Տաթև ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Քաղաքական մեկնաբան
Երևան
«Մենք եկանք այստեղ որպես հաղթական ժողովուրդ: Մենք չենք եկել բանակցությունների միջոցով՝ որպես զիջում Հայաստանի կողմից, այլ եկել ենք արյուն թափելով, նահատակներ տալով, ցույց տալով անձնազոհություն մարտի դաշտում, վերականգնելով տարածքային ամբողջականությունն ու մեր ազգային արժանապատվությունը»[1]: Նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ օգոստոսի 30-ին օկուպացված Շուշի իր հերթական այցի ժամանակ: Այսպիսով, փաստացի, Ալիևն անթաքույց խոստովանում է, որ մերժել է հնարավոր փոխզիջումների վրա հիմնված խաղաղության տարբերակը և գնացել պատերազմի ու ագրեսիայի ճանապարհով: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանի ներկայիս նախագահը տասնամյակներ շարունակ հանդես է եկել պատերազմական հռետորաբանությամբ և հայերի հանդեպ ատելության քարոզով[2]: Իլհամ Ալիևի այս քաղաքականությունը որոշակիորեն տարբերվում է նրա հոր՝ Հեյդար Ալիևի՝ ղարաբաղյան հարցում որդեգրած դիրքորոշումից: Վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոն «Ազատություն» ռադիոկայանին տված իր հարցազրույցում նշում էր, որ կողմերը հնարավոր հաշտեցմանը վերջին անգամ մոտ են եղել 2001 թ. Քի Վեսթում կայացած Ալիև–Քոչարյան բանակցությունների ժամանակ[3]: Հեյդար Ալիևի՝ տարածքային զիջումների գնալու և հակամարտությունը լուծելու պատրաստակամության մասին 2016 թ.–ին հայտարարություն արեց նաև Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության նախկին ղեկավար, նախկին փոխարտգործնախարար, գեներալ Վյաչեսլավ Տրուբնիկովը, ով 2000-2004 թվականներին եղել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը[4]:
Ուշագրավ է, որ Քի Վեսթի բանակցություններից առաջ՝ փետրվարի 23-ին, Ադրբեջանի Ազգային ժողովում ունեցած իր ելույթում Հեյդար Ալիևն ակնարկում է հնարավոր խաղաղ կարգավորման մասին, նաև նշելով, որ եթե Ադրբեջանն ընտրի խնդրի «լուծման» ռազմական ճանապարհը, ապա հարկադրված է լինելու սառեցնել հակամարտությունը այս փուլում[5]: Հեյդար Ալիևը վերջին պահին մերժեց խաղաղ կարգավորմանը տարբերակը՝ պատճառաբանելով Ադրբեջանի ներսում առկա անհամաձայնությունն այս հարցի շուրջ: Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը նշում է, որ «Քի Վեսթում իր համաձայնությունը տալուց հետո՝ վերադառնալով Բաքու, նախագահ Ալիևը հետ կանգնեց դրանից: Այսպիսով, Քի Վեսթի համաձայնագիրը ևս մերժվեց Ադրբեջանի կողմից: Դրանից հետո գործընթացը մտավ փակուղի»[6]:
2003 թ.–ին հոր՝ Հեյդար Ալիևի մահից հետո, Ադրբեջանի նախագահի պաշտոնը ստանձնած Իլհամ Ալիևը գնաց ղարաբաղյան խնդրի սառեցման, բանակցային գործընթացի իմիտացիայի և պատերազմի պատրաստվելու ճանապարհով: Դա ամրագրվում էր և՛ Ալիևի որդեգրած հռետորաբանությամբ և՛ հստակ գործողություններով:
2020 թ. սեպտեմբերին Թուրքիայի բացահայտ օժանդակությամբ, ահաբեկիչների ներգրավմամբ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան չապահովեց Ադրբեջանի ցանկալի «լուծումը»: Թեև Ադրբեջանը հասավ ռազմական հաջողության, այնուամենայնիվ, հակառակ Ալիևի այն պնդմանը, որ հակամարտությունը «լուծված է»[7], համանախագահ երկրների համատեղ[8] և առանձին հայտարարություններն[9] այլ իրողության մասին են փաստում: 2020 թ. նոյեմբերի 9–ի հայտնի եռակողմ հայտարարության համաձայն՝ արցախահայության անվտանգությունն ապահովում է ռուսաստանյան խաղաղապահ կոնտինգենտը, ինչը միանշանակ չի ընկալվում ադրբեջանական հանրության կողմից՝ ակնհայտորեն հանգեցնելով նաև ռուս–ադրբեջանական հարաբերություններում որոշակի հակասությունների ի հայտ գալուն[10]:
Նման պայմաններում էլ Ալիևը փորձում է արդարացնել ռազմական ագրեսիան ու պատերազմը՝ միաժամանակ փաստացի «յուրացնելով» ռազմական հաջողության բոլոր դափնիները: Պատերազմից հետո նախկին անվտանգության գոտի, ինչպես նաև օկուպացված Շուշի և Հադրութ այցերի ժամանակ Իլհամ Ալիևին գերազանցապես ուղեկցում է նրա կինը՝ Մեհրիբան Ալիևան, որը զբաղեցնում է նաև Ադրբեջանի առաջին փոխնախագահի պաշտոնը: Ո՛չ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, ո՛չ էլ ռազմական ղեկավարության որևէ ներկայացուցիչ չկա Ալիևի կողքին այս այցերի ժամանակ: Հաղթանակի հիմնական խորհրդանիշը հենց ինքը Իլհամ Ալիևն է, նաև՝ նրա ընտանիքը: Ինչպես ադրբեջանական զինվորականությունը, այնպես էլ տեղական օլիգարխիան ներկայացնող պաշտոնյաները անմասն են մնում և չեն կարող օգուտներ քաղել ձեռք բերված ռազմական հաջողությունից: Հետաքրքրական է, որ վերջերս Իլհամ Ալիևը հրապարակայնորեն զգուշացրեց ադրբեջանցի օլիգարխներին հեռու մնալ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից: «Ես ստեղծել եմ ժամանակավոր կառավարման համակարգ: Որովհետև ես տեսնում եմ, ես գիտեմ, ես ամենուր աչքեր ունեմ…Տպավորություն է, որ հարձակում է սպասվում, ներխուժում: «Այս հողն իմն է, այն հողը քոնն է…»: Ես կպատժեմ բոլորին, ինչպես հարկն է: Թող ամեն մեկը նստի իր տեղում և իր աշխատանքով զբաղվի…», նշել էր Ալիևը AzTv–ին տված իր հարցազրույցում[11]: Ըստ էության, այս գործողություններով Ալիևը փորձում է կանխել զինվորականների կամ օլիգարխների հետագա հնարավոր ակտիվացումը, ինչպես նաև նրանց կողմից քաղաքական դաշտում հավակնություններով հանդես գալը, ինչը բնորոշ երևույթ է հետպատերազմյան երկրների համար:
Դրան զուգահեռ էլ ավելի է ընդգծվում Թուրքիայի և թուրք զինվորականության խաղացած բացառիկ դերն այս պատերազմում: Ալիևն իր հարցազրույցներում անթաքույց երախտագիտություն է հայտնում Թուրքիայի աջակցության համար[12], պարգևատրում է թուրք օդաչուներին F-16 կործանիչների թռիչքների համար, իսկ վերջերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանում թուրքական բանակի ներկայացուցչություն է ստեղծվել, որի կազմում ընդգրկվել են չորս թուրք գեներալներ: Խմբի ղեկավարը Թուրքիայի ցամաքային զորքերի օպերատիվ մասի ղեկավար, գեներալ-մայոր Բախտիյար Էրսայն է: Ուշագրավ է, որ դեռ անցյալ տարվա նոյեմբերին ռուսական «Վզգլյադ» պարբերականը, վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ իր աղբյուրները, գրել էր, որ 2020 թվականի աշնանը Էրսայի գլխավորած թուրք զինվորականների խումբն անմիջականորեն մասնակցել է Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունների կազմակերպմանը[13]: Հիշեցնենք, որ պատերազմի ընթացքում Ադրբեջանի ԳՇ պետ Նեջմեդդին Սադիգովն «անհետացել էր»: Նրան պաշտոնապես հեռացրին միայն 2021 թ. հունվարին, իսկ նոր ԳՇ պետ Քարիմ Վալիևը նշանակվեց հուլիս ամսին: Ակնհայտ է, որ ադրբեջանական բանակը ղեկավարվել է թուրքական զինվորականության կողմից, ինչը պատերազմից հետո դառնում է առավել հրապարակային:
Այսպիսով, Արցախի դեմ սանձազերծված պատերազմում ձեռք բերված ռազմական հաջողությունը գերազանցապես ուղղվում է Ալիևների ընտանիքի դիրքերի ուժեղացմանն ու Ադրբեջանում ավտորիտար վարչակարգի ամրապնդմանը: Ադրբեջանական հանրությանը պետք է «համոզել», որ պատերազմին այլընտրանք չկար, մինչդեռ իրականությունն այլ է՝ կար խաղաղ, փոխզիջումային լուծման հնարավորություն, որը Ալիևը մերժեց և այժմ փորձում է արդարացնել իր գործողությունները՝ «ռազմավարի պուրակ» բացելով[14], Հայաստանի հանդեպ տարածքային նոր հավակնություններ ներկայացնելով[15] և, իհարկե, հայերի նկատմամբ ատելության քարոզ իրականացնելով[16]:
___________________
[1] Մանրամասն տես՝ President Ilham Aliyev and First Lady Mehriban Aliyeva attended opening of Vagif Poetry Days in Shusha, 30 August 2021, https://web.archive.org/web/20210907123630/https:/apa.az/en/xeber/official-news/president-ilham-aliyev-and-first-lady-mehriban-aliyeva-attended-opening-of-vagif-poetry-days-in-shusha-updated-2-356762
[2] Մանրամասն տես՝ Report on xenophobia in Azerbaijan, 28.02.2021, https://transparency.am/files/publications/1614606896-0-994587.pdf?v=4
[3] «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ», 12.09.2021, https://www.youtube.com/watch?v=OMLLK8ybBsY
[4] Ռուսաստանցի նախկին համանախագահ. «Հեյդար Ալիևը պատրաստ էր գնալ տարածքային զիջումների», 25.10.2016, https://www.azatutyun.am/a/28073412.html
[5] Մանրամասն տես՝ Speech of the Azerbaijan President Heydar Aliyev at the session of Milli Majlis (National Assembly) – February 23, 2001, https://lib.aliyev-heritage.org/en/6753023.html
[6] Քի Վեսթ` չիրացված հնարավորություն, Օգոստոս 20, 2013, https://mediamax.am/am/column/12454/
[7] Մանրամասն տես՝ President Aliyev: Nagorno-Karabakh Conflict Has Been Resolved, May 11, 2021, https://caspiannews.com/news-detail/president-aliyev-nagorno-karabakh-conflict-has-been-resolved-2021-5-11-49/
[8] Տես օրինակ՝ Մինսկի խումբը կոչ է անում կողմերին վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը` համանախագահների հովանու ներքո, 13.04. 2021, https://www.azatutyun.am/a/31202146.html
[9] Տես օրինակ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված չէ և այն մնում է Մինսկի խմբի օրակարգում․ ԱՄՆ դեսպան, 15.09.2021, https://www.azatutyun.am/a/31461151.html կամ՝
Nagorno-Karabakh’s status to be agreed in future, says Putin, 17.11.2020, https://tass.com/politics/1224805
[10] Մանրամասն տես՝ Отношения между Баку и Москвой портятся из-за разногласий по Карабаху, 8.09.2021, https://russian.eurasianet.org/%D0%BE%D1%82%D0%BD%D0%BE%D1%88%D0%B5%D0%BD%D0%B8%D1%8F-%D0%BC%D0%B5%D0%B6%D0%B4%D1%83-%D0%B1%D0%B0%D0%BA%D1%83-%D0%B8-%D0%BC%D0%BE%D1%81%D0%BA%D0%B2%D0%BE%D0%B9-%D0%BF%D0%BE%D1%80%D1%82%D1%8F%D1%82%D1%81%D1%8F-%D0%B8%D0%B7-%D0%B7%D0%B0-%D1%80%D0%B0%D0%B7%D0%BD%D0%BE%D0%B3%D0%BB%D0%B0%D1%81%D0%B8%D0%B9-%D0%BF%D0%BE-%D0%BA%D0%B0%D1%80%D0%B0%D0%B1%D0%B0%D1%85%D1%83
[11] Մանրամասն տես՝ Aliyev delivers scathing address over ‘Shusha land grab’ by officials, 9.02.2021, https://oc-media.org/aliyev-delivers-scathing-address-over-shusha-land-grab-by-officials/
[12] Տես օրինակ՝ President Ilham Aliyev was interviewed by CNN Turk TV channel, 14.08.2021, https://web.archive.org/web/20210817091807/https://apa.az/en/xeber/official-news/president-ilham-aliyev-was-interviewed-by-cnn-turk-tv-channel-full-text-355814
[13] Մանրամասն տես՝ Кто из турецких генералов руководил атакой на Карабах, 12.11.2020, https://vz.ru/world/2020/11/12/1069822.html
[14] Մանրամասն տես՝ Azerbaijan’s authoritarianism and Baku’s “Military Trophies Park”, 16.04.2021, https://eurasianet.org/perspectives-azerbaijans-authoritarianism-and-bakus-military-trophies-park
[15] Prezident İlham Əliyev qərb bölgəsinə səfəri çərçivəsində Azərbaycan Televiziyasına müsahibə verib, 22.07.2021, https://www.youtube.com/watch?v=HDeq0GOvt5U
[16] Մանրամասն տես՝ է’Reclaimed ruins’: Azerbaijan shows off Karabakh conquests, 18.10.2020, https://www.france24.com/en/live-news/20201018-reclaimed-ruins-azerbaijan-shows-off-karabakh-conquests