Հայաստան. նոր իրավիճակն ու հին արատները
Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ
Քաղաքական եւ միջազգային
հետազոտությունների հայկական կենտրոն
Երեւան
Փետրվարի 18-ին Հայաստանում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ, եւ ներքաղաքական ու արտաքին քաղաքական կարեւորագույն գործընթացի ընթացիկ տարվա օրակարգում դրվում է Եվրամիությանը մերձենալու հարցը: Երկրի ղեկավարության պաշտոնական հայտարարություններում եվրամերձեցումը հռչակված է որպես առաջնահերթություն: Հետեւողական նախապատրաստության գործընթացում են գտնվում ԵՄ Ազատ առեւտրի խորը եւ համապարփակ գոտու եւ Քաղաքական ասոցիացիայի մասին պայմանագրերը: Բայց արդյո՞ք այս արտաքին քաղաքականությունը բխում է վերջին տարիներին ստեղծված ներքաղաքական իրավիճակից, որը, կարծես թե, շարունակական բնույթ է ստացել:
Այսօր ճշմարտացի կլիներ հարցի բացասական պատասխանը: Գերակշռում է հռետորաբանությունը, այլ ոչ թե գործնական արդյունքը: Միեւնույն ժամանակ, ԵՄ եւ Հայաստանի բարձրագույն պաշտոնատար անձանց կողմից նշվող ժամկետները վերաբերում են ընթացիկ 2013 թվականին, որի ավարտին կայանալու է ԵՄ Արեւելյան գործընկերության մասնակից երկրների վիլնյուսյան գագաթնաժողովը:
Թվում է, որ վերջին ժամանակներս Հայաստանի ղեկավարության եվրոպամետ հռետորաբանությունը, եվրոպական արժեքներին վերջինիս իրական հավատարմության նկատմամբ մեր հիմնավորված ողջ տարակուսանքով հանդերձ, պայմանավորված է Հայաստանի համար եվրոպական ուղու այլընտրանքի բացակայության ճանաչմամբ, ինչպես նաեւ այն իրողության գիտակցմամբ, որ հետխորհրդային համակարգի տրամաբանության մեջ ՙնույն ոգով՚ շարունակելն այլեւս անհնարին է, ուստի երկիրը տառացիորեն հղի է բարեփոխումներով: Ընդսմին, ընդգծված եվրոպամետ բարեփոխիչ քաղաքական ուժի բացակայության եւ սույն կարեւոր խորշի չզբաղվածության պայմանններում իշխանությունը կարողանում է Հայաստանի եվրոպամետ քաղաքական ուղեգծում փաստացի մենաշնորհային դիրք պահպանել: Նրան ընդդիմացող եւ եվրոպական արժեքներին իրապես ձգտող հասարակական ուժերը կառուցակարգված են սոսկ առանձին ոչ կառավարական կազմակերպությունների եւ տարբեր տեսակի քաղաքացիական նախաձեռնությունների մակարդակում:
Մյուս կողմից` հետխորհրդային տարիներն իշխանության մշտապես վերարտադրվող համակարգի ներսում առաջացրել են այնպիսի վարչաքաղաքական բնազդներ, որոնք անհամատեղելի են կենսականորեն կարեւոր այն փոփոխությունների հետ, որոնց անհրաժեշտության մասին է խոսում Հայաստանի բարձրագույն իշխանությունը, անգամ եթե իր խոսքերում նա անկեղծ է:
Այս հակասությունը լուրջ մարտահրավեր է Հայաստանի գործող ղեկավարության եւ հասարակության համար: Այս հակասությունն արդեն ամենամոտ ապագայում հանգուցալուծում է պահանջելու: Հարկ է նշել, որ իրերի նման դրությունը հատուկ է Արեւելյան գործընկերության համարյա բոլոր մասնակից երկրներին:
Հայաստանում նախագահական ընտրություններից հետո ստեղծվել է քաղաքական նոր իրավիճակ եւ ուժերի նոր դասավորություն, որը կպահանջի դինամիկ դիտարկում եւ առանձին վերլուծություն: Այնուամենայնիվ, մենք արդեն իսկ կարող ենք արձանագրել մի քանի իրողություն:
Նախ` 2012 թ. մայիսին ձեւավորված նոր գումարման հայկական խորհրդարանն այլեւս չի համապատասխանում ուժերի առկա հարաբերակցությանը եւ չի համապատասխանում հանրային տրամադրություններին: Այս ամենը հղի է իշխանական համակարգի գործունակությունը հարցականի տակ դնելուն ընդունակ ճգնաժամային բնույթի պառակտումներով: Երկրորդը` իրավիճակը բարդանում է նաեւ այն պատճառով, որ 2012 թվականին հարյուր հազարավոր ձայներ ստացած ուժերը նախագահական ընտրությունների ընթացքում ոչ միայն կորցրել են դրանք, այլեւ քաղաքական գործընթացից դուրս են հայտնվել: Թվում է, որ այս կորուստն այլեւս անշրջելի բնույթ է կրում: Խոսքը ՙԲարգավաճ Հայաստան՚ եւ ՀՅԴ կուսակցությունների, ինչպես նաեւ ՙՀայ ազգային կոնգրես՚ դաշինքի մասին է: Խորհրդարանական աթոռներ զբաղեցրած անձանցից շատերը դրանցից կառչելու են ոչ միայն հավակնությունների, այլեւ խորհրդարանում առկա ստատուս-քվոն ուղղակի կամ անուղղակի կերպով փոփոխելն ու բոլոր հնարավոր վերադասավորումները կանխելու համար: Իսկ օլիգարխիան եւ վերջինիս հետ անմիջական առնչություն ունեցող տասնյակ պատգամավորներ խորհրդարանական մանդատով պաշտպանում են նրան այժմյան հնարավորությունների եւ ազդեցության դեմ ուղղված բոլոր ՙոտնձգություններից՚:
Բնական է, որ նման քաղաքական ՙուղեբեռով՚ ԵՄ հետ ապագա պայմանագրերից բխող հիմնարար բարեփոխումների մասին ոչ տնտեսության, եւ ոչ քաղաքականության մեջ խոսել հնարավոր չէ: Դատաիրավական ու իրավապահ համակարգերի մասին առհասարակ չենք խոսում: Դրանք պարզապես արատավոր ու հիվանդ են: Այսպիսով, Ազգային ժողովն իր ներկա տեսքով վերածվում է օլիգարխիայի ապամոնտաժման եւ նրան վճռորոշ քաղաքական ազդեցությունից զրկելու առանցքային խոչընդոտի: Իր ներկա կազմով խորհրդարանը դառնում է քաղաքական ամեն բացասականի ՙտնկարան՚, որն ի զորու է իր ՙճահճում՚ թունավորել երկրում փոփոխությունների նկատմամբ ողջ հույսն ու ձգտումը:
Ընտրությունների ինստիտուտի բազմամյա հետեւողական դեգրադացումից եւ երկրին աղետալի համակարգային վնաս հասցրած 2008 թ. մարտի 1-ի սպանդից հետո արտաքին մարտահրավերների նկատմամբ Հայաստանի դիմադրողունակությունն այսօր չափազանց ցածր է: Դա պայմանավորված է գործող իշխանության բոլոր ճյուղերի թույլ օրինավորությամբ: Այո’, պաշտոնական Երեւանը խոսքերով հայտարարում է եվրոպական ուղու հանդեպ հավատարմության մասին, բայց գաղտնիք չէ, որ երկիրը պաշտպանված չէ Մոսկվայի այլեւայլ ՙինտեգրացիոն՚ նկրտումներից եւ հեշտորեն ենթակա է վերջինիս հարատեւ ճնշմանը: Մոսկվայի` հետխորհրդային երկրների հետ արտաքին-քաղաքական առաջնահերթություն հռչակված ՙինտեգրման՚ ուղեգիծը տարատեսակ բոլոր անվանումների ներքո իր ներկա տեսքով չի պարունակում եւ ոչ մի հեռանկար, իսկ դրան չընդդիմանալը հղի է դեպի Եվրոպա տանող ճանապարհների փակմամբ: Մյուս հետխորհրդային երկրների փորձը վկայում է, որ ամեն կարգի ՙմաքսային միությունների՚ եւ ՙեվրազեսների՚ հիմքում ընկած ՙչափանիշները՚ պարզապես բացառում են կես միլիարդ բնակչություն ունեցող ԵՄ-ի հետ ազատ առեւտրի ռեժիմը` առանց հիշատակելու անգամ քաղաքական ասոցիացիայի բացառումը: Ավելին` այդօրինակ ՙմիությունները՚ կոչված են պահածոյացնելու օլիգարխիկ ավտորիտար համակարգերը հետխորհրդային երկրներում, որոնք յուրովի ՙինտեգրվելով՚, այդ համակարգերի համար կստեղծեն առավելագույնս հարմարավետ եւ երկարատեւ գոյության ու օլիգարխիայի ազդեցության պահպանման համար ըստ ամենայնի նպաստավոր պայմաններ: Հաշվի առնելով տարածաշրջանային իրողությունները, կարծում ենք, որ Հայաստանի համար այդպիսի զարգացումը հղի է ոչ միայն հարատեւ լճացմամբ եւ արտագաղթի ներկա անընդունելի չափերի (մինչեւ տարեկան 40 հազար մարդ) պահպանմամբ, այլեւ, վերջին հաշվով, պետականության կորստով:
Արդյո՞ք մեր երկիրն այս ամենի նկատմամբ դիմադրողականության պաշար ունի, հատկապես եթե հաշվի առնենք մեր տնտեսության մեջ ռուսաստանյան պետական ընկերությունների անհամաչափ ներթափանցումն ու Հայաստանում Ռուսաստանի ուժային ներկայության ուժեղացումը: Պատասխանն այնքան ակնառու է, որ հարցը կարելի է զուտ հռետորական համարել: Միաժամանակ, քաղաքական դաշտում ակնհայտորեն հակաեվրոպական ուժերի փաստացի բացակայությունը, երկրում քաղաքացիական ինքնագիտակցության աներկբայելի աճն ու օլիգարխիայի հետ գործարքի գնացած կամ հենց օլիգարխիայի շահերի արտահայտիչ եղած եւ իրենց որպես այլընտրանք դիրքավորած ուժերի լիակատար ձախողումը ցույց են տվել, որ երկրում առկա է դեռեւս չերեւակված հասարակական-քաղաքական լուրջ պաշար, որն ընդունակ է երկիրն առաջնորդել բարեփոխումների եւ եվրաինտեգրման ճանապարհով:
Այսպիսով, կարծում ենք, որ այս տարվա աշնանամուտին նոր ընտրաշրջափուլի նախաձեռնումը նվազեցնելու է ճգնաժամի վտանգը եւ նպաստելու է առկա մարտահրավերներին համապատասխանող քաղաքական այն ուժերի առաջադրմանը, որոնք ձեւակերպելու են իրական բարեփոխումների օրակարգ, որն, իր հերթին, վայելելու է քաղաքացիների լայն աջակցությունն` ի շահ պետության եւ քաղաքացիական հասարակության: Ակնհայտ է, որ հենց այս ուղեգիծն է ունակ դուրս բերել երկիրը հետխորհրդային արատավոր կաղապարից, տարանջատել քաղաքականությունն ու ձեռներեցությունը, դատական համակարգն ազատել գործադիր իշխանության մամլիչից եւ սկսել ողջ հասարակական-քաղաքական եւ տնտեսական համակարգի երկարորեն սպասված համապարփակ բարեփոխման ընթացքը: Վերջին հաշվով, միայն ներքին-քաղաքական այս ուղեգիծն է ի վիճակի ստեղծել Հայաստանի իրական շահերին համապատասխանող արտաքին-քաղաքական նախադրյալներ` համաշխարհայնացման եւ համապարփակ փոփոխությունների մեր բարդ ժամանակաշրջանում: Չէ՞ որ ասված է` մտեք նեղ դարպասներով, քանի որ լայն են դարպասներն ու ընդարձակ է դեպի կորուստ տանող ճանապարհը եւ շատերն են դրանով ընթանում (Ավետարան ըստ Մատթեոսի):