Իզիդա ՃԱՆԻԱ
“Нужная газета” թերթի գլխավոր խմբագիր
Սուխում
Անցած տարին Աբխազիայի համար բացառիկ էր նշանակալից իրադարձությունների եւ մարտահրավերների առումով: Մերկացել են ներքին հարցերում եւ միակ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ փոխհարաբերություններում առկա հակասությունները:
Այս առումով խորհրդանշական էր Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ առանց Աբխազիայի ղեկավարության հետ համաձայնեցման 2011 թվականի նոյեմբերին ստորագրված փաստաթուղթը` «Ապրանքների մաքսային վարչարարության եւ դիտարկման մեխանիզմների հիմնական սկզբունքների վերաբերյալ»: Համաձայնությունը ենթադրում է «կանխորոշված առեւտրական միջանցքների» ստեղծումը, որոնց անվան ներքո ընկալվում են Ռուսաստանի կողմից երկու տարի առաջ որպես անկախ պետություն ճանաչված Աբխազիան ու Հարավային Օսիան:
Ռուսաստանի կողմից տվյալ համաձայնության ստորագրումը հետաքրքրական էր այն առումով, որ առաջին անգամ ստիպել է աբխազներին լրջորեն մտորել իրենց միակ ռազմավարական գործընկերոջ դերի մասին: Գաղտնիք չէ, որ Ռուսաստանի` Առեւտրի համաշխարհային կազմակերպության մեջ մտնելու ճանապարհին գլխավոր խոչընդոտը Վրաստանն էր, որը Ռուսաստանից պահանջում էր թույլատրել վրացական մաքսակետերի տեղակայումը ռուս-աբխազական սահմանի ռուսաստանյան կողմում: Թվում էր, թե Ռուսաստանի կողմից Աբխազիայի ճանաչումից հետո այս հարցը պետք է կորցներ իր այժմեականությունը, բայց խորհրդակցությունները շարունակվում էին մինչեւ այն պահը, երբ շվեյցարացի դիվանագետների մոտ միտք է ծագել սահմանին տեղակայել ոչ թե վրացի մաքսավորների, այլ միջազգային դիտորդների, ովքեր կիրականացնեն Աբխազիա մտնող ապրանքների դիտարկումը:
Այսինքն, ստեղծվել է երկիմաստ խաղային իրավիճակ, որի պարագայում Մոսկվային մնացել է սոսկ համաձայնվել նրան, թե ինչպես յուրաքանչյուր կողմն իրավիճակը կմեկնաբանի սեփական դիտանկյունից: Թբիլիսին այն իսկույն մեկնաբանել է որպես վրաց դիվանագիտության հաղթանակ եւ առաջին քայլ` «տարածքային ամբողջականության» վերականգնման ուղղությամբ, իսկ Աբխազիան` որպես հանրապետության սահմանների հատուկ կարգավիճակի միջազգային ճանաչում: Իրավաբան Անրի Ջերգենիան կարծում է, որ հենց այդ պատճառով հիշյալ համաձայնությունն իրագործելի չէ: «Սույն փաստաթուղթը գրված է թռչնային լեզվով. աբխազներն այն օգտագործում են որսի ժամանակ` չար ուժերի ուշադրությունը չհրավիրելու համար…»,-ասում է նա:
Սակայն, Աբխազիայի հանրությունը Ռուսաստանի նման երկիմաստ խաղը գնահատել է որպես «Աբխազիայի անկախ կարգավիճակի եւ ինքնիշխանության դեմ ոտնձգություն», նախ եւ առաջ` այն պատճառով, որ որոշումն ընդունելիս Մոսկվան նախընտրել է չխորհրդակցել Աբխազիայի հետ, այսինքն` արհամարհել իր ռազմավարական դաշնակցի կարծիքը: «Ստեղծվում է անկախ պետության կարգավիճակի իջեցման նախադեպ միջազգային ասպարեզում` սույն կարգավիճակի միակ երաշխավոր Ռուսաստանի Դաշնության կողմից», – կարծիք է հայտնել «Աբխազիայի ժողովրդական միասնության ֆորումը»:
Ռուս-վրացական համաձայնության ստորագրումը քննարկման նյութ է դարձել Աբխազիայի փորձագիտական շրջանակներում, որոնք ոչ միայն գնահատական են տվել բուն փաստաթղթին, այլեւ փորձել նորովի ընկալել Աբխազիայի եւ Ռուսաստանի միջեւ առկա գործընկերությունը:
«Դա Վրաստանին` իր ընտրությունների նախաշեմին մերձենալու հայտ է: Ընդսմին, ստեղծվել է Աբխազիայի տեսակետի եւ շահերի ամբողջական ոտնահարման նախադեպ, իսկ նախադեպերը, որքան հայտնի է, ունեն կրկնվելու հատկություն: Թվում է, թե Աբխազիայի ինքնիշխանության շուրջ սակարկումները կարող են վերածվել Արեւմուտքի ու Վրաստանի` Ռուսաստանի հետ շփվելու նոր ավանդույթի»,-կարծում է քաղաքագետ Լեյլա Թանիան: «Վրաստանի համար սույն համաձայնությունից բխող շահավետության վիճարկումն անիմաստ է: Նախ` Ռուսաստանի կողմից ճանաչվելուց հետո առաջին անգամ Վրաստանը ցույց է տվել, որ սահմանների իրավասության` ուստիեւ Աբխազիայի տարածքի շուրջ սակարկումները հնարավոր են: Ճանաչումից հետո առաջին անգամ, թեեւ շատ լղոզված ձեւակերպումների միջոցով, Ռուսաստանը փաստացիորեն չեղյալ է հայտարարում Աբխազիայի իրավասությունն իր սահմանների հանդեպ, ուստի նաեւ` վերջինիս ինքնիշխանությունը: Փաստը մնում է փաստ. հենց Վրաստանի պահանջով եւ հենց Վրաստանը, եւ ոչ թե Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը կամ որեւէ այլ երկիր կամ միջազգային հանրությունը ստորագրում է մեր սահմանը վերահսկելու վերաբերյալ համաձայնություն: Երկրորդը` Վրաստանն առաջին անգամ առաջին իսկ ձեռքերից ստանալու է նախ եւ առաջ ռազմական-ռազմավարական իմաստով խիստ կարեւոր տեղեկատվություն: Եվ, վերջապես, ամենագլխավոր երրորդ նկատառումը. ռուս-վրացական համաձայնությունն ուղղակիորեն առնչվում է Վրաստանի` Աբխազիայի նկատմամբ նոր` «ռազմավարական սպասման» քաղաքականության գործնական իրականացման հետ, որը ենթադրում է ոչ միայն տարածաշրջանում ընդհանուր աշխարհաքաղաքական դասավորության փոփոխությունների սպասում, այլեւ աշխույժ աշխատանք` գերազանցապես ուղղված ռուս-աբխազական հարաբերությունների վատթարացմանը»,-ասում է նա:
Քաղաքագետի տեսակետը կիսում է իր գործընկեր Ախրա Բժանիան: «Ակներեւ է, որ ստորագրվել է միջպետական համաձայնություն, ըստ որի` Աբխազիայի միջազգային քաղաքական կարգավիճակը փաստացիորեն չեղյալ է հայտարարվել», – ասում է նա: Խորհրդարանի պատգամավոր Դաուր Արշբայի կարծիքով, հիշյալ համաձայնության ստորագրումը Ռուսաստանի կողմից Աբխազիայի շահերի անտեսման ցուցադրությունն էր: «Ռուսաստանի եւ Աբխազիայի միջեւ բարեկամության եւ համագործակցության մասին շրջանակային պայմանագրի համաձայն Ռուսաստանը պարտավոր է խորհրդակցել Աբխազիայի հետ, եթե առկա է առնչություն վերջինիս շահերին: Դա չի արվել…», – կարծում է պատգամավորը: Մեկ այլ պատգամավոր` Բատալ Կոբախիան, Աբխազիայի հանդեպ Ռուսաստանի նման կեցվածքում տեսնում է նաեւ Աբխազիայի ղեկավարության մեղավորությունը: «Մենք` այդ ոլորտին անմիջական առնչություն ունեցող գերատեսչությունների մակարդակով, դիվանագիտական բանակցությունների, քննարկումների եւ խորհրդակցությունների միջոցով, ինչպես որ ընդունված է դիվանագիտական հարաբերություններ կնքած պետությունների միջեւ, պարտավոր էինք ժամանակին, այսինքն` ԱՀԿ մտնելու նախապատրաստական շրջանում հիշեցնել Ռուսաստանին, որ մենք ստորագրել ենք խաղաղության, բարեկամության եւ համագործակցության մասին պայմանագիր, որով Ռուսաստանը միանգամայն հստակորեն ճանաչել է մեր անկախ ինքնիշխան պետության սահմանները: Եթե հնարավոր հետեւանքների նկատմամբ ժամանակին հնչեր համապատասխան արձագանք, ապա այն տեղ կգտներ եզրափակիչ փաստաթղթում ու, թերեւս, այն չէր ստորագրվի ներկա տեսքով… Մենք պարտավոր էինք հասկացնել նախագիծը պատրաստած Ռուսաստանի պաշտոնատար անձանց, որ եթե ստորագրվում է մի համաձայնություն կամ պայմանագիր, որի մեջ հստակորեն նշված չեն լինելու Ռուսաստանի կողմից արդեն իսկ ճանաչված մեր սահմանները, ապա դա կհանդիսանա այն հիմնարար պայմանագրի խախտումը, որը կարգավորում է մեր երկու պետությունների ողջ հարաբերությունները: Դա իմ ամենագլխավոր դժգոհությունն է», – ասում է նա:
Միաժամանակ, սույն թվականի սկզբին Աբխազիայի մաքսային կոմիտեն հայտարարել է վրաց-աբխազական սահմանին մաքսակետերի բացման մասին, որը նշանակում է Աբխազիայի եւ Վրաստանի միջեւ սահմանամերձ առեւտրի օրինականացում: Աբխազիայի մաքսային կոմիտեի ղեկավար Սաիդ Տարկիլի կարծիքով` Ռուսաստանի` ԱՀԿ մտնելու հանգամանքով թելադրված Ինգուր գետի վրացական կողմում մաքսակետերի ստեղծումը նշանակում է «Վրաստանի կողմից Աբխազիայի տնտեսական ինքնիշխանության փաստացի ճանաչում»:
Վրաց-ռուսական համաձայնության «թռչնային լեզուն» թույլ է տալիս յուրաքանչյուր կողմին մեկնաբանել այն ըստ սեփական ճաշակի:
Մարտի 12-ին Աբխազիայում կկայանան խորհրդարանական ընտրություններ: Ինչպե՞ս հաջողված եւ փոխշահավետ դարձնել Աբխազիայի եւ Ռուսաստանի ռազմավարական գործընկերությունը: Այս թեմայով Աբխազիան մտել է նոր` 2012 թվականը, եւ այդ հարցը հեռուստատեսությամբ ընտրողներն ամեն օր ուղղում են Աբխազիայի խորհրդարանի պատգամավորների բոլոր թեկնածուներին: Հարցը թեստի պես է. թեկնածուներն էլ քաջ գիտեն, որ իրենց պայքարի հաջողությունը նշանակալից չափով կախված է հենց այս հարցին տրվելիք պատասխանից: