Հարց, որն անպատասխան է մնացել ավելի քան 30 տարի. «Արդյո՞ք Ադրբեջանը և մյուս պետությունները պարտավոր են հարգել նախկին Ադրբեջանական ԽՍՀ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի բնակչության ինքնորոշման իրավունքը, որը ճանաչվել է Խորհրդային Ռուսաստանի և Ադրբեջանի իշխանությունների կողմից 1920 թվականին, իրականացվել է 1923 թվականին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ստեղծման ժամանակ և հետագայում պահպանվել է խորհրդային սահմանադրությամբ և դաշնային օրենսդրությամբ:»
2007 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները եկել են կոնսենսուսի առ այն, որ նախկին ԼՂԻՄ-ի կարգավիճակը պետք է որոշվի հանրաքվեով։ Նրանք իրենց առաջարկը հիմնել են ՄԱԿ-ի միջազգային դատարանի Արևմտյան Սահարայի հարցի վերաբերյալ 1975 թվականի խորհրդատվական եզրակացության վրա: Մարոկոյի և Մավրիտանիայի միջև տարածքային վեճի ժամանակ դատարանը մերժեց երկու կողմերի պահանջները և նրանց հանձնարարեց հանձն առնել հանրաքվեի կազմակերպումը, որտեղ կդրվի Արևմտյան Սահարայի անկախության վերաբերյալ հարցը, բայց ոչ՝ վիճող պետություններից մեկին միանալու հարց: Դատարանը եզրակացրեց, որ եթե նույնիսկ երկու երկրներն ունեն պատմական իրավունքներ Սահարայի տարածքների նկատմամբ, նրանք իրավունք չունեն տարածքային պահանջներ ներկայացնելու, քանի որ սահարավիների (տեղական բնակչության անունը) ինքնորոշման իրավունքը գերակայում է այս պահանջներից:
Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջարկն, ըստ էության, նշանակում էր Ադրբեջանի կողմից նախկին ԼՂԻՄ բնակչության ինքնորոշման իրավունքի ճանաչման անհրաժեշտություն՝ հակամարտության խաղաղ կարգավորման համար, բայց ոչ նախկին ԼՂԻՄ-ի բնակչության՝ մինչ Ադրբեջանի անկախության հռչակումը գոյություն ունեցած իրավունքի՝ իր կողմից խախտումը ճանաչելու պարտավորություն։ Այստեղ կարևոր է հասկանալ, որ պետության կողմից «անջատողական տարածաշրջանի» բնակչության ինքնորոշման իրավունքի ճանաչումը և ինքնավար տարածաշրջանի, որի բնիկ բնակչությունը ունի նման իրավունք, ինքնորոշման իրավունքի խախտման համար իր պատասխանատվության ճանաչումը, ինչպես ասում են, «երկու մեծ տարբերություններ են»։
Այսօր ռեալ քաղաքականության ոլորտում նախկին ԼՂԻՄ-ի բնակչության ինքնորոշման իրավունքի պաշտպանության հարցը ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային ասպարեզում աղետալի վիճակում է։ Վարչապետը և իշխող ուժերը համարում են, որ Հայաստանի համար ավելի կարևոր է Ադրբեջանի հետ խաղաղությունը, քան ոչ միայն Արցախի ինքնորոշման իրավունքը, այլև՝ Արցախն ինքը։ Արցախի Հանրապետության սակավաթիվ կողմնակիցները շարունակում են պնդել, որ «ինքնորոշման իրավունքն արդեն իսկ իրացվել է ժողովուրդի կողմից՝ խորհրդային օրենսդրությանը համապատասխան»։ Միաժամանակ, նրանք համառորեն հրաժարվում են տեսնել այն փաստը, որ միջազգային հանրությունը չի ճանաչել 1991 թվականի դեկտեմբերին Արցախում անցկացված հանրաքվեի օրինականությունը։ «Ազգային ժողովրդավարական բևեռ»-ի (ԱԺԲ) կողմնակիցներն Արցախի ինքնորոշման իրավունքն ընդհանուր առմամբ վնասակար և սխալ դրույթ են համարում։ Մյուս կուսակցությունների մեծ մասը նախընտրում է զերծ մնալ այս հարցի շուրջ բանավեճից:
Միջազգային ասպարեզում Արցախի ինքնորոշման իրավունքի մասին հիմնականում լռում են՝ առաջ մղելով Ադրբեջանին տարածաշրջանի ինտեգրման թեզը և Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները, որոնք միաժամանակ Ադրբեջանը պարտավոր է երաշխավորել։
Հայաստանի համար էական մարտահրավեր է այն փաստը, որ ժողովրդի աջակցության վրա հենվելով իշխանության եկած ներկայիս կառավարությունն իր հիմնական առաջնահերթությունն է համարում քաղաքական և տնտեսական մերձեցումը Թուրքիայի հետ՝ միաժամանակ պահպանելով ռազմաքաղաքական հարաբերությունները և տնտեսական ինտեգրումը Ռուսաստանի հետ։ Կառավարությունն այդպես է այսօր հասկանում հայ ժողովրդի ազգային շահերը և քայլ առ քայլ իրականացնում է այդ քաղաքականությունը՝ զոհաբերելով Արցախը և 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրությունում և Թուրքիայում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունը։ Ընդ որում, այս քաղաքականությունը ընտրողներին ներկայացվում է ոչ թե որպես ընտրությունների ժամանակ հայտարարված քաղաքական ծրագիր, այլ որպես միջազգային ներկա իրավիճակին համապատասխան գործելու անհրաժեշտության հետևանք։ Այս քաղաքականությունը հիմնված է գորտի հետ կապված հայտնի փորձի վրա, որն անմիջապես դուրս է թռնում, երբ տեղադրվում է եռացող ջրի մեջ, բայց մնում է ջրի մեջ և մեռնում, երբ տեղադրվում է տաք ջրի մեջ, որն աստիճանաբար տաքացվում է մինչև եռման աստիճան: Այսօր հայ ժողովուրդը գտնվում է այս գորտի վիճակում։
Ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի ազգային օրակարգը Արցախի հարցում։ Այն պետք է ներառի առնվազն երեք տարր։ Առաջին տարրը վերաբերում է Արցախում էթնիկ զտումների հետևանքով ստեղծված իրավիճակին. որպեսզի հայերը վերադառնան Լեռնային Ղարաբաղ՝ Հայաստանը պետք է պաշտպանի Ադրբեջանին ուղղված իր պահանջները, որոնք ներառում են հինգ հիմնական պայման.
- Պետք է իրավական ակտ ընդունվի, որն արգելում է ադրբեջանական արդարադատությանը քրեական հետապնդում իրականացնել հայերի նկատմամբ՝ կապված 1988 թվականից մինչ օրս կատարված գործողությունների հետ։ Ձերբակալված և դատապարտված անձինք պետք է ազատ արձակվեն։ Հայաստանը և Ադրբեջանը պետք է ճանաչեն ՄԱԿ-ի միջազգային տրիբունալի իրավասությունը՝ քննելու բոլոր քրեական գործերը, որոնք կապված են հակամարտության ընթացքում կատարված ռազմական հանցագործությունների հետ։
- Ադրբեջանական զորքերը, ոստիկանությունը և վարչակազմը պետք է ամբողջությամբ դուրս բերվեն նախկին ԼՂԻՄ-ի տարածքից։
- Լաչինի միջանցքը պետք է փոխանցվի ՄԱԿ-ի վերահսկողությանն ու կառավարմանը։
- Նախկին ԼՂԻՄ ողջ սահմանի երկայնքով պետք է տեղաբաշխվեն ՄԱԿ-ի միջազգային բազմազգ խաղաղապահ ուժեր և ստեղծվի ապառազմականացված գոտի։
- Նախկին ԼՂԻՄ տարածքը պետք է փոխանցվի ՄԱԿ-ի կառավարմանը։
Երկրորդ տարրը վերաբերում է Արցախի ինքնորոշման իրավունքի լուծման խնդրին։ Այս հարցի լուծման հիմք կարող է դառնալ ՄԱԿ-ի միջազգային դատարանի խորհրդատվական եզրակացությունը։ Դա անելու համար ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան պետք է իր անդամների ձայների մեծամասնությամբ աջակցի Դատարանին ուղղված համապատասխան դիմումին: Ֆրանսիան և Միացյալ Նահանգները կարող էին աջակցել Հայաստանին այս հարցում, եթե չլիներ Նիկոլ Փաշինյանի նվիրվածությունը հայ-ռուսական հարաբերություններին։
Երրորդ տարրը վերաբերում է հենց Հայաստանին։ Լիովին ակնհայտ է, որ ներկայիս իշխանության քաղաքականությունը չի կարող հանգեցնել Ադրբեջանի հետ երկարաժամկետ խաղաղության և Թուրքիայի հետ նորմալ հարաբերությունների հաստատման։ Ազգերի միջև խաղաղությունը չի կարող հիմնված լինել ուժի կիրառման, էթնիկ զտումների և պատերազմի մշտական սպառնալիքի վրա։ Կառավարության այս քաղաքականության իրական նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ Հայաստանի ստրկացումը, որը հնարավորություն է ստեղծում ձեռք բերել արտաքին ուժերի աջակցությունը՝ սպասարկելով նրանց շահերը։ Միևնույն ժամանակ, անհնար է անտեսել այն փաստը, որ կոնկրետ այս իշխանությունն անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ընտրվել է ժողովրդի կողմից՝ փոքրիշատե ազատ ընտրություններով։ Ապագայում, ներկայիս իրավիճակի կրկնությունը կանխելու համար, Հայաստանի Սահմանադրությունը պետք է ներառի մի շարք նորմեր, որոնք արգելում են քաղաքական ուժերին իշխանության համար պայքարում զոհաբերել ազգային շահերը։ Այսպիսով, ժողովուրդը կարող է սահմանադրությամբ հաստատել, որ Ադրբեջանի հետ խաղաղությունը պետք է ձեռք բերվի Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման հիման վրա, Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է հաստատվեն Հայոց ցեղասպանության ճանաչման և խախտված իրավունքների ճանաչման ու վերականգնման կամ դրանց դիմաց փոխհատուցելու համաձայնության հիման վրա։
Հայաստանի կառավարությունը խուսափում է այս հարցերի շուրջ ազնիվ քննարկումից, փոխարենն իր քարոզչամեքենան օգտագործում է հանրությանը համոզելու, որ Արցախից հայերի արտաքսումը խոչընդոտ չէ և, ընդհակառակը, ճանապարհ է բացում Ադրբեջանի հետ խաղաղության համար։
Այսօր մեկ այլ կարևոր քաղաքական գործոն է հանդիսանում Արցախի Հանրապետության ճակատագիրը։ Նախագահ Սամվել Շահրամանյանի անօրինական գործողությունները հիմք են նրա պաշտոնանկության համար։ Նախագահի իմպիչմենտի ընթացակարգը կարող է սկսվել տասնմեկ պատգամավորների որոշմամբ։ Իմպիչմենտ իրականացնելու համար անհրաժեշտ է հանրապետության Գերագույն դատարանի եզրակացությունը և խորհրդարանի քսաներկու պատգամավորների աջակցությունը։ Նույնքան ձայն է անհրաժեշտ հանրապետության նոր նախագահ ընտրելու համար։ Պատրաստ են, արդյոք, արցախյան քաղաքական գործիչները նման քայլերի, թե ոչ՝ պարզ կդառնա շատ մոտ ապագայում։ Նրանց որոշումից է կախված՝ կկարողանա՞, արդյոք, արցախահայությունը պահպանել իր քաղաքական սուբյեկտայնությունը և ունենալ լեգիտիմ ներկայացուցիչ, որը ժողովրդի անունից կխոսի միջազգային հանրության հետ։
Անդրիաս ՂՈՒԿԱՍՅԱՆ
Քաղաքագետ
Երևան