Միքայել ԶՈԼՅԱՆ
Քաղաքագետ
Երեւան
Այսպես կոչված ՙԱրաբական՚ գարունը կարծես թե որոշակի առումով ստվերեց 2009 թ. ամռան իրադարձությունները Իրանում, երբ վիճելի ընտրություններից հետո երկրում ծավալվեց բողոքի զանգվածային շարժում: Ճիշտ է, Իրանը շարունակում է մնալ թե´ համաշխարհային հանրության, թե´ մեր հասարակության ուշադրության կենտրոնում, սակայն դա հիմնականում կապված է կամ Իրանի միջուկային ծրագրի, կամ տարածաշրջանում Իրանի վարած արտաքին քաղաքականության հետ:
Եթե անգամ խոսվում է Իրանի ներքին զարգացումների մասին, ապա հիմնականում ուշադրության կենտրոնում են տարաձայնությունները ներկայիս իշխանությունների ներսում` նախագահի եւ հոգեւոր առաջնորդի միջեւ: ՙԿանաչ շարժումը՚, որը երկու տարի առաջ, ինչպես շատերին թվում էր, պետք է դառնար այն ուժը, որը որոշելու էր Իրանի ապագան, այսօր կարծես դուրս է մղվել քաղաքական գործընթացներից: Ճիշտ է, ՙարաբական գարունը՚ որոշ արձագանք գտավ նաեւ Իրանի ընդդիմադիրների շրջանում, սակայն շարժման նոր ալիք բարձրացնելու փորձերն առանց մեծ դժվարությունների չեզոքացվեցին իշխանությունների կողմից: Այնուամենայնիվ, անկախ նրանից, թե ինչպես կդասավորվի ՙկանաչ շարժման՚ հետագա ճակատագիրը, 2009-ի ամառվա իրադարձություններն արդեն իսկ անջնջելի ազդեցություն են թողել ոչ միայն Իրանում, այլեւ ամբողջ Մերձավոր Արեւելքում:
Ինչպես եւ աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում 2009-ի ամառվա իրադարձությունները հաճախ ներկայացվում էին բավականին պարզունակ կերպով: Հիմնականում երկու մոտեցում կար. շատերը դիտարկում էին Իրանի իրադարձությունները որպես ՙօտարների կազմակերպած դավադրություն՚, ոմանք էլ` որպես ժողովրդավարական հեղափոխություն իսլամական հանրապետության համակարգի դեմ:
Նախ անդրադառնանք ՙօտար դավադրության՚ տեսությանը: Շատերը Հայաստանում եւ, ընդհանրապես, նախկին ԽՍՀՄ տարածքում, հետեւելով դավադրաբանության (կոնսպիրոլոգիա) հետխորհրդային մտայնությանը, ընկալում էին այն, ինչ տեղի էր ունենում Իրանում, որպես մի դավադրության արդյունք, որը ղեկավարվում էր Արեւմուտքից եւ նպատակ ուներ ինքնուրույն, հակաարեւմտյան քաղաքականություն վարող Ահմադինեժադի վարչակարգը փոխարինել արեւմտամետ ուժերով: Ընդհանրապես, զանգվածային հասարակական շարժումն օտար ուժերի դավերով բացատրելն առնվազը կասկածելի մոտեցում է: Դրսից գուցե եւ հնարավոր է կազմակերպել զինված խռովություն կամ ռազմական հեղաշրջում, որոնք կարող են ներակայացվել իբրեւ ՙժողովրդի՚ կամքի արտահայտություն: Սակայն դեռեւս չեն ստեղծվել եւ դժվար թե երբեւիցե ստեղծվեն այնպիսի ՙտեխնոլոգիաներ՚ (ետ-խորհրդային դավադրաբանության կենտրոնական տերմիններից մեկը), որոնք թույլ կտային որեւէ երկրի գաղտնի ծառայություններին մեկ այլ երկրում իշխանությունների դեմ բողոքի հանել հարյուր հազարավոր մարդկանց, եթե այդ մարդկանց ցասումը չունենար լուրջ ներքին պատճառներ:
Սակայն, եթե անգամ տեսականորեն ընդունենք, որ նման դավադրության տեսությունները կարող են որոշ դեպքերում արտացոլել իրականությունը, ապա Իրանի 2009 թ. իրադարձություններին դա չի վերաբերում: Նույնիսկ, եթե մի պահ մոռանանք, որ բողոքի ցույցերին մասնակցում էին միլիոնավոր մարդիկ, ովքեր ներկայացնում էին Իրանի հասարակության ամենատարբեր խավերն ու շերտերը, միայն ընդդիմադիր առաջնորդների անունների թվարկումն արդեն իսկ բավարար է հասկանալու համար, որ նրանց` օտար ուժերի գործակալ լինելու մասին խոսակցությունները կարելի է բացառել: Նրանց թվում էին այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Միր Հոսեին Մուսավին` նախկին վարչապետ, Խոմեյնիի օրոք երկրի առանցքային դեմքերից մեկը, նախկին նախագահներ Մուհամադ Խաթամին եւ Հաշեմի Ռաֆսանջանին (վերջինս` ոչ բացահայտ կերպով): Ընդդիմության աջակից էր այաթոլլա Հուսեին Ալ-Մոնթազերին, ով 1980-ականներին համարվում էր Խոմեյնիի ամենամտերիմ զինակիցը եւ ամենահավանական ժառանգորդը: Ընդդիմության աջակիցների շարքերում էին նաեւ հարյուրավոր այլ նշանավոր գործիչներ, որոնք կամ ակտիվորեն մասնակցել են իսլամական հեղափոխությանը կամ տարբեր ժամանակներում բարձր եւ միջին մակարդակի պաշտոններ են գրավել իսլամական հանրապետության համակարգում: Ենթադրել, որ բոլոր այս մարդիկ կառավարվում էին արեւմտյան գաղտնի ծառայությունների կողմից, նշանակում է մտածել, որ Իրանի քաղաքական եւ մտավորական վերնախավի մի զգալի հատված ուղղակի վերահսկողության տակ է դրսի ուժերի կողմից:
Իհարկե, ասվածը չի նշանակում, որ Արեւմուտքը կամ այլ արտաքին ուժերը չունեն իրենց շահագրգռվածությունը Իրանի ներքին խնդիրներում: Իրոք, Արեւմուտքը համակրում էր ընդդիմադիրներին, չնայած նրանց հանդեպ ուներ իր վերապահումները (մասնավորապես այն պատճառով, որ ընդդիմադիրների մեծ մասը Իրանի միջուկային ծրագրի կողմնակից էին եւ անգամ քննադատում էին Ահմադինեժադին այդ հարցում չափազանց զիջող լինելու համար): Ճիշտ է, արեւմտյան ԶԼՄ-երը ջանք չէին խնայում շարժումը դրական համատեքստում ներկայացնելու համար, իսկ արեւմտյան երկրների շատ ղեկավարներ դատապարտեցին ընդդիմադիրների դեմ բռնությունները, սակայն ԱՄՆ ղեկավարությունը բավականին զգուշորեն էր արտահայտվում եւ այդպես էլ վճռական աջակցություն չհայտնեց ընդդիմադիրներին, քանի որ ԱՄՆ-ը ցանկանում էր պահպանել հնարավորությունները Ահմադինեժադի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ վարելու համար:
Մյուս կողմից` Ռուսաստանն ու Չինաստանն իրենց հերթին համակրում էին Ահմադինեժադին, թեեւ դարձյալ որոշ վերապահումներով: Այս երկրները զգալի բարոյական աջակցություն ցուցաբերեցին Ահմադինեժադին ընտրություններից անմիջապես հետո` նրան շնորհավորելով ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Ավելին, վիճելի ընտրություններից գրեթե անմիջապես հետո Ահմադինեժադը պաշտոնական այցով ընդունվեց Ռուսաստանում եւ մասնակցեց Շանhայի համագործակցության կազմակերպության երկրների ղեկավարների հավաքին Եկատերինբուրգում, ինչը եւս զգալի բարոյական աջակցություն էր նրա համար: Ռուսատանի աջակցությունը Ահմադինեժադին այնքան էր զայրացրել իրանցի ընդդիմադիրներին, որ ցույցերի ժամանակ ՙմարգ բար դիկտատոր՚ (ՙմահ բռնապետին՚) կոչին ավելացավ ՙմարգ բար Ռուսիյե՚ (ՙմահ Ռուսաստանին՚) կոչը: Սակայն, ինչպիսին էլ լիներ դրսի ուժերի դիրքորոշումը, ակնհայտ է, որ նրանք ընդամենը փորձում էին ներազդել Իրանի ներքին զարգացումների վրա եւ դրանցից քաղել որոշակի օգուտներ, իսկ այդ զարգացումների պատճառները պետք է փնտրել երկրի ներսում:
Մյուս մոդելը, որով ներկայացվում էին 2009-ի իրադարձություններն Իրանում, կարելի է բնորոշել այսպես. ժողովրդավարական, արեւմտամետ ընդդիմությունը պայքարում է իսլամական հանրապետության համակարգը վերացնելու համար: Այս մոտեցումը բավականին պարզունակեցված է ներկայացնում իրավիճակն Իրանում եւ չի արտահայտում իրավիճակի բարդությունը: Ճիշտ է, ընդդիմադիրներից շատերը պայքարում էին հանուն ժողովրդավարության, սակայն տարբեր խմբեր ընդդիմության ներսում տարբեր կերպ էին պատկերացնում այդ ժողովրդավարությունը: Նմանապես, տարբեր խմբեր տարբեր կերպ էին պատկերացնում իսլամական հանրապետության ապագան:
Ինչպես արդեն նշվեց, ընդդիմության առաջնորդների մեծ մասը իսլամական հեղափոխության հետ իշխանության եկած քաղաքական էլիտայի ներկայացուցիչներ էին, եւ, թեեւ նրանք փորձում էին ձեւափոխել երկրի քաղաքական համակարգը, իսլամական հանրապետությունը վերացնելու խնդիր նրանք չէին դնում: Ընդդիմադիրներից ոմանք այսպես էին բացատրում իրենց պայքարի էությունը. պայքարի նպատակն այն էր, որ երկրի կառավարման համակարգն իրապես համապատասխանի իր անվանը` ՙԻրանի Իսլամական Հանրապետություն՚, այն է` լինի ոչ միայն ՙիսլամական՚, այլեւ ՙհանրապետություն՚: Այնպես որ, ճիշտ է, Իրանի ընդդիմության առաջնորդները պայքարում են ժողովրդավարության համար, սակայն նրանց պատկերացումները ժողովրդավարության մասին կարող են զգալիորեն տարբերվել ժողովրդավարության արեւմտյան ընկալումներից: Իհարկե, այսօր դժվար է պատկերացնել, թե ինչ տեղի կունենար, եթե ընդդիմությունը 2009-ին հաղթանակ տաներ, սակայն հավանական է, որ այդ հաղթանակի արդյունքը կլիներ ոչ թե իսլամական հանրապետության համակարգի ապամոնտաժումը, այլ վերադարձը Խաթամիի օրոք իրականացվող չափավոր ազատականացման քաղաքականությանը: Այլ խնդիր է, որ իրադարձությունների զարգացումը, ընդդիմության առաջնորդների կամքից անկախ, կարող էր տանել դեպի ավելի վճռական համակարգային փոփոխություններ:
Ինչ վերաբերում է ընդդիմադիր շարժման ՙշարքային՚ մասնակիցներին եւ աջակիցներին, նրանց շրջանակը շատ լայն էր եւ ներկայացնում էր Իրանի հասարակության ամենատարբեր շերտերը, եւ նրանց պատկերացումները պայքարի նպատակների մասին կարող էին զգալիորեն տարբերվել միմյանցից: Այսպես, շարժմանը մասնակցում էին մեծ քաղաքներում ապրող, միջին դասին պատկանող արեւմտականացված աշխարհիկ երիտասարդ կանայք, որոնք շարժման մեջ տեսնում էին հնարավորություն ազատվել իսլամական հանրապետության կողմից պարտադրվող գենդերային խտրականությունից: Մյուս կողմից, բազմաթիվ աշխարհիկ մտավորականներից եւ արվեստագետներից բացի, Ահմադինեժադի գործողությունները դատապարտողների եւ շարժմանն իրենց աջակցությունը հայտնողների շարքերում էին շիա հոգեւորականության շատ ներկայացուցիչներ, որոնք այս կամ այն պատճառով քննադատաբար էին տրամադրված Խամենեիի եւ Ահմադինեժադի վարչակարգի նկատմամբ: Անշուշտ, այս տարատեսակ խմբերը շարժման նպատակները տարբեր կերպ էին պատկերացնում, եւ միշտ չէ, որ այդ պատկերացումները համապատասխանում են ժողովրդավարության մասին արեւմտյան պատկերացումներին:
Ինչեւէ, ՙկանաչ շարժմանն՚ այդպես էլ չհաջողվեց հասնել հաղթանակի: Սակայն, ինչպես ցույց է տալիս պատմությունը, երկարաժամկետ հեռանկարի տեսակետից անգամ պարտված հեղափոխությունները երբեմն կարող են բավականին ազդեցիկ լինել: Այսպես, 1848-1849 թթ. հեղափոխությունների ալիքը (ՙԱզգերի Գարուն՚) Եվրոպայում ավարտվեց հեղափոխությունների ճմշմամբ, սակայն միապետական համակարգերը, որոնց դեմ ուղղված էին այդ. հեղափոխությունները, կորցնելով իրենց լեգիտիմությունը եվրոպական հանրության աչքերում, երկար կյանք չունեցան: Նրանք կամ ստիպված էին գնալ աստիճանական բարեփոխումների ճանապարհով, վերածվելով սահմանադրական միապետությունների, կամ էլ քայքայվեցին` չդիմանալով ավելի առաջադեմ համակարգերի մրցակցությանը: Հունգարիայի 1956 թ. եւ Չեխոսլովակիայի 1968 թ. հեղափոխությունների փորձերը ճնշվեցին խորհրդային զորքերի կողմից, սակայն դրանք խորհրդային համակարգի համար ճակատագրական նշանակություն ունեցան, քանի որ ցույց տվեցին խորհրդային գաղափարախոսություն սնանկությունը: Եթե մինչ այդ պետական սոցիալիզմի խորհրդային համակարգն արեւմտյան հասարակությունների զգալի մասի համար գայթակղիչ էր` որպես այլընտրանք կապիտալիստական համակարգին, ապա 1956-ի եւ 1968-ի իրադարձությունները հստակորեն ցույց տվեցին, որ այդ համակարգը հիմնված է ուժի վրա, եւ այն սկսեց կորցնել իր լեգիտիմությունը որպես ՙժողովրդական զանգվածների՚ կամքն արտահայտող համակարգ: 1960-ականների եւ հատկապես 1968-ի ուսանողական շարժումները Ֆրանսիայում եւ Արեւմուտքի այլ երկրներում այդպես էլ չարձանագրեցին քաղաքական լուրջ ձեռքբերումներ, սակայն դրանք նպաստեցին հասարակությունների արժեքային համակարգի լուրջ փոփոխություններին:
Նմանապես 2009թ. իրանական չկայացած հեղափոխությունը կարող է ունենալ բավականին լուրջ հետեւանքներ: Այսօր դեռեւս դժվար է ամբողջապես գիտակցել եւ գնահատել այդ հետեւանքները, սակայն որոշ ենթադրություններ արդեն իսկ կարելի է անել: 2009-ի ամառվա իրադարձությունները կարեւոր դեր խաղացին 2011-ի ՙարաբական գարնան՚ համար: Եվ ոչ միայն այն պատճառով, որ Իրանում առաջին անգամ հաջող փորձ կատարվեց օգտագործել հեռախոսային հաղորդագրությունները եւ ինտերնետային կայքերը, մասնավորապես սոցիալական ցանցերը եւ յու-թյուբը` բողոքի բազմահազար ցույցեր կազմակերպելու համար: Շատ ավելի կարեւոր է այն հանգամանքը, որ 2009-ի ամառվա շարժումն Իրանում ցույց տվեց մահմեդական աշխարհի շատ երկրների հասարակություններին, որ խաղաղ, ոչ-բռնի զանգվածային շարժումը կարող է լինել հզոր մի ուժ, որը կարող է մարտահրավեր նետել անգամ ամենահզոր պետական համակարգին:
Նման զանգվածային շարժումներ մահմեդական աշխարհում եղել էին նաեւ նախկինում, սական, որպես կանոն, դրանք ուղղված էին կամ Արեւմուտքի կամ Արեւմուտքի աջակցությունից օգտվող աշխարհիկ բռնապետների դեմ: 2009-ին առաջին անգամ այդպիսի շարժումն ուղղված էր մի վարչակարգի դեմ, որը ձեւավորվել էր իսլամական հեղափոխության եւ արեւմուտքի հետ առճակատման արդյունքում: Սա եւս մի նշան էր մերձավորարեւելյան հասարակությունների համար, որ իրենց խնդիրների պատճառները եւ դրանց լուծման եղանակաները պետք է փնտրել իրենց հասարակությունների ներսում եւ ոչ թե բոլոր չարիքների պատճառները տեսնել Արեւմուտքի կամ Իսրայելի գաղութային քաղաքականության մեջ:
Այսօր դժվար է ասել, թե ինչպիսի հետեւանքներ կունենան 2009-ի իրադարձություններն Իրանում: Այս հարցում գուցե կարող է որոշակի պատկերացում տալ նախկին կոմունիստական երկրների փորձը: 2009-ին այն քաղաքական համակարգը, որը ծնվել էր զանգվածների հեղափոխական շարժումների արդյունքում, հայտնվեց զանգվածների հեղափոխական շարժումը ճնշողի դերում: Այս առումով այն ազդեցությունը, որ 2009-ի իրադարձություններն ունեցան քաղաքական իսլամի իրանական տարբերակի վրա, համեմատելի են այն հետեւանքների հետ, որոնք խորհրդային սոցիալիզմի համար ունեցան 1956-ի եւ 1968-ի իրադարձությունները: Ինչպես ցույց տվեց կոմունիստական համակարգերի փորձը, երբ հեղափոխությունից ծնունդ առած եւ հեղափոխության վրա իր լեգիտիմությունը կառուցող համակարգը հայտնվում է հեղափոխությունը ճնշողի դերում, այդպիսի համակարգը կարող է կանգնել լուրջ խնդիրների առջեւ:
Ինչպիսի ելք կգտնի Իրանի քաղաքական վերնախավն այս իրադրությունից` դժվար է ասել: Թերեւս Իրանի համար ամենանպաստավոր զարգացումն է, եթե ներկայումս երկփեղկված Իրանի քաղաքական վերնախավի բարեփոխական եւ պահպանողական հատվածների միջեւ կայանա որոշակի համաձայնություն, որը թույլ կտա առանց մեծ ցնցումների բարեփոխել երկրի քաղաքական համակարգը: Գուցե Իրանի քաղաքական վերնախավը կընտրի ՙչինական տարբերակը՚` քաղաքական փակ համակարգի պահպանում, բայց միաժամանակ տնտեսական ազատականացում, ճիշտ է` այս տարբերակը բավականին դժվար է իրականացնել Արեւմուտքի կողմից տնտեսական պատժամիջոցների պայմաններում: Թերեւս, ամենավտանգավոր ճանապարհն է այն, ինչ պայմանականորեն կարելի է անվանել ՙհյուսիսկորեական՚ տարբերակ, այն է` արտաքին թշնամու դեմ համախմբման պատրվակով ներքին ընդդիմության լիակատար ոչնչացում եւ կատարելապես փակ քաղաքական համակարգի կառուցում: Այս վերջին տարբերակը, կարծում ենք, ոչ միայն անցանկալի է թե´ Իրանի, թե´ ամբողջ տարածաշրջանի համար, այլեւ քիչ հավանական է: Իրանն այսօր ունի զարգացած արդիական հասարակություն, որն ի վիճակի է ելք գտնել անգամ այն բարդ իրադրությունից, որում այսօր հայտնվել է այդ երկիրը:
Եվ, վերջապես, մի երկու խոսք այն մասին, թե ինչպիսի ազդեցություն կարող են այս բոլոր իրադարձություններն ունենալ Հայաստան-Իրան հարաբերությունների վրա: Հարաբերությունների այն մոդելը, որը գոյություն ունի այսօր, պայմանավորված է երկու կողմերի աշխարհաքաղաքական շահերով եւ կախված չէ նրանից, թե ինչ ուժեր են իշխանության ղեկին Իրանում: Հայաստան-Իրան հարաբերությունները հաստատվեցին չափավոր պահպանողական նախագահ Ռաֆսանջանիի օրոք, զարգացում ապրեցին բարեփոխական Խաթամիի օրոք եւ շարունակեցին զարգանալ արմատական պահպանողական Ահմադինեժադի օրոք: Սակայն իրավիճակն ամբողջ տարածաշրջանում կարող է զգալիորեն բարելավվել, եթե Իրանի քաղաքական վերնախավը կարողանա բարեփոխել երկրի քաղաքական համակարգը եւ կարգավորել հարաբերություններն արեւմուտքի հետ: Նման զարգացումը հեղափոխական ազդեցություն կարող է ունենալ ամբողջ տարածաշրջանի վրա, փոխելով ուժերի հարաբերակցությունը Հարավային Կովկասում: Իսկ Հայաստանի համար այդ պարագայում կարող են ստեղծել այնպիսի հնարավորություններ, որոնք այսօր դժվար է անգամ պատկերացնել` սկսած տնտեսական եւ էներգետիկ ծրագրերից մինչեւ հակամարտությունների կարգավորում եւ անվտանգության նոր համակարգերի ձեւավորում: Սակայն սա արդեն մեկ այլ հոդվածի թեմա է:
A supporter of defeated presidential candidate Mousavi is beaten by government security men as fellow supporters come to his aid during riots in Tehran, Iran, Sunday, June 14, 2009. (AP Photo)