Ալի ԱԲԱՍՈՎ
Անկախ փորձագետ
Բաքու
Երկու երկրների հարաբերությունները պետք է քննել պատմության եւ իրականության զուգահեռ համատեքստերում: Ադրբեջանը երկար ժամանակ գտնվում էր Իրանական (Պարսկական) կայսրության կազմում, իսկ ադրբեջանական խանությունները Կովկասի եւ Անդրկովկասի ռուսական գրավումներին նախորդած շրջանում գտնվում էին Իրանից ուղիղ կամ միջնորդավորված կախման մեջ:
Որոշ աղբյուրներ հաստատում են, որ Ռուսական կայսրության անկումից հետո եւ Առաջին Աշխարհամարտի արդյունքներով Թեհրանը դիմել է արեւմտյան երկրներին Ադրբեջանն Իրանին միավորելու խնդրանքով, վկայակոչելով Ադրբեջանի` Իրանի կազմում երկարատեւ գտնվելու պատմությունը:
Ադրբեջանցիների մեծամասնությունը ոչ միայն դավանում է շիա մահմեդականությունը, այլեւ պատկանում է Իրանում գերիշխող ջաֆարյան ուղղությանը, որն էլ երկար ժամանակ մերձեցնում էր պարսիկների ու թուրք-ազերիների ինքնագիտակցությունը: Եվ թեպետեւ խորհրդային աթեիզմը շատ բան է արել մարդկանց հիշողության մեջ սույն կրոնական կապը ջնջելու ուղղությամբ, Ադրբեջանի անկախության առաջին իսկ տարիներին իրանամետ Իսլամական կուսակցության ստեղծումն ակներեւաբար ցույց է տալիս, որ բնակչության մի մասի մոտ Իրանի հանդեպ համակրանքը մնում էր բավականաչափ կայուն:
Իրանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները հիմնովին վատթարացել էին Ազգային Ճակատի իշխանության տարիներին: ԱՃ առաջնորդներն ամենատարբեր առիթներով անդրադառնում էին Իրանի քաղաքացի հանդիսացող հարավային ադրբեջանցիների խնդիրներին` բարձրացնելով ՙմասնատված ժողովրդի՚ հարցը: Ադրբեջանցիների հիշողության մեջ տպավորվել է այն հանգամանքը, որ Շուշին ընկել է հենց այն ժամանակ, երբ Թեհրանում Իրանի հովանավորության ներքո ընթանում էին հայ-ադրբեջանական բանակցությունները` ԼՂ հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ: Այդ պահից ի վեր իրանական բոլոր միջնորդական առաջարկություններն անգամ եթե չէին անտեսվում, ապա եւ չէին ընդունվում:
Հատկանշական են Իրանի դիրքորոշումները Կասպից ծովի կարգավիճակի հարցում եւ տարածաշրջան ԱՄՆ ներթափանցման կանխարգելման Թեհրանի վարած քաղաքականությունը: Նշենք, որ իրանական կողմի համոզմամբ` Ադրբեջանն, ընդհակառակը, սատարում է ԱՄՆ ներթափանցմանը: Իրանի կարծիքով` Կասպից ծովի վիճահարույց նավթահետախուզական ջրատարածքներից ադրբեջանցիներին ուժային վտարման փորձերն ավարտվել են Թուրքիայի կողմից ուժի ցուցադրմամբ, որի ռազմական օդանավերը Բաքվի վրա ցուցադրական թռիչքներ են կատարել` մատնանշելով Թեհրանին տարածաշրջանում դիրքերի բաշխվածության եւ դրանք պաշտպանելու վճռականության մասին:
Ի՞նչն է այսօր անհանգստացնում Իրանին: Նախ` Ադրբեջանում հզոր պետության ձեւավորման հավանականությունը եւ վերջինիս աշխարհիկ բնույթը, որը կրոնական արժեքների գերակայության վրա հիմնված Իրանի պետական կառուցվածքի ողջ համակարգի համար վատ օրինակ է հանդիսանում, ինչպես նաեւ թուրքաբնակ Հարավային Ադրբեջանի տարածքում անջատողականության սպառնալիքը: Ադրբեջանական էթնոսի հարավային զանգվածը, որն Իրանական Ադրբեջանի բնակչության մեծամասնությունն է կազմում` Արեւմտյան եւ Արեւելյան Ադրբեջան, Զենջան եւ Արդեբիլ նահանգներում, ինչպես նաեւ տարածված է Կազվին, Համադան, Գիլյան, Քուրդիստան, Ղում եւ Թեհրան նահանգներում` ամենախոշոր էթնիկական խումբն է, որը գերազանցում է անգամ Ադրբեջանի Հանրապետության բնակչության թվաքանակը: Իրանում մարդահամարն էթնիկական հիմունքներով չի անցկացվում, ուստի եւ ադրբեջանցիների քանակը մոտավորապես գնահատվում է 20-ից 36 միլիոն մարդ:
Անգամ Իրանի համար դա շատ նշանակալից թիվ է, ուստի պատահական չէ, որ այդ ժողովրդի ներկայացուցիչները լայնորեն ներկայացված են երկրի քաղաքականության, տնտեսության, մշակույթի եւ այլ բնագավառներում: Հյուսիսային ադրբեջանցինենը երբեմն սիրում են հաշվել Իրանի իշխող վերնախավում ՙյուրայինների՚ թիվը, մոռանալով, որ այդ «յուրայիններըե, ԽՍՀՄ ժամանակների ազգային միջավայրից սերած պաշտոնյաների նման, ժամանակակից իրանական արտաքին եւ ներքին քաղաքականության ամենանախանձախնդիր գործադրողներն են:
Բաքվի մերձեցումն Արեւմուտքի եւ, առաջին հերթին, ԱՄՆ հետ Ադրբեջանի հզորացման զսպման ու, թերեւս, հակամարտության շուտափույթ կարգավորման խոչընդոտման հիմնական փաստարկն է, քանզի կարգավորումից հետո տարածաշրջանի ժողովրդավարական զարգացումն անխուսափելի եւ հարեւանների համար մեծապես տպավորիչ կդառնա: Ավելին` Իրանը հաջողությամբ զարգացնում է Հայաստանի հետ համագործակցությունը, իսկ Ադրբեջանը, ոչ պակաս հաջողությամբ` Իսրայելի հետ, որը վկայում է երկու երկրների միջեւ բարդ հարաբերությունների առկայության մասին:
Անկախանալուց հետո Ադրբեջանը բախվել է Իրանից եկող եւ ամենատարբեր մակարդակներով (ձայնասփյուռային եւ հեռուստատեսային հաղորդումներ, տպագիր գրականության տարածում, օգնության հիմնադրամների ստեղծում եւ այլն) իրականացվող կրոնական ծավալապաշտությանը: Այսօր արտաքնապես այս գործունեությունը նվազել է, բայց Իրանն օգտագործում է ամեն մի հնարավորություն` ըստ կրոնի ՙիր եղբայրներին՚ ճշմարտության ուղու վրա վերադարձնելու համար: Այսպես, Ադրբեջանում վերջերս անցած շարժումը (իսլամական հատուկ կանացի խորհրդակիր գլխաշորը` խիջաբն ամենուր կրելու իրավունքի հաստատագրման համար) Իրանում հարուցել է Ադրբեջանի աշխարհիկ իշխանությունների երկարատեւ քննադատությունը: Բաքվի պաշտոնական քաղաքականությունը քննադատելու ասպարեզում առանձնահատուկ նախանձախնդրություն է դրսեւորում իրանական ՙՇեհեր՚ հեռուստաալիքը, որը հեռարձակվում է ադրբեջաներեն:
Խիստ արեւմտամետ դիրքորոշումներով աչքի ընկնող քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն Day.Az տեղեկատվական գործակալությանը (2011 թ. հունվարի 24-ին) ասել է. ՙՆերկա իրավիճակում Իրանն իր համար հսկայական հաջողություն կհամարեր Ադրբեջանում իսլամական հեղափոխության հաղթանակը, որի հետեւանքով նա վերածվեր իսլամական պետության: Դրա համար էլ Ադրբեջանում իրավիճակի սրման միջոցով Իրանը կամենում է հասնել ինչ-ինչ սեփական քաղաքական նպատակների: Երբ գործը հասնում է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային շահերին, Թեհրանը դավաճանում է մահմեդական երկրներին եւ իսլամին՚:
Երկու երկրների պաշտոնական հռետորաբանությունն ավելի մեղմ է. կողմերը սիրում են հիշատակել պետությունների պատմական մերձավորությունը: ՙԻրանի եւ Ադրբեջանի ժողովուրդները երկու եղբայրական ժողովուրդներ են: Այդ եղբայրությունը ծագում է պատմության խորքերից, մշակույթից եւ երկու ազգերի կրոնական հավատակցությունից՚, – անցյալ տարի Բաքվում հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ: Իսկ այս տարի Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին Ադրբեջան կատարած այցի ընթացքում նշել է. ՙԻրանի եւ Ադրբեջանի կապերն այլ երկրների նման մակերեսային բնույթ չեն կրում, այլ հենվում են շատ խորը եւ հոգեւոր արմատների վրա՚:
Միաժամանակ, Իրանի նախագահը, հավանաբար, արտաքին լսարանի համար ՙչի մոռացել՚ նշել, որ ՙԱդրբեջանի եւ Իրանի դերը Կասպից ծովում մեծ է եւ որոշիչ՚, իսկ Լարիջանին, հաստատելով, որ իր երկիրը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, նշել է, որ ՙԻրանը գտնում է, որ գերտերություններին հարկ չէ մասնակից դարձնել ԼՂ հակամարտության կարգավորմանը, քանի որ խնդիրը կարելի է լուծել տարածաշրջանային մակարդակի վրա՚:
Ինչեւէ, Թեհրանն ու Բաքուն իրար միջեւ համաձայնություն են կնքել, ըստ որի` երկրները չպետք է գործեն միմյանց շահերի դեմ: Դա, այնուամենայնիվ, կողմերին չի խանգարում քաղաքական նպատակներով միմյանց դեմ քարոզչական պատերազմ ծավալել, որը հաճախ հիմնված է նաեւ տնտեսական շահերի ու հակասությունների վրա: Իրանն օժտված է ահռելի ածխաջրածնային պաշարներով, իսկ արեւմտյան էներգետիկ նախագծերը, որոնց մասնակցում է Ադրբեջանը, Թեհրանին այդ նախագծերից դուրս են մղում: Արդեն այժմ Ադրբեջանը կարող է դեպի Թուրքիա օրական մատակարարել 1,2 միլիոն նավթի բարել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի միջոցով, մինչդեռ Իրանի համար այս ուղին ամբողջապես փակ է: Ներկայումս դիմակայության նոր առարկա է դառնում ՙՆաբուկո՚ նախագիծը, որն Իրանի շահերից բացի առնչվում է նաեւ Ռուսաստանի շահերին:
ԱՄՆ եւ վերջինիս դաշնակիցների կողմից Իրանի դեմ ռազմական ներխուժման կամ հրթիռակոծման սպառնալիք ստեղծած Թեհրանի միջուկային ծրագիրն Ադրբեջանին կանգնեցրել է դիմակայող կողմերի միջեւ հավասարակշռություն պահպանելու բարդագույն դրության մեջ: Հարկ է նշել, որ Բաքուն, այնուամենայնիվ, հաստատապես հայտարարել է, որ թույլ չի տալու օգտագործել իր տարածքը Իրան ներխուժելու կամ այդ երկրին ռազմական հարվածներ հասցնելու համար:
Ադրբեջանն աշխուժորեն զարգացնում է համագործակցությունն ԱՄՆ հետ անվտանգության եւ, առաջին հերթին, միջազգային ահաբեկչության դեմ պայքարում: Ադրբեջանի բանակայինները գտնվում են Իրաքում եւ Աֆղանստանում: Սակայն դա չի նպաստում հակամարտության կարգավորմանը: Խնդիրն այն է, որ միաժամանակ մի քանի խոշոր երկրներ եւ համաշխարհային գերտերություն ԱՄՆ-ն տարածաշրջանում ունեն իրենց ՙկենսականորեն կարեւոր եւ ռազմավարական՚ շահերը, որոնք փոխհյուսված են ոչ միշտ հրապարակայնորեն խոստովանվող հակասություններից: Հարավային Կովկասի երեք հանրապետություններին դիմակայող երկրների կողմից վերապահվում է տարբեր դերակատարություն, թեեւ ակնհայտ է, որ որեւէ երկրի հավակնությունների լիակատար իրագործումը հնարավոր է միայն այդ երկրների` միասնական աշխարհաքաղաքական տարածությունում ընդգրկվելու պայմանով:
Ակնհայտ է, որ համաշխարհայնացման գործընթացները չէին կարող չանդրադառնալ տարածաշրջանի վրա, որն արտաքնապես պիտակվում է ըստ նրան վերագրվող այս կամ այն ռազմավարական համատեքստի: Ռուսաստանի համար այս տարածաշրջանը ԽՍՀՄ փլուզումը ճայթեցրած ՙմերձավոր արտասահմանն՚ է, որը դիտարկվում է որպես Մոսկվայի քաղաքական պարտադիր ներկայության գոտի` հյուսիս-հարավ առանցքի վրա յուրօրինակ կամուրջ` դեպի Արեւելք, Միջին եւ Կենտրոնական Ասիա եւ Մերձավոր Արեւելք տանող դարպաս: Եթե տարածաշրջանը դիտարկենք ԱՄՆ դիրքերից, ապա դա այլ ռազմավարական օբյեկտ է` ելք (այդ թվում եւ ռազմական) դեպի Իրան, հակաահաբեկչական պատերազմի ընթացքում ձեւավորված շղթայի մի օղակ, Աֆղանստանի ուղղությամբ ելք ապահովող մի տարածություն, էներգակիրների եւ հաղորդակցային ուղիների նոր աղբյուր, որը կարող է նվազեցնել Արեւմուտքի կախվածությունը ռուսական էներգակիրներից: Եվրոպայի համար այն տարածքային ընդարձակման տարածաշրջան է, իր հերթական աշխարհագրական կետը, որը Թուրքիայի հետ ջանքերը համատեղելու դեպքում մոտակա հեռանկարում կարող է վերածվել Եվրոպայի քաղաքական ներկայության սահմանի: Այն հնարավոր ՙկամուրջն՚ ու հաղորդակցային գիծն է Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ:
Համապատասխանաբար, իրական աշխարհաքաղաքական դիրքավորումների տեսանկյունից, Հարավային Կովկասի համար ժամանակակից ինտեգրացիոն մեխանիզմներն ունեն երեք ուղղվածություն. Եվրամիություն տանող ուղի, ինտեգրում եվրակառույցներին, տեղական ինտեգրում ԱՄՆ հովանու ներքո եւ, ի վերջո, նվազ հավանական, բայց ամբողջապես ոչ բացառելի` տարածաշրջանի Ռուսաստանին կապված լինելու հանգամանքով պայմանավորված ինտեգրում: Վերջին դեպքում, հաշվի առնելով Շանհայյան համագործակցության կազմակերպության պես ճկուն զարգացող տարածաշրջանային կառույցի գործունեությունը, հնարավոր է լայն ինտեգրման տարբերակը` Իրանի, Թուրքիայի (առնվազն) եւ անգամ Կենտրոնական Ասիայի երկրների, Չինաստանի ու Հնդկաստանի ներգրավմամբ:
Ինչպես հայտնի է, քաղաքական հարաբերությունների եւ դրանց դրական կամ բացասական վիճակի գլխավոր մղիչ ուժը, վերջին հաշվով, հանդիսանում են ոչ թե որեւէ առիթով հնչած պաշտոնական հայտարարությունները, այլ երկրների միջեւ տնտեսական համագործակցության զարգացման մակարդակը, որը սեղմագույն ժամկետներում ի վիճակի է կարգավորելու պետությունների միջեւ ծագած բոլոր հակասությունները: Ադրբեջանը տարածաշրջանում արեւմտյան երկրների եւ ԱՄՆ մշակած եւ իրականացվող բազմաթիվ լայնածավալ տնտեսական նախագծերի մասնակիցն է: Միաժամանակ, վերջին շրջանում Ադրբեջանն ավելի հաճախ է դրսեւորում իր շահագրգռվածությունը Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի մասնակցությամբ տարածաշրջանային տնտեսական զարգացման ուղղությամբ: Օրինակների համար հեռուն գնալու կարիք չկա:
Ռուսաստանը, Իրանը եւ Ադրբեջանը ձեռնամուխ են եղել երեք երկրների երկաթգծային համակարգերի միավորման իրականացմանը` ՙՀյուսիս-Հարավ՚ լայնածավալ նախագծի շրջանակներում, որը թույլ կտա միավորել նշանակալից տարածքներ միասնական տնտեսական գոտու մեջ: Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Իրանի երկաթգծերի վարչությունների ղեկավարները սույն թվականի փետրվարի 7-ին Թեհրանում ստորագրել են համաձայնություն` ՙՀյուսիս-Հարավ՚ երկաթգծային հաղորդակցային միջանցքի նախագծի շրջանակներում համատեղ ձեռնարկություն ստեղծելու վերաբերյալ: Երկաթգծի կառուցման համար նախատեսված են 400 միլիոն դոլարի չափով ներդրումներ:
Սույն թվականի հուլիսին Ադրբեջանի եւ Իրանի խորհրդարանների խոսնակներ Օգթայ Ասադովի եւ Ալի Լարիջանիի հանդիպման ժամանակ ընդունվել է Ադրբեջանի, Թուրքիայի եւ Իրանի խորհրդարանների ղեկավարների եռակողմ հանդիպում անցկացնելու որոշում:
Թուրքիան եւ Իրանը սկսել են բանակցել երկու երկրների սահմանին ազատ տնտեսական գոտու ստեղծման շուրջ: Նախագծի իրականացումից հետո վերջինիս կարող են միանալ նաեւ հարեւան երկրները, առաջին հերթին` Ադրբեջանն ու Վրաստանը: Բացի դրանից, Թուրքիան, Վրաստանը եւ Ադրբեջանը ձեռնամուխ են եղել միասնական էլեկտրահամակարգի ստեղծմանը. համանման նպատակ են հետապնդում նաեւ Իրանն ու Հայաստանը:
Եվ բոլորովին նոր իրադարձություն. Թուրքիան, Իրանը եւ Ադրբեջանը հայտարարել են տնտեսական համագործակցության մակարդակը բարձրացնելու եւ մի շարք համատեղ նախագծեր իրականացնելու մտադրության մասին: Հռչակագիրը ստորագրվել է ապրիլի 16-ին` Ուրմիա լճին հարակից համանուն քաղաքում` Իրանի Արեւմտյան Ադրբեջան նահանգում:
Անտարակույս, կողմերի տնտեսական մերձեցումն արտացոլում է տարածաշրջանի քաղաքական իրողությունները` Իրանի շրջափակումը, Արեւմուտքի մերժողական կեցվածքը մոտակա հեռանկարում Թուրքիան ԵՄ կազմի մեջ ընդգրկելու հարցում, Ադրբեջանի ձգտումներն Արեւմուտքի հետ հարաբերություններում տնտեսական շահութաբաժնից բացի նաեւ քաղաքական օգուտներ քաղելու առումով: Թուրքիան վաղուց հանդես է եկել Կովկասյան հենահարթակի (պլատֆորմի) գաղափարով, որը Ռուսաստանի մասնակցությամբ հանդերձ ծրագրում է միավորել տարածաշրջանի տնտեսական ներուժը: Ավելին` Անկարայի հավակնությունները հարկադրում են նրան գովազդել Եվրամիության օրինակով կայանալիք ինչ-որ Եվրասիական Միություն, որն, ի տարբերություն Եվրամիության, ունենալու է ահռելի ժողովրդագրական եւ տնտեսական ներուժ: Հետաքրքրական է նշել, որ Մոսկվան սույն նախագիծն անմիջապես չի մերժում: Գլխավոր հարցն այն է, թե ո՞վ է նվագելու առաջին ջութակն այդչափ ընդգրկուն նախագծում, որի մասնակիցն անպայման դառնալու է նաեւ աշխարհի երկրորդ տնտեսական հսկան` Չինաստանը:
Իսկ մինչ այդ, տարածաշրջանի երեք երկրները` Թուրքիան, Իրանը եւ Ադրբեջանը նախատեսում են իրականացնել առաջին քայլերը` վերացնել պատնեշները փոխադարձ առեւտրում, գործարկել նոր հաղորդակցային ուղիներ, տնտեսական նախագծի հիմքում զետեղել ժողովուրդների մերձեցմանը նպաստող մշակութային ծրագիր:
Անտարակույս, Արեւմուտքը գաղտնաբար դիտում է այս նախաձեռնությունները որպես սպառնալիք իր շահերին, սակայն չի շտապում այդ մտքերը բարձրաձայն արտահայտել, կարծելով, որ այս նախաձեռնությունն այլոց նման չի իրականանա: Միաժամանակ, Անկարայի սույն խաղաթուղթը կարող է փոխել որոշ արեւմտյան երկրների դիրքորոշումը Եվրամիությանը Թուրքիայի անդամակցելու հարցում:
Հանդիպման արդյունքներով ընդունված հռչակագիրը բաղկացած է ինը կետից, որոնց մեջ նշված է տարածաշրջանային հակամարտությունները պետությունների տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության շրջանակներում կարգավորելու անհրաժեշտությունը:
Թեհրանը բավարարվել է հռչակագրի տեքստում միջուկային զենքի չտարածման պայմանագրի շրջանակներում միջուկային տեխնոլոգիաները խաղաղ նպատակներով օգտագործելու իր իրավունքի հաստատմամբ:
Հանդիպման մասնակից երկրները նախատեսում են իրականացնել համատեղ ներդրումներ էներգետիկայի, զբոսաշրջության եւ այլ ասպարեզների զարգացման նախագծերի շրջանակներում: Հայտարարված հեռանկարների իրականացման նպատակով ստեղծվելու է տնտեսության հարցերով եռակողմ կոմիտե, նվազեցվելու են մաքսային տուրքերը, հաստատվելու է սահմաններն անցնելու պարզեցված կարգ, նորոգվելու են սահմանապահ անցակետերը: Բաքուն, Անկարան եւ Թեհրանը նախատեսում են արդյունավետորեն տեղեկատվություն փոխանակել անվտանգության եւ ահաբեկչության դեմ պայքարի, զենքի, թմրամիջոցների մաքսանենգության եւ ապօրինի ներգաղթի ասպարեզներում:
Ընդհանուր առմամբ, ինչպես կանխատեսում են նաեւ արեւմտյան փորձագետները, Իրանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները մերձակա հեռանկարում զարգանալու են պարբերական սառեցումների եւ ջերմացումների կաղապարում: Ներկա պահին Թեհրանն առավել մտահոգված է ՙարաբական հեղափոխություններով՚, որոնք կանխորոշում են ոչ միայն իսլամական, այլեւ ողջ աշխարհի ապագան: Իրանի` իսլամական աշխարհի առաջատարը դառնալու հավակնությունները Թեհրանին թելադրում են արտաքին քաղաքականության համապատասխան մոդելը` Մերձավոր Ասիայում շիա ուժերի հզորացումը:
Իսկ երկարաժամկետ հեռանկարում Բաքվի եւ Թեհրանի միջեւ կայուն փոխհարաբերություններն ուրվագծվում են երկու պետություններում միջազգային իրավունքի միջոցով բոլոր խնդիրները կարգավորելուն ընդունակ ժողովրդավարական վարչակարգերի կայացման ուղու վրա:
Azerbaijan’s President Ilham Aliyev greets his Iranian counterpart Mahmoud Ahmadinejad at his residence in Baku.Photo: www.allvoices.com