Անար ԷՅՈՒԲՈՎ
Բաքու
Ասում են՝ ժամանակը բուժում է։ Իմ կարծիքով՝ թե անհատական մակարդակում և թե կոլեկտիվ ընկալմամբ դա այնքան էլ այդպես չէ։ Ժամանակն ինքնըստինքյան չի բուժում։ Այն հնարավորությւոն է տալիս մի շարք նպատակամիտված գործողություններ իրականացնել աստիճանական կազդուրման համար։ Բայց ահա անգործության իրավիճակը միայն ավելացնում է հուսահատությունն ու արմատական տրամադրությունները։ Քաղաքական բանակցությունների, հանրային կյանքի նմանակումն ի վերջո հանգեցնում են նրան, որ մարդիկ սովորում են գոյատևել հակամարտության պայմաններում, ապրիորի համաձայնվելով, որ առնվազը մոտ ապագայում բնականոն կյանք հնարավոր չէ։ Հենց սա էլ նկատելի է սույն հարցման մասնակիցների մոտ։
1. Հարցվողների համապատկերը բազմաշերտ է, ինչն արդեն իսկ լավ է։ Ուշագրավ է, որ վերջին երկու տարում տնտեսական վիճակի կտրուկ վատթարացումն ազդել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի նկատմամբ ընդհանուր վերաբերմունքում։ Սեփական և համահանրապետական տնտեսական կայունության շուրջ անորոշությունը մեծացրել է անորոշության զգացումը նաև հակամարտության ու դրա կարգավորման նկատմամբ։ Եթե ճգնաժամից առաջ բնակչության մի մասի մոտ, հատկապես ռազմական դիրքերից հեռու ապրողների մոտ, կար բավականին ամուր կարծիք առ այն, որ մենք փողախեղդ կանենք բոլորին ու հետ կգնենք Ղարաբաղը, ապա հիմա ընդհանուր դիրքորոշմանը հատուկ են անորոշությունը, պասիվությունն ու սեփական կյանքի և ընդհանուր առմամբ հանրապետության կյանքի գրեթե բոլոր ոլորտներում դրական փոփոխությունների նկատմամբ հավատի կորուստը։
2. Ռուսաստանի գործոնի մասին մարդիկ միշտ էլ խոսում էին, բայց այժմ այն ավելի իրական ու ազդու է՝ վերջին տարիների իրադարձությունների, ինչպես Կովկասում, այնպես էլ ամբողջ աշխարհում Ռուսաստանի ակտիվության համապատկերում։ Թեև հարցվողների մեծ մասը հակամարտության գլխավոր պատճառը տեսնում է Ռուսաստանի մեջ, համեմատաբար ավելի իրազեկված հարցվածները դրա մասին խոսում են ոչ թե ուրիշների կարծիքները մեջբերելով, այլ փաստարկելով դա, բերելով պատմական, տնտեսակա և այլ փաստարկներ։ Գրեթե անհետացել է Արևմուտքի հիշատակումը, Արևմուտքի հնարավորություները հաշվի առնելը հակամարտությունում՝ ի հակակշիռ անցյալի փաստարկների, երբ Արևմուտքը, ճիշտ է՝ ոչ առաջին ջութակի դերում, բայց պարտադիր կար որպես հայ-ադրբեջանական հակամարտության շուրջ արտաքին ուժերի ընդհանուր կառուցակարգի տարր։
3. Կա նաև կանխատեսելի միտում. երիտասարդությունը մեծամասամբ հաշվի է առնում ղարաբաղյան հակամարտությունն «այնքանով՝ որքանով», իմա՝ «բոլորը խոսում են՝ ես էլ եմ խոսում», բայց իրականում դա նրանց քիչ է հետաքրքրում։ Տարեցները (60-ն անց) կարոտախտով են լցված խորհրդային շրջանում հակամարտության գոտու նախկին խաղաղ կյանքի նկատմամբ, իսկապես ներքուստ ծանր են տանում, մտահոգվում են գրավյալ տարածքների ապագայով, ուզում են այսպես, թե այնպես հետ բերել այդ տարածքները՝ անգամ ռազմական ճանապարհով։ Միջին սերունդն ուզում է նույն բանը, բայց ռազմականի առումով բաժանված է երկու հիմնական խմբերի՝ արմատական-ռազմատենչներ և մարդիկ, որոնք ցանկալի են համարում տարածքների վերադարձը խաղաղ ճանապարհով ,և որ դա չառնչվի իրենց զավակներին ու հարազատներին։
4. Հարցված կանանցից շատերի մոտ, անկախ կրթության մակարդակից ու տարիքից, անգամ նրանց մոտ, ովքեր իրենց համարում են Արևմտյան Եվրոպայի արժեհամակարգի մի մասը, նկատելի է պահպանողական կեցվածք՝ հակամարտությունն առաջին հերթին տղամարդկանց խնդիրն է, ինձ առանձնապես չի հետաքրքրում, չի մտահոգում, ինձնից ոչինչ կախված չէ և այս ուղղությամբ ես ապրիորի ոչինչ չեմ կարող անել, և դա բնական է՝ թող այդ մասին տղամարդիկ մտածեն։
ա) Ինչ խոսք, հանրապետության մերձճակատային շրջաններում հարցվածների համար հակամարտությունն ավելի իրական է, ավելի զգալի է, քան Բաքվի բնակիչների համար։ Հակամարտության գոտուն առնչված ցանկացած լուր և հատկապես այնպիսի դեպքերը, ինչպիսին են երեխաների, խաղաղ բնակիչների շրջանում զոհերը, նրանք շատ ավելի սուր են զգում։ Հակամարտությունը նրանց առօրյա կյանքն է։ Նկատելի է տարբերությունը ավագ սերնդի և երիտասարդության միջև։ Ավագ սերունդն ավելի գիտակից է խոսում, զգացվում է, որ նրանք վաղուց են մտորում հակամարտության մասին ու հակամարտության պայմաններում իրենց կենցաղին առնչված հարցերի շուրջ։ Իսկ ահա երիտասարդների մոտ շատ են ԶԼՄ-ներից ստացած կարծրատիպային տեղեկությունները։ Ինչ վերաբերում է Բաքու կամ հակամարտությունից հեռու այլ բնակավայրեր տեղափոխվելուն՝ դարձյալ ավելի ավագ սերնդի մոտ որպես դրա պատճառ գերակայում է վախը սեփական երեխաների ու թոռների համար, ինչպես նաև սոցիալ-տնտեսական դժվարությունները, իսկ ահա երիտասարդների մոտ նկատելի է մի ընդհանուր միտում, որը հատուկ է ոչ միայն Ադրբեջանին, այլև աշխարհի շատ այլ երկրների՝ երիտասարդների արտահոսքը գյուղերից դեպի զարգացած խոշոր քաղաքներ, առավել հաճախ՝ դեպի մայրաքաղաք։
բ) Հարցվածներից շատերի մոտ, այնուամենայնիվ, նկատելի էր վախը հարցազրույցից առաջ, կար մտահոգություն, որ այն կհայտնվի պաշտոնյաների ձեռքում։ Այս ներքին գրաքննությունը շրջաններում հարցվածների մոտ ավելի շատ էր, քան մայրաքաղաքի բնակիչների մոտ։ Միգուցե այն պատճառով, որ շրջաններում պաշտոնյաներից, իշխանություներից կախումն ավելի մեծ է։ Մի հայեցակետ ևս՝ այստեղ առկա է որոշակի նախանձ ու վիրավորվածություն մայրաքաղաքի բնակիչների նկատմամբ, հակամարտային գոտիների բնակիչների խնդիրներին արձագանքում են, հարցվածների կարծիքով, ոչ պատշաճ մակարդակով և ոչ պատշաճ մասնակցությամբ։
գ) Հարցվածների մեծ մասն ասում է, որ պատերազմ չի ուզում, բայց նաև ըմբռնումով է ընդունում, որ ռազմական լարվածության հավանականությունը մեծ է, և որ իրենց մտերիմների մասնակցությունը դրան նույնպես լինելու է։ Այսինքն՝ կա որոշակի ըմբռնում և ինչ-որ առումով նաև դատապարտվածություն իրադարձությունների նման զարգացմանը, դա համարվում է պետության բնական իրավունքը՝ պատերազմ սկսելու իր հողերը վերադարձնելու նպատակով։