Նորերս Արցախում Հանրապետության օրվա միջոցառումների լուսաբանմանը հետևել էի մեկ այլ նպատակով ևս՝ պարզելու համար, թե արդյո՞ք պաթոսի ամենամյա չափաբաժինը նվազել է։ Պարզվեց՝ ոչ։ Հիմա էլ ինձ համար պարզեցի, որ կորուստներ չունի նաև միֆերի հավաքածուն։ Ամեն ինչ՝ առաջվա պես։ Ասես ոչինչ չի պատահել։
Օրինակներ շատ կարող եմ բերել, բայց հատուկ ընտրել եմ երկու կարծիք, մեկը՝ Երևանից, մյուսը՝ Ստեփանակերտից։
Երևանում հանրությանը հայտնի մի քաղաքագետ նորերս կարծիք հայտնեց, որ Ռուսաստանը վերջին շրջանում աստիճանաբար փոխում է իր շեշտադրումները Արցախի հարցում դեպի ավելի հայանպաստ դիրքորոշում՝ հասկանալով, որ խաբվել է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից՝ նրանց հետ գնալով համագործակցության: Ռուսաստանը սկսել է իր «դրեյֆը» դեպի հայանպաստ դիրքորոշում՝ եզրակացրել է նա ու բացատրել, թե ինչու։ Ըստ նրա, ռուսները շատ կոպիտ, պարզունակ սխալ էին գործել՝ Արցախի հարցում գնալով համագործակցության Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Քաղաքագետը հընթացս տարակուսանք է հայտնել, թե ինչպես է Թուրքիային հաջողվում համագործակցության ձևաչափեր գտնել Մոսկվայի հետ՝ 300 տարի շարունակ խաբելով ռուսներին, գործելով ռուսական շահերի դեմ և ամեն անգամ հարվածելով Ռուսաստանին թիկունքից: Հիմա, ըստ քաղաքագետի, ռուսները հասկացել են, որ սխալ են գործել, որ նախ՝ թողել են, որ պատերազմն ավարտվի նման արդյունքով, և երկրորդ՝ թույլ են տվել թուրքական ազդեցության ներթափանցումը Հարավային Կովկաս: Եվ խաբվել են նաև Ադրբեջանի հարցում:
Ահա այսպես՝ ամեն ինչ պարզից էլ պարզ է։ Պարզունակից էլ պարզունակ։ Ու խելք էլ պետք չէ սա հասկանալու համար։ Խելք ընդհանրապես պետք չէ։
Իսկ Ստեփանակերտում էլ վերջերս ռուս լրագրողի հետ ահա այսպիսի խորիմաստ զրույց է ունեցել արցախյան դիվանագիտության կարևոր դեմքերից մեկը։ Ահա մի դրվագ լրագրող-դիվանագետ զրույցից։
–Իսկ ինձ վիրավորում են այն հայ ընկերներիս հետ վեճերը, որոնք ամեն ինչում մեղադրում են Ռուսաստանին։
–Դե, դա մեր ազգային, շատ վտանգավոր գծերից է՝ փորձել մեղավոր փնտրել դրսում։ Ոչ մի երկիր պարտավոր չէ մյուսին պաշտպանել…Բայց նույնիսկ այսպիսի ծանր վիրավոր վիճակում Արցախը կարևոր դեր է խաղում։ Եթե այստեղ հայեր չլինեն, ապա Ռուսաստանի համար դժվարին ժամանակներ կսկսվեն։ Որովհետև ողջ Անդրկովկասը կհեռանա։ Մենք մի յուրօրինակ աշխարհաքաղաքական ԴՕՏ ենք (долговременная огневая точка)։ Փոքր լինելով՝ մենք, այդուհանդերձ, մի հսկայական աշխարհաքաղաքական ճակատ ենք պահում։
–Այսինքն, Ղարաբաղը մի մեխ է, որից կառչել է Ռուսաստանը՝ որպեսզի նորից ամուր ոտք դնի Կովկասու՞մ։ Չէ՞ որ Ստեփանակերտում երկու դար շարունակ ռուսական բանակն է կանգնած եղել։ Այստեղ նույնիսկ ցարական զորանոցներն են պահպանվել։
–Հենց այդպես։ Կարևոր է, որ այստեղ հայերը գոյատևեն ցանկացած ձևով՝ որպես հիմք այն բանի, որ Ռուսաստանը գա այստեղ և մնա։
Այս զրույցում ինձ հատկապես խոցել է այս վերջին միտքը՝ որ հայերն այստեղ գոյատևեն ցանկացած ձևով։ Ցանկացա՛ծ։ Ու առաջին հերթին՝ առանց խելքի։
Ես դիտմամբ անուններ չեմ տալիս։ Որովհետև սա կոնկրետ մարդկանց մտահորիզոնի ու աշխարհընկալման ախտորոշումը չէ։ Սա, ցավոք, հանրության մի մեծ, շատ մեծ հատվածի հոգեբանության ախտորոշումն է։
Միֆերը կերան մեզ։ Պաթոսն ու միֆերը։ Պաթոսի ու միֆերի երակներում արյուն է հոսում, մեր արյունը։ Ու այն պարբերաբար թարմացվում է։ Կյանքդ կամ միֆերդ՝ ահա այսպիսին է մեզ պարտադրված երկընտրանքը երկար, շատ երկար ժամանակ շարունակ։ Ու մենք միշտ ընտրել ենք մեր միֆերը։ Մեր միֆերը մեր կյանքից թանկ են։ Առանց միֆերի մենք չենք պատկերացնում մեր կյանքը, ուղղակի չենք կարող ապրել։ Մենք ընտրել և ընտրում ենք միֆերը, մեր հարազատ միֆերը, մեր հարազատներից էլ թանկ միֆերը։ Ու պաթոսով զոհվում ենք հանուն այդ միֆերի, մեր արյունն ենք տալիս այդ միֆերի կենսունակությունն ապահովելու համար։
Եվ այսքանից հետո ո՞վ ենք մենք…
Օրերս իմ գործընկեր Քրիստինե Խանումյանը սրամտորեն առաջարկել է քրեականացնել պաթոսը։ Ավելացնեմ՝ նաև միֆերը։ Ու՝ ամենախիստ պատիժը սահմանել։
Աստված մեզ փրկի պաթոսից, միֆերից ու հիմարներից։
Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ