Արամ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Գրող
Երևան
Մարդաբանը աֆրիկյան ցեղախմբի երեխաներին առաջարկեց խաղ խաղալ: Նա ծառի կողքին դրեց մրգերով լի զամբյուղը և, դիմելով երեխաներին, հայտարարեց. «Նա ով ձեզանից առաջինը կվազի ու կհասնի ծառին, կարժանանա բոլոր քաղցրահամ մրգերին»: Երբ նա երեխաներին վազքը սկսելու նշան տվեց, նրանք ամուր բռնեցին իրար ձեռք ու վազեցին բոլորը միասին, իսկ հետո բոլորը միասին էլ նստեցին ու սկսեցին վայելել համեղ մրգերը:
Ապշած մարդաբանը հարցրեց երեխաներին, թե ինչու՞ նրանք վազեցին միասին, չէ՞ որ նրանցից յուրաքանչյուրը կարող էր վայելել դրանք անձնապես, ինչին երեխաները պատասխանեցին՝ «օբոնատո»: Հնարավո՞ր է, որ մեկը լինի երջանիկ, եթե մնացածները տխուր են: Օբոնատո՝ նրանց լեզվով նշանակում է «ես գոյություն ունեմ, որովհետև գոյություն ունենք մենք»:
Չգիտեմ, գուցե այդպես մտածում են քաղաքակիրթ կոչված մեծ ու փոքր ազգերի երեխաները նաև: Գուցե այդպես մտածում են բոլոր երեխաները՝ բարիքը բոլորինն է` հավասարապես: Բայց որ այդպիսին չէ մեծահասակների մտածողությունը, դա փաստ է` կաշին այրող իրողություն, որում ապրում ենք արդեն մի քանի տասնամյակ: Կապիտալի աշխարհը, որի ազդեցության ոլորտում հայտնվեցինք խորհրդային հայրենիքի փլուզումից հետո, ունի հավասարության մասին իր պատկերացումները:
Իր պատկերացումներն ունի նաև դիվանագիտությունը։ Մինչ փորձում էինք հասկանալ քաղտեխնոլոգների հնարած «անկախություն՝ տարածքային ամբողջականության մեջ» անիմաստությունը, մի նոր սուտ շպրտվեց հրապարակ: Մեր նախագահը Ադրբեջանի տապալումը գուշակեց չորս տարուց, դիմացինն էլ, խոսքի տակ չմնալով, մեր երկրի մարդաթափումն ու ամայացումը կանխատեսեց վեց յոթ տարուց:
Ո’չ Հայաստանում, ո’չ էլ Ադրբեջանում ապրող խելքը գլխին մարդուն չի կարող սփոփել, առավել ևս ուրախացնել մեր կամ նրանց տապալումը: Թե որ զանգվածի սպառմանն է հրամցվում ապատեղեկատվությունը՝ չես հասկանում:
Կարծում եմ, որ հայաստանաբնակ հային, ադրբեջանաբնակ ադրբեջանցուն, արցախաբնակ արցախցուն սակրալ դրվածքով հետաքրքրում է մի բան` կենսակերպի բարելավում և խաղաղ կյանք: Իսկ որ դրան չէ միտված հակամարտաբան տեխնոլոգների միտքը՝ դա հաստատ է: Մարդասիրականի անվամբ բացառապես էլիտար նեղ շրջանակների շահն են հրահրում մտքի այդ վարձկանները՝ փորձագիտական ու վերլուծական կեղծամի տակ ծպտված:
Ուզու°մ եք հակամարտությունը հանգուցալուծվի, եթե այո, ապա պարզաջրեք ու մզեք մարդուն քաղտեխնոգեն աղբից ու կտեսնեք, որ նա ազատագրվեց, դարձավ պատրաստ ցանկացած հաղորդակցման ու համակեցության:
Հեռու պահեք մարդուն ծիսակարգերից ու հայրենասիրական սնապարծությունից և կտեսնեք, որ նա սկսում է ձգտել մարդավարի հաղորդակցման: Այո՛, այո՛, հենց հատկապես կեղծ հայրենասիական իդեաներով խորհրդային մարդուն հեռացրին իր առօրյայից ու այդ սնամեջ հայրենասիրական քարոզով քանդեցին սովետների տունը: Պետք է հասկանալ մեկընդմիշտ, որ պատրիոտիզմի ցանկացած ցուցադրական աֆիշավորում փակում է հաղորդակցման տանող դուռը: Սա ես ասում եմ լսելի բոլորին:
Եթե կանգ առնենք այստեղ ու իմ կողմից հախուռն նկարագրվող մեգահարցերից տեղափոխվենք կոնկրետ մեր տեղային պրոբլեմներին, ապա դրանց հանգուցալուծման բանաձևը կարող ենք գտնել վերոնշյալ արատներից ազատագրվելով, ընդսմին հաշվի առնելով կարևոր այն իրողությունը, որ արդի վերլուծական ու փորձագիտական միտքը սադրող է: Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների գուշակությունները առաջիկա չորս-վեց տարում Ադրբեջանի ու Հայաստանի տապալման մասին այդ նույն ստահոդ վերլուծության արգասիքն էին:
Տուն ու Հայրենիք կոցրած մարդուն հետաքրքրում է վերադարձը, ոչ թե սպասվող երկուստեք աղետների մասին հուսադրող սուտը: Խաղաղ ու բարեկեցիկ կյանքի հեռանկար այս էլիտաներով, այս մտածողությամբ չի կառուցվելու:
Իսկ մեզ պետք է կոնսոլիդացիա: Առաջինը կոնսոլիդացիա պետք է Հայաստանին ու Արցախին: Հետո մյուս մոտ ու հեռու ճանաչված ու չճանաչված հարևաններին: Դա կկայանա այն ժամանակ, երբ միաժամանակ բոլորս միասին ազատագրվենք պատմամշակութային պլագիատից ու սնապարծությունից: Իմպերիալ կենտրոնները օլիգարխիկ փոքր խմբով կարողանում են նեղ ազգայնական գաղափարներով հրապուրել ու հավաքագրել զանգվածներին իրենց շուրջը ու հանել նրանց խաղաղ համակեցության մոդելը տեսնող խելացի մարդկանց դեմ: Երբ որևէ տեղ մտածող, ստեղծագործ ինչ-որ անհատ փորձի բարձրաձայնել հակառակորդի դրական կողմի մասին, անմիջապես այդ անձին պիտակավորելու են որպես ազգադավ ու թշնամի: Ունևորներին ձեռնտու չէ չունևորների կոնսոլիդացիան, առավել ևս ձեռնտու չէ չունևոր ինտելեկտուալների կոնսոլիդացիան: Ամենից շատ կապիտալը վախենում է խելացի մարդկանց համերաշխությունից: Դրա համար է նրանց պետք ֆաշիզմ ծնող խորհրդանշային հռետորաբանությունը` ազգի գերհատկությունների մասին:
Սիմվոլազերծել է պետք հակամարտող կողմերի հասարակություններին: Այդ սիմվոլազերծման խիզախությունը պետք է իրենց վրա վերցնեն ստեղծագործ անհատները:
Շատ արագ, հատկապես Արցախի նորաստեղծ հանրապետությունը, պետք է անցնի քաղաքացիական կյանքի: Անտեսի հարևանի գիգանտոմանիան: Բարձրաբերձ դրոշներն ու աշխարհասփյուռ արձանները չեն ավելացնում ազգի հեղինակությունը ու խաղաղության չեն կոչում: Բարձրաբերձ արձանը գերիշխանության ձգտող տիրանի նյութականացած էքստերիորիզացիան է ընդամենը, տիրան, որի խնդիրն է հումանիզացիայի անվան տակ ստրկացնել մարդուն, նրան հասցնելով զանգվածի կարգավիճակի: Արցախի ժողովուրդը կազատագրվի, կհասնի հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը միայն այն պարագայում, երբ հանդես կբերի կամք ու չի ներքաշվի գերիմպերիաների կողմից առաջարկվող լուծումների ավանտյուրայի մեջ: Մեր ազատագրական պայքարն ավարտվեց ազատագրմամբ այն պարզ պատճառով, որ անկլավային վիճակում հայտնվելով համախմբվեցինք, ինչն էլ բնազդաբար հղեց սոցիալական կենսունակ համակարգ:
Իմ խորին համոզմամբ, պետք է անհապաղ անցնել սոցիալական արդարության հաստատաման գործին ներսում: Եվ դա պետք է անել համեստորեն ու լուռ: Ինձ թվում է, որ պատմությունը շարունակվելու է իմպերիալ խաղերից ու մանիպուլյացիաներից զերծ մնացած ամենահամեստ ազգերի մեջ:
Որքան իմպերիալիզմը իր քաղտեխնոլոգիաներով մոտեցել է աֆրիկյան տեղաբնիկ ցեղերից մեկին`բուշմեններին, այնքան նրանք հեռացել են անապատի խորքը: Ու զարմանալիորեն, եթե հավատանք անտրոպոլոգիային, նրանք պահպանում են իրենց կենսակերպի մոդելը արդեն հիսուն հազար տարի: Ապրելով անապատային ամենադաժան պայմաններում՝ մնացել են միակ հավաքականությունը, որը չունի առաջնորդներ: Կա հեղինակություն վայելող ծերակույտ, որը սոցիալական ոչ մի առավելություն չունի մյուսների նկատմամբ:
Հոդվածի սկզբում բերված օրինակով համոզվեցինք, թե աննկատ ծվարած որտեղ է ապրում հումանիզմի վերջին պատառիկը: Պետք է գնալ դեպի պարգևը միասին, ձեռք-ձեռքի բռնած՝ սա է աֆրիկյան տեղաբնիկ մանկան մեջ ի ծնե նստած համակեցության մոդելը:
Այս ուսուցանող օրինակը գալիս է ապացուցելու, որ հաղթանակած մնալու են այն ժողովուրդները, որոնք ասում են՝ օբոնատո. «ես գոյություն ունեմ, որովհետև գոյություն ունենք մենք»: Այնպես որ, ունիվերսալիզմը, համապարփակ լուծումները, պետք է որոնել, ոչ թե բարձրաբերձ դրոշների տակ համախմբված զինվորականության կուռ շարքերում, այլ քաղաքակրթության հանցագործ արատներից ազատագրված անապատային կամ լեռնային կղզիներում, այնտեղ, ուր մարդը դեռ մնացել է մոտ իր բնօրինակին: