Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Չընտրություններ՝ «ռազմավարական դաշնակցի» մոտ

hghazaryan
September 2021


Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ
Քաղաքական փորձագետ
Երևան

Երեք օր շարունակ՝ սույն թվականի սեպտեմբերի 17-19-ին Ռուսաստանն ընտրում էր իր խորհրդարանի ստորին պալատի՝  Պետական դումայի պատգամավորներին։ Եռօրյա քվեարկությունը երկրի սահմանադրության  մեջ փոփոխություններ կատարելու մասին հանրաքվեի ներդրած նորարարություններից էր։ Ըստ նոր սահմանադրության՝ գործող նախագահի կառավարման բոլոր ժամկետները «զրոյացվել» են, և նա փաստացի օրինականորեն կարող է կառավարել ևս երկու ժամկետ՝ 2024 թվականից սկսած, երբ կավարտվի ներկայիս ժամկետը։ 

Ոչ միայն երկրում նախագահական կառավարման ձևը, այլև դե-ֆակտո իր ոչ ֆորմալ կանոններով գործող «իշխանության ուղղահայացը», որի շրջանակում որոշումներն ընդունում է մեկ մարդ, ի սկզբանե ենթադրում է, որ Ռուսաստանում խորհրդարանական ընտրությունները ոչինչ չեն փոխում, և դրանց հանդեպ հասարակական հետաքրքրությունն օրինաչափորեն ցածր է։

Սակայն, հենց ռուսաստանյան իշխանության տեսանկյունից այս ընտրություններն ունեցել են մեծ նշանակություն. ավելին՝ ստիպել են նրան լրջորեն նյարդայնանալ և կորցնել հանգիստն ու հավասարակշռությունը։

«Անցանկալի» կազմակերպություններից ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկված թեկնածուների, տնային կալանքների, հավանական ընդդիմախոս քաղվտարանդյալների ռեկորդային թիվը, «անցանկալի կազմակերպությունների», «օտարերկրյա գործակալների», «ծայրահեղականության» մասին դրակոնյան օրենքները, բազմաթիվ իշխանամետ բոտերն ու թշնամանք սփռող համացանցային կեղծ օգտատերերը, դաշնային հեռուստաալիքներով ամենօրյա ռեժիմով անսանձ ատելության քարոզն ակներև վկայությունն են, որ ռուսաստանյան իշխանությունն ընտրություններն ընկալում էր որպես հետևողականորեն հղկված իշխանական համակարգի ամրության անկանխատեսելի և վտանգավոր «քրաշ-թեստ»՝ գլխավոր պատմական իրադարձության՝ 2024 թ. նախագահական ընտրություններին ընդառաջ։

Հատկապես ուշագրավ է իշխանությունների արշավն այսպես կոչված «խելացի քվեարկության» դեմ, որի նախաձեռնողն էր Կրեմլի գլխավոր ընդդիմախոս Ալեքսեյ Նավալնին՝ իր թունավորումից և ապա ձերբակալությունից առաջ։ «Խելացի քվեարկության» էությունը շատ պարզ է՝ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունից բացի քվեարկել որևիցե այլ կուսակցության օգտին, որովհետև «Եդինայա Ռոսիա»-ի վարկանիշը քիչ թե շատ կազմակերպված դիմադրության դեպքում նրան վերարտադրվելու հնարավորություն չէր տալիս։ Քվեարկությանն ընդառաջ ռուսաստանյան իշխանությունների ցուցումով գլոբալ համացանցային հսկաները ՌԴ տարածքում անջատել են «խելացի քվեարկություն» հավելվածը՝ ընտրողների համար նախաձեռնողների պատրաստած ուղեցույցներով հանդերձ։

Թվում է, թե բոլորը համարում էին և այժմ իսկ կարծում են, որ ընտրությունների արդյունքը կանխորոշված էր, քանի որ իշխանություններն արել են ամեն թույլատրելի և անթույլատրելի բան, որպեսզի արդյունքը լիովին իրենց օգտին լինի։ Բայց այդ դեպքում ինչո՞ւ էին նրանք այնքան մտահոգված ու լարված։ Չէ՞ որ ԵԱՀԿ ԺՄԻՀԳ-ն ու Եվրոպայի Խորհուրդը, որոնցում Ռուսաստանը լիիրավ անդամ է, ՌԴ-ում իբր համավարակի պատճառով հայտարարված սահմանափակումների պատճառով հրաժարվել են ՌԴ դիտորդական առաքելություններ ուղարկելուց՝ ազատելով Կրեմլին «ավելորդ» ականջներից և աչքերից։

Անկասկած, ՌԴ իշխանությունը հաջողությամբ հաղթահարել է ամրության «քրաշ-թեստը», թեև նստվածք էլ է մնացել։ Իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը պահպանել է սահմանադրական մեծամասնությունը, բայց Դումայում տեղեր է կորցրել։ Ըստ հավաքած տոկոսների, երկրորդ ուժը՝ Կոմունիստական կուսակցությունը, ավելացրել է իր ունեցած տեղերի քանակը։ Ի հայտ է եկել «Նովիե լյուդի» անունը կրող հինգերորդ կուսակցությունը, որն առանց իշխանության բարեհաճության ակնհայտորեն ոչ իսկ կմասնակցեր ընտրություններին, ինչպես պատահել է բազմաթիվ «անպատշաճ» դիտված և առաջադրվելու թույլտվությունից զրկված թեկնածուների հետ։ Սա վկայում է, որ իշխանությունը գիտակցում է որոշակի «անվտանգ վերաթարմացման» անհրաժեշտությունը՝ հիմնականը պահելու համար։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանում ընտրությունների թողած գլխավոր «նստվածքը» դրանց արդար լինելու մասին այլոց համոզելու անհնարինությունն է։ Այնպես է դասավորվել, որ ավելի առաջադիմական, բայց միաժամանակ անվերահսկելի քվեարկության էլեկտրոնային եղանակը, ռուսաստանյան հասարակական ակտիվիստների և տեղական դիտորդների համոզմամբ, դարձել է իշխանության գլխավոր ռեսուրսը՝ իր օգտին անհրաժեշտ տոկոսներն ապահովելու համար։ «Գոլոս» կազմակերպության պնդմամբ՝ իշխող կուսակցության տոկոսներն էլեկտրոնային քվեարկության եղանակի շնորհիվ առնվազն կրկնապատկվել են։ Նավալնին նույնպես հայտարարություն է տարածել, որում պնդել է, թե Մոսկվայում 15 միամանդատ ընտրատարածքներից 11-ում «ձեռքով» քվեարկության արդյունքներով հաղթել են «խելացի քվեարկության» ցուցակի թեկնածուները, իսկ Պետերբուրգում՝ 8-ից 7-ում, սակայն բոլոր հաղթողները հետ են մղվել «էլեկտրոնային քվեարկության» տվյալներով, որոնք ապահովել են իշխող կուսակցության թեկնածուների հաղթանակը։ Ուշագրավ է նաև մասնակցության ցուցանիշների հարցը։ «Եդինայա Ռոսիա»-ն հաղթել է հենց այն ընտրատարածքներում, որտեղ տոկոսային հարաբերակցությամբ մասնակցության ցուցանիշն անհամաչափորեն բարձր էր։   

20-ամյա աֆղանական պատերազմի ավարտից հետո իրականություն է դառնում «Բայդենի դոկտրինը», այսինքն՝ ԱՄՆ-ի անվերապահ ռազմական գերակայության պայմաններում ավտորիտար ռեժիմների և միջազգային կոռուպցիայի դեմ դիվանագիտական «խաչակրաց արշավանքը», անդրատլանտյան դաշինքի և «Մեծ յոթնյակի» ձևաչափի վերամեկնարկը, նոր հնդկախաղաղովկիանոսյան ռազմական և տնտեսական դաշինքի ստեղծումը։ Ռուսաստանյան ընտրությունների արդյունքները, հարկավ, հանգեցնելու են նշանակալից միջազգային հետևանքների։ Մինչև իսկ «հոգեպես մերձավոր» Էրդողանն է հրաժարվում ճանաչել բռնազավթված Ղրիմում կայացած ընտրությունների արդյունքները։ Իսկ միջազգային հարթակներում Ռուսաստանի ներկայացուցիչներն առաջնահերթորեն և անընդհատ բախվելու են իրենց լեգիտիմության հարցին։ Ակնհայտ է, որ կայացած խորհրդարանական ընտրություններին հաջորդելու են բազմաթիվ հայտարարություններ, բանաձևեր, որոնց ծանրությունն աճելու է վատթարացող տնտեսական ցուցանիշների, ուժայինների հավատարմության պահպանմանն ուղղված ծախսերի ավելացման և Պուտինի հառաջացած տարիքով պայմանավորված անորոշությունների ֆոնին։ Բազմաթիվ ազդակներից ակներև է, որ տարբեր ներիշխանական և ներկուսակցական ազդեցության խմբերի միջև տեղի է ունենում առճակատման աստիճանի աճ՝ ժառանգորդի տեղի շուրջ ընթացող պայքարում։ Առանձին փորձագետներ զուգահեռ են անցկացնում Ստալինի շրջապատում 1952-53 թթ. ընթացած իրադարձությունների հետ…

Կարելի է արձանագրել, որ ռուսաստանյան իշխանությունն, այնուամենայնիվ, կարողացել է հաղթահարել իր վերարտադրության համար կարևոր հերթական շրջափուլը։ Համաձայնվելով հանդերձ այն փաստարկներին, թե անցած ընտրություններում կեղծարարությունների քանակն աննախադեպ ու անգերազանցելի էր, դժվար չէ նկատել, որ երկրում փաստացիորեն հետընտրական զանգվածային բողոքի գործողություններ չեն եղել։ Եղել են մի քանի սահմանափակ և ընդլայնվելու միտում չդրսևորած բողոքներ, որոնք ոստիկանությունն անգամ առանձնապես չի ճնշել։ Ուստի, իշխանությունը համոզված է, որ վայելում է բնակչության որոշակի մասի աջակցությունը և մեկ այլ մասի՝ անտարբերությունը։

Իհարկե, մեզ՝ ՀՀ քաղաքացիներիս համար, այս ամենը հիշեցնում է մեր շատ մոտիկ անցյալը։ Այսպիսի «չընտրությունները» մեզ շարունակաբար ուղեկցել են բոլոր վերջին 20 տարիների ընթացքում, թեև մեր՝ Ռուսաստանի համեմատ շատ փոքր երկրի մայրաքաղաքում տեղի ունեցած բազմահազարանոց բողոքի ցույցերը հայաստանյան քաղաքական կյանքի կարևոր մաս են դարձել։ Բնականաբար, նախահեղափոխական Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների տրամադրության ներքո եղած բռնաճնշման պաշարներն անհամեմատելի են։ Հայաստանում նախկին՝ անտանելիորեն լպրծուն ու կպչուն վարչակազմը հնարավոր է դարձել իշխանազրկել միայն այն ժամանակ, երբ ազատ սոցիալական ցանցերն ու ազատ համացանցը փոխարինել են իշխանության «գլխավոր հեռուստացույցը», որն ինչ-որ պահից ի վեր քաղաքացիների շրջանում բացի բացարձակ անվստահությունից առաջացնում էր նաև պարզ մարդկային նողկանք։ 

Սակայն Հայաստանում սոցիալական ցանցերն ու համացանցը միշտ ազատ են եղել՝ բացառությամբ 2008 թ. Ռոբերտ Քոչարյանի հաստատած արտակարգ դրության շրջանից։ Այն ժամանակ՝ հետընտրական զանգվածային բողոքների բռնաճշումից հետո մի շարք լրատվամիջոցներ պարզապես անջատվել են ցանցից, իսկ ժողովուրդը սկսել է յուրացնել համացանցային գաղտնագրող գործիքները։ Ռուսաստանում այժմ այլ դրություն է տիրում. սոցցանցում մի «սխալ» հավանության նշանի համար մարդուն կարող են պատժել բազմամյա բանտարկությամբ. չէ՞ որ անցանկալի գրառումները կարող են հռչակվել «ծայրահեղական»։ Փակվող տեղեկատվական միջոցներն անցնում են VPN և YouTube, իսկ դեռևս չփակված լրատվականները հանձն են առել հրապարակավ նշել, որ «օտարերկրյա գործակալներ» են։ 

Այնուամենայնիվ, ցանկության դեպքում տեղեկատվությունը միշտ կարելի է հասանելի դարձնել. այստեղ բանալի բառը «ցանկություն»-ն է։ Կարծես թե ռուսաստանյան իրականության մեջ քարեր ժողովելու ժամանակը դեռ չի եկել։ Ուրեմն՝ անփոփոխ են մնում արդեն «ռուսական աշխարհ»-ի պես բավականին «հալումաշ» հայեցակարգերը։ Կարճաժամկետ հեռանկարում ոչինչ չի փոխվելու նաև «հետխորհրդային տարածությունում ինտեգրացիոն կազմավորումների ընդլայնման և խորացման» ձգտման մեջ։ Դրա մասին հետևողականորեն խոսվում է առնվազն վերջին տասնամյակի ռուսաստանյան հայեցակարգային փաստաթղթերում, այդ թվում և հայերիս ուղղված՝ ՌԴ ղեկավարների տարատեսակ շնորհավորական ուղերձներում։ Կյանքը և հանուն Անկախության պայքարը շարունակվում է։ 

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.