Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Ի՞նչ սպասել Գրանադայի գագաթնաժողովից հետո

hayk
October 2023
Ի՞նչ սպասել Գրանադայի գագաթնաժողովից հետո

Նիկոլ Փաշինյանը իսպանական Գրանադա քաղաքում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովին։ Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի

Արմեն Վարդանյան

Օրերս Գրանադայում տեղի ունեցավ Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովը, որի շրջանակներում ավելի քան չորս տասնյակ երկրների ղեկավարներ հավաքվեցին և քննարկեցին Եվրոպայի ապագայի, անվտանգության հետ կապված և այլ հարցեր: Պետք է նկատել, որ այս գագաթնաժողովը Հայաստանի համար որոշ չափով նման էր նախորդ տարի հոկտեմբերին Պրահայում տեղի ունեցած նմանատիպ հանդիպմանը: 2022 թ. պրահյան գագաթնաժողովին նախորդել էր Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ իրականացված սեպտեմբերյան ագրեսիան, իսկ Գրանադայի գագաթնաժողովին նախորդել էր Արցախի Հանրապետության դեմ սեպտեմբերի 19-ին իրականացված ռազմական գործողությունը:

Եվրոպական քաղաքական համայնքի այս գագաթնաժողովն ի սկզբանե ուշագրավ էր նրանով, որ դրա շրջանակներում նախատեսված էր Փաշինյան-Ալիև-Շոլց-Մակրոն-Միշել հնգակողմ ձևաչափով հանդիպում, որին մասնակցելուց վերջին պահին հրաժարվել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Պաշտոնական մեկնաբանությունն այն էր, որ Ադրբեջանն առաջարկել է, որ հանդիպմանը մասնակցի նաև Թուրքիան, սակայն հատկապես Գերմանիան և Ֆրանսիան առարկել են դրան։ «Հնգակողմ ձևաչափում ձևավորվել է հակաադրբեջանական մթնոլորտ»,- նշվում է ադրբեջանական կողմի պատճառաբանության մեջ։ Ըստ այդմ, Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրում է հայամետության մեջ և քննադատում Եվրոպական Խորհրդի նախագահի հայտարարությունները։

Սակայն, ակնհայտ է, որ Գրանադայի հանդիպմանը Ադրբեջանի նախագահի մասնակցելուց հրաժարվելու իրական պատճառն այլ է, քանի որ դրանից ամիսներ առաջ Ալիևն արդեն իսկ մասնակցել է մի շարք հանդիպումների, որոնց ներկա է եղել նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնը (օրինակ, այս տարվա հունիսին՝ Քիշնևում): Իմ խորին համոզմամբ՝ իրական պատճառն այն է, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը գնաց նոր ռազմական ագրեսիայի ընդդեմ Արցախի Հանրապետության, չնայած որ, ըստ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի, Ալիևը եվրոպական կողմին վստահեցրել էր, որ ձեռնպահ կմնա ուժի գործադրումից, սակայն խախտվել է իր խոստումը և ահռելի տառապանք պատճառել առանց այն էլ ծանր վիճակում գտնվող Արցախի բնակչությանը: Այդ հայտարարությունը հնչեցվեց սեպտեմբերի 25-ին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Ըստ այդմ, ակնհայտ է, որ Ալիևը հրաժարվել է սեպտեմբերյան ագրեսիայի և Արցախում իրականացված 100 հազարից ավելի մարդկանց բռնի տեղահանության և էթնիկ զտումների իրականացման «թարմ հետքերով» ժամանել Գրանադա, որպեսզի ստիպված չլինի դեմ առ դեմ բացատրություններ տալ եվրոպական առաջնորդներին:

Այս առումով, կարծես թե, Ադրբեջանի նախագահի մտահոգություններն անտեղի չէին, քանի որ Գրանադայի հանդիպման շրջանակներում  հնչեցին Ադրբեջանի վերջին ագրեսիան դատապարտող հայտարարություններ, իսկ Արցախում տեղի ունեցածը բնորոշվեց որպես զանգվածային տեղահանություն և էթնիկ զտումներ։

Այս ամենի խորապատկերին բավականին ուշագրավ էր թվում Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցներ սահմանելու թեման: Արցախի Հանրապետության դեմ սեպտեմբերի 19-ին իրականացված ագրեսիայից հետո եվրոպացի բազմաթիվ քաղաքական գործիչներ  կոչեր են հնչեցնում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի և նրա ղեկավարության դեմ: Սակայն, ըստ Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոյի, ԵՄ-ում տարակարծություն կա այս հարցում և դժվար թե մոտ ապագայում միասնական որոշում ընդունվի:

Դա նաև հաստատեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Օրերս Reuters գործակալությանը տված հարցազրույցում Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներն այս փուլում հակաարդյունավետ կլինեն։ «Դրանք հակաարդյունավետ կլինեն և թույլ չեն տա լավագույնս պաշտպանել հայկական տարածքը և դրա բնակիչներին»,- հիմնավորել է Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահը դատապարտել է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններ իրականացնելու համար՝ պնդելով, որ Ֆրանսիայի կառավարության դիրքորոշումը ճիշտ է, նույնիսկ եթե Բաքուն այն համարում է կողմնակալ՝ հօգուտ Հայաստանի։ «Ֆրանսիան Ադրբեջանի հետ խնդիրներ չունի, բայց Ադրբեջանը, կարծես, խնդիրներ ունի միջազգային իրավունքի հետ»,- ասել է Մակրոնը։ Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ դեռ չի եկել ժամանակը, որ Եվրոպան պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի դեմ։

Այս ամենի հետ մեկտեղ կարելի է կարծել, որ Բրյուսելը թեև չի պատրաստվում մոտակա ժամանակներս պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ, բայց որոշ պահանջներ կներկայացվի Բաքվին, որոնք չկատարելուց հետո հնարավոր է գնա ավելի կոշտ քայլերի: Այդ խորապատկերին ԵՄ-ն արդեն իսկ արել է առաջին նախազգուշացնող քայլերը: Մասնավորապես, Գրանադայի հանդիպմանը զուգահեռ հոկտեմբերի 5-ին Ստրասբուրգում Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստի ժամանակ ընդունվել է «ԵՄ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների վերանայման ու Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հետ կապված պատժամիջոցների սահմանման անհրաժեշտության մասին» բանաձևը: Փաստաթղթին աջակցել է 491 պատգամավոր, դեմ հանդես է եկել 9-ը։ Եվս 36 պատգամավոր ձեռնպահ է մնացել։

Բանաձևը թեև պարտադիր բնույթ չունի, բայց դրանում Եվրոպական Խորհրդարանի պատգամավորները Եվրոպական Հանձնաժողովից պահանջում են շտապ վերանայել էներգետիկայի ոլորտում Բաքվի հետ ռազմավարական գործընկերությունը՝ Ադրբեջանի կողմից միջազգային պարտավորությունները խախտելու պատճառով: Բացի վերը նշված միջոցառումներից, խորհրդարանականները կոչ են անում ԵՄ-ին և անդամ երկրներին անհատական պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի կառավարության անդամների նկատմամբ, որոնք պատասխանատու են Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի և մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների համար:

Ինչ վերաբերում է Գրանադայի հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությանը, ապա այն որոշ չափով կրկնում և վերահաստատում է նախորդ տարի Պրահայում ընդունված հայտարարությունը (Հայաստանի և Ադրբեջանի միջև միմյանց տարածքային ամբողջականության ճանաչում, երկրների միջև սահմանների դելիմիտացիա և դեմարկացիա անցկացնելու անհրաժեշտություն և այլն):

Դրան գումարած, այս անգամ ավելացել էր արդեն սեպտեմբերի 19-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ԵՄ-ի կողմից Հայաստանին հավելյալ ֆինանսական օժանդակությունը, որն այս փուլում լինելու է Բրյուսելի համար շատ կարևոր գործունեության թիրախ:

Գրանադայում Նիկոլ Փաշինյանի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպման արդյունքում եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարեց, որ Բրյուսելը վճռականորեն աջակցում է Հայաստանին ու իր հումանիտար կարիքներին և նշեց, որ արդեն հատկացրված 5,2 եվրո միլիոն աջակցությունը  կկրկնապատկվի՝ դարձնելով այն 10,45 միլիոն եվրո։ «Մենք տրամադրում ենք նաև 15 միլիոն եվրո որպես ուղիղ բյուջետային աջակցություն, և այսօր կքննարկենք, թե ուրիշ ինչ կարող ենք անել Հայաստանի համար այս դժվարին իրավիճակում»,- հավելել է Եվրահանձնաժողովի նախագահը։

Չափազանց կարևոր է նաև այն, որ Եվրամիության կողմից Հայաստանին տրվող ֆինանսական օժանդակության ավելացման խորապատկերին Գրանադայում Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարեց Հայաստանին աջակցելու համար ԵՄ-ԱՄՆ համատեղ միջոցառման նախապատրաստման մասին:

Գրանադայում շատ կարևոր արձանագրում ու նաև զգուշացում էր Ադրբեջանին այն, որ տարածաշրջանային տրանսպորտային հանգույցների ստեղծումը պետք է իրականացվի միայն պետությունների ինքնիշխանության և իրավասության լիակատար հարգման, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա, և որ արտատարածաշրջանային միջանցքներ չեն կարող լինել:

Այս ամենի խորապատկերին շատ կարևոր է հասկանալ, թե մոտ ապագայում Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ ինչպիսի քաղաքականություն կորդեգրի Եվրամիությունը, և թե ի՞նչ զարգացումներ կհետևեն Ադրբեջանի կողմից Արցախում էթնիկ զտումներ իրականացնելուն: Ինչպես արդեն նշեցի վերևում, այս փուլում Բրյուսելը, կարծես թե, հակված չէ պատժամիջոցներ սահմանել Բաքվի նկատմամբ, սակայն վերջինից կպահանջի անել քայլեր  Արցախից բռնի տեղահանված մարդկանց իրենց բնակավայրեր վերադարձնելու և նրանց համար անվտանգ կենսապայմաններ ապահովելու ուղղությամբ:

Այժմ, ամենայն հավանականությամբ, ԵՄ-ն հիմնականում կփորձի կենտրոնանալ հումանիտար խնդիրների վրա: Գրանադայում Փաշինյան-Շոլց-Մակրոն-Միշել հանդիպման արդյունքներով տարածված հայտարարության մեջ ընդգծվում է, որ Արցախից տեղահանված փախստականները պետք է ազատորեն օգտվեն իրենց տներ և բնակության վայրեր վերադառնալու իրավունքից՝ առանց որևէ պայմանների, միջազգային մոնիտորինգի ներքո և իրենց պատմության, մշակույթի և մարդու իրավունքների նկատմամբ պատշաճ հարգանքով։

Դրա հետ միասին, ակնհայտ է, որ Ադրբեջանը տարբեր հիմնավորումներով ամեն կերպ փորձելու է խոչընդոտել Արցախից տեղահանված հայերի վերադարձը իրենց բնակավայրեր: Ըստ այդմ, մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման առանց այն էլ մշուշոտ հեռանկարը դառնում է քիչ հավանական:

Այժմ հայկական դիվանագիտության համար շատ կարևոր է Ադրբեջանի դեմ միջազգային ճնշումներ ապահովելը, որով Բաքվին կպարտադրվի միջազգային մոնիտորինգի ներքո արցախահայերի վերադարձը դեպի իրենց բնակավայրեր և նրանց իրավունքների և անվտանգության միջազգային մեխանիզմների ներդրումը: Պակաս կարևոր չէ նաև այն, որ պետք է փորձել հասնել նրան, որ ԵՄ-ն պատժամիջոցներ սահմանի Ադրբեջանի դեմ և դադարեցնի Ադրբեջանից գազի գնումները, չնայած դրան հասնելը չափազանց բարդ կլինի մի շարք պատճառներով:

 

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Փորձագետ
Երևան

 

Թեգեր ՀոդվածներՀոկտեմբեր 2023 առաջին թողարկում

Նմանատիպ  նյութեր

Հայաստանում իշխանությունը կարծես պատրաստ չէ Ռուսաստանի նկատմամբ  որևէ  ռազմավարական զիջման, թեև որևէ լուրջ դեմարշ նույնպես չի արել

Հայաստանում իշխանությունը կարծես պատրաստ չէ Ռուսաստանի նկատմամբ  որևէ  ռազմավարական զիջման, թեև որևէ լուրջ դեմարշ նույնպես չի արել

December 2023

Նարեկ Սուքիասյան Արցախի հայաթափումից հետո ՀՀ-ՌԴ հարաբերությունների ամենամեծ օպտիմիստների համար անգամ ակներև դարձավ Մոսկվային ուղղված հարցապնդումների հիմնավորությունը։ Երևանի կառավարող էլիտան,...

Կարդալ ավելին
Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Արցախահայության աղետից հետո. Հայաստանի նոր բնակիչների նոր խնդիրները

October 2023

Ալիևյան վարչակարգի անցկացրած ու ռուսաստանյան զորքերի լրիվ թողտվությամբ, իմա՝ հանցակցությամբ Արցախի հայաթափումից ու էթնիկ զտումից հետո Հայաստանն արտակարգ միջոցներ ձեռնարկեց...

Կարդալ ավելին
Առանց փախստականների ճամբարների ու վրանային ավանների

Առանց փախստականների ճամբարների ու վրանային ավանների

October 2023

Լիաննա Պետրոսյան 2023 թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հերթական ռազմական ագրեսիան ձեռնարկեց Արցախի դեմ: Ռազմագործողությունը տևեց մեկ օր, սակայն դրա արդյունքում...

Կարդալ ավելին
Մենք պատրաստ չէինք այս սցենարին

Մենք պատրաստ չէինք այս սցենարին

October 2023

Սոնա Քոչարյան Հոկտեմբերի 27-ն է։ Գիշերը ժամը 2:20 է, ես նոր եմ նստում այս տեքստը գրելու կամ գոնե որոշ մտքեր...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian

© All rights reserved 2022 | The Analyticon.