Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Վերլուծաբան
Երևան
Հանրապետական կարգեր հաստատելուց ի վեր (1923թ.) Թուրքիան նմանվում է երկգլխանի վիշապի, որի գլուխները անընդհատ պայքարի մեջ են: Գլուխներից մեկը ազգայնականությունն է, իսկ մյուսն` իսլամիզմը: Փոփոխական հաղթանակներով ազգայնական թևը գրեթե 80 տարի կարողացել է ճնշել հետադիմական իսլամիստներին: Շրջադարձ եղավ «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) իշխանության գալուց հետո: Ներկայիս Թուրքիան, Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, դարձել է անկանխատեսելի մի պետություն, որտեղ առավել քան երբևէ դոմինանտ են մոլեռանդական տարբեր հոսանքները: Առաջին անգամ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքից հետո Հանրապետական Թուրքիայի պատմության մեջ անհատի դերն ավելին է, քան համակարգինը: Էրդողանը ձգտում է դառնալ նոր Աթաթուրք և վերացնում է այն ժառանգությունը, որը Թուրքիան ուներ մինչ ԱԶԿ-ի իշխանության գալը: Մինչ այդ Թուրքիան առաջնորդվում էր քեմալականության գաղափարախոսությամբ, որի հիմնական վեց կետերը, հայտնի՝ որպես վեց նետեր, ամրագրվել են Թուրքիայի Սահմանադրության մեջ 1937-ին: Այժմ Էրդողանը փորձում է կազմել սեփական հայեցակարգը, որը գրեթե ամբողջությամբ հակասում է Քեմալի դոկտրինին: Ներկայացնենք քեմալականության վեց նետերը և դրանց հակոտնյա Էրդողանի քաղաքականությունը:
Հանրապետականություն. կառավարման այս մոդելը Աթաթուրքը նախընտրելի էր համարում, որը և փոխարինեց Օսմանյան միապետությանը: Ի տարբերություն Քեմալի ուրվագծած հանրապետականությանը, որը խորհրդարանական կառավարման ձև ուներ, Էրդողանը սահմանադրական հանրաքվեների միջոցով խորհրդարանական կառավարման ձևից անցում կատարեց նախագահականի` ամրապնդելով և ավելացնելով իր լիազորությունները: Այժմյան Թուրքիան գնալով նմանվում է սուլթանության, քան հանրապետության:
Ազգայնականություն, որի հիմնական նպատակը Թուրքիայի քաղաքացիներին հայրենասիրական և տիտղոսային ազգին նվիրվածության ոգով դաստիարակող ազգային պետության իդեալն էր, էթնիկականի և քաղաքացիական նույնականացումը։ Ազգայնականությանը առանձնահատուկ տեղ էր շնորհվում, այն դիտարկվում էր որպես ռեժիմի հիմնասյունը: Աթաթուրքի ազգայնականությունը յուրահատուկ առանձնահատկություն ուներ՝ համեմատած երիտթուրքերի ազգայնականության հետ։ Աթաթուրքի ազգայնականությունը, որի համար նախըտրվում էր «միլլեթչիլիկ» («միլլեթ»՝ «ազգ» բառից), նախկին՝ «թյուրքչյուլյուք» («թյուրքականություն») բառի փոխարեն, հեռանում էր ռասայական ազգայնականությունից և պանթյուրքիզմից, և հասկացվում էր Աթաթուրքի կողմից ֆրանսիական տեսակով՝ որպես Թուրքիայի Հանրապետության սահմաններում քաղաքական ազգության գաղափարախոսություն (այլ ոչ թե թյուրքական էթնիկ ազգության, ինչպես դա լինում է սովորաբար պանթյուրքիստների մոտ): Չնայած կոնցեպտուալ մասը բավականին գեղեցիկ է ձևակերպված, սակայն իրականության մեջ Թուրքիայի Հանրապետության տարածքում բնակվող բոլոր ոչ թուրքերը միշտ էլ ենթարկվում են ռասայական խտրականության: Էրդողանի օրոք ազգային անհանդուրժողականությունը ևս ծաղկում ապրեց, և պատահական չէ, որ իր ելույթներից մեկում իրեն հայ անվանելը վիրավորանք որակեց: Էրդողանական Թուրքիան գնում է երիտթուրքերի ճանապարհով, ըստ որի Թուրքիայի տարածքում ապրող բոլոր ժողովուրդները թուրք են, այլ ոչ թե Թուրքիայի քաղաքացիներ: Այս ամենը ոչ միայն անտեսում է ազգային փոքրամասնությունների իրավունքները, այլ նաև պարարտ հող է նախապատրաստում քրդերի և թուրքերի նոր բախումների համար:
Էտատիզմ, որը ենթադրում է պետության առաջնային դերով խառը տնտեսության կառուցում: Այս սկզբունքի հետ, կարծես թե, Էրդողանը հակասություններ չունի: ԱԶԿ-ի կառավարման հատկապես առաջին տարիներին Թուրքիան բավականին տպավորիչ տնտեսական ցուցանիշներ էր գրանցում:
Ժողովրդայնություն. սա էլ թուրքական հասարակության մեջ դասակարգային անհավասարություններին ուղղված քայլ էր, որի երաշխավորը խորհրդարանական պետության ստեղծումն էր: Փաստացի, սահմանադրական փոփոխությունները փոխում են այս դրույթը` կառավարության առաջնահերթությունը վերցնելով ժողովրդի ներկայացուցիչներից` խորհրդարանից, դրանք տալով նախագահին: Վերանում է վարչապետի ինստիտուտը, և նախագահը դառնում է ամենազոր սուլթան: Նոր Սահմանադրության ընդունմամբ Էրդողանը հնարավորություն կունենա մինչ 2029 թվականը մնալ իշխանության:
Սակայն ամենակարևոր երկու սկզբունքները, որոնց դեմ է ուղղված Էրդողանի գործունեությունը, աշխարհիկությունն ու հեղափոխությունն են:
1928-ին Թուրքիայի սահմանարդությունից հանվեց իսլամը պետական կրոն ճանաչելու մասին դրույթը, իսկ 1937-ին որպես առանձին հոդված ամրագրվեց լաիցիզմը, որը մատնանշում է պետության աշխարհիկ բնույթը, պետության և կրոնի տարանջատումը: Քեմալի առաջին ձեռնարկություններից մեկը շարիաթի չեղարկումն էր։ Հետո արգելվել է կրոնական կրթությունը, իսկ բոլոր դպրոցները ենթարկել են Լուսավորության նախարարությանը։ Ժամանակակից Թուրքիայիում այդ սկզբունքը արտացոլվում է իսլամամետ կողմնորոշության դատական հետապնդման հռչակման տեսքով: Սակայն Թուրքիայում իշխող ԱԶԿ-ն հենց կրոնական ուղղվածություն ունի, և Էրդողանի տոտալիտար իշխանության պահպանման պարագայում բացառված չէ, որ Թուրքիայում լայիկության սկզբունքը կորցնի իր ուժը: Էրդողանի և թուրքական իշխող վերնախավի շատ կանայք շրջում են հիջաբներով, ինչն արգելված է, սակայն այդ կերպ էրդողանականներն ընգծում են իրենց գաղափարախոսության մեջ կրոնական գործոնի առաջնահերթությունը:
Նախկինում Աթաթուրքը ամրագրել էր հեղափոխականության դրույթը, որով պետք է կանխվեր երկրում հետադիմական կրոնական կարգերի հաստատումը: Նախկինում վերահսկիչի դերը կատարում էր զինվորականությունը, որը հանրապետական Թուրքիայի պատմության մեջ 4 անգամ` 1960, 1971, 1980, 1997 թվականներին հեղաշրջում էր իրականացրել: 2002-ին ԱԶԿ-ի իշխանության գալուց հետո՝ 2003-ին, զինվորականները ևս մեկ հեղաշրջում նախապատրաստեցին, որը, սակայն, չկարողացան կենսագործել:
Այդ պլանը ստացել էր «Բալյոզ» («Կռան») անվանումը և մշակվել 2002-2003թթ.: Այն հավանության է արժանացել զինված ուժերի 162 սպաների, այդ թվում նաև 29 գեներալների հանդիպման ժամանակ: Դրա համաձայն նախատեսված էր երկրում հայտարարել արտակարգ դրություն և քաոսի ու բռնության մթնոլորտի ստեղծման ճանապարհով հեղաշրջման կազմակերպման համար համապատասխան հիմք ստեղծել: Սակայն նրանց ոչ միայն չհաջողվեց հեղաշրջում կատարել, այլ նաև Էրդողանը չեզոքացրեց նրանց, որպես աշխարհիկության երաշխավորների: Այս ամենին հետևեցին բազմաթիվ զինվորականների ձերբակալություններ:
Հեղաշրջման մեկ այլ փորձի ականատես եղանք նախորդ տարվա ամռանը: Դրանում ներգրավված էր թուրքական բարձրաստիճան զինվորականության մի մասը: Էրդողանը նույնիսկ ստիպված էր թաքնվել, սակայն նրա կողմնակիցները կարողացան կարճ ժամանակամիջոցում վերականգնել Էրդողանի դիրքերը, որին հետևեցին հազարավոր ձերբակալությունները և պատիժները: Մինչ այժմ երկրում հայտարարված արտակարգ դրությունը պահպանվում է: Էրդողանն իր ավտորիտար ճանկերն էլ ավելի ամուր խրեց թուրքական հասարակության մեջ: Որոշ մասնագետներ կարծում են, որ հեղափոխության փորձը ներկայացում էր` կազմակերպված հենց Էրդողանի կողմից: Այդկերպ նա հող ստեղծեց իր միանձնյա իշխանության սյուներն ամրապնդելու համար: Թուրքիայի գործող նախագահը ձգտում է դառնալ նոր Աթաթուրք, և պատահական չէ, որ Մուստաֆա Քեմալի նկատմամբ պետական հարգանքը նվազագույնի է հասցված: Պետական խորհրդանիշների վրայից քայլ առ քայլ ջնջվում է նրա դիմապատկերը, և կարելի է ենթադրել, որ մոտ ապագայում նրան կփոխարինի Էրդողանի պատկերը: Գնալով շատանում են Քեմալի մասին սկանդալային բացահայտումները մամուլում, որոնցից մեկում էլ նշվում էր, որ նրա որդեգիր դուստրերը նրա սիրուհիներն էին:
Այսպիսով, Էրդողանը և նրա կուսակցությունն այս տարիների ընթացքում պարարտ հող են նախապատրաստել քեմալականության որոշ կարևոր հիմնադրույթներից հրաժարվելու համար: Նրանք Թուրքիայի ապագան տեսնում են իսլամական հենասյուների վրա` Էրդողանի միանձնյա իշխանության ներքո: Տարածաշրջանի երկրների համար հատկապես վտանգավոր է քեմալականության հիմնական` «խաղաղություն աշխարհում, խաղաղություն տանը» դրույթի խախտումը: Այն ենթադրում է, որ Թուրքիան պետք է խուսափի մասնակցել երկրի տարածքից դուրս գտնվող հակամարտություններին, բացառությամբ երկու դեպքերի` Հյուսիսային Կիպրոսի և Հյուսիսային Իրաքի Մոսուլ քաղաքի, որտեղ հնարավոր հակամարտությունների բռնկումների դեպքում Թուրքիան պարտավորվում էր պաշտպանել տեղի թյուրք ազգաբնակչությանը: Վերջին մի քանի տարիների ընթացքում Էրդողանը բազմիցս խախտել է այս դրույթը` ներխուժելով Իրաքի և Սիրիայի տարածքներ:
Թուրքիան ժամանակակակից կայսրություն է, որն այս տարիներին կարողացել էր գոյատևել, քանի որ ներքաղաքական խնդիրների լուծումը փորձում էր գտնել ժողովրդավարական ճանապարհով: Ձախողումներով և թերացումներով հանդերձ այդ մոդելն, այնուամենայնիվ, աշխատում էր: Ամեն ինչ հօդս կցնդի, երբ սուլթան Էրդողանը բռնի ուժով փորձի լռեցնել սեփական քաղաքացիների ձայնը: Քեմալականության կողմնակից թուրքերը չեն հանդուրժի խավարի թագավորության հաստատումը և կձգտեն վերականգնել երբեմնի ազատություններն ու աշխարհիկությունը:
Կանխատեսելի է նաև, որ Թուրքիայի տարածքում ապրող ազգային փոքրամասնությունները, քրդերի գլխավորությամբ, կսաստկացնեն պայքարը և կսասանեն թուրքական ավտորիտար պետության հիմքերը: