Էմիլ ՍԱՆԱՄՅԱՆ
“The Armenian Reporter” պարբերականի խմբագիր
Վաշինգտոն
2012 թ. դեկտեմբերի 14-ին նախագահ Օբաման ստորագրել է ՙՄագնիտսկու ակտ՚ անվամբ հայտնի օրենքը: Այս օրենքը պատժամիջոցներ է սահմանում մարդու իրավունքների կոպիտ խախտման մեջ կասկածվող մի շարք ռուսաստանյան պաշտոնյաների դեմ, արգելում նրանց մուտքն ԱՄՆ եւ սառեցնում նրանց բանկային հաշիվներն ամերիկյան բանկերում: Նման պատժամիջոցների ընդունում սպասվում է նաեւ Եվրոպայում:
Ռուսաստանի կառավարությունն ի պատասխան արգելել է ՙահաբեկչության դեմ՚ պատերազմի ընթացքում մարդու իրավունքների ոտնահարման մեջ մեղադրվող մի շարք ամերիկյան պաշտոնյաների մուտքը Ռուսաստան: Բացի դրանից, ընդունվել է ամերիկացի ծնողների կողմից Ռուսաստանի մանկատներից երեխաների որդեգրումն արգելող վիճելի որոշումը:
Քաղաքական առումով ՙՄագնիտսկու ակտը՚ ռուս-ամերիկյան հարաբերություններում առկա դիմակայության եւս մի փուլն է: Եվ, իրոք, ընդամենը մի քանի շաբաթ առաջ Հիլարի Քլինթոնը խոստովանել է, որ Միացյալ Նահանգները ձգտում են խոչընդոտել Վլադիմիր Պուտինի ՙԵվրասիական միության՚ գաղափարի` որպես ՙտարածաշրջանը կրկին խորհրդայնացնելու՚ փորձերի իրականացմանը: Երկկողմանի հարաբերությունները հասել են հերթական ցածր նշաձողի, որը համեմատելի է 2008 թ. Հարավային Օսիայում բռնկված պատերազմի հետեւանքով առաջացած ճգնաժամին: Սակայն, ՆԱՏՕ-ի` Աֆղանստանում տեղակայված օկուպացիոն զորքերի կողմից Ուլյանովսկի տարանցիկ հենակետի օգտագործումը վկայում է համագործակցության պահպանման հանդեպ Ռուսաստանի շահագրգռվածության մասին: Ընդհանուր առմամբ, Օբամայի վարչակազմի խոստացած ՙվերբեռնումը՚ առկա խնդիրների բազմության պատճառով դարձել է ՙծանրաբեռնված՚:[1]
Բացի իր անմիջական քաղաքական հետեւանքներից` ՙակտը՚ ստեղծում է կարեւոր նախադեպ, որն էապես դուրս է գալիս ԱՄՆ եւ Ռուսաստանի միջեւ երկկողմանի հարաբերությունների շրջանակներից: Օրենքն ընդունվել է գրեթե երեք տարի տեւած պայքարից հետո, որը սկսվել է 2009 թ. բանտում փաստաբան Սերգեյ Մագնիտսկու սպանությունից հետո: Նա ձերբակալվել եւ շուրջ մեկ տարի պահվել է նախնական կալանքի խցում` ռուսաստանյան ոստիկանությանն ու հարկային գերատեսչության աշխատակիցներին հանցավոր համաձայնության մեջ մեղադրելուց հետո: Դրա արդյունքում Մագնիտսկու ներկայացրած ներդրումային ընկերությունը եւ Ռուսաստանի կառավարությունը կորցրել են 230 միլիոն դոլար:
Այն բանից հետո, երբ կառավարությունը հրաժարվել է լրջորեն հետաքննել Մագնիտսկու մեղադրանքներն ու նրա մահվան հանգեցրած հանգամանքները, վերջինիս ամերիկացի գործընկեր Բիլ Բրաուդերը2 նախաձեռնել է իրավապաշտպաններից, Պուտինի դեմ տրամադրված ռուսաստանյան քաղաքական գործիչներից եւ Ռուսաստանի հանդեպ պահպանողաբար հոռետեսորեն վերաբերվող վաշինգտոնյան պաշտոնյաներից բաղկացած լայն ճակատի ստեղծմանը` Կոնգրեսի միջոցով Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու համար:
Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Ռուսաստանի անդամակցելուց հետո Միացյալ Նահանգները պարտավոր էին վերացնել Ռուսաստանի հետ առեւտրին խոչընդոտող արգելապատնեշները: Դա ենթադրում էր Ջեքսոն-Վենիկի լրացման չեղարկումը, որը Խորհրդային Միության հետ առեւտրային հարաբերությունները կախման մեջ էր դնում ԽՍՀՄ-ից Արեւմուտք արտագաղթի ազատությունից: Ավելի վաղ Կոնգրեսը չեղարկել է Ջեքսոն-Վենիկի լրացման գործողությունը Ղրղստանի (2000 թ.), Վրաստանի (2001 թ.), Հայաստանի (2004 թ.) եւ Ուկրաինայի (2005 թ.) նկատմամբ, երբ այդ երկրներից յուրաքանչյուրն ընդունվել է ԱՀԿ-ի մեջ: Հետխորհրդային մյուս հանրապետությունները` Բելառուսը, Ադրբեջանը եւ միջինասիական պետությունների մեծամասնությունը ԱՀԿ-ին չեն միացել, հետեւաբար, ըստ Ջեքսոն-Վենիկի լրացման` նրանց դեմ գործող միջոցները շարունակում են մնալ ուժի մեջ:
Ռուսաստանի պարագայում վաղուց սպասված Ջեքսոն-Վենիկի չեղարկումը ճանապարհ է հարթել ՙՄագնիտսկու՚ օրենքի ընդունման համար: Փաստորեն, պատժամիջոցները պետության կողմից մարդու իրավունքների խախտումներից տեղաշարժվել են դեպի անհատ անձանց գործողությունները: Խախտողների անունները, անմեղության կանխավարկածից ելնելով, հրապարակված չեն, բայց մեկնաբանները համոզված են, որ ՙսեւ ցուցակը՚ պարունակում է տասնյակ անուններ:
Հայերի համար հնարավոր հետեւանքներ
Մագնիտսկու ընկերության գործով զբաղվող հայտնի իրավաբան եւ իրավապաշտպան Ջեֆրի Ռոբերթսոնի կարծիքով` նրանց պայքարի արդյունքում ընդունված օրենքը ՙկարեւոր զարգացում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում՚: Նա համոզված է, որ այս օրենքը թույլ կտա ՙհասնել օսվենցիմյան գնացքի մեքենավարին, տեխսպասարկման աշխատակիցներին` բոլոր այն մարդկանց, ովքեր մարդու իրավունքների ոտնահարումից գեթ փոքր գումար են վաստակում եւ, ընդհանրապես, այս ամենը տեսադաշտում պահել՚:
Ընդհանուր առմամբ, այս նոր ակտը միտված է որոշում ընդունելու մակարդակից ցածր գտնվող, բայց եւ մարդու իրավունքների խախտմանը կամ զանգվածային ոճրագործություններին հանգեցնող որոշումների իրականացմանը մասնակցող պաշտոնյաներին հարկադրել ավելի շատ մտահոգվել իրենց անմիջական պարտականությունների մեջ մտնող խնդիրներով: Տեսականորեն դա պետք է նպաստի ոճրագործությունների թվի նվազմանը. հուսանք, որ այսուհետ դրանք ավելի սակավ կլինեն:
Արդեն 2011թ. Սպիտակ տունը հրապարակել է ՙզանգվածային ոճրագործություններ եւ մարդու իրավունքների լուրջ ոտնահարումներ կանխարգելելու հարցում Միացյալ Նահանգների կառավարության հնարավորություններն ընդլայնող՚ նախագահական հրահանգ`3 մարդու իրավունքների առավել մերժելի խախտողների ԱՄՆ մուտքն արգելող կարգի ներդրմամբ: Անցած տարի Օբաման հիմնադրել է նաեւ Ոճրագործությունների կանխարգելման գրասենյակ (Atrocities Prevention Board)` Սամանթա Փաուերի նախագահությամբ:
Փաուերը ցեղասպանությունների կանխման կողմնակից է: 2008 թ. ընտրություններից առաջ նա ամերիկացի հայերին տեսահոլովակով է դիմել` հորդորելով սատարել Օբամային`[4] որպես ցեղասպանության խնդրով մտահոգ համայնքի ակնկալիքներին լրջորեն վերաբերվող նախագահի թեկնածու: Օբաման, իհարկե, չի կատարել հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր խոստումն` ի նշան հարգանքի Թուրքիայի հանդեպ:
Ի դեպ, Ռոբերթսոնն առնչվել է նաեւ հայերի ցեղասպանության խնդրի հետ: 2009 թ. նա տեղեկատվության ազատության վերաբերյալ հարցումների դիմաց բրիտանական կառավարության տրամադրած փաստաթղթերի հիման վրա մի ուշագրավ զեկույց5 է պատրաստել: Զեկույցից հայտնի է դառնում, որ բրիտանական պաշտոնյաները զգուշացված էին հայերի ցեղասպանության վերաբերյալ մեկնաբանություններից խուսափելու անհրաժեշտության վերաբերյալ` թուրքական կառավարությանը չզայրացնելու նպատակով:
Երբ հետզհետե մարդու իրավունքներին վերաբերող դատողությունները հակասության մեջ են մտնելու ազգային անվտանգության պահանջների հետ, չկարգավորված ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվող անձինք պետք է համատեղեն իրենց ջանքերը ԱՄՆ կառավարությունում եւ նրանից դուրս մարդու իրավունքների պաշտպանությանը հետամուտ գործիչների հետ` տարածաշրջանում պատերազմի վերսկսման դեպքում սպասվելիք ոճրագործությունները կանխելու նպատակով:
ՙՄագնիտսկու ակտի՚ պես միջոցն ամենուր նախադեպ է ստեղծում մարդու իրավունքները խախտողների նկատմամբ: Գրասենյակը պարտավոր է լինելու առնվազն իր ուշադրությունը դարձնել ադրբեջանական վարչակազմի անթաքույց ատելություն սփռող հռետորաբանության, սպառնալիքների եւ գործողությունների վրա, որոնք իրենց բնույթով շատ մոտ են ցեղասպանականին: Նավթային եկամուտներով հղփացած եւ կապիտալի էքսպանսիայի հնարավորություններ ունեցող վարչակարգի համար արտասահմանում տեղաշարժվելու արգելքի ու բանկային ակտիվների սառեցման հեռանկարները կարող են վերածվել լուրջ զսպող միջոցի:
—————————————————————————–
1. Հայտնի է, որ Քլինթոնն իր ռուսաստանցի գործընկերոջ հետ մամլո ասուլիսին խորրդանշական ՙվեռբեռնման կոճակն՚ է բերել, որը, սակայն, ռուսերեն է թարգմանվել որպես ՙծանրաբեռնում՚ (overload)` ՙվերբեռնում՚ նշանակող (reset) բառի փոխարեն:
2. Ճակատագրի հեգնանքով Բրաուդերի պապը` Էռլ Բրաուդերը 1920-1930-ական թթ. ԱՄՆ Կոմունիստական կուսակցության ղեկավարն էր: Կան ենթադրություններ, որ նա կապեր ուներ անվտանգության խորհրդային ծառայությունների հետ:
3. President Obama Directs New Steps to Prevent Mass Atrocities and Impose Consequences on Serious Human Rights Violators, http://www.whitehouse.gov/the-press-office/2011/08/04/fact-sheet-president-obama-directs-new-steps-prevent-mass-atrocities-and
4. Samantha Power on Obama and Armenian American Issues, http://www.youtube.com/watch?v=8yNt7XsV-Dg
5. Was there an Armenian Genocide?, http://groong.usc.edu/Geoffrey-Robertson-QC-Genocide.pdf