Ռասիզմը կրթության մեջ. ո՞ւմ համար են ստեղծվում «ուղղիչ» և «թերամիտների» դասարանները
Նոնա ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Դիրբորն-Միչիգանի համալսարան
ԱՄՆ
Ո՞վ ո՞ւմ է նմանակում։ Կենտրոնի և ծայրամասի հարցի շուրջ։ Վերջերս change.org էլեկտրոնային-փոստային հարթակով ստացել եմ սոցիալապես աշխույժ քաղաքացիների ստորագրություններ հայցող մի խնդրագիր։ Բողոքի դրդապատճառն այսպես է նկարագրվում բացատրագրում. «Մանկապարտեզներում հերթերի վերացման մասին օր առաջ զեկուցելու և, միաժամանակ, կրթության հաշվին նկատելիորեն տնտեսելու նպատակով պաշտոնյաները որոշ տարածաշրջաններում որոշել են սահմանափակել երեխաների հերթագրումը մանկապարտեզ ընդունվելու ցուցակներում։ Այժմ մանկապարտեզ ընդունվելու համար ծնողները պարտադիր կարգով պետք է հաստատեն տվյալ բնակության վայրում իրենց հաշվառված լինելը»։ Որպես փորձադաշտ ընտրվել է Մոսկվան, որտեղ այս ապօրինի կանոնները գործում են արդեն չորս տարի շարունակ։ Սակայն, խնդրագրի հեղինակները սխալվում են առնվազն քսան տարով։ Կրասնոդարի երկրամասում նույնպիսի փորձը տեղի իշխանությունների կողմից կիրառվում է դեռևս 90-ականների սկզբներից։Դպրոցը՝ որպես խտրականության տեղ. ռուսակերպ օրիենտալիզմը (արևելականությունը)։ Երկրամասում «հաշվառման» կարգի շարունակական բարդեցման պայմաններում վաղ հետխորհրդային շրջանում մահմեդականություն դավանող ազգային փոքրամասնությունների շատ ներկայացուցիչներ նախընտրում էին բնակություն հաստատել Կրասնոդարի (քաղաքականապես ոչ ճշգրիտ Կուբան կոչվող) երկրամասին հարևան Ադիգեայի Հանրապետությունում։ Ադիգեական գյուղերի քուրդ հասարակության ճակատագիրն, ընդհանուր առմամբ, կարելի է հաջողված համարել, հատկապես՝ Կրասնոդարի երկրամասի բնակավայրերը նախընտրած այլ քրդական համայնքների համեմատությամբ։ Սակայն, Ադիգեայում ևս առկա են մի շարք յուրահատուկ խնդիրներ։
Ադիգեայի Հանրապետության միջնակարգ դպրոցներում, մասնավորապես՝ Կրասնոգվարդեյսկի շրջանի Ելենովսկոյե, Բելոյե, Սադովոյե գյուղերում առկա դրությունն ամբողջ աշխարհում ձևականորեն հաղթանակած ժողովրդավարական արժեքների տեսանկյունից կարելի է աղմկահարույց համարել։ Թեև այն միանգամայն բնականոն է պահպանողական «քաղաքակրթող» հռետորաբանության տեսանկյունից։ Պարզվում է, որ 1981 թվականից Ռուսաստանում գոյություն ունի ձգձգված հոգեկան զարգացման և մտովի թերզարգացած երեխաների համար նախատեսված ուսումնական հաստատությունների առանձին տեսակ՝ հատուկ դպրոցներ և սովորական հանրակրթական դպրոցներին կից հատուկ ուղղիչ դասարաններ։ Այս դասարաններից «նորմալ» դասարաններ վերադառնալը հնարավոր է, թեև դրա համար հարկավոր է մի շարք «եթե»-ներ հաղթահարել, որոնցից ամենակարևորը սա է. «…եթե հարցը դպրոցի մանկավարժական խորհրդի քննարկման ժամանակ արձանագրի դրական ընթացք՝ բժշկական բնագավառի աշխատակիցների ներգրավմամբ»։ Այսպիսով, Կրասնոգվարդեյսկի շրջանի դպրոցներում բացված են 25 ուղղիչ դասարաններ, որոնցից 23-ն՝ ազգությամբ քուրդ աշակերտների համար (մանրամասները տե՛ս «Նոտա Բենե» ամսագրի» հետևյալ հրապարակման մեջ՝ http://e-notabene.ru/pr/article_398.html#10):
Այս կապակցությամբ հանրապետության կրթական վերնախավը, որը ներառում է Ադիգեայի պետական համալսարանի սոցիոլոգներին, ուսուցողական առոգանությամբ հայտարարում է, թե «խորապես անհանգստացած է միջնակարգ դպրոցներում քուրդ երեխաների կրթության խնդիրներով»։ Խնդիրների փունջն իբր ներառում է քուրդ երեխաների կրթություն ստանալու նկատմամբ անտարբերությունը, ռուսերենի չիմացությունը, աղջիկների վաղ ամուսնությունները, ձգձգված հոգեկան զարգացում ախտորոշմամբ երեխաների մեծ թիվը։ Ավելին՝ այս երևույթների հանրագումարը կրթության բնագավառի հիշյալ փորձագետների գնահատմամբ «սադրում է տարածաշրջանային սոցիալական վտանգներ»։ Այս կապակցությամբ ինձ մտահոգություն են պատճառում վերոհիշյալ կրթական վերնախավի գլուխներում բուն դրած գիտակարգային «խավարասերները», քանի որ իրենց հորինած մեխանիզմն անշեղ օրինաչափությամբ քուրդ երեխաներին զետեղում է «առանձնացված ցուցակում», ինչը սպառնում է նորանոր արհեստական սոցիալական պատնեշներ ձևավորել և որոշ «ոչ հեղինակավոր» խմբերի լուսանցքայնացումը խորացնել։ Այս պատնեշներն, ըստ էության, ձևավորում են քուրդ երեխաների վարքագծային շեղվածության և մինչև իսկ՝ բնածին կլինիկական թերարժեքության մասին պատկերացումներ։
Որքա՞ն հեռու կարելի է հասնել այսպիսի գործիքադարանի կիրառմամբ։ Ո՞ւմ են ձեռնտու այսօրինակ ավտորիտար մոտեցումները։ Պետական հաստատությունների (տվյալ դեպքում՝ բժշկական անձնակազմի ներգրավմամբ միջնակարգ հանրակրթական դպրոցների) գործադրած նմանատիպ սոցիալական ռազմավարությունները գործնականում դուրս են մղում քուրդ երեխաներին սոցիալական միջանցք՝ զրոյացնելով ռուսաստանյան հասարակության մեջ նրանց ինտեգրվելու հնարավորությունները։ Քուրդ երեխաների մասին կլինիկական ախտորոշման եզրույթների (ձգձգված հոգեկան զարգացում, մտավոր թերարժեքություն) շրջանակներում խոսելը, նշված բնութագրումներն ու երևույթները բացատրելուն միտված կացնային ու նսեմացնող դատողություններով հանդես գալը՝ քրդերի մոտ տարածված մերձավոր ազգականների միջև ամուսնությունների, համայնքի ցեղախմբային կառուցվածքի կամ արժեհամակարգային յուրահատկությունների վկայակոչմամբ, հանգեցնում են բաժանարար գծեր անողոքաբար ստեղծող բացասական կարծրատիպերի խորացմանը։ Այսպիսի արտահայտություններն ու գործելաոճը սահմանակցում են առավել բռնարար մարդատյաց մոտեցումների վերարծարծումներին։ Ի դեպ, ազգակցական ամուսնությունների և նրանցում ծնվող երեխաների ֆիզիկական ու մտավոր խանգարումների միջև կապը գիտությունը ցայսօր չի հաստատել։ Ամեն դեպքում, այստեղ մենք ականատես ենք ըստ էության ռասիստական խտրականությամբ աչքի ընկնող հայացքների համակարգին, որը գիտական գրականության մեջ կոչվում է արևելականություն (օրիենտալիզմ)։
Օրիենտալիզմ. մոդայիկ տեսությո՞ւն, թե՞ դարերով մշակված բռնաճնշման գործելաձև։ Ժողովրդավարական մտածողության պսակն են դարձել հետգաղութատիրական աշխարհում քաղաքական իրողությունների վերածված հավասարեցնող մոտեցումները։ Ամենաերկարատև և այդ իսկ պատճառով դժվար հաղթահարելի մարտահրավերը՝ հատուկ գրականության մեջ որպես օրիենտալիզմ նկարագրվող երևույթն է։ Դա գաղափարական և հասկացութային ընկալումների հարթակ է՝ արևմտյան ինտելեկտուալների ստեղծած մտածողության կարծրատիպացման տեխնիկա. Արևելքը՝ որպես Այլ, Օտար, Խորթ նկարագրելու միջոցով։ Գաղափարի հեղինակ Էդվարդ Սայիդը (SaidE. Orientalism. PenguinBooks, 1995)արևելականության սահմանումներից մեկում բնութագրում է այն որպես «բանական, զարգացած, բարձրագույն Արևմուտքի և մոլորված, թերզարգացած, նսեմ Արևելքի միջև բացարձակ տարբերության» հորինում, ինչպես նաև գերակայության արևմտյան ոճ՝ Արևելքը վերակառուցելու և նրան տիրելու հարցում։
Այսպես կոչված սոցիալիստական ճամբարի փլուզումն ուներ սեփական գաղութատիրական ճգնաժամ, ուստի և՝ հետգաղութատիրական վայրիվերումներ։ Արևելքը՝ «հետամնացության» և ապաարդիականացման եզրույթներով նկարագրող Արևմուտքի դերում հանդես է գալիս Ռուսաստանը, իսկ Արևելքի դերում (անկախ աշխարհագրական իրողություններից) հանդես է գալիս նախկին խորհրդային հանրապետությունների բնակիչների մեծամասնությունը։ Այս գործընթացների և լռելյայն համաձայնությունների հետևանքով Ադիգեայի քուրդ հանրությունը Ռուսաստանում գնահատվում է եվրոպակենտրոն կամ կայսերապաշտական դիրքերից։ Նրանց հետ նույն շարքում են հայտնվել թուրք-մեսխեթցիները, ադրբեջանցիները, ուզբեկները։ Շատ «չխորացողներն» իրադրային նպատակահարմարությամբ այդտեղ են ներառում նաև հայերին, վրացիներին, ասորիներին և ՌԴ բոլոր մնացած «ոչ տիտղոսակիր» ժողովուրդներին։
Օրիենալիզմը գործողության մեջ։ «Յուրայիննե՞ր», թե՞ «օտարներ»։ «Փակուղային» իրավիճակից դուրս գալու ձևերից մեկը իրավիճակը սրելն է՝ խոսելով քուրդ մահմեդականների «սպառնածին» և «քրեածին» լինելու մասին՝ հասարակության մնացած մասից նրանց օտարումը խորացնելու նպատակով։ Որոշ տեղական «փորձագետներ», վկակակոչելով ժամանակակից քուրդ ընտանիքում երեխային դպրոցական կրթությանը նախապատրաստելու համար իբր բացակայող պայմանների առկայությունը, առաջարկում են իրավիճակի բարելավմանը միտված մի շարք քայլեր, որոնք ենթադրում են նախադպրոցական կրթության ոլորտում արտոնությունների տրամադրում, ինչպես նաև քուրդ ներգաղթյալների ընդունող հասարակության մեջ ինտեգրվելը դյուրացնող միջոցառումների համակարգի մշակում։ Սակայն, անհասկանալի է, թե ինչպես են աղջիկների վաղ ամուսնությունները կամ քուրդ երեխաների մոտ բարձրագույն կրթություն ստանալու ցանկության բացակայությունը (ավելի ճիշտ կլիներ հիշատակել այդ հարցում նրանց փաստացի զրոյական հեռանկարները) նպաստում «սպառնածին» իրավիճակի աճին։ Ենթատեքստ պարունակող և երկիմաստ հարցերն, իրոք, շատ են։ Արդյո՞ք անհրաժեշտ է զանգվածաբար բարձրացնել բարձրագույն կրթության մակարդակը։ Եթե այո, ապա ինչո՞վ բացատրել Ռուսաստանից մեծ արտագաղթի շրջանակում «ուղեղների» արտահոսքի շարունակական գործընթացը։ Ո՞ր պահից ի վեր հասարակությանն այլևս հարկավոր չեն վաճառողներ, մսագործներ, այգեգործներ, հովիվներ, ձեռներեցներ և հասարակ գյուղացիներ։ Եթե նրանք, իրոք, պահանջված չեն, ապա ինչո՞ւ Ռուսաստանին այսչափ շատ են հարկավոր ներգաղթյալներ՝ սպասարկման ոլորտը կարգավորելու համար։ Որքանո՞վ է իրավացի նույնացման նշան դնել այս արհեստավարժական ռազմավարությունների և սոցիալապես ձախորդ սցենարների միջև։ Թվում է, որ մամուլի համար նախատեսված տարբերակներում օդի մեջ չարտաբերված է մնում այն, որ այդ երեխաներն ապագայում համալրելու են քրեական աշխարհը (տեղային տրամախոսությունում դրա մասին բացեիբաց է խոսվում)։ Եվ վերջին, թերևս, ամենավատ ենթադրությունն այն է, որ տիրապետող մոտեցումը սոցիալական խարանման և պիտակավորման կարճագույն ճանապարհն է։
Հոդվածի ամբողջական՝ ռուսերեն տարբերակը կարող եք կարդալ այստեղ՝ https://theanalyticon.com/?p=