` «Սեփական և այլազգի միջավայրում հայերի համեմատական հետազոտության հիմնական ուղղությունները. ուսումնասիրության խնդիրներն ու հեռանկարները» ծրագրի շրջանակներում, 2011-2013թթ.:
5 Հետազոտության մեթոդաբանությունը հանգամանալից ներկայացված է հեղինակի՝ «Հետազոտության մեթոդի ընտրության հիմնավորումը» հոդվածում: Տե՛ս Հայրենիք-սփյուռք առնչությունները հայկական մամուլում. Հայաստանի և սփյուռքի թերթերի կոնտենտ անալիզ, Եր., «Գիտություն» հրատ., 2012, էջ 26-43:
6 Հայկական թեմաներ են համարվել Հայաստանին, Արցախին, հայկական Սփյուռքին, հայ անհատների և ընդհանրապես հայությանը վերաբերող նյութերը:

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.