Բոլոր հինգն ընդդիմության և նախագահի միջև սուր ճգնաժամի մասին են
Ինալ Հաշիգ, Սուխում
Լուսանկարը՝ Իբրահիմ Չկադուայի
Քաղաքական սեզոնն Աբխազիայում 2016թ-ին անցավ իշխանությունների և ընդդիմության հարատև դիմակայության պայմաններում:
Ողջ տարվա ընթացքում ընդդիմադիր ուժերի բլոկը նախագահ Ռաուլ Հաջիմբային թույլ չէր տալիս «ձանձրանալ»՝ նրանից համառորեն հրաժարական պահանջելով:
Աբխազիայի ղեկավարը չէր պատրաստվում նման բան անել, և փորձում էր գոնե ինչ-որ կերպ պայմանավորվել իր ընդդիմադիրների հետ: Տարվա վերջում փոխզիջումը գտնվեց:
Այդ մարտերի հակիրճ ժամանակագրությունը
Դրվագ 1. Ներքին գործերի նախարարության գրոհը
Ամեն ինչ սկսվեց «Ամցախարա» ընդդիմադիր կուսակցության արտահերթ հանրագումարից, որը տեղի ունեցավ Սուխումի ֆիլհարմոնիայի շենքի պուրակում հուլիսի 7-ին:
Հանրագումարը, որն ավելի շատ հանրահավաք էր հիշեցնում, իշխանություններից պահանջեց Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբային վստահություն հայտնելու վերաբերյալ ընդդիմության նախաձեռնած հանրաքվեն տեղափոխել աշուն:
Մեկ այլ կետով ընդդիմությունը պահանջում էր ներքին գործերի նախարար Լեոնիդ Ձյապշբայի հրաժարականը, որը ՆԳՆ խորհրդակցություններից մեկի ժամանակ իր աշխատակիցներին արգելել էր մասնակցել նախագահին վստահություն հայտնելու վերաբերյալ քվերակությանը:
Մինչ ընդդիմության պատվիրակ-ներկայացուցիչները հանդիպում էին պետության ղեկավարի հետ և նրան էին ներկայացնում իրենց պահանջները, հանրահավաքի ամբոխը ֆիլհարմոնիայից տեղափոխվեց ՆԳՆ շենքի մոտ:
Ամենագնացի և պարանի միջոցով դարպասները տապալվեցին, և ամբոխը ներխուժեց շենք: Միլիցիոներները փորձում էին գոնե զսպել նրանց, սակայն երբ գործի դրվեցին քարերն ու ձեռքի տակ եղած միջոցները, օրենքի պահապանները նահանջեցին: Այնուամենայնիվ ակցիայի մասնակիցներն այդպես էլ չկարողացան շենք մտնել:
Երեկոյան 11-ին նախարարության շենքի մոտ ժամանեցին փոխնախագահ Վիտալի Գաբնիան, որը կարդաց նախագահի հրամանը՝ Լեոնիդ Ձյապշբային ժամանակավորապես ներքին գործերի նախարարի պարտականությունների կատարումից ազատելու մասին: Ամբոխն աստիճանաբար ցրվեց: Սակայն հանրաքվեն աշուն տեղափոխելու մասին ընդդիմության երկրորդ պահանջը Ռաուլ Հաջիմբան չբավարարեց:
Դրվագ 2. Հանրաքվե
Աբխազիայի նախագահին հանրաքվեի միջոցով պաշտոնանկ անելու գաղափարը, որը նախաձեռնել էր ընդդիմությունն, ի սկզբանե ուտոպիստական էր թվում: Գոնե միայն այն պատճառով, որ, ըստ գործող օրենսդրության, նախագահին հնարավոր է պաշտոնանկ անել միայն երկու դեպքում՝ կամ նրան անվստահություն հայտնելու ընթացակարգի միջոցով, կամ բավարարելով նախագահի կողմից անձամբ կազմված հրաժարականի դիմումը:
Առավելագույնն, ինչ հնարավոր էր անել հանրաքվեի միջոցով՝ խորհուրդ տալ: Սակայն նույնիսկ այդպիսի «խորհրդատու» դառնալու համար անհրաժեշտ է ընտրողների 50 տոկոս մասնակցություն և մեկ ձայն ցուցակային կազմից: Եվ հենց այդ շեմի մեջ էր ամենամեծ խնդիրը, որը քաղաքական գործընթացների և քաղաքական գործիչների հանդեպ հասարակության ներկայիս անտարբեր վերաբերմունքի պարագայում անհնար էր հաղթահարել:
Սակայն այն հարցը, թե արդյո՞ք ընտրազանգվածի անհրաժեշտ թիվ կմոտենա քվեատուփերին, հանրաքվեի նախօրեին արդեն արդիական չէր: Պլեբիսցիտից մեկ օր առաջ ընդդիմադիր ուժերի բլոկը հանրաքվեի նախօրեին հանրաքվեն բոյկոտելու մասին հայտարարեց: Նախկինում իշխանությունները հետաքրքրված չէին հանրաքվեով, իսկ դրանից հետո այն ընդդիմությանն էլ պետք չէր: Այնուամենայնիվ, հանրաքվեն ոչ ոք չչեղարկեց, քանի որ Աբխազիայի սահմանադրությունը նման ընթացակարգ չի նախատեսում:
Արդյունքում՝ ակցիայի վրա ծախսված 9 մլն ռուբլի [մոտ $140,000], հիշատակում Գինեսի ռեկորդների գրքում որպես «Ամենաչստացված հանրաքվե» (քվեարկել է ընտրողների 1%-ը) և իմ խորը ափսոսանքը, որ աբսուրդի թատրոնի նախահայր Սեմյուել Բեքեթն այդպես էլ չապրեց մինչև այս բոլոր առումներով տարօրինակ օրը, երբ աբխազները միահամուռ բոյկոտեցին սեփական հանրաքվեն:
Դրվագ 3. Կառավարության հրաժարականը
Չնայած հանրաքվեի վերաբերյալ ընդդիմության նախաձեռնության ձախողմանը՝ նախագահ Ռաուլ Հաջիմբան դեռևս զգում էր իր խոցելիությունը: Սեփական ընդդիմադիրների հետ ընդհանուր լեզու գտնելու հերթական փորձը նրան բերեց այն մտքին, որ անհրաժեշտ է ավելի լայն քաղաքական ներկայացուցվածություն ունեցող կառավարություն ձևավորել:
Արդյունքում՝ վարչապետ Արթուր Միկվաբիան ազատվեց իր պաշտոնից, իսկ նրան փոխարինած Բեսլան Բարցիցը, երկրի ղեկավարից քարտ-բլանշ ստանալով, Աբխազիայի տարբեր քաղաքական կազմակերպությունների ղեկավարների հետ կուլիսային բանակցություններ սկսեց, այդ թվում նաև՝ ընդդիմադիր ուժերի բլոկի հետ:
Երկու շաբաթից ավել տևած խորհրդատվությունները հաջողությամբ չպսակվեցին: Ընդդիմությունն ի վերջո հրաժարվեց իրեն առաջարկած պորտֆելներից:
Դրվագ 4. Ժողովրդական հավաք ընդդիմությունից
Նախագահ Ռաուլ Հաջիմբայի հետ ընդհանուր լեզու չգտնելով՝ «Ամցախարա» ընդդիմադիր կուսակցությունն իր հերթական հանրագումարին նախագահի վաղաժամկետ հրաժարականը պահանջեց: Եթե նախագահը չհամաձայնի այդ վերջնագրին, ընդդիմությունը սպառնում է համաժողովրդական հավաք կազմակերպել: Ավելի ուշ, երբ Հաջիմբան հրաժարվեց լքել իր պաշտոնը, միջոցառման անցկացման ամսաթիվը նշանակվեց դեկտեմբերի 15-ին:
Իր կողմնակիցներին ընդդիմությունը հավաքեց նախագահական պալատից մեկ խաչմերուկ հեռավորության վրա: Իր հերթին, նախագահի կողմնակիցներ Աբխազիայի համար անսովոր ցուրտ օրը հավաքվեցին պետության ղեկավարի նստավայրի դիմաց: Երկու հանրահավաքները միլիցիան էր բաժանում, որը, ՆԳ նախարար Ասլան Կոբախիայի նախնական հրահանգի համաձայն, դուրս էր եկել կարգուկանոն պահպանելու առանց զենքի:
Հանրահավաքներին զուգահեռ խորհրդարանի, այնուհետև պաշտպանության նախարար Մերաբ Կիշմարիայի միջնորդությամբ բանակցություններ սկսվեցին ընդդիմության և նախագահի միջև:
Բանակցությունների ավարտից հետո ընդդիմադիրներն ուղևորվեցին դեպի իրենց կողմնակիցները: Ընդդիմության առաջնորդ Ասլան Բժանիան ասաց, որ պետության ղեկավարն ընդդիմության ներկայացուցիչներին առաջարկել է առաջին փոխվարչապետի, գլխավոր դատախազի պաշտոնները, Սահմանադրական դատարանում երկու և ԿԸՀ նոր կազմում՝ 4 տեղ:
Գիշերվա երեքի կողմերը փոխզիջման գնալով և համաձայնելով իշխանության առաջարկներին, մարդիկ դրամատիկական թատրոնի հրապարակից սկսեցին ցրվել:
Դրվագ 5. Փոխզիջո՞ւմ
Մի քանի օր անց, երբ կրքերը հանդարտվեցին, նախագահ Ռաուլ Հաջիմբայի և ընդդիմության միջև պայմանավորվածությունները գրանցվեցին թղթի վրա և ստորագրություններ դրվեցին:
Ըստ համաձայնագրի՝ խորհրդարանն արդեն ընտրել է ընդդիմության 4 ներկայացուցիչների ԿԸՀ-ում աշխատելու համար, և ընդդիմադիր ուժերի բլոկի կողմից խորհուրդ տրված իրավաբանների՝ որպես Սահմանադրական դատարաների դատավորների:
Մոտ ժամանակներս, ընդդիմության խորհրդով, նախագահը խորհրդարանին կներկայացնի նոր գլխավոր դատախազի թեկնածությունը, ինչպես նաև նոր փոխվարչապետ կնշանակի ընդդիմության ներկայացուցիչներից: Այս զիջումների դիմաց ընդդիմությունն իր վրա է վերցնում նախագահի վաղաժամ հրաժարականը չպահանջելու պարտավորություն մինչև նրա սահմանադրական իրավասությունների ավարտը:
Սակայն ոչ բոլոր ընդդիմադիր կազմակերպություններն էին կողմ փոխզիջմանը: Որկու կազմակերպությունների՝ «Այտայրա» և «Կանայք քաղաքականությունում» առաջնորդներ Լեոնիդ Լակերբայան և Իրինա Ագրբան հրաժարվեցին աջակցել փոխզիջումային համաձայնությանը, և հետևաբար շարունակելու են պահանջել նախագահի վաղաժամ հրաժարականը:
Հոդվածում արտահայտած մտքերն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության դիրքորոշման հետ:
Հրապարակվել է 30.12.2016