Որպեսզի երկիրը չվերածվի ավտորիտար բիզնես–պրոեկտի
Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
“Անալիտիկոն” հանդեսի գլխավոր խմբագիր
Ստեփանակերտ
ԼՂՀ իշխանությունները տարբեր առիթներով խոսում են երկրի տնտեսության զարգացման մասին եւ հասկանալի պատճառներով խուսափում են անդրադառնալ այնպիսի մի նրբանկատ թեմայի, որպիսին է պետական պաշտոնյաների կողմից գործարարությամբ զբաղվելը: Այս հարցին առանձնակի կարեւորություն չեն տալիս նաեւ հանրությունում եւ դա այն դեպքում, երբ մեծ խորաթափանցություն պետք չէ հասկանալու համար, որ տնտեսության զարգացման հիմնական արգելակը հենց իշխանության եւ բիզնեսի սերտաճումն է:
Այս սերտաճման պայմաններում տնտեսությունն ուղղակի մեռնում է, քանի որ սերտաճումն ուղիղ ճանապարհ է դեպի տնտեսական ոլորտների մենաշնորհում եւ մրցակցության վերացում: Ի վերջո, ի՞նչ մրցակցություն կարող է լինել, երբ թե տենդեր հայտարարողն ես դու, թե մասնակցողը եւ թե վերահսկողը: Այս երեւույթի ամենատխուր հետեւանքն այն է, որ ոչ միայն տնտեսությունը չի դառնում մրցունակ, այլեւ երկիրն ամբողջությամբ: Մրցակցության բացակայությունը տեսանելի է նաեւ հանրային կյանքի մյուս ոլորտներում, որտեղ դրան փոխարինել է ամենասովորական ռոտացիան: Իսկ եթե իրական մրցակցության մրցավարը շուկան է, ապա ռոտացիան իրականացնում են իշխանությունները:
Բայց այստեղ կա մի հետաքրքիր նրբերանգ ու միտում: Առաջներում իշխանությունները կրքոտ հերքում էին այն բացահայտ փաստը, որ պետական պաշտոնյաները զբաղվում են բիզնեսով: Բացահայտ, որովհետեւ Ստեփանակերտում նույնիսկ մանուկները գիտեն, թե որ խանութ (շուկա, գործարան, տաքսի ծառայություն, սրճարան եւ այլն) որ պաշտոնյայինն է: Դրա համար իրազեկության մեծ աստիճան պետք չէ, քանի որ այդ պաշտոնյաներին հաճախակի կարելի է տեսնել օրը ցերեկով իրենց օբյեկտները տնօրինելիս:
Ինչ որ է, նախկինում ժխտում էին այդ փաստը, փորձում համոզել, որ այս կամ այն օբյեկտն այս կամ այն պաշտոնյայինը չէ, այլ նրա եղբորը, քրոջը, բաջանաղինը, զոքանչինը, քեռունն ու քեռակնոջը, ընկերոջը, խնամունը, հարեւանինը եւ այլն: Իսկ ժխտում էին, քանի որ չէին կարող չժխտել, որովհետեւ ղարաբաղյան օրենսդրությամբ պաշտոնյաների կողմից գործարարությամբ զբաղվելն անօրինական է համարվում:
Բայց վերջին ժամանակներս մի տարօրինակ երեւույթ է նկատվում: Սկզբում այն տպավորությունն էր, որ դա ոմանց կողմից լեզվի թռիչք էր, չմտածված քայլ կամ նմանօրինակ մի այլ բան: Բայց հետո գալիս ես այն եզրահանգման, որ սա մտածված քաղաքականություն է, եւ իշխանությունները մտադիր են ինչ-որ ձեւով օրինականացնել անօրինականությունը, հանրությանը համոզել, որ պետական պաշտոնյաների ձեռնարկատիրական գործունեությունը միանգամայն նորմալ երեւույթ է: Այս ուղղությամբ արդեն նախարատրաստական աշխատանքներ են տարվում բարենպաստ հասարակական կարծիք ձեւավորելու նպատակով:
Որպես ապացույց` ընդամենը երկու մեջբերում ՚Ազատությունՙ ռադիոկայանին տված երկու տարբեր հարցազրույցներից:
Սկզբում մեջբերում անենք ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի խոսքից:
Սահակյան. – Իշխանության ներկայացուցիչները, կառավարությունը մեր քաղաքացիների մի մասն են, եւ եթե նրանք այդ ամենին հասնում են իրենց քրտնաջան աշխատանքի շնորհիվ` միայն կարելի է ողջունել: Ես դեմ եմ, որպեսզի իշխանության ներկայացուցիչները իրենց իշխանության լծակները օգտագործեն եւ նման եղանակներով հասնեն այս կամ այն հաջողությունների: Եթե դա արդյունք է նրանց կողմից կատարված աշխատանքի, այդ թվում եւ` բիզնեսը, նրանց ընտանիքի անդամների ներգրավվածությունն է բիզնես աշխարհում ստեղծում այդ բարիքները` ես ոչ թե քննադատում եմ, այլ ողջունում եմ:
(www.azatutyun.am/content/article/24647807.html)
Ուշադրություն դարձրեք` երկրի նախագահը ոչ թե քննադատում է, այլ ողջունում:
Նույն տրամաբանությունն ու հոգեբանությունն է վարչապետ Արա Հարությունյանի տված հարցազրույցում:
՚Ազատությունՙ ռադիոկայանի խնդրանքով Արա Հարությունյանը մեկնաբանեց իր հասցեին ուղղված այն դժգոհությունները, թե վարչապետը զբաղվում է անձնական բիզնեսով: Վարչապետը կարծում է, որ դժգոհություններն այնքան էլ շատ չեն: Մասնագիտությամբ տնտեսագետ Արա Հարությունյանը չի թաքցնում, որ ինքը միշտ էլ եղել է հաջողակ գործարար եւ զարմանում է, երբ այսօր իրեն եւ իր մերձավորներին մեղադրում են հողագործությամբ զբաղվելու համար: Կառավարության ղեկավարը հիշում է, որ բիզնեսով սկսել է զբաղվել դեռեւս հինգ-վեց տարեկանից՝ սկսելով ճագարաբուծությամբ եւ գյուղատնտեսությամբ: ՚Մարդիկ մոռացել են, որ ես մինչեւ վարչապետ նշանակվելը եղել եմ Ղարաբաղի ամենախոշոր գործատուներից մեկը, ամենախոշոր հարկատուներից մեկը, ամենախոշոր հող մշակողներից մեկը: Այդ հողերն այսօր չեն մշակվում, հակառակը` մշակվող տարածքները նվազել ենՙ, – հայտարարեց վարչապետը:
(www.azatutyun.am/content/article/24699195.html?nocache=1)
Նորից ուշադրություն դարձրեք` վարչապետը չի թաքցնում, որ ինքը միշտ էլ եղել է հաջողակ գործարար: Միշտ էլ:
Ինչ որ է` անօրինականությունն օրինականացնելու միտումն ակնհայտ է: Բայց այստեղ շատ կարեւոր է ոչ միայն բուն միտումը, այլ նաեւ այն, թե ինչպես է դա արվում: Իսկ ՚ինչպեսՙ-ը նույնպես շատ կարեւոր է, թեկուզեւ այն առումով, որ հստակ ցույց է տալիս, թե ինչ վերաբերմունք ունի իշխանությունը հանրության ու հասարակական կարծիքի նկատմամբ:
Նկատի ունենալով վերոհիշյալ գործընթացի ՚անշրջելիությունըՙ, ֆեյսբուքյան քննարկումներից մեկում անդրադառնալով այս թեմային` ես իշխանություններին առաջարկել էի լուրջ մոտենալ գոնե այս հարցին եւ օրենսդրությամբ օրինականացնել պաշտոնյաների կողմից բիզնեսով զբաղվելը: Փաստարկս հետեւյալն է` գրծված օրենքի դեմ պայքարելն ավելի հեշտ է, քան չգրվածի: Գրածը դժվար չէ ջնջել, փոփոխել, իսկ ահա չգրվածի դեմ խաղ չկա: Բացի դրանից` այս պարագայում գոնե հաստատ կիմանանք իշխանավորների իրական ունեցվածքի մասին:
Բայց, ըստ երեւույթին, իշխանություններն այլ ճանապարհ են ընտրել: Օրենսդրությունը չեն փոխի, բայց հանրությունում բարենպաստ բարոյահոգեբանական մթնոլորտ կստեղծեն, որպեսզի մարդիկ հանգիստ ընդունեն այդ երեւույթը: Օրենքը մի բան կասի, իսկ կյանքը` այլ:
Սակայն այս երկվությունը միայն տնտեսական ոլորտի խնդիրը չէ, այլ նաեւ քաղաքական: Մեր երկիրն ընկղմվել է լիակատար երկվության մեջ, ինչի վերջը բարի չի լինելու:
Դատեցեք ինքներդ` մեր իշխանություններն օրնիբուն խոսում են ժողովրդավարության մասին, եւ ամենահետաքրքիրն այն է, որ վերջին ժամանակներս ոչ միայն առաջվա պես նրանց գործունեությունը չի համապատասխանում ասված խոսքերին, այլեւ խոսքերն էլ են սկսել փոխվել, ինչը եւս մի նոր միտում է: Արցախյան իշխանությունները ժողովրդավարության մասին սկսել են խոսել ավտորիտար հոգեբանությամբ ու տերմինաբանությամբ: Վերջին ժամանակներս նրանց հարցազրույցների ու հայտարարությունների առանցքն անհատն է (նախագահը) ու անհատի (նախագահի) դերը:
Մինչդեռ ժողովրդավարությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ իշխանությունների գործունեության հանրային վերահսկողություն, երբ ժողովուրդն իր ընտրած մարմինների ու կառույցների միջոցով ներազդում եւ ուղղորդում է իշխանությունների գործունեությունը, երբ իշխանության ճյուղերը տարանջատված են, իմա` երբ առկա են հակակշիռների ու զսպումների մեխանիզմներ, որոնց պարագայում անհատները (ղեկավարները) գալիս ու գնում են, իսկ մեխանիզմները մնում են:
Բայց Արցախում միանգամայն այլ մթնոլորտ է: Արցախյան անմեխանիզմ ժողովրդավարության առանցքը երկրի ղեկավարն է: Մի քանի ամիս առաջ կայացած հերթական նախագահական ընտրությունների նախօրեին երեւանյան լրատվամիջոցներից մեկում արցախյան իշխանությունների կողմից պատվիրված մի հոդվածում այս մոդելը հստակ ձեւակերպում է ստացել: Ահա մի փոքրիկ մեջբերում այդ գլուխգործոցից.
՚Այստեղ հարց է առաջանում. եթե երկիրը ժողովրդավարական է, ապա ինչու՞ լուրջ ընդդիմություն չկա: Չկա լուրջ ընդդիմություն եւ դա փաստ է, որովհետեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ստեղծել է այնպիսի մի իրավիճակ, որ նա երկրի եւ՛ իշխանության, եւ՛ ընդդիմության ղեկավարն է: Ինչու՞ նաեւ ընդդիմության ղեկավարը… որովհետեւ երբ հետեւում ես նրա գործունեությանը, ակներեւ է դառնում, որ նա բավականին հետաքրքիր գործելաոճ է ընտրել: Բակո Սահակյանն ինքը ուսումնասիրում է այն բոլոր խնդիրները, որոնք կան պետության ներսում, ընդդիմության փոխարեն բարձրաձայնում է դրանց մասին եւ լուծում դրանք: Ոչ թե պետությունը փորձում է խոչընդոտել կամ ճնշում է ընդդիմադիր զանգվածին կամ ընդդիմադիր դեմքերին, այլ հասկանալով, որ գտնվում է առաջին գծում եւ պատերազմի վտանգի առջեւ է, իր վրա է վերցրել նաեւ ընդդիմադիրի գործառույթը եւ բարձրացնելով ու վեր հանելով առկա խնդիրները, դրանց լուծում է տալիսՙ: (www.slaq.am/arm/news/64182)
Այսպիսով, նախագահը եւ իշխանություն է, եւ ընդդիմություն, եւ դատական համակարգ է, եւ կառավարություն, եւ իրավապահ մարմին, եւ ներկայացուցչական մարմին, եւ մարդու իրավունքների պաշտպան, եւ…Ու նրա անունն է` ժողովրդավարություն: Պատահական չէ, որ նախագահական ընտրությունների ժամանակ կենտրոնական փողոցներից մեկում` ԱԳՆ շենքի մոտ, կախված էր մեծ ցուցապաստառ, որն ազդարարում էր` ՚ԼՂՀ նախագահը մեր իրավունքների երաշխավորն էՙ: Ուշադրություն դարձրեք` նախագահը, այլ ոչ թե Սահմանադրությունը կամ այլ բան: Նախագահի աշխատանքային օրերին մարդու իրավունքների պաշտպանության ներկայիս անմխիթար վիճակը թույլ է տալիս պատկերացնել, թե ինչ կլինի, երբ նախագահն, ասենք, արձակուրդում լինի: Բացի դրանից` եթե նախագահն է ամեն ինչ որոշում, ապա ի՞նչ իմաստ ունի հսկայական ծախսերով պետական կառավարման ուռճացած համակարգ պահել:
Արցախի իշխանությունները միամիտ չեն եւ քաջ հասկանում են, որ այս ժողովրդավարությունը բացարձակապես ընդհանուր ոչինչ չունի դասական ժողովրդավարության հետ: Ուստի պիտի ինչ-որ կերպ հիմնավորեն այս նոր երեւույթը, ինչ-որ անուն տան դրան: Ու տվեցին` անմիջական ժողովրդավարություն:
Դարձյալ հղում անենք վարչապետին:
՚Հետքՙ.- Խորհրդարանական երեք ուժերն էլ սատարում են գործող նախագահին: Արցախում չկա ուժեղ ընդդիմադիր ուժ: Արդյո՞ք դա չի խոսում ժողովրդավարության պակասի մասին:
Արա Հարությունյան. – Ընդհանուր առմամբ շատ են խոսում, որ Արցախում չկա ժողովրդավարություն: Մեր իշխանություններն առաջնորդվում են ժողովրդավարության այնպիսի սկզբունքներով, որով աշխարհում երեւի որեւէ տեղ չեն առաջնորդվում: Իշխանությունների կապը ժողովրդի հետ անմիջական է: Չեմ ուզում համեմատել, բայց նախագահի կամ իշխանավորների այցելությունները պրոտոկոլային բնույթ չեն կրում, որ մասնակիցների հարցերը նախապես պատրաստված լինեն: Երկրի ցանկացած քաղաքացի իր տեսակետն է արտահայտում ցանկացած երեւույթի մասին: Ցանկացած անձնական հարց կարողանում է բարձրացնել նախագահի եւ կառավարության անդամների մոտ: Տեղյակ եմ ցանկացած գյուղի ցանկացած խնդրից: Այսինքն` ժողովրդավարությունն այդպիսին է մեզ մոտ: Նաեւ այսպիսի բան կա. երբ փորձում են ինչ-որ մեկի նկատմամբ անարդարություն անել, ղարաբաղցու առաջին ՚ուգրոզանՙ լինում է հետեւյալը. ՚Գնալու ենք նախագահի մոտՙ: Սրանով յուրաքանչյուր պատոնյա զգաստանում է` իմանալով, որ խնդիրները հասնելու են նախագահին: Սա ժողովրդավարության ամենալայն արտահայտումն է: Մարդիկ դիմում են վարչապետին ու նախագահին ցանկացած հարցով, ընդհուպ մինչեւ նեղ կենցաղային:
(http://hetq.am/arm/interviews/13178/ara-harutyunyan-azatagrvats-taratsqnerum-navt-chka.html)
Լավ, իսկ ինչպե՞ս է ժողովրդի ձայնը հասնում իշխանությանը: Խոսքի ազատության մասին կարելի է խոսել մեծ վերապահումով, քանի որ չի կայացել անկախ մամուլի ինստիտուտը, երկրում գերիշխողը պետական լրատվամիջոցներն են, որոնք փակ են իշխանականից զատ այլ կարծիքի համար: Ուրեմն ի՞նչ պիտի անի ժողովուրդն իր ձայնը տեղ հասցնելու համար: Պիտի վեր կենա ու գա նախագահական նստավայրի առաջ: Ի դեպ, այդպես էլ արել են Սոս գյուղի բնակիչները` գրեթե ամբողջ գյուղով հասնելով նշված վայրը: Բայց նախագահը չի ընդունել նրանց, քանի որ զբաղված էր: Ճիշտ է, հետո նախագահը գնացել է այդ գյուղը, բայց փաստը մնում է փաստ` գյուղը եկել-հասել էր նախագահական նստավայր, բայց ընդունելության չէր արժանացել, ասել է թե` ժողովուրդը չէ որոշողը, թե իր ձայնը երբ կարող է տեղ հասնել:
Զավեշտը կայանում է նրանում, որ նախագահն իրո՛ք չի կարող զբաղվել բոլոր հարցերով` դրա համար հատուկ կառույցներ ու մարմիններ կան: Ասում են` վերջին նախընտրական արշավի ժամանակ բնակավայրերից մեկում ընտրողների հետ հանդիպման ժամանակ Բ.Սահակյանն անկեղծորեն սրտնեղել էր, որ մարդիկ իրենց բողոքներով չեն թողնում աշխատել:
Այսինքն` գործնականում իշխանություններն իրենք էլ են կրակն ընկել իրենց անմիջական ժողովրդավարության ձեռը:
Ի՞նչ անել այս պարագայում: Պարզություն մտցնել ամեն ինչում` ուրիշ ոչինչ: Իրերին տալ իրենց անունները, որպեսզի ոչ իշխանությունները շաղվեն, ոչ էլ ժողովուրդը: Օրինակ, իշխանության ներկայիս առանցքային դեմքերից մեկը տարիներ առաջ հայտարարել էր, որ երկրի անվտանգությունն ու ժողովրդավարությունն անհամատեղելի են: Սակայն սա նրան ու մյուսներին չի խանգարում խոսել թե անվտանգության եւ թե ժողովրդավարության առկայության մասին: Ուրեմն` պարզություն մտցրեք եւ թույլ մի տվեք հասկացությունների ու երեւույթների խճողում: Այս խճողումն ամենավտանգավորն է հանրության համար:
Նույնը` նաեւ երկրի կարգավիճակի հարցում: Երբ մեր իշխանություններին ասում ես, թե ինչու եք այս կամ այն բանն անում, նրանք արդարանում են` դե, այդպես է Հայաստանում, որի հետ մենք նույն իրավատնտեսական, հասարակական-քաղաքական եւ այլ տիրույթում ենք, ի վերջո` մի երկիր ենք, էլի: Բայց երբեմն էլ, երբ ասում ես` բա Հայաստանում այսպես է, ինչու՞ եք դուք այլ կերպ վարվում, ասում են` դե, մենք անկախ պետություն ենք եւ պիտի տեղական առանձնահատկությունները հաշվի առնենք:
Սատանան անզորությունից կվնգստար:
Պարզության ժամանակն է եկել: Բայց իշխանությունը երբեք այդ պարզությունը չի մտցնի: Հանրությու՛նը պիտի իշխանությանը ստիպի դա անել: Որպեսզի երկիրը չվերածվի ավտորիտար բիզնես-պրոեկտի: