Հարգելի’ ընթերցողներ, նոյեմբերի 1-ից «Անալիտիկոն»-ն անցել է նոր ձևաչափի՝ շաբաթական թողարկումներով և կայքի համապատասխան թարմացմամբ։ Մենք առավելս ուշադրության կենտրոնում ենք պահելու տարածաշրջանային զարգացումներն ու թրենդները, ընդսմին ուշադրությունից դուրս չթողնելով դրանց միջազգային համատեքստը։ Յուրաքանչյուր թողարկման մեջ դուք կարող եք ծանոթանալ երկու հեղինակային վերլուծական նյութերի և խմբագրակազմի կողմից կարևորված թեմայով միջազգային մամուլի երկու ուշագրավ հրապարակումների։ Իսկ «Անալիտիկոն»-ի տպագիր տարբերակը՝ «Անալիտիկոն-դայջեստ»-ը, կհրատարակվի եռամսյակային կտրվածքով։ Շուտով կգործարկվի նաև մեր վերլուծական հարթակի նոր վեբ-կայքը։
Նոր ձևաչափով մեր առաջին թողարկումը նվիրել ենք մի իրադարձության, որի նշանակությունն, անկասկած, չի կարող չանդրադառնալ մեր՝ առանց այն էլ անհանգիստ տարածաշրջանում զարգացումների վրա։ Խոսքն Ուկրաինայի Զինված ուժերի կողմից թուրքական արտադրության «Բայրաքթար» ԱԹՍ-ների առաջին մարտական կիրառման մասին է՝ երկրի արևելքում, Ռուսաստանի կողմից աջակցվող «ԴԺՀ-ԼԺՀ» ինքնահռչակ կազմավորումների հետ շփման գծում, և դրա հնարավոր հետևանքների մասին։ Ինչպես հայտնի է, Լեռնային Ղարաբաղի դեմ 44-օրյա պատերազմի ժամանակ այդ անօդաչու սարքերը լայնորեն օգտագործվել են Ադրբեջանի կողմից։ Հայտնի է նաև, որ «Բայրաքթար»-ների կիրառումը բացասաբար չի անդրադարձել ռուս-թուրքական հարաբերությունների վրա։
Ինչպե՞ս դա կազդի մեր տարածաշրջանում զարգացումների վրա՝ ղարաբաղյան հակամարտության չկարգավորվածության և բանակցային գործընթացի՝ մեռյալ կետում գտնվելու համապատկերում։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հայաստանից և Ուկրաինայից հեղինակային երկու կարծիք և միջազգային մամուլի երկու անդրադարձ՝ դեպքերի հնարավոր զարգացման գնահատականներով։
«Անալիտիկոն»-ի խմբագրություն