Խորեն ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ազգագրագետ
Երևան
Սույն հոդվածում ներկայացված են դիտարկումներ, որոնք կատարվել են դաշտային հետազոտական աշխատանքների ընթացքում Լիբանանի Այնճար հայկական ավանում (2015-2018թթ.) Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի, Բեյրութի Հայկազյան Համալսարանի և The National Association for Armenian Studies and Research (NAASR) աջակցությամբ:
Այնճարը գյուղական համայնք է, որը գտնվում է Լիբանանում և ընկած է Բեքքայի հովտում: Բնակավայրը հիմնադրվել է (1939-1941թթ.) Թուրքիայի Ալեքսանդրետի-Իսկենդերունի սանջակի (ներկայիս Հաթայի նահանգի) Սվեդիայի (ներկայիս Սամանդաղի) հայկական գյուղերի բնակիչների կողմից՝ ֆրանսիացիների օժանդակությամբ:
Այնճար բնակավայրի հիմնադրման պատմությունը, չնայած հիմնադրման ընդունված տարեթվի (1939-1941թթ.), սկսվում է 1915 թվականին՝ Սվեդիայից, կամ ինչպես տեղացիների կողմից առավել օգտագործվում է՝ Ջյաբալ Մուսա-Մուսա դաղ-Մուսա լեռից: 1915թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին բռնի տեղահանման հրամանին ընդդեմ Յողոն օլուք, Խդրբեկ, Քաբուսիե, Հաջի Հաբիբլի, Վագըֆ, Բիթիաս հայկական գյուղերի բնակիչների մեծ մասը (մոտ 6000 հոգի) բարձրանում է Մուսա լեռը և մոտ 45-50 օր ինքնապաշտպանական մարտերի շնորհիվ խուսափում է տեղահանումից և նաև ոչնչացումից: Ինքնապաշտպանությունից հետո սվեդիացի-մուսալեռցի բնակչությունը, չորս տարի ապրելով Եգիպտոսի Պորտ Սայիդում, 1919 թվականին վերադառնում է Սվեդիա-Մուսալեռ և շարունակում բնականոն կյանքը մինչև 1939թ.:
Այնճարի մուսալեռացումը
Այնճարի հիմնադրման պատմության վերաբերյալ հարցազրույցների մեծ մասը սկսվում է հենց Մուսա լեռան ինքնապաշտպանական մարտերի պատմական դեպքի հիշատակումից: Այնճարն ունի իր պատմության և դեպքերի հաջորդականության համար հստակ մշակված «էքսկուրսիոն տեքստ»: Այս տեքստը հիմնականում ներկայացվում է Այնճար այցելող հյուրերին: Ըստ այդ «էքսկուրսիոն տեքստի»՝ Այնճարի պատմությունը դրվագված է հետևյալ մասերի.
- Մուսա լեռան ինքնապաշտպանական մարտերը և Պորտ Սայիդի տարիները
- Մուսա լեռ վերադառնալը (1919թ.) և կյանքը մինչև 1939թ. ներառված է Այնճար հաստատվելու տարիների պատմության մեջ
- Այնճարցի-մուսալեռցիների ներգաղթը 1946-47 թվականներին դեպի Հայաստանի խորհրդային հանրապետություն
- 1949-50թթ. պաղեստինցիների «ներխուժումը» Այնճար և պայքար Այնճարի հայկականության պահպանման համար
- Մովսես տեր Գալուստյան. Մուսա լեռ-Այնճարի հերոսապատման հերոսը
- 1975թ. Լիբանանի քաղաքացիական պատերազմը և Այնճարը
- Սիրիական զինուժի ներխուժումն Այնճար
- Սիրիական զինուժը լքում է Այնճարը
Այս մասերով կազմված պատմությունը ամբողջովին մի հերոսական անցյալով ժողովրդի հերոսապատման պատմությունն է, ընտրված դեպքերն էլ, թերևս, խորհրդանշային առանցքներ ունեն: Բոլոր դրվագներում էլ խորհրդանշական 40 օրվա մեջ տեղի ունեցող գործողությունների հանգուցալուծման կամ տեղի պաղեստինցի կամ սիրիացիների հետ բախումների, անհամաձայնությունների դրվագների ներկայացումներում հաղթողը ոչ թե հայն է կամ այնճարցին, այլ հենց մուսալեռցին:
Կարևոր մեկ այլ դրվագ է Այնճարում 1995 թվականին կառուցված Մուսա լեռան հերոսամարտի հաղթանակի հուշարձանը, որն Այնճարի հուշայնացման գլխավոր առանցքներից է: Հուշարձանի շուրջ տեղի է ունենում մուսալեռցի հերոսներին նվիրված տոնակատարություն ամեն տարվա սեպտեմբերի 13-ին ամենամոտ շաբաթ և կիրակի օրերին, որը համընկնում է Սուրբ Խաչ եկեղեցական տոնի հետ: Այս օրը հատուկ է ընտրվել, քանի որ 1915 թվականի Սուրբ Խաչի օրը ֆրանսիական նավերի օգնությամբ Մուսա լեռան բարձունքում պատսպարված հայերը կարողացան խուսափել ոչնչացումից: Տոնն առաջին անգամ նշվել է 1916 թվականի սեպտեմբերին՝ Եգիպտոսի Պորտ Սայիդի հայկական վրանաքաղաքում, որը հայ գաղթականների համար բացվել էր Կարմիր Խաչի կողմից: Նշենք, որ Մուսա լեռան ինքնապաշտպանական մարտերի հուշայնացման առաջին հուշարձանը կառուցվել է Մուսալեռան Դամըլջըք բարձունքին, որը կանգուն է եղել մինչև 1990-ական թվականները, սակայն այժմ կիսավեր վիճակում է: Տեղացիները համոզված են՝ այդ հուշարձանը քանդվել է Ղարաբաղյան շարժման տարիներին, ինչն էլ թուրքերի պատասխանն էր:
Այնճարում Մուսա լեռան տոնակատարությունից և հուշահամալիրից զատ տարբեր տարիներին նախաձեռնվել և կառուցվել են հուշարձաններ, որոնք հիմնականում բնութագրում են Այնճարի՝ Մուսա լեռան շարունակություն լինելը: Որպես ապագայի տեսլական է 18 սոսիներ տնկելը՝ նվիրված Մուսա լեռան հերոսամարտի նահատակվածներին, իսկ սոսին Մուսա լեռան կարևոր խորհրդանիշներից է. Այնճարում սերնդեսերունդ պատմվում է Խդրբեկի հազարամյա սոսիի մասին, որի բունը հավաքատեղի էր գյուղացիների համար: Մուսալեռ հիշեցնող հուշարձաններից են Մուսա լեռան ինքնապաշտպանական մարտերի երկու հավասարազոր էպիկական հերոսների՝ Մովսես Տեր Գալուստյանի և վեր. Տիգրան Անդրեասյանի կիսանդրիները, ջրի աղբյուրները, որոնք Այնճար տեղափոխվելու առաջին տարիների դժվարությունների հիշողությունն են: Նույնիսկ Օմմայան դինաստիայի շրջանի հնագիտական հուշարձանը ևս Մուսա լեռան անցյալի հիշողություններ է արթնացնում, քանի որ մինչ հուշարձանի պեղելը այդտեղ բլուր է եղել, իսկ առաջին տարիներին Այնճարի վրանաքաղաքը հենց այդ բլրին է հիմնադրված եղել:
Մուսա լեռան հիշողություն է նույնիսկ Այնճարի պաշտոնական անվանումը՝ Հաուշ Մուսա-Այնճար, որը բաղկացած է վեց թաղամասերից, իսկ թաղամասերն էլ կրում են Սվեդիա-Մուսալեռի վեց հայկական գյուղերի անունները (Յողուն օլուք, Խդրբեկ, Քեբուսիե, Հաջի Հաբիբլի, Բիթիաս, Վագըֆ), որոնցում բնակվողները սերունդներն են Սվեդիա-Մուսալեռի համանուն գյուղերի բնակչության:
Հետաքրքիր է, որ բեյրութահայ բանասացը, ով հաճախ է հյուրեր (հայեր, օտարերկրացիներ) բերում Այնճար, մեզ ներկայացրեց Այնճարը որպես Հայոց Ցեղասպանության կենդանի հիշողություն պահպանող, իսկ այնճարցուն՝ Արևմտյան Հայաստանի գյուղական բնակավայրի, գյուղացու օրինակ:
«Այնճարի հայությունը ուրիշ բան մըն է, լրիվ ուրիշ իրողություն է ադիգա, Բեյրութը և Բուրչամուդը շատ ավելի մոդ իրողություններ են, քան Բեյրութը և Այնճարը, երկրորդ` Այնճարը նաև հայգագան յուրահատկություններ ունի, հետաքրքրագան, այն, որ միագ ամբողջովին հայաբնակ հավաքականությունն է հոս, երրորդ՝ որ ասիգա նաև անուղղակիորեն, ուղղակիորեն ալ, գհուշե Հայոց Ցեղասպանությունը, թերևս արձագանքները կան անցյալին, այն առումով, որ միագ տեղն է, ուր բարբառ գխոսվի:»
«…Այնճարի պարագային դուն գարձես թե այդ հին մարդիկը ողջացած են և դուն այսօր իրենց հեդ գշփվիս գոր և վաղը իրենք նորեն բիդի դեղահանության ելնեն, այսինքն Մուսալեռ բիդի ըլլա …»
Այսպիսով, Այնճար հայ հյուրեր բերող բանասացը Այնճարն ընկալում էր հենց որպես Հայոց Ցեղասպանության կենդանի հիշողության դրվագ, իսկ այնճարցիներին արևմտահայ իրականության գյուղացի՝ իր բարբառով և կենդանի գյուղական առօրյայով:
Մեկ այլ բանասաց, ով հարս էր եկել Այնճար Լիբանանի այլ հատվածից, Այնճարը տեսնում էր որպես փոքրիկ Հայաստան: Այսպես.
«……հիմա իմ երեխաս 8 տարեկան է, ըլլա դպրաց դաս, կիրակնօրյա, դպրոցի երգչախումբ, դպրոցի պարախումբ, ամենը մեր դպրոցները հայկական մշակույթով զբաղված են, ամմենը հայկան մշագույթով կզբաղվին, ես ըսի, որ Լիբանանի կողմ Այնճար ճանաչվաձ է պզդիգ Հայաստան, նաև արաբների մոտ, որովհետև գիդեն Այնջար պիդի մտնեն ամենը հայերեն գըխոսին, արաբերեն չեն ըսե, հայերեն պիտ ըսեն, լմման նպարավաճառները հայ են, հայերեն գըխոսին, մսավաճառները հայ են, դբրոցները հայ են, եկեղեցիները.. Այնճար միայն հայկական մշակույթ կա, ուրիշ բան չիգա, չունինք…»