Ավազ ՀԱՍԱՆՈՎ
Հումանիտար հետազոտությունների
հանրային միավորում
Բաքու
2017 թվականն Ադրբեջանի համար կհիշվի որպես լարված փորձությունների և որոշումների ընդունման տարի: Այս տարի երկրի արտաքին քաղաքականության մեջ առկա հարաշարժ գործընթացներին զուգահեռ մենք նաև ականատեսը դարձանք երկրի ներսում բարեփոխումների թուլացման: Մինչդեռ տարեսկզբին՝ 2016 թվականին անցկացված հանրաքվեի արդյունքներին համապատասխան, մեկնարկ էր տրվել կադրային և կառուցվածքային փոփոխություններին: Հանրաքվեի արդյունքների համաձայն՝ Ադրբեջանում ստեղծվեց փոխնախագահի ինստիտուտը, իսկ այդ պաշտոնում թեկնածուների հաստատումն էլ անցավ նախագահի լիազորությանը: Փետրվարին նախագահ Իլհամ Ալիևը, օգտագործելով իր լիազորությունները, փոխնախագահի պաշտոնում հաստատեց առաջին տիկին Մեհրիբան Ալիևային: Միաժամանակ մեկնարկ տրվեց փոխնախագահի ինստիտուտի ձևավորմանը՝ առաջին տիկնոջ թիմի անդամներից: Սակայն չնայած այն հանգամանքին, որ տարին ավարտին է մոտենում, առայժմ հնարավոր չէ որևէ լուրջ կարծիք հայտնել այդ հաստատության բոլոր գործառույթների և կառավարման գործում դրա ներդրման մասին: Քանի որ 2018 թվականը նախագահական ընտրություների տարի է (դրանք պետք է անցկացվեն հոկտեմբերին), կարելի է հուսալ, որ տարեսկզբին ավելի հստակ ծրագիր կներկայացվի այդ հաստատության գործառնության վերաբերյալ:2016 թվականի ապրիլյան դեպքերն ընդհատել էին ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև ընթացող բանակցությունները: Անցած ժամանակահատվածում և հատկապես 2017-ի տարեսկզբից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ձգտում էին վերականգնել բանանակցություները Ադրբեջանի և Հայաստանի նախագահների ու արտգործնախարարների միջև, սակայն դա հաջողվեց անել միայն հոկտեմբերին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից Ադրբեջանի և Հայաստանի նախագահների միջև հանդիպում կազմակերպելու շնորհիվ (այն կայացավ հոկտեմբերի 16-ին, Ժնևում) ավելացան բանակցությունների գործընթացի վերականգնման հույսերը: Սակայն այդ հանդիպման ժամանակ քննարկման համար փաստաթղթի կամ էլ կողմերին բավարարող առաջարկների բացակայությունը թույլ էր տաիս վաղօրոք կանխատեսելու, որ լուրջ արդյունք չի լինի: ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքին ժամանակավոր փոխարինած Ռիչարդ Հոգլանդի բարձրաձայնած սկզբունքներից և “Լավրովի պլան” հորջորջված հին առաջարկներից բացի որևէ նոր առաջարկ կամ դրա մասին խոսակցություն չկա: Իրականում, այդ բոլոր առաջարկները, որոնց վրա խարսխված են “Մադրիդյան սկզբունքները”, նորություն չեն հակամարտության կողմերի համար:
Թվում է՝ Ադրբեջանն առանձնակի մղումներ չի դրսևորում Արևելյան գործընկերության ծրագրին համապատասխան Եվրամիության հետ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ: 2014 թվականին հրաժարվելով ԵՄ հետ ասոցացման տիպային համաձայնագրի կնքումից և նախապատվությունը տալով անհատական ռազմավարական համագործակցությանը՝ երկիրը դրանով իսկ հիմք է տվել եզրահանգելու, որ պատրաստ չէ ԵՄ հետ կնքելու առևտրի ազատ գոտու մասին պայմանագիրը (DCFTA): Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամագրվելը, որը ԵՄ հետ համաձայնագրի պայմաններից մեկն է, նույնպես ներկայումս Ադրբեջանի առաջնահերթ խնդիրներից չէ: Չնայած դրան՝ ներկայումս մշակվում է ԵՄ հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիր, և այդ առնչությամբ արդեն իսկ Եվրախորհրդարանը Եվրոպական հանձնաժողովին տվել է համապատասխան մանդատ: Տարեսկզբին Բաքու են այցելել Եվրահանձնաժողովի մի շարք անդամներ, որից հետո ԵՄ անդամ երկրների դեսպանները կառավարության հետ բանակցություներ են սկսել այդ ուղղությամբ: Բանակցությունների ընթացքն արագացնելու նպատակով գործում են երեք աշխատանքային խմբեր, որոնք ինտենսիվ խորհրդատվություններ են անցկացրել 2017-ին: Ինչ խոսք, ադրբեջանական հանրությանը քիչ են իրազեկում ԵՄ հետ առնչվող գործընթացների մասին: Մամուլն ու քաղաքացիական հասարակությունը կարող են ընթացող բանակցությունների, քննարկվող ռազմավարական փաստաթղթի բովանդակության մասին խոսել ու գրել միայնումիայն սեփական պատկերացումների հիման վրա:
Ադրբեջանի հետ այս անորոշ համագործակցության համապատկերում Եվրամիության և Հայաստանի Հանրապետության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը խառնել է բոլոր խաղաքարտերը երկրի ներսում: Բրյուսելում նոյեմբերի 24-ին համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը Հայաստանի՝ մի երկրի հետ, որը ՀԱՊԿ, ԵԱՏՄ և դրա մաքսային միության անդամ է, Ադրբեջանին հնարավորություն է տվել թեսթավորելու իր ունեցած հնարավորությունները: Ադրբեջանը երբեք չի հրաժարվել ԵՄ հետ համագործակցությունից, ընդհակառակը՝ նա շահագրգռված է համաձայնագիր կնքել՝ երկրի համար առավել բարձր կարգավիճակի հիման վրա: Միևնույն ժամանակ, Ադրբեջանը շահագրգռված չէ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու մեջ: Իսկ հիմա Հայաստանի օրինակը (որը Ռուսաստանի հիմնական գործընկերն է Կովկասում) ընդլայնել է Ադրբեջանի մանրևելու հնարավորությունը: ԵՄ հետ նախկին կապերի խորացման հետ մեկտեղ Ադրբեջանը թեսթավորում է Ռուսաստանի նախաձեռնությանը միանալու հնարավորությունը: Տարեվերջին շատացել են զրույցները Ռուսաստանի գլխավորած ԵԱՏՄ հետ կապեր հաստատելու և համագործակցելու վերաբերյալ:
Սակայն ԵԱՏՄ-ին անդամակցելու պաշտոնական հրավեր Ադրբեջանին չի եղել՝ չնայած քաղաքական գործիչների և Մոսկվայի էմիսարների ելույթներում այդ մասին հիշատակումների: Այս մասին խոսվել է 1news.az կայքին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի տված հարցազրույցում: Նախարարի ասածներից պարզ դարձավ, որ ԵԱՏՄ-ին անդամակցելու հարց ներկայումս Ադրբեջանի օրակարգում չկա: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ելույթ ունենալով Ադրբեջանական դիվանագիտական ակադեմիայի ուսանողների առաջ, փաստորեն ակնարկեց, որ Ռուսաստանը բավարարված կլիներ, եթե Ադրբեջանին տեսներ ԵԱՏՄ-ում: Լավրովի այսօրինակ բավարարվածությունը ցայսօր իր պաշտոնական հաստատումը չի գտել Ռուսաստանի և կազմակերպության անդամ այլ պետությունների պաշտոնական անձանց կողմից: Ուստի Ադրբեջանի վրա այս ուղղությամբ գործադրվող ճնշման (որպեսզի մինչև տարեվերջ երկիրն անդամակցի նշված կազմակերպությանը) և ջանքերի մասին պնդումները շարունակում են որպես միֆ մնալ: ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացների նկատմամբ լուրջ հետաքրքրություն չկար նաև Հեյդար Ալիևի նախագահության օրոք, ինչն էլ կառավարությանը մղում է ձեռնպահ մնալու վաղաժամ որոշումներից: Բոլորի համար էլ պարզ է, որ Ադրբեջանի համար որպես հիմնական տնտեսական գործընկերներ շարունակում են մնալ եվրոպական երկրները: Ադրբեջանի պարենային, արդյունաբերական և գյուղատնտեսական շուկայում Ռուսաստանի տեսակարար կշիռը զիջում է Եվրոպային, Թուրքիային և այլ երկրների:
Մեկ այլ ուշագրավ հանգամանք է այն, որ տարեվերջին մենք ականատես եղանք Ադրբեջանի նկատմամբ հարգալից վերաբերմունքի ռուսաստանցի փորձագետների և անգամ այն վերլուծաբանների հարցազրույցներում, որոնք կոշտ կանխատեսումներ էին անում Ադրբեջանի վերաբերյալ: Դա արվում էր ի նշան բողոքի առ այն, որ Եվրամիության և Հայաստանի Հանրապետության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր է կնքվել, և միտված էր ԱՊՀ տարածքում Ադրբեջանի ակտիվության խրախուսմանը: Ռուսաստանի նման պահվածքի համապատկերում այս տարի Ադրբեջանի վերաբերյալ Եվրոպական Միության և Եվրոպայի Խորհրդի հայտարարություններն ու բանաձևերը հանգեցրին եվրաինտեգրման առնչությամբ կառավարության տատանումներին, ստիպելով չշտապել համագործակցության մասին համաձայնագրերի կնքման հարցում:
Ադրբեջանը 2017 թվականը եզրափակում է առանց քաղաքական լուրջ նախապատվությունների այնպիսի մի ժամանակաշրջանում, երբ ավելի հստակ են երևակվում տարածաշրջանային շահերը: Չնայած դրան՝ “Երուսաղեմի վերաբերյալ ԱՄՆ նախագահի որոշումը” դատապարտող սթամբուլյան արշավը սատարելու՝ Թուրքիայի նախագահի կոչին միանալը կարելի է համարել անցնող տարվա ամենառիսկային քայլերից մեկը:
2018 թվականին երկրում անցկացվելու են նախագահակն ընտրություններ, և ակնկալվում է, որ Ադրբեջանը կստորագրի ԵՄ հետ համագործակցության համաձայնագիր: Այս առումով 2018 թվականը խոստանում է երկրում դառնալ քաղաքական հետաքրքիր քայլերի տարի: