Իզիդա ՃԱՆԻԱ
«Նուժնայա գազետա» թերթի գլխավոր խմբագիր
Սուխում
Գնահատելով տարվա արդյունքներն՝ Աբխազիայի բնակիչներն ասում են, որ տարին հիշարժան է եղել «ուրախ» խորհրդարանական ընտրություններով, բնապահպանական խնդիրներով և չհաջողված կուրորտային սեզոնով։ Հավանաբար, հենց սրանք են 2017թ. երեք տեղեկատվական առանցքները։
Հեռացող տարում՝ մարտի 10-ին Աբխազիայում կայացած խորհրդարանական ընտրությունները թերևս ամենաաղմկահարույց և բազմամարդն էին աբխազական խորհրդարանականության ողջ պատմության ընթացքում։ Խորհրդարանի 35 տեղի համար պատգամավորի թեկնածության հայտ է ներկայացրել 156 հոգի, որոնցից 148-ը գրանցվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից։ Պատգամավորի 114 թեկնածու առաջադրվել է ընտրողների նախաձեռնող խմբերի, իսկ 34 հոգի՝ «Միասնական Աբխազիա», «Աբխազիայի միասնության ժողովրդական ֆորում», «Աբխազիայի կոմունիստական» և «Աբխազիայի տնտեսական զարգացման» կուսակցությունների կողմից։ Ընդդիմադիր կուսակցություններն իրենց թեկնածուներին նախընտրել են առաջադրել մեծամասնական ընտրակարգով։ 148 թեկնածուներից 16-ը կանայք էին։ Էթնիկական բաշխվածությամբ՝ թեկնածուներից 125-ն աբխազ էին, 9-ը՝ հայ, 8-ը՝ ռուս, 2-ը՝ հույն, 2-ը՝ վրացի, 1-ն՝ օս և 1-ը՝ կաբարդինցի։Արդյունքում՝ ձայների առավելագույն քանակ հավաքեց իշխանամետ «Աբխազիայի ժողովրդական միասնության ֆորում» կուսակցությունը. խորհրդարանի կազմում (հավանաբար, արդեն կայացած ավանդության համաձայն) հայտնվել է մեկ կին։ Խորհրդարանի ազգային կազմը նույնպես շատ բազմազան չէ՝ աբխազներ, հայեր և մեկ վրացի։ Սակայն իշխանամետ ուժերը խորհրդարանում կազմել են սոսկ պարզ, այլ ոչ թե սահմանադրական մեծամասնություն, որի պատճառով այսօր գերագույն օրենսդիր մարմինը շատ անարդյունավետ է աշխատում՝ օրենսդիր գործունեության փոխարեն զբաղվելով իշխանության քննադատությամբ, հայտարարություններով և այլ երկրներում իրենց գործընկերներին շնորհավորանքներ հղելով։
Ողջ 2017թ. ընթացքում խորհրդարանն անգամ չի կարողացել ձևավորել Սահմանադրական դատարանը, որովհետև նախագահի կամ հենց պատգամավորների կողմից որպես Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրած անձինք չէին ստանում որակյալ խորհրդարանական մեծամասնության հաստատումը։ Այդ իսկ պատճառով Սահմանադրական դատարանը ցայսօր չի գործում։
Աբխազիայում Սահմանադրական դատարանի ստեղծման անհրաժեշտության մասին խոսում էին 2004 թվականից, երբ երկրում առաջացել էր լուրջ քաղաքական ճգնաժամ։ Քաղաքական գործիչներն ու հասարակությունը Սահմանադրական դատարանը համարում էին պետականակերտ հիմնարար հարցերի լուծման բանալի։ Այդ խոսակցությունները տևել են ավելի քան 10 տարի։ Եվ վերջապես 2014թ․ Սահմանադրության մեջ մտցվել են Սահմանադրական դատարանի ստեղծումը նախատեսող դրույթներ։ Փոփոխությունների համաձայն՝ դատավորներն ընտրվում են նախագահի ներկայացմամբ ու խորհրդարանում որակյալ մեծամասնության հավանության արժանացած թեկնածուներ։ Պատգամավորներին նույնպես ընծայված է ակտիվություն դրսևորելու հնարավորություն․ նրանք իրավունք ունեն նախագահի դատին առաջադրել իրենց թեկնածությունը և Սահմանադրական դատարանի դատավոր դառնալ խորհրդարանում ձայների 2/3–ը հավաքելու դեպքում։ Սահմանադրական դատարանի ձևավորման վերջնաժամկետը՝ 2016թ․ դեկտեմբերի 31-ը, հաստատված էր հատուկ օրենքով։ Մինչ այդ խորհրդարանը պետք է ընտրեր 5 դատավորի, որոնք համապատասխանում են օրենքով ամրագրված չափանիշներին։ Սա այն քվորումն է, առանց որի Սահմանադրական դատարանը չի կարող սկսել աշխատանքն ու ընտրել իր ղեկավարին։
Այսպիսով՝ ընտրողների համար տարվա դասն իշխանության օրենսդիր մարմնի նկատմամբ լիակատար անվստահությունն է, քանի որ այն չի արդարացնում իր գոյության հիմնական նպատակը։
Բնապահպանության խնդիրը երկրում նույնպես շատ զգալի է։ Սոչիի օլիմպիադայից քիչ անց Աբխազիայում հայտնվեց տոսախային երկարակնճիթ բզեզը (самшитовый долгоносик) և երկու տարում ոչնչացրեց Աբխազիայի լեռներում և Կոդորի կիրճում տարածված տոսախի անտառները։ Անվերականգնելի վնաս է հասցվել Ռիցայի և Կոդորի արգելոցների տոսախի անտառներին։ Երկիրը չէր կարողացել դիմակայել երկարակնճիթ բզեզի ներխուժմանը։ Այժմ բնապահպաններն ու կենսաբանները փորձում են վերականգնել անտառները նոր ծառատունկով։
Այս տարի էլ երկարակնճիթ բզեզին փոխարինելու եկավ «մարմարե փայտոջիլը»։ Նրա տարածման երկրաչափական պրոգրեսիայի (մեկ առանձյակից 200 ժառանգ) հետևանքներն անդրադարձել են ողջ գյուղատնտեսական արտադրանքի վրա՝ կիսով չափ նվազեցնելով ցիտրուսային և այլ մրգային ու բանջարեղենային կուլտուրաների բերքը։ Կորուստները հարվածել են պետբյուջեին, որը չի հավաքագրել նախատեսված եկամուտները։ Մարմարե փայտոջիլը ոչնչացրել է պնդուկի 70%-ը, ցիտրուսային և մրգային կուլտուրաների 60%-ը։
Փայտոջիլն, անտեսելով քաղաքական իրողությունները, անարգել հատում է բոլոր գոյություն ունեցող սահմանները։ Վրաստանը, Աբխազիան, Թուրքիան և Ռուսաստանը զգալի տնտեսական կորուստներ են կրում։ Սա հենց այն դեպքն է, երբ միջազգային դերակատարները տասնամյակներ շարունակ հակամարտային գոտիներում որոնում են գործակցության միջոցներ, և ահա նրանց տրամադրության տակ է հայտնվում այսպիսի յուրօրինակ խաղաքարտ՝ “խաղաղարար” գարշահոտ փայտոջիլը։ Բայց արի ու տես, որ բոլոր երկրները վնասատու փայտոջիլի դեմ շարունակում են ինքնուրույնաբար պայքարել։ Աբխազական մասնագետների գնահատմամբ՝ պահանջվում է 12 միլիոն դոլար (շուրջ 700 միլիոն ռուբլի) միջատի հարձակման դեմն առնելու և 80 հազար հեկտար գյուղատնտեսական հողեր քիմիական դեղամիջոցներով մշակելու համար։
Սա տարվա ևս մեկ դաս է. ոչ մի բնապահպանական աղետ ընդունակ չէ հակամարտող կողմերին ստիպել պայմանավորվելու։
Մարմարե փայտոջիլի գործը շարունակում է Սոչիի օլիմպիադայի ևս մեկ «ժառանգություն»՝ արմավենու երկարակնճիթ բզեզը, որն անցած տարի խժռում էր Սոչիի արմավենիները, իսկ այս տարի հասել է աբխազական Գագրային։ Այս խնդրի մասին մենք դեռ խոսելու ենք 2018թ.։
2017թ. նոյեմբերին Աբխազիա է բերվել բեֆեթրինի՝ մարմարե փայտոջիլի դեմ պայքարում օգտագործվող թունաքիմիկատի մեծ խմբաքանակ։ Հումանիտար օգնության շրջանակում միջազգային կազմակերպությունների հետ կապերի գծով Աբխազիայի նախագահի լիազոր ներկայացուցչի աշխատակազմի միջոցով ստացվել են 2.5 տոննա բեֆեթրին և 2500 ֆերոմոնային միջատորսիչներ։
2017թ. Աբխազիան բախվել է նաև ձախորդ կուրորտային սեզոնի խնդրին։ Ձախորդության պատճառներից են քրեածին միջավայրը, ծառայությունների անբավարար մակարդակը և եղանակային պայմանները։
2016թ. հաջողված կուրորտային սեզոնից հետո Աբխազիան սպասում էր զբոսաշրջիկների ավելի մեծ ներհոսք. կառուցվում էին հյուրանոցներ, հանգստավայրեր, անգամ՝ դելֆինարիում։ Սակայն այս տարվա սեզոնը ձախողվել է. զբոսաշրջային օպերատորներն արձանագրել են զբոսաշրջային հոսքի կտրուկ նվազում։ Այս նվազման առարկայական պատճառը կանխատեսվում էր արդեն իսկ սեզոնի մեկնարկին։ Նախ՝ Թուրքիայում դիմել են գների աննախադեպ իջեցման մարտավարությանը՝ զբոսաշրջիկներին գրավելու համար, երկրորդ՝ ռուսաստանցիների մեծ մասն Աբխազիայի փոխարեն նախընտրել է «յուրային» Ղրիմը։ Միաժամանակ՝ կուրորտային սեզոնի ձախողման վրա ազդել են ևս երկու իրադարձություններ՝ Գուդաուտայի հարևանությամբ սակավամարդ լողափում ռուսաստանցի զբոսաշրջիկի սպանությունը և Պրիմորսկոյե ավանում ռազմական պահեստի պայթյունը։
Այսպիսով, լավ եղանակը, քնքուշ ծովը, կիզիչ արևն ու դյութիչ լեռները բավարար չեն դեպի երկիր զբոսաշրջիկների հոսքը խթանելու համար։ Տնտեսության յուրաքանչյուր ոլորտը, նախքան պետության համար շահութաբեր դառնալը, պահանջում է կարգուկանոնի հաստատում և ֆինանսական ներդրումներ։ Կուրորտները բացառություն չեն։
Տարվա արդյունքը 2017թ. չկատարված բյուջեն է և 2018թ. բյուջեի կրճատումը։
Տարիներ շարունակ երկրում մոլեգնած քաղաքական կրքերը 2017թ. ավարտին հանդարտվել են։ Դա տեղի է ունեցել ոչ այնքան քաղաքական գործիչների, որքան անվերջանալի խռովություններից հոգնած սովորական մարդկանց պատճառով։ Այս տարում ընդդիմությանը չի հաջողվել մարդկանց դուրս հանել ցույցերի և բողոքի ակցիաների։ Աբխազիայի հանրությունն իր քաղաքացիական դիրքորոշումն արտահայտել է՝ պաշտպանելով մերձսևծովյան շափսուղների առաջնորդ Ռուսլան Գվաշևին, որը հացադուլ է հայտարարել ի նշան բողոքի՝ Կրասնոդարի երկրամասի դատական մարմինների որոշման դեմ, որոնք շափսուղների համար ավանդույթ դարձած Լազարևի շրջանում գտնվող «կակաչ» ծառի մոտ հիշատակի աղոթքը որակել են որպես չարտոնված հանրահավաք։ Աբխազիայի հասարակությունը դիմումներ է հղել Աբխազիայի ղեկավարությանը, Ռուսաստանի դաշնային և Կրասնոդարի երկրամասի նահանգային իշխանություններին, ինչպես նաև մասնակցել է Գվաշևի գործով ընթացած դատավարություններին։
Աբխազներին ցեղակից մերձսևծովյան շափսուղները բնակվում են Ռուսաստանի տարածքում։ Ռուս–կովկասյան պատերազմի զոհերի հիշատակին կայացած ոգեկոչման ծեսը Սոչիի Լազարևի շրջանի առաջին ատյանի դատարանը որակել է որպես չարտոնված հանրահավաք՝ տուգանելով երկու մասնակցի։ Նրանցից մեկը՝ Գվաշևը, ոչ միայն վերաքննիչ բողոք է ներկայացրել, այլև ի նշան բողոքի հացադուլ է հայտարարել։ Գվաշևին սատարել են ամբողջ աշխարհի չերքեզները, իսկ հոկտեմբերի 5-ին նշանակված դատական նիստին մասնակցելու համար Աբխազիայից մեծ պատվիրակություն է ժամանել։ Մեծ Սոչիի իրավապահները ոչ միայն թույլ չեն տվել Գվաշևին դատարանի շենք հասնել՝ մտացածին պատճառաբանություններով կանգնեցնելով նրան տեղափոխող մեքենաները, այլև վերաքննիչ բողոքի դատական լսումը տեղափոխելով հոկտեմբերի 16-ը։ Այս բանից հետո Գվաշևին աջակցող ակտիվիստները նրանից պահանջել են դադարեցնել հացադուլը։ Հոկտեմբերի 16-ին վերաքննիչ դատական ատյանը վերահաստատել է Լազարևի շրջանի առաջին ատյանի դատարանի վճիռը։
Տարվա դասը. Աբխազիայում դադարել են հավատալ նաև ռուսաստանյան արդարադատությանը։
Այսպիսին էին անցնող 2017թ. ամենաուշագրավ իրադարձությունները։