Սարքավորումների մաշվածություն, խնդիրներ Ինգուր ՀԷԿ–ի հետ, չվճարված պարտքեր, սպառման աճ և արմատական բարեփոխման համար գումարի բացակայություն
Անահիտ Գոգորյան, Սուխում
Աբխազիայում էներգետիկ իրավիճակի և դրա հեռանկարների գնահատական՝ Աբխազիայի էներգետիկայի գլխավոր մասնագետից՝ «Չեռնոմորէներգոյի» ղեկավար Ասլան Բասարիայից:
Աբխազիան էներգետիկան խորը ճգնաժամի մեջ է
Դա հիմնականում երեք խնդրի հետ է կապված.
- սարքավորումների մաշվածություն,
- վճարումների բացակայություն,
- և ամենագլխավորը՝ էլեկտրաէներգիայի սպառման աճ:
Սպառման աճը մեծ բարդություններ է առաջացնում, որովհետև հանրապետությունը սպառվող էլեկտրաէներգիայի հաշվառման հստակ աշխատող համակարգի ստեղծման համար ռեսուրսների պակաս է զգում: Բոլոր տներում և բնակարաններում այդպիսի հաշվառման սարքեր տեղադրելու համար մոտ 280 մլն ռուբլի (մոտ 4,5 մլն դոլար) է պահանջվում:
Աբխազիան 80%-ով սնուցվում է մեկ բարձրավոլտ գծի միջոցով, որը կոչվում է «շառավղային սխեմա»: Այն Գալի շրջանի անկումային ՀԷԿ-1-ից հասնում է մինչև Ռուսաստանի հետ սահման: Եվ վերջին տարիներին այդ գլխավոր գիծը մեծապես ծանրաբեռնված է:
Դրա հիմնական հատվածը «Աչգուարա» գիծն է, որը միացնում է անկումային ՀԷԿ-1-ը «Թկուարչալ կոնդենսացիոն էլեկտրակայանի» ենթակայանին: Այն ստեղծվել է 1958թ-ին, և դրանով այժմ 274 ՄՎտ է անցնում այն դեպքում, որ նույնիսկ նոր ենթակայանի համար նորման չպետք է գերազանցի 260 ՄՎտ-ը:
Էլեկտրահաղորդման նոր գծերի կառուցման համար 3,5-4 մլրդ ռուբլի [մոտ 66 մլն դոլար է անհրաժեշտ]: Սակայն «Չեռնոմորէներգոն» այդպիսի միջոցներ չունի: Այն պետությունից արդեն երկու վարկ է վերցրել էլեկտրաէներգիայի գործող համակարգը պահպանելու համար. 2015-ին՝ 50 մլն ռուբլի [մոտ 815 հազար դոլար], 2016-ին՝ 25 մլն ռուբլի [մոտ 400 հազար դոլար]:
Ինչպե՞ս փոխել իրավիճակն էներգետիկայի ոլորտում: Տնտեսել
Շատ բան է կախված ոչ միայն «Չեռնոմորէներգոյից»,այլ նաև բաժանորդներից: Համատեղ ուժերով կարելի է իրավիճակը փոխել դեպի լավը. տնտեսել գոնե ամենաշատ սպառում ենթադրող ժամանակահատվածներում՝ ձմռանն ու ամռանը, այն շրջաններում, որտեղ զբոսաշրջությունն է զարգանում: Այդպիսի հիմնական սպառողներ են Գագրայի, Գուդաութի և Գուլրիպշի շրջանները:
Ամանորյա առօրյա
Բոլոր վթարային բրիգադները բերվել են զգոնության բարձր վիճակի: «Չեռնոմորէներգոյի» 9 մասնաճյուղ ուժեղացված ռեժիմով է աշխատում: Դեկտեմբերի 27-ից Աբխազիայի արևմտյան հատվածը, պայմանավորվածության համաձայն, էլեկտրաէներգիա է ստանում Ռուսաստանից, իսկ արևմտյան Աբխազիան՝ Ինգուրի ՀԷԿ-ից: Այսպես է լինելու հունվարի առաջին շաբաթը: Դա թույլ կտա նվազեցնել «Աչգուարա» բարձրավոլտ գծի ծանրաբեռնվածությունը:
Ինգուրի ՀԷԿ
Այսօրվա դրությամբ, Ջվարի ջրամբարում ջրի մակարդակը 465մ է: Դա 6 մետրով պակաս է, քան նախորդ տարի այն դեպքում, որ ջրի ներհոսքի հետ խնդիրներ այս տարի չեն եղել, ի տարբերություն նախորդ տարվա:
Ներկայիս ցածր մակարդակն ուղղակիորեն կապված է միևնույն խնդրի հետ՝ էներգիայի ավելացած սպառման: Ջրամբարում եղած ջրի պաշարի պարագայում Աբխազիան ձմեռը հանգիստ անցկացնելու համար օրվա ընթացքում միջինում կարող է սպառել 6 մլն կՎտ-ից ոչ ավել:
Սակայն այժմ հանրապետությունը միջինում օրական 8,5 մլն կՎտ է սպառում:
Բնականաբար, էլեկտրաէներգիայի պակասորդ է առաջանում: Ինչպես նախորդ ձմռանը հնարավոր չեղավ հովհարային անջատումներից զերծ մնալ, այս տարի նույնպես հնարավոր չի լինի:
Ինգուրի ՀԷԿ-ում 2017թ-ին պլանավորվում է ջրի դատարկման և 16 կմ երկարություն ունեցող ջրաթեք թունելի մշտադիտարկման աշխատաքներ անցկացնել: Տասը տարուց ավել այստեղ ոչ մի աշխատանք չի իրականացվել, չնայած որ պետք է անցկացնել 5 տարին մեկ:
Աշխատանքները կսկսվեն փետրվարի 15-ից և կշարունակվեն մինչև մարտի 15-ը: Այդ ժամանակահատվածում Ինգուրի ՀԷԿ-ը էլեկտրաէներգիա չի արտադրի, և Աբխազիան էլեկտրաէներգիա կստանա Ռուսաստանից:
Հիմա Ռուսաստանի և Վրաստանի էներգետիկ մասնագետների հետ ակտիվ բանակցություններ են ընթանում տեխնիկական և ֆինանսական հարցերի շուրջ:
Բացի այդ, խնդիրներ կան նաև ամբարտակի հետ. հիմքի փլուզում է տեղի ունենում, բացի այդ, սարքավորումներն են մաշվել:
Բարեփոխումներ
Նախկինում լույսի դիմաց վճարումների եկամտի մի մասը շրջաններում էր մնում, մի մասն էլ փոխանցվում էր «Չեռնոմորէներգոյին»: Սակայն հիմա նոր ընկերություն է ստեղծվել՝ «Էներգասպառումը», որը հավաքագրում է էլեկտրաէներգիայի դիմաց բոլոր վճարումները:
Ի՞նչ դա տվեց: Առաջին հերթին, ֆինանսների վերաբաշխում: Կան աղքատ և հարուստ շրջաններ, և վճարումներից ստացված եկամուտը զգալիորեն տարբերվում է:
Այն շրջաններում, որտեղ խնդիրներ կային էլեկտրաէներգիայի վճարները հավաքելու հետ, ինչպես նաև այն վայրերում, որտեղ ավելի քիչ բաժանորդ կա, իրավիճակներ էին լինում, երբ մարդկանց 6-8 ամիս աշխատավարձ չէին տալիս: Այն բանից հետո, երբ 2015թ-ի սկզբին բարեփոխումներ սկսեցին իրականացվել, 2-3 ամսվա ընթացքում մարվեցին աշխատավարձային բոլոր պարտքերը:
Էլեկտրաէներգիայի դիմաց չվճարելու խնդիրը
Առանձնացվել են այն բաժանորդները, որոնք օգտվել են էլեկտրացանցերի ապօրինի միացումից, խոսքը գնում է ինչպես մասնավոր առևտրային կառույցների (հյուրանոցներ, ռեստորաններ, սրճարաններ, ձեռնարկություններ), այնպես էլ քաղաքացիների մասին:
Գագրայի շրջանում 3-4 ամիս ստուգումներ են անցկացվել, և դա որոշակի արդյունք է տվել: Շրջանում չվճարողների հսկայական թիվ է բացահայտվել: Փաստաթղթերով՝ սովորական բնակելի տուն է մեկ ընտանիքի համար: Իրականում՝ վերելակով հյուրանոց:
Այժմ նման գործընթաց է գնում նաև Սուխումում: Այստեղ մեծ թվով ապօրինի էլեկտրաէներգիա սպառող առևտրային օբյեկտներ կան, և դրանք կամ չեն վճարում էլեկտրաէներգիայի դիմաց, կամ վճարում են հարկ եղածի չնչին մասը:
Չվճարողներին անջատում են էլեկտրամատակարարումից, դա ամենաարդյունավետ միջոցն է: Սակայն այդ գործընթացը համակարգի վերածելու համար «Չեռնոմորէներգոն» բավականաչափ միջոցներ չունի:
Փոքր էլեկտրակայաններն ու արևային էներգիան շահեկան չեն Աբխազիայի համար
Աբխազիայում 24 մինի-ՀԷԿ է կառուցվել, սակայն աշխատում է ընդամենը 3-ը. երկուսը՝ Կոդորի կիրճում, մեկը՝ բարձրադիր Պսխու գյուղում:
Մնացած ՀԷԿ-երի համար նույնիսկ հիդրատեխնիկական կառույց չի մնացել:
Եվ հարցը բաց է մնում. արդյո՞ք արժե դրանք վերականգնել:
2015թ-ի հունվարից մինչև 2016թ-ի փետրվար «Չեռնոմորէներգոյի» տնտեսության ամբողջական գույքագրում է կատարվել: Ձմեռային ժամանակահատվածում Աբխազիան մոտավորապես 390 ՄՎտ էլեկտրաէներգիա է սպառում, իսկ բոլոր փոքր ՀԷԿ-երի գումարային հզորությունը, եթե դրանք վերականգնվեն, մոտ 5 ՄՎտ է լինելու: Բացի այդ, լինելու են սպասարկման և անձնակազմի ծախսեր:
Աբխազիայում նպատակահարմար չէ նաև արևային մարտկոցների օգտագործումը, քանի որ արևային էլեկտրաէներգիան մի քանի անգամ ավելի թանկ է, քան հիդրաէներգետիկան:
JAMnews-ի դոսյե
- Ինգուրի ՀԷԿ–ը (վրացական անվանումը՝ Ինգուրիի ՀԷԿ) գործարկվել է 1978թ–ին, տեղակայված է անմիջապես վրաց–աբխազական կոնֆլիկտի գոտում և վերահսկվում է երկու կողմից էլ. ջրամբարն ու ջրաթեք թունելի մի մասը գտնվում է վրացական կողմում, թունելի մյուս մասը, ՀԷԿ–ի շենքն ու անկումային ՀԷԿ–երը՝ աբխազական:
- Այն միակ վրաց–աբխազական համատեղ նախագիծն է: Կողմերը միասին են կառավարում ՀԷԿ–ը և կիսում են դրա արտադրած էլեկտրաէներգիան, ինչն անխուսափելի է դարձնում համագործակցությունն ու հաճախակի շփումը:
- ՀԷԿ–ի բարձրությունը 271,5 մ է, երկարությունը՝ 800 մ, այն աշխարհի խոշորագույն կամարավոր բետոնային ամբարտակներից է: 2014թ–ին միջազգային կազմակերպությունների միջոցներով ավարտին է հասցվել ՀԷԿ հերթական մասշտաբային վերականգնողական աշխատանքը, որը փուլ առ փուլ է իրականացվել: Դա թույլ է տվել չդադարեցնել կայանի աշխատանքը:
- Սակայն սպասվող պարտադիր վերականգնողական աշխատանքները կպահանջեն մի քանի ամսով կանգնեցնել ՀԷԿ–ը: Դա նշանակում է, որ Սուխումն ու Թբիլիսին ոչ միայն համատեղ ուժերով պետք է միջոցներ գտնեն դրա վերանորոգման համար, այլ նաև այդ ամիսների համար էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրներ գտնեն:
Հոդվածում արտահայտած մտքերն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության դիրքորոշման հետ:
Հրապարակվել է 04.01.2017