«Անալիտիկոն» ամսագիրն իր օգոստոսի համարում ընթերցողների ուշադրությունն է հրավիրում ղարաբաղյան հիմնախնդրի մասին International Alert միջազգային կազմակերպության իրականացրած մի ուշագրավ հետազոտության արդյունքների վրա։ Սույն համարում ներկայացված են հետազոտությանը մասնակցած տարածաշրջանային փորձագետների դիտարկումները։ Իսկ հետազոտության արդյունքների ամփոփ վերլուծությանը մեր ընթերցողները կարող են ծանոթանալ կազմակերպության կայքում հետևյալ հղումով:
International Alert-ի մասին
International Alert կազմակերպությունն աշխատում է հակամարտություներից տուժած բնակչության հետ՝ հանուն կայուն խաղաղության կառուցման։ Մենք համոզված ենք, որ միայն համատեղ ուժերով կարելի է խաղաղություն կառուցել։ Մենք նպաստում ենք հակամարտությունների արմատական պատճառների վերացմանը և դիմակայությամբ տարանջատված մարդկանց ու հանրությունների մերձեցմանը։ Խաղաղության կառուցմանը միտված մեր ջանքերը ենթադրում են աշխատանքներ բոլոր մակարդակներում՝ տեղական հանրույթներից մինչև կառավարական կառույցներ։ Խաղաղության ձեռքբերումը կախված է ոչ միայն պայմանագրերի կնքումից ու դիմակայող կողմերի զինաթափումից, այլև հանրույթների խաղաղ գոյակցությունից և ծագող հակասություններն առանց բռնության լուծելու նրանց ունակությունից։ Մենք համոզված ենք, որ յուրաքանչյուր ոք կարող է իր ներդրումն ունենալ խաղաղ ապագայի կառուցման գործում։
© International Alert 2018
Կազմի լուսանկարը՝ © Bertrand Rieger/Hemis/Alamy
International Alert 346 Clapham Road, London, SW9 9AP, United Kingdom
Tel +44 (0)20 7627 6800 Fax +44 (0)20 7627 6900
[email protected]
www.international-alert.org
Registered charity no. 3275
Երախտիքի խոսք
International Alert կազմակերպությունը երախտագիտություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր մասնակցել են սույն հետազոտության նախապատրաստմանը, անցկացմանը և վերլուծությանը։ Առանձնակի շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին տեղերում՝ Անար Էյուբովին, Ավազ Հասանովին, Գեղամ Բաղդասարյանին, Մարգարիտա Ախվլեդիանիին, Մարկ Գրիգորյանին, Մասիս Մայիլյանին, Միքայել Զոլյանին և Շահին Ռզաևին՝ մեթոդաբանության մշակման և տվյալների վերլուծության մեջ ունեցած ներդրումի համար։ Տյալների ժողովման համար մենք նաև երախտապարտ ենք մի խումբ երիտասարդ հետազոտողների, ներառյալ Ալվարդ Սարգսյանը, Անուշ Ղազարյանը, Բախտիյար Ասլանովը, Դավիթ Օհանյանը, Մահեռամ Զեյնալովը, Նարինե Աղալյանը, Ռաֆիգա Մուրադովան, Սևինջ Սամեդզադեն, Վաֆա Զեյնալովան և Զոյա Մայիլյանը։
Հրապարակումն իրականացվել է «Եվրոպական գործընկերություն հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման (EPNK)» նախաձեռնության շրջանակներում։ International Alert կազմակերպությունը նաև երախտագիտություն է հայտնում հետևյալ ռազմավարական հովանավորներին՝ Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարությանը, Իռլանդիայի արտաքին գործերի ու առևտրի նախարարությանը և Զարգացման ոլորտում միջազգային համագործակցության շվեդական գործակալությանը։
International Alert կազմակերպությունն է պատասխանատվություն կրում հրապարակման բովանդակության համար, որը չի արտացոլում մեր հովանավորների տեսակետը կամ քաղաքականությունը։
Խաղաղության տեսլական
Ղարաբաղյան հակամարտության մասին կարծիքների վերլուծություն
Summary
1990-ականների սկզբներին պոռթկած ղարաբաղյան հակամարտությունն առայսօր շարունակում է մնալ հետխորհրդային ողջ տարածքի առավել վտանգավոր և նվազ կանխատեսելի հակամարտություններից մեկը։ Ի հեճուկս հակամարտության «սառեցված» բնույթի մասին տարածված հռետորաբանության՝ միջազգային սահմանի և հակամարտության գոտում շփման գծի երկայնքով շարունակում են քաղաքացիական անձինք ու զինվորականներ զոհվել։ Ավելին՝ 2016 թվականի արյունալի բախումները կրկին աշխարհին ի ցույց դրեցին որպես հակամարտության «լուծման» միջոց ռազմական դիմակայության դիմելու՝ կողմերի պատրաստակամությունը։
Իր ուսերին կրելով սույն հակամարտությանն առնչված խաղաղարար նախաձեռնություններին մասնակցելու ավելի քան քսանհինգամյա փորձ՝ International Alert կազմակերպությունը փորձել է իրականացնել մի այնպիսի հետազոտություն, որը ցույց կտար հենց հանրություններից բխած պատերազմի հնարավոր այլընտրանքները, հակամարտության փոխակերպման ուղիները, ինչպես նաև այնպիսի հնարավորություններ ու մոտեցումներ, որոնք ներկա պահին չկան կողմերի ու արտաքին միջնորդների օրակարգում։
Հետազոտության արդյուքները հաստատում են, որ գոյություն ունեն հակամարտությանն առնչված զանազան ու լայն տարածում ստացած հիպոթեզներ։ Սակայն նույն արդյունքները նաև նպաստում են Հայաստանում, Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև դրսի փորձագետների մոտ հակամարտության նկատմամբ վերաբերմունք ձևավորող մի ամբողջ շարք կարծրատիպերի հերքմանը։ Հետազոտության արդյուքները ցույց են տալիս, որ բոլոր երեք հանրություններին միավորում են մի ամբողջ շարք ընդհանուր միտումներ, նաև՝ որ կան մի քանի լուրջ տարբերություններ, որոնք վերաբերում են հակամարտության շուրջ առկա խնդիրների հայեցակետերին։
Մենք հուսով ենք, որ սույն հետազոտության մեջ ձևակերպված եզրահանգումներն ու առաջարկներն օգտակար կլինեն հակամարտության բոլոր կողմերի, ինչպես նաև այն արտաքին ակտորների համար, որոնք ներգրավված են խաղաղ լուծման որոնման գործընթացին։ Մենք նախատեսում ենք հետազոտության արդյուքների լայն տարածում՝ որպեսզի դրանք մտորումների, վերլուծությունների և յուրատիպ գաղափարների որոնման տեղիք տան, գաղափարներ, որոնք կբխեն անմիջականորեն հակամարտության մեջ ներգրավված հանրությունների ներկայացուցիչների կողմից, ինչն էլ թույլ կտա խաղաղ կյանքի ապահովման ուղղությամբ գործնական քայլեր անել բոլոր նրանց համար, ովքեր ապրում են այնտեղ։
Մեթոդաբանություն
International Alert կազմակերպությունը տարածաշրջանային փորձագետների խմբի հետ միասին մշակել է որակական հետազոտության մեթոդաբանություն՝ խարսխված երեք հանրությունների ամենատարբեր սոցիալական խմբերի ներկայացուցիչների հետ խորացված հարցազրույցների վրա։ Մենք կիրառել ենք հետահայաց մոտեցում այն գնի շուրջ մտորումներին, որը ստիպված եղան վճարել հակամարտության համար և հենց դրա միջոցով իմաստավորել խաղաղության գինը։ Հարցվածներին առաջարկվել էր կիսվել մեզ հետ իրենց տեսլականով առ այն, թե ինչպիսին են հակամարտության փոխակերպման հեռանկարներն իրենց անձնական փորձի տեսանկյունից։ Նրանց հնարավորություն էր տրվել խորհելու այն բանի շուրջ, թե ինչպիսին կարող էր լինել իրենց սեփական կյանքն ու իրենց շրջապատի կյանքը, եթե պատերազմ չլիներ, և դիտարկել այն գործողությունները, որոնք իրենք կարող էին ձեռնարկել խաղաղության հասնելու համար։
Սույն մեթոդաբանությունը թույլ է տալիս նախանշել առաջընթացի ուղիները և ուրվագծել այն փոխզիջումային լուծումները, որոնք թույլ կտան խուսափել դառը փորձը ապագա սերունդներին փոխանցելուց։ Առանձին քաղաքացիների անձնական կարծիքների այսպիսի գնահատականն ու վերլուծությունը դարձան այն գործիքը, որը մեզ օգնեց երևան հանելու բոլոր երեք հանրություններում առկա խաղաղ կարգավորման հանրային ներուժն ու հնարավոր ռեսուրսները։
Սույ մեթոդաբանության կիրառումը թույլ է տվել ժողովել շարքային մարդկանց կարծիքները, ում ձայնը հաճախ անտեսվում է հակամարտության կարգավորմանն առնչված հարցերում։ Մենք ձգտել ենք հասկանալ նրանց հույսերը, վախերն ու ապագայի պլանները՝ հայացք ձգելով այդ ամենի վրա շարքային մարդկանց անձնական փորձի հեռանկարի միջոցով։ Այսօրինակ խորապես անձնական պատմությունների վերլուծությունը մեզ թույլ է տվել հանգամանորեն ուսումնասիրել և հասկանալ ազդեցության այն աստիճանը, որը հակամարտությունն ունեցել է դրան մասնակից բոլոր կողմերի վրա, ինչպես նաև ուրվագծել այն ոլորտները, որոնք ներուժ ունեն նպաստելու հակամարտության հետագա փոխակերպմանը։ Ամեն ինչից զատ՝ սույն հետազոտությունը շարքային մարդկանց հնարավորություն է տվել արտահյտվելու հակամարտության թեմայով, ինչն էլ, իր հերթին, նրանց թույլ է տվել զգալու, որ իրենց կարծիքը նույնպես նշանակալի է։ Վերլուծությունն արել է փորձագետների խումբը, հոգեբանների մասնակցությամբ, ինչը մեզ օգնել է հասկանալու անհատների ու նրանց միջավայրի հարաբերությունների գործոնները։
International Alert կազմակերպությունը վերոնշյալ մեթոդաբանության օգտագործման նպատակով պատրաստել է տարածաշրջանի երիտասարդ հետազոտողների խումբ։ Համատեղ ուսուցման գործընթացն այս մարդկանցից յուրաքանչյուրին բացառիկ հնարավորություն է ընձեռել հանդիպելու «մյուս կողմի» ներկայացուցչի հետ՝ նրանցից շատերի համար սա նման առաջին հանդիպումն էր։ Այս տղաներն ու աղջիկները, որոնց մեծ մասը դեռ նոր-նոր են սկսում իրենց գործնեությունը խաղաղարարության ոլորտում, 110 հարցում են անցկացրել 41 աշխարհագրական վայրերում՝ ինչպես մայրաքաղաքներում և այլ քաղաքներում, այնպես էլ շփման գծի երկայնքով սփռված գյուղական բնակավայրերում, ինչպես նաև ներքին տեղահանված անձանց (ՆՏԱ) հոծ բնակության տարածքներում։ Կարծիքների և գնահատականների ընտրության ներառականությունն ապահովելու նպատակով մենք ձգտել ենք առավելագույնս հանգամանորեն պահպանել հարցվածների միջև հավասարակշռությունը, այդ թվում՝ գենդերային, սոցիալական և տարիքային հավասարակշռությունը։
Տվյալների ժողովման փուլում հետազոտողները ստիպված են եղել առնչվել ամենատարբեր խնդիրների մի ամբողջ ներկապնակի հետ։ Ինքնին հետազոտության թեման քաղաքական տեսանկյունից առանձնանում է բարձր զգայունությամբ։ Դրան հավելվել են հետազոտողների հոգեբանական ներքին խնդիրները, կապված այն հանգամանքի հետ, որ իրենք էլ են ապրում անորոշության մեջ, ինչն էլ կարող էր անդրադառնալ թե գործընթացի և թե արդյունքների վրա։ Հետազոտողները ցանկացած հարցազրույցի հավելել են իրենց սեփական մեկնաբանությունները, ինչը վերլուծության փուլում թույլ է տվել գնահատել, թե որքանով է իրենց սեփական տրավմատիկ փորձն ազդում իրեն իսկ կողմից ժողովվող տեղեկատվության վրա։ Չնայած վերոնշյալին, ինչպես նաև որոշ հարցերի շուրջ առկա հակասությունների առկայության՝ բոլոր երեք հանրություններն էլ ցուցաբերել են մտքի ճկունություն ու բացասականի մեջ դրականը տեսնելու ունակություն։ Ժողովվել է տեղեկատվության մի հսկայական զանգված, որն աչքի է ընկնում ինչպես զգացմունքայնության բարձր աստիճանով, այնպես էլ սովորական մարդկանց կյանքի վրա հակամարտության ազդեցության մասին խորունկ մտորումներով։
Վերջում կարևոր ենք համարում նշել, որ հարցումն անցկացրել ենք 2017 թվականի վերջին, իսկ ստացված տվյալների վերլուծությունն իրականցվել է 2018-ի առաջին կիսամյակում։ Ուստի, չնայած այն բանին, որ Հայաստանի քաղաքական կյանքում 2018-ի ապրիլի իրադարձություններն, ըստ երևույթին, անմիջական ազդեցություն չեն ունեցել հետազոտության արդյունքների վրա, դրանք, այդուհանդերձ, մեր կողմից հաշվի են առնվել առաջարկների ու երաշխավորանքների ձևակերպման ընթացքում։