ստախո՛ս, մարդասպա՛ն, դեւ՛, սադի՛ստ
Մարգարիտա ՃԱՂԱՐՅԱՆ
Տնտեսության բարձրագույն դպրոց
Սանկտ-Պետերբուրգ
Ոչինչ այնքան շատ չի փոխում մարդկանց բարքերն ու ավանդույթները, որքան երաժշտությունը:
Ջու Շին, Ք.ա. 6-րդ դար
1995թ. Լոս Անջելեսում ձեւավորվել է «System Of a Down» (SOAD) անվանմամբ խումբը, որի անվան A մասնիկը նշանակում է Ամերիկա, այսինքն` «Ամերիկյան անկման համակարգ»: Խմբի մեջ մտել ու մինչ օրս մաս են կազմում չորս երաժիշտներ` վոկալիստ` Բեյրութում ծնված Սերժ Թանկյանը, բաս-կիթառահար Շավարշ Օդաջյանը` Երեւանից, դհոլահար Ջոն Տոլմայանը` Բեյրութից եւ կիթառահար Տարոն Մալաքյանը` Գլենդեյլից:
Միասին նրանք սկսել են տառացիորեն գրավել նախ առեւմտյան, ապա եւ համաշխարհային բեմահարթակները: Կատարողներն առաջին հերթին իրենց հաջողությամբ պարտական էին իրենց իսկ արհեստավարժությանը եւ ստեղծագործական շնորհքին, որոնց միջոցով նրանք զանգվածներին իրենց երաժշտությանը հաղորդակից են դարձրել: Սերժի զորեղ տեմբրը սովորաբար ուղեկցվում է արագ եւ հարձակողական կիթառային ռիթմերով, իսկ Մալաքյանի ավելի բարձր ու մեղմ բեք-վոկալը` դանդաղ մեղեդային պասաժներով: Կարելի է անմիջապես նշել նրանց հաջողության բանալին` հզոր եւ կոնտրաստային վոկալը, ընտիր կիթառային ռիթմերը եւ երգերի սադրիչ տեքստերը: Իմ կարծիքով` հատուկ ուշադրություն պետք է դարձնել հենց նրանց երգերի բառերին: Դրանց քննությունը ճանապարհ է հարթում դեպի արվեստագետների հոգեւոր արժեքներն ու խորհրդանշական ընկալումները, որոնք քողազերծում են սոցիալական խոցերը` մատնանշելով դրանց հակամարտային ներուժը:
Նրանց անխտիր բոլոր երգերը պարունակում են քողարկված, իսկ երբեմն էլ` ոչ շատ ծածուկ իմաստներ: Գոյություն ունեն մի շարք թեմաներ, որոնց նրանք անդրադառնում են առանձնահատուկ հետեւողականությամբ, մասնավորապես` ԱՄՆ քաղաքականությանը եւ ամեն տեսակ ցեղասպանություններին ու դրանց հետեւանքներին վերաբերվող քննադատությունը:
Նախկինում, երբ ես դեռ դպրոցական էի, լսում էի այս խմբին` առանց մտածելու երգերի բառերի իմաստի մասին: Ինձ դուր էր գալիս վոկալը եւ ամենագլխավորը` երաժշտությունը: Ժամանակի ընթացքում ես ավելի ուշադիր եմ դարձել բառերի հանդեպ եւ փորձում եմ ընկալել դրանց իմաստը: Ու հասկացել եմ, թե դրանք որքան հեղափոխական են եւ իմաստալից: Առաջին հայացքից անգամ ամենաանհոգ երգը, օրինակ` «Bubbles»-ը (թարգամանաբար` պղպջակներ), իրականում խոսում է բոլորովին ոչ բաղնիքի անվնաս օճառապղպջակների մասին: Դատեք ինքներդ.
«Տեսնում եմ, դու հավատում ես,
Որ մենք հզոր ուժ ենք, որ մենք մարտիկներ ենք:
Հավատում ենք, իսկ ապա ծունկի ենք գալիս`
Զսպելով հանուն իշխանության պայքարը»:
Իր երգերում SOAD-ը շփվում է երկու զրուցակիցների` ժողովրդի եւ իշխանության հետ: Պղպջակային ջունգլիները, որոնց մասին նրանք երգում են, առասպել են, ուտուպիա, որտեղ ամեն ինչ լավ է, բայց ուր հնարավոր չէ մտնել, ուստի ժողովրդին մնում է միավորվել, միասնական մարմին եւ մարտիկներ դառնալ: Միասին լինել` համակարգված գործելու նպատակով: Ըստ էության` դրանք դիմադրության եւ ապստամբության անթաքույց կոչեր են:
B.Y.O.B. համառոտագիր անունը կրող մյուս երգը, որը վերծանվում է որպես «Բերեք ձեր իսկ ռումբերը («Bring your own bombs»), սկսվում է այսպիսի բառերով.
«Ինչո՞ւ նրանք միշտ ուղարկում են աղքատներին»:
Նրանց շատ երգերի բառեր կարդալուց հետո իմ երեւակայության մեջ ձեւավորվել է մի պատկեր, որում մի քանի քաղաքական առաջնորդներ բազմած են մարտերի միջոցով վաղուց գրավված «գահերին»` մարդիկ, որոնք իշխանությունից եւ սեփական կյանքից բացի ոչինչ չեն կարեւորում, դրա համար էլ ուղարկում են աղքատներին:
«Հանդիսավոր շքերթն են շարունակում համակարգիչները:
Որքան շատ սուտ է թափվում մոնիտորներից:
Բայց այս ամենը շատ է ներքաշում»:
Այս տողերում հստակ խոսվում է այն մասին, թե ինչպես են ԶԼՄ-ները մարդկանց ներքաշում մարդկային երեւութական աշխարհ` ստիպելով նրանց բառիս բուն իմաստով սոսնձվել բազմոցներին, թե ինչպես է համացանցը մեզ ոչ միշտ արժանահավատ տեղեկատվությամբ հեղեղում: Այս ամենն արվում է հստակ նպատակով. նախապես մշակված եղանակներով մարդկանց կամենում են հեռու պահել նրանց շրջապատող իրական խնդիրներից: Ընդ որում, դա հիմնականում երիտասարդությանն է վերաբերվում, որովհետեւ հեռուստաալիքներով ամենաշատ ցուցադրվում են հենց պատանիների եւ ուսանողների համար նախատեսված երիտասարդական հաղորդումներ: Նրանց ուղեղներն ամենաշատն են քարոզչության ենթարկվում:
Այնուհետեւ. «Միեւնույնն է, մեզ շարունակում են ստով կերակրել»:
Կրկին հնչում է լրատվական մեքենայությունների եւ զոմբիացման մեղադրանքը:
Եթե քաղաքական բովանդակություն ունեցող երգերը լի են թերասացություններով, եւ SOAD-ը մեր երեւակայության համար ահագին ազատ տեղ է թողնում, ապա ցեղասպանությանն առնչվող ստեղծագործությունները շատ կտրուկ, ուղիղ եւ միանշանակ են: Ամենապերճախոս օրինակներն են հանդիսանում «Սրբազան լեռներ» («Holy Mountains») եւ «P.L.U.C.K. (Politically Lying Unholy Cowardly Killers», թարգմանաբար` «Քաղաքականապես աղտոտ, պիղծ, վախկոտ մարդասպաններ») երգերը:
Օրինակ, «Սրբազան լեռներ» երգում ցեղասպանության զոհերի հետ յուրօրինակ երկխոսություն է կառուցվում, որտեղ հալածյալներին եւ չարչարանքի մատնվածներին կոչ է արվում, իսկ հալածող կողմի ներկայացուցիչների հասցեին` խստագույն գնահատականներ հնչում:
«Զգո՞ւմ ես, արդյոք, որ նրանք քեզ են որսում»:
Ստախո՛ս, Մարդասպա՛ն, Դեւ՛,
Վերադարձի՛ր Արաքս»:
Տվյալ դեպքում պետք չէ կռահել, թե ովքեր են առեղծվծային «նրանք»-ը: Այս երգում «նրանք»-ի ներքո ակնհայտորեն նշմարվում են թուրք ասկյարները, իսկ Արաքս գետը ոչ միայն հանդես է գալիս որպես երկու պետությունների միջեւ բնական սահման, այլեւ խորհրդանշում է կյանքի եւ մահվան միջեւ անջրպետը:
«Նրանք վերադարձել են` հանգստանալով լեռան լանջին,
Մենք հասկացանք, որ դուք զուրկ եք… ՊԱՏՎԻՑ:
ՄԱՐԴԱՍՊԱ՛Ն, ՍԱԴԻ՛ՍՏ»:
Ըստ իս, հենց այս երեք տողերն են ողջ երգի ընթացքում հնչող ամենակոշտ ու ամենախիստ բառերը պարունակում: SOAD-ին չի մտահոգում, որ այս բառերը կարող են չափազանց անկեղծ լինել: Նրանք չեն ձգտում լինել դիվանագետ կամ քաղաքականապես կոռեկտ արտահայտվել: Նրանք չեն փորձում քողարկել իրենց ուղերձը, այլ հարվածում են բուն նշանակետին: Նույնը նրանք ցուցադրում են նաեւ P.L.U.C.K. երգում:
«Ողջ ազգի ցեղասպանությունը,
Մեզանից խլել է սեփական արժանապատվության զգացումը,
Մենք այս կեղտը հանդուրժել ենք,
Հիմա եկել է հատուցման ժամանակը:
Պահանջում ենք անկախության ճանաչում,
Իրավունքների վերականգնում եւ կորուստների հատուցում»:
Հետաքրքիր է նաեւ այն փաստը, որ ոչ մի այլ երգ քննարկումների այդպիսի հեղեղ չի առաջացնում, որքան այս երկուսը: Առաջին հերթին դա կապված է երգերի անկեղծության եւ արդիականության հետ: Յութուբում զետեղված «Սրբազան լեռներ» երգի տակ թողնված մեկնաբանությունների թիվը գերազանցել է 6000-ը: Ուսումնասիրելով դրանք` ես հասկացա, որ լսարանը կարելի է պայմանականորեն բաժանել չորս խմբի` երգիչների արվեստով հիացողների, նրանց աջակցող եւ իրավացի համարող հայերի, նախնիների ոճրագործությունները ժխտող եւ հաճախ խմբի ու ցեղասպանության զոհերի հասցեին անպարկեշտ արտահայտվող թուրքերի եւ, ընդհակառակը, խաղաղասեր թուրքերի, որոնք ճանաչում եւ անգամ ներողություն են հայցում 1915թ. իրադարձությունների համար:
Ցեղասպանության հարյուրամյակի կապակցությամբ խումբը հայտարարել է իր «Weak up the souls»` «Զարթնեք, հոգիներ» անունով համերգային շրջագայության մասին: SOAD-ը, Լոս Անջելեսից սկսելով, այցելել է աշխարհի խոշորագույն քաղաքներ` ավարտին հանդես գալով Հայաստանում` Ազատության հրապարակում կայացած համերգով: Իր գովազդային տեսահոլովակի մեջ Սերժն առաջին հերթին խոսում է արդարության կարեւորության մասին. «Եթե ինչ-որ մեկը սպանել է իմ ընտանիքին, այրել է տունս, իսկ ես նրան հարյուր տարի շարունակ հետապնդում եմ ընդամենը ինձնից ներողություն խնդրելու պահանջով, ապա դա ի՞նչ է նշանակում: Ես համարում եմ, որ պետք է լինի դատաստան, ամեն ինչ պետք է ըստ կանոնների լինի: Մենք խնդրում ենք ձեզ (երկրպագուներին) միանալ մեզ եւ արդարադատություն հաստատել»:
Ուզում եմ հոդվածն ավարտել ռոք-խմբի անդամ Տարոն Մալաքյանի խոսքերով. «Սա արդեն քաղաքականություն չէ, սա զուտ անձնական հարց է: Ամեն անգամ, երբ մեզ բաժանում են հայրենիքից, դուք մտածում եք. «Ես քո հետեւից կգամ` իմ սեփական` ոչ բռնության ուղիով»: Ահա մենք` չորս հայ տղաներ, ձեր առաջ կանգնած ենք, եւ մեզ լսում են: Եթե մենք սա չանենք, ապա ո՞վ պիտի անի: Մենք զգում ենք, որ պատասխանատվություն ունենք հոգիների առջեւ: Մենք շարունակելու ենք պայքարել թուրքական եւ ամերիկյան կառավարությունների կողմից հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման համար»:
SOAD-ի հրաշքն այն է, որ մի քանի ռոք-կոմպոզիցիաների միջոցով խումբը կարճ ժամանակահատվածում կարողացել է աշխարհին եւ, ինչն ավելի կարեւոր է` երիտասարդությանը շատ ավելի բան պատմել հայերի առաջին եւ «մոռացված» ցեղասպանության մասին, քան վերջին հարյուր տարիների ընթացքում ակադեմիկոսների գրած բազմահատոր մենագրությունները: Այս իմաստով քաղաքական երգի նշանակությունն աշխարհում սոցիալական արդարությունը հաստատելու համար դժվար է գերագնահատել: