ովքե՞ր են «ազգ-բանակ» ծրագրի իրական շահառուները
Միքայել ԶՈԼՅԱՆ
Քաղաքագետ
Երևան
«Ազգ-բանակ» ծրագիր․ ռազմավարությու՞ն, թե՞ հռետորաբանություն
Անցյալ տարին նշանավորվեց մի նոր բառակապակցությամբ, որն անդընդհատ լսում էինք իշխանության ներկայացուցիչների ելույթներում, ԶԼՄ-երի հրապարակումներում, սոցիալական ցանցերի օգտատարերի բանավեճերում։ Խոսքն «ազգ-բանակ» բառակապակցության մասին է։ Սակայն, որքան էլ այդ բառակապակցութունը հաճախ է օգտագործվում, հանրությունն առայժմ չի տեսել «ազգ-բանակի» հայեցակարգը։ Այնպես որ դժվար է գնահատել, թե ինչ սկզբունքների վրա է այն հիմնված և ինչ քայլերի հերթականություն է ենթադրում։ Կան առանձին նախաձեռնություններ, ինչպես, օրինակ, «Պատիվ ունեմ» կամ «Ես եմ» ծրագրերը, որոնք կարող են ի վերջո դրական արդյունք տալ։ Սակայն, ամբողջական պատկերացում «ազգ-բանակի» ռազմավարության մասին հանրությունը չունի, և բացառված չէ, որ նման ռազմավարություն պարզապես գոյություն չունի։ Առայժմ «ազգ-բանակ» ծրագրի ամենաակնհայտ դրսևորումն է միլիտարիստական քարոզչության շեշտակի աճը և իշխանության հակառակորդներին «դավաճանների» կամ «դասալիքների» դերում ներկայացնելը։ Երևանի տարբեր հատվածներում կարելի է հանդիպել «ազգ-բանակի» գաղափարը քարոզող բավականին պարզունակ քարոզչական պաստառների, որոնք հիշեցնում են Լճացման շրջանի խորհդային քարոզչությունը։Եթե «ազգ-բանակ» ծրագիրը ենթադրեր, որ ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է ստանան մարտական զենք և ձեռք բերեն այդ զենքը կիրառելու հմտություններ, ապա այն կստանար վերնագրին հարիր բովանդակություն։ Այդ դեպքում էլ, իհարկե, կլինեին վեճեր ծրագրի դրական և բացասական կողմերի մասին։ Ծրագրի կողմնակիցները կասեին, որ այն կարող է զգալիորեն ավելացնել Հայաստանի ռազմական ներուժը։ Հակառակորդներն էլ մատնացույց կանեին, որ այն կարող էր խթանել զենքի օգտագործմամբ հանցագործությունների և դժբախտ պատահարների աճ։ Այնպես որ, վեճեր ցանկացած դեպքում կլինեին, բայց, համենայն դեպս, պարզ կլիներ ծրագրի տրամաբանությունը։ Սակայն, հաշվի առնելով Հայաստանի քաղաքական համակարգի առանձնահատկությունները, դժվար է պատկերացնել, որ իշխանությունը կգնար հասարակ քաղաքացիներին զինելու ճանապարհով, անգամ եթե դա թույլ տար բարձրացնել երկրի պաշտպանունակությունը։ Չէ՞ որ քաղաքացիներին զինելու հետևանքներն իր իսկ՝ իշխանության համար կարող էին անկանխատեսելի լինել։ Փոխարենը, ունենք պաշտպանության ոլորտին առնչվող մի քանի նախաձեռնություններ և միլիտարիստական քարոզչության աճ, որոնց համադրումը, հավանաբար, և պետք է համարել «ազգ-բանակ» ծրագրի հիմնական էությունը։
«Հազար դրամը» և տարկետման վերացումը
Հասարակության ընկալումներում սովորաբար «ազգ-բանակ» ծրագրի հետ են կապվում նաև զոհված և հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության հիմնադրամի ստեղծման ծրագիրը (որը հանրության մեջ հայտնի դարձավ իբրև «1000 դրամի» ծրագիր) և ԲՈՒՀ-երի ուսանողների տարկետման կարգի փոփոխությունը։ Այս երկու դեպքում էլ վիճելի է, թե արդյո՞ք այդ քայլերը կարող են դիտարկվել որպես ռազմավարական ծրագրի մի մաս, թե՞ ընդամենը իշխանությունների արձագանքն են կոնկրետ խնդիրներին։ Սակայն, երկու դեպքում էլ իշխանությունն օգտագործեց «ազգ-բանակի» քարոզչական ներուժը՝ քննադատներին լռեցնելու և անհարմար հարցերին պատասխանելուց խուսափելու համար։
Տարկետման վերացումը եղել է իշխանությունների օրակարգում դեռևս 1990-ականներից, երբ «ազգ-բանակ» ծրագրի մասին ոչ ոք չէր լսել։ Այսօր այն նորից հայտնվել է օրակարգում, հավանաբար՝ ժողովրդագրական բացասական միտումների հետևանքով։ Սակայն, տարկետման վերացումը, համենայն դեպս՝ այն ձևով, որով դա արվում է, կարող է ավելի շատ բացասական հետևանքներ ունենալ, քան դրական։ Ճիշտ է, հավանաբար, զինակոչիկների թիվը ինչ-որ չափով կավելանա։ Սակայն, վերնախավը, որը մինչ այժմ ըստ էության դե ֆակտո ազատված էր զինծառայությունից, կպահպանի իր այդ ոչ ֆորմալ արտոնությունը։ Նրանք, ովքեր նախկինում օգտագործում էին տարկետումն իրենց երեխաներին բանակից ազատելու համար, այժմ կգտնեն նոր կոռուպցիոն մեխանիզմներ։ Սա իր հերթին ավելի կխորացնի հանրության մեջ սոցիալական անարդարության զգացումը և «ռազմահայրենասիրական ոգին» բարձրացնելու փոխարեն հակառակ էֆեկտ կունենա՝ նպաստելով արտագաղթին։ Արդեն իսկ արու զավակներ ունեցող ընտանիքների շրջանում արտագաղթը դարձել է լայնատարած սոցիալական երևույթ, հատկապես՝ այսպես կոչված «միջին խավի» շրջանակներում (համենայն դեպս՝ դրա մասին շատ է խոսվում, թեև վստահելի սոցիոլոգիական հետազոտություն այդ թեմայով չկա)։
Գիտության և բարձրագույն կրթության ոլորտների համար ևս այս որոշման հետևանքները կարող են ծանր լինել։ Եթե Հայաստանում իրավիճակն այլ լիներ, ի վերջո, գուցե կարելի էր հաշտվել այդ վնասի հետ։ Սակայն, Հայաստանում կրթությունն ու գիտությունն առանց այդ էլ հետընթաց են ապրում, հետևաբար այս որոշման հետևանքները կարող են անդառնալի կորուստներ պատճառել։ Այսօր համալսարաններում և այլ գիտական հաստատություններում աշխատող երիտասարդ մասնագետների զգալի մասը ժամանակին օգտվել են այդ տարկետումից։ Մեծ հարց է՝ արդյո՞ք տարկետման վերացումից հետո հնարավոր կլինի համալրել կադրերը, որոնք անհրաժեշտ են Հայաստանում կրթությունն ու գիտությունը կենդանի պահելու համար։ Խնդիրն այն է, որ տարկետման վերացման արդյունքում բազմաթիվ պոտենցիալ գիտնականներ կարող են ընտրել մեկ այլ զբաղմունք կամ էլ կգերադասեն գիտությամբ զբաղվել արտերկրում։
Ինչ վերաբերում է հազար դրամի հավաքագրմանը, զոհված և հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին աջակցությունը խիստ կարևոր է, և որևէ մեկը կասկածի տակ չի դնում այդ նպատակը։ Սակայն, պարզ չէ, թե ինչու այդ խնդիրը պետք է լուծվեր հատուկ հիմնադրամի, այլ ոչ թե բյուջեի հաշվին, ընդ որում՝ այդ նպատակով գումար հավաքագրելու համար առանց այդ էլ ծանր հարկային բեռին դե ֆակտո պետք է ավելացվի նոր հարկ։ Նույն տրամաբանությամբ կարելի է վերցնել ընդհանրապես ցանկացած խնդիր, որը պետք է լուծի պետությունը բյուջեի միջոցներով և այդ խնդրի լուծման համար ստեղծել առանձին հիմնադրամ և մտցնել նոր հարկ, որը կշրջանցի բյուջեն։ Դրան գումարվում է այն, որ այս նոր դե ֆակտո հարկը կազմում է հազար դրամ ցանկացած աշխատողի համար՝ անկախ նրա եկամուտների չափից, ինչը հակասում է սոցիալական արդարության նվազագոււյն պահանջներին։ Նման հարցերի պատասխանները տալու փոխարեն իշխանությունը դիմեց ինչ-ինչ հռետորաբանական ճոռոմ արտահայտությունների և քննադատներին հայրենասիրության պակասի մեջ մեղադրելու մարտավարության։
Մեկ ազգ-բանակ, մեկ հրամանատար
Այսպիսով, «ազգ-բանակ» անվան տակ իրականում միավորված են նախաձեռնություններ, որոնց մի մասն իրո՛ք ուղղված է անվտանգության մակարդակի բարձրացմանը (այլ հարց է, թե որքանով են դրանք արդյունավետ), սակայն այս պահին գերակշռում է քարոզչական և քաղաքական բաղկացուցիչը։ «Ազգ-բանակ» ծրագրի անվան տակ իրականացվում է հասարակության ռազմականացման և «գերագույն հրամանատարի» շուրջ համախմբան քարոզչություն, որը քիչ կապ ունի երկրի անվտանգությանն մարտահրավերների հետ։ Ավելին, այս քարոզչությունը դառնում է ծխածածկույթ, որը թաքցնում է այն հանգամանքը, որ ռեալ պայքար չի տարվում պետական համակարգի անարդյունավետության և համատարած կոռուպցիայի դեմ։
«Ազգ-բանակի» հռետորաբանության ետևում կարելի է տեսնել երկու նպատակ՝ երկարաժամկետ և կարճաժամկետ։ Երկարժամկետ նպատակն է ՝ հասարակությունն ավելի կառավարելի դարձնել։ Սա մի քվազի-գաղափարախոսություն է, որը կոչված է ապահովելու վարչակարգի կենսունակությունը։ Բանակը մի կառույց է, որտեղ հրամանատարն ընտրովի չէ, նրա հրամանները չեն քննարկվում և պարտադիր կատարվում են, իսկ նրանք, ովքեր հրաժարվում են ենթարկվել, համարվում են «դավաճան» կամ «դասալիք»։ Բանակում սա միանգամայն բնական է։ Սակայն, այդ մոդելի կիրառումն ամբողջ հասարակության մաշտաբով բնորոշ է ավտորիտար և անգամ տոտալիտար վարչակարգերին։ Եթե իշխանություններին հաջողվի հասարակությանը պարտադրել այս մոդելը, ապա դա գուցե կհեշտացնի իշխող վերնախավի անդամների կյանքը, սակայն այն կարող է խիստ բացասական հետևանքներ ունենալ Հայաստանի բնակչության մեծագույն մասին համար։
Կա նաև կոնկրետ կարճաժամկետ խնդիր՝ ապահովել Սերժ Սարգսյանի քաղաքական երկարակեցությունը։ Վերջին ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ին տրված ձայների զգալի մասը պայմանավորված էր վարչապետ Կարեն Կարապետյանի անձով, ինչպես նաև տեղերում ՀՀԿ-ական թեկնածուների ունեցած ռեսուրսով։ Ավելին, ՀՀԿ-ի կուսակցական բրենդը և անձամբ Սարգսյանը գրեթե աննկատ էին նախընտրական արշավի ժամանակ։ Այդ պայմաններում հեշտ չէ հասարակությանը հաշտեցնել այն մտքի հետ, որ 2018 ապրիլից հետո Սարգսյանը չի պատրաստվում հեռանալ իշխանությունից։ Սա բավականին բարդ խնդիր է, առավել ևս, որ Սարգսյանին դժվար է համարել խարիզմատիկ առաջնորդ (ի տարբերություն, օրինակ, Բելառուսի նախագահ Ա․ Լուկաշենկոյի), իսկ նրա կառավարման ընթացքում չի գրանցվել զգալի առաջընթաց սոցիալ-տնտեսական ոլորտում։ Այսպիսով, վարչակարգի և անձամբ Սարգսյանի քաղաքական կենսունակությունն ապահովելու համար անհրաժեշտ է ստեղծել որոշակի գաղափարական հիմք, և «ազգ-բանակը» կատարում է այդ գործառույթը։
Այս ամենը գուցե և բխում է իշխող վերնախավի շահերից, բայց, ի վերջո, թուլացնում է Հայաստանը, քանի որ նպաստում է հասարակ քաղաքացու և պետականության միջև անջրպետի խորացմանը։ Այս հռետորաբանության երկարարժամկետ հետևանք կարող է լինել նաև բանակի հանդեպ հանրության վստահության անկումը։ Եթե նախկինում բանակը թերևս միակ պետական ինստիտուտն էր, որը հանրային գիտակցության մեջ ինչ-որ չափով անջատված էր իշխանությունից, և իշխանության հանդեպ բացասական վերաբերմունքից զերծ էր մնում, ապա «ազգ-բանակի» հռետորաբանության հետևանքով իշխանությունն ու բանակը սկսում են նույնականացվել։ Իհարկե, իշխանությունը հույս ունի, որ այս ամենի արդյունքում հանրությունն ավելի կառավարելի կդառնա, բայց դրա արդյունքը կարող է լինել միանգամայն այլ․ բանակը կարող է կորցնել վստահության այն պաշարը, որն այսօր դեռևս առկա է։