Պետությունը չպետք է զգացմունքային ու բռնկուն լինի՝ հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, մեկնաբանելով վրաց հասարակության մի մասի բողոքը Սոչիի օլիմպիադայում Վրաստանի մասնակցության դեմ:
Բողոքի ալիքը բարձրացել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի ջահակիրը դարձել է օդաչու Իվան Նեչաևը, ով 2008 թվականին մասնակցել է Վրաստանի դեմ պատերազմին և ստացել «Ռուսաստանի Դաշնության հերոսի» կոչում՝ վրաց զինված ուժերի հետ մարտում վնասված ռուսական Սու-25 կործանիչը փրկելու համար:
«Ես ըմբռնմամբ եմ մոտենում հասարակության անդամների մեծամասնության դիրքորոշմանը, ընդունում եմ, որ տեղի ունեցածը վիրավորական է, բայց պետությունը չպետք է լինի բռնկուն և նյարդային, այլ պարտավոր է ընդունել հավասարակշռված որոշումներ», – ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել է Իվանիշվիլին:
Վարչապետը, միևնույն ժամանակ, չի բացառում, որ Վրաստանն, ի վերջո, կարող է հրաժարվել Սոչիի օլիմպիադային մասնակցելուց:
«Մենք պետք է տեսնենք, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները: Եթե օլիմպիական խաղերի մեկնարկից առաջ մենք զգանք, որ օլիմպիադային մասնակցելը մեզ համար ստորացուցիչ է, ապա մենք, իհարկե, չենք մասնակցի», – մեկնաբանել է վրաց վարչապետը:
Նեչաևի դեպքից բացի Թբիլիսիում վրդովված են նաև Վրաստանի նկատմամբ Ռուսաստանի մյուս քայլերով: Մասնավորապես, վրաց հասարակության վրդովմունքն է հարուցել Ցխինվալիի տարածաշրջանում ռուսաստանցի սահմանապահների կողմից «սահմանի» կառուցման աշխատանքների վերսկսումը, ինչպես նաև Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոյի մեկնաբանությունները՝ վրացական արտադրանքի որակի և վրաց-ամերիկյան կենսալաբարատորիայի վերաբերյալ:
Վրաստանի շուրջ տաս հազար քաղաքացիներ արդեն իսկ ստորագրել են երկու վրացական ՀԿ-ների նախաձեռնած առցանց-պահանջագիրը՝ «Բողոք Սոչիի օլիմպիադայի դեմ», իսկ հոկտեմբերի 13-ին Թբիլիսիի կենտրոնում բաց երկնքի տակ վրացի երաժիշտները կազմակերպել են համերգ՝ ռուսական բռնազավթման և Սոչիի օլիմպիադային Վրաստանի մասնակցության դեմ:
Իր հերթին, վրաց վարչապետը հայտարարել է, որ բողոքի արշավ նախաձեռնած կազմակերպություններն արտահայտում են «մեկ մարդու շահերը», ամենայն հավանականությամբ նկատի ունենալով Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն, ով կտրականապես դեմ է Սոչիի օլիմպիադային Վրաստանի մասնակցությանը:
«Խորհրդանշականը և էականը»
Լոնդոնի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտից Գիորգի Մճեդլիշվիլին կարծում է, որ հետխորհրդային տարածությունում խորհրդանշական իրադարձություններին, ընդհանուր առմամբ, հատկացվում է «շատ ավելի մեծ ուշադրություն, տրամախոսություն (դիսկուրս) և քաղաքական պաշար, քան իսկապես էական և պատմականորեն կարևոր իրադարձություններին»: Տվյալ դեպքում, փորձագետի կարծիքով, քաղաքականապես հասուն հասարակության մեջ Սոչիի օլիմպիադային մասնակցելու-չմասնակցելու երկընտրանքը պետք է հետին պլան մղվեր՝ նոյեմբերի 28-29 -ին ԵՄ վիլնյուսյան գագաթնաժողովում Վրաստանի կողմից Եվրամիության հետ Ասոցացման համաձայնության հավանական նախաստորագրման ֆոնին:
«Հասուն հասարակությունում շատ ավելի լայն չափով կքննարկվեր ԵՄ սպասվող գագաթնաժողովը, հատկապես, որ Վրաստանի դեմ Ռուսաստանի ագրեսիվ գործողություններն, ամենայն հավանականությամբ, պայմանավորված են հենց վիլնյուսյան գագաթնաժողովի օրվա մերձեցմամբ», – «Ամերիկայի ձայնի» Ռուսական ծառայությանը տված հարցազրույցում նշել է փորձագետը:
Մճեդլիշվիլին կարծում է, որ Ցխինվալիի տարածաշրջանում Ռուսաստանի կողմից հաճախակիացած սադրանքները և վրացական գինիների անորակ լինելու վերաբերյալ Օնիշչենկոյի հերթական հայտարարությունը վկայում են Վրաստանի վրա Ռուսաստանի գործադրած ճնշումների մասին:
Նոյեմբերի 28-ին Թբիլիսին պետք է Մոսկվայից նոր «նվերներ» սպասի: Սոչիի օլիմպիադային Վրաստանի մասնակցության դեմ ծագած հասարակական բողոքը Մճեդլիշվիլին կապում է Վրաստանի նախագահի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության քաղաքական հավակնությունների հետ:
«Շարժումը դժվարությամբ է հաշտվում իր քաղաքական հոգեհանգստի հետ, քանի որ գալիք նախագահական ընտրություններում (հոդվածը հրապարակվել է նախքան նախագահական ընտրությունները.-խմբ.) կուսակցության հավանական պարտությունից հետո վերջինիս հետագա թուլացումն անխուսափելի է: Այդ իսկ պատճառով կուսակցության ղեկավարները կիրառում են հին փորձարկված միջոց՝ հնչեցնելով կառավարող «Վրացական երազանք» կուսակցության ռուսաստանամետ լինելու մեղադրանքը», – հայտարարել է Գիորգի Մճեդլիշվիլին:
Փորձագետը համոզված է, որ տվյալ պահին օլիմպիադայից հրաժարվելը «բոլորովին ճիշտ չէ», քանի որ, Մճեդլիշվիլու կարծիքով, այդպիսի քայլը «բացարձակ անիմաստ է»: Քաղաքագետը կարծում է, որ Վրաստանի համար «իսկական քաղաքական հաղթանակն օլիմպիադային մասնակցելն է՝ որպես ԵՄ Ասոցացման հավակնորդ երկիր՝ ինքնիշխան Վրաստանի դրոշի ներքո:
«Կարևոր է հասկանալ, որ եթե Վրաստանը ստանա Ասոցացման մասին պայմանագիրը, ապա այն լինելու է ողջ երկրի՝ թե՛ Միացյալ ազգային կուսակցության, և թե՛ «Վրացական երազանքի» հաղթանակը: Իսկ արդի քաղաքական իրողություններում հաղթանակ կիսելը ձեռնտու չէ հենց Միացյալ ազգային շարժմանը: Դրա համար էլ նրանք փորձում են հասարակության ուշադրությունը հակամարտային թեմային շեղել», – եզրակացնում է Մճեդլիշվիլին:
«Ամեն մի հնարավորություն»
ԱՄՆ Լուիզիանա նահանգի համալսարանի պրոֆեսոր Ալեքսանդր Միքաբերիձեն հակառակ կարծիքին է. նա ասում է, որ Վրաստանը չպետք է մասնակցի Սոչիի օլիմպիական խաղերին: Միքաբերիձեի խոսքերով, ի հեճուկս տարածված այն տեսակետի, թե սպորտը քաղաքականությունից դուրս է, պատմության մեջ կան բազում դրվագներ, երբ օլիմպիական խաղերը դառնում էին քաղաքական տրամախոսության մաս:
Ըստ Միքաբերիձեի, հաշվի առնելով վերջին հինգ տարիների ընթացքում Վրաստանի նկատմամբ Ռուսաստանի գործողությունները, ներառյալ միջազգայնորեն ճանաչված վրացական տարածքների բռնազավթումը, սողացող բռնակցման-անեքսիայի շարունակությունը՝ Ցխինվալիի տարածաշրջանում սահմանի տեղափոխումը Թբիլիսիի վերահսկողության տարածքի խորքեր, ապա «դժվար է արդարացում գտնել» Սոչիի օլիմպիադային Վրաստանի պաշտոնական մասնակցության համար: Միաժամանակ, փորձագետը կարծում է, որ վրացի մարզիկները պետք է մասնակցեն օլիմպիադային՝ միայն որպես անկախ մասնակիցներ:
«Վրաստանը սահմանափակ հնարավորություններ ունի Ռուսաստանի քաղաքականությանն արձագանքելու համար, հետևաբար՝ Թբիլիսին պետք է օգտագործի բոլոր՝ անգամ խորհրդանշական իրադարձությունները: Իսկ վրացի մարզիկները միշտ էլ կարող են մասնակցել օլիմպիադային օլիմպիական դրոշների ներքո՝ որպես անկախ մասնակիցներ», – եզրակացնում է Միքաբերիձեն:
թարգմանությունը՝ «Անալիտիկոնի»