Մեր խառնակ ժամանակներում, երբ փլուզվում է հին աշխարհակարգը, իսկ նորն էլ դեռ չի ստեղծվել, այնպիսի փոքր երկրների համար, ինչպիսին Հայաստանն է, կենսական կարևորություն է ձեռք բերում հիբրիդային մարտահրավերներին ընդառաջ ամրունակության ներքին պաշարների մեծացմանը միտված քաղաքականությունը։ Տեղեկատվական և հեռահաղորդակցային գլոբալ հեղափոխությունների մեր դարում հիբրիդային մարտահրավերների կարևորագույն բաղադրիչներից է տեղեկատվականը։ Հետևաբար, տեղեկատվական ոլորտում, մեդիայում մարտահրավերների բնույթի վերլուծությունը, օրենսդիր, հանրային և այլ մեխանիզմների միջոցով դրանց հակազդումը դեռ երկար ժամանակ չի կորցնելու իր հրատապությունը, պարբերաբար «թարմացումներ» է պահանջելու՝ աշխարհում, ինչպես նաև տարածաշրջանում (Հայաստանի շուրջ) անվտանգության կտրուկ փոփոխվող միջավայրով պայմանավորված։
Մեր հարևան Վրաստանում (երկիր, որը նաև սահմանակից է Ռուսաստանին), ի տարբերություն մեզ, հեշտորեն երևակվում է այսպես կոչված «փափուկ ուժի» կառուցվածքը, որը միտված է երկրի ժողովրդավարական հաստատությունների և հեռանկարների փլուզմանը։ Այդ «ազդեցության» ու դրան դիմակայող պետական հաստատությունների միջև պայքարն ընթանում է փոփոխական հաջողությամբ, ավելին՝ դեռևս հեռու է հանգուցալուծումից։ Հայաստանում նույնպես մեդիաոլորտի կարգավորումը, լրատվամիջոցների թափանցիկության չափորոշիչների հաստատումը, երբեմն պետության հիմքերի քայքայմանը միտված ապատեղեկատվությանն ու ֆեյքերին հաստատութենական արձագանքման հարցն առաջնային խնդիրներ են թեկուզ և այն պատճառով, որ ունեն համանման ծագում և ուղղվածություն։
Բայց ոչ միայն դա։ Ժողովրդավարությունը և՛ Հայաստանում, և՛ Վրաստանում փխրուն է, դրա անշրջելիության կառուցակարգային երաշխիքները դեռևս պետք է ձևավորվեն։ Լայն առումով հենց այս մասին են մեր նոր թողարկման նյութերը։
«Անալիտիկոն» հանդեսի խմբագրության կողմից