Միքայել ԶՈԼՅԱՆ
Փորձագետ
Երեւան
Եվրասիական միություն ստեղծելու առաջարկի մասին արդեն բավականին շատ է խոսվել թե մեզանում, թե նախկին ԽՍՀՄ այլ հանրապետություններում: Հիմնականում այդ առաջարկը քննարկվել է այն տեսակետից, թե որքանով է այն ձեռնտու նախկին խորհրդային հանրապետություններին: Արդյո՟ք այդ երկրների իշխանական վերնախավերը եւ հասարակությունները ցանկանում են նման միություն, որքանո՟վ են նրանք պատրաստ անդամակցել այդպիսի միության:
Սակայն, այդ քննարկումներից հիմնականում դուրս է մնացել մեկ այլ հարց, որն առնվազն նույնքան կարեւոր է, եթե ոչ ավելի կարեւոր` որքանո՟վ է ինքը Ռուսաստանը պատրաստ ինտեգրվել նախկին խորհրդային հանրապետությունների հետ: Առաջին հայացքից նման հարցը կարող է անհեթեթ թվալ, չէ՟ որ հենց Ռուսաստանի քաղաքական վերնախավից է գալիս միության ստեղծման առաջարկը: Սակայն, մի բան է քաղաքական վերնախավը, մեկ այլ բան` ռուս հասարակությունը: Որքանո՟վ են ռուսական հասարակության լայն շերտերը պատրաստ ինտեգրվել նախկին խորհրդային հանրապետությունների հետ: Հաշվի առնելով այն վերելքը, որը վերջին տարիներին Ռուսաստանում ապրել են ազգայնական տրամադրությունները, այդ հարցի պատասխանը բավականին մշուշոտ է:
Միանգամայն հասկանալի է, որ ցանկացած ՙեվրասիական՚ կառույցի ապագան կախված է նրանից, թե ինչպես իրեն կդրսեւորի այդ կառույցի ստեղծման գործընթացում Ռուսաստանը: Այս առումով ցանկացած ՙեվրասիական՚ կառույց սկզբունքորեն տարբերվելու է Եվրամիությունից: Եվրամիության ձեւավորվման գործընթացում կային մի քանի ՙծանր քաշայիններ՚` Ֆրանսիան, երմանիան, Իտալիան եւ Մեծ Բրիտանիան, որոնց միջեւ առկա ուժային հավասարակշռությունը թույլ էր տալիս ապահովել միության բոլոր անդամների միջեւ շատ թե քիչ հավասար պայմանների առկայությունը: Ակնհայտ էր, որ եթե նրանցից մեկը չափազանց հավակնոտ դառնար եւ փորձեր իր կամքը պարտադրել միության մյուս անդամներին, ապա մնացած ՙծանր քաշայինները՚ դա թույլ չէին տա: Եվ հակառակը` երբ ՙծանր քաշայիններից՚ որեւէ մեկը ժամանակավորապես կորցնում էր հետաքրքրությունը ինտեգրման հանդեպ, նախաձեռնության պակասը լրացնում էին մյուս ՙծանր քաշայինները՚:
Նախկին ԽՍՀՄ տարածքում կա միայն մեկ ծանրքաշային` Ռուսաստանը: Եթե ինտեգրման գործընթացում Ռուսաստանը ցուցաբերի նախաձեռնության պակաս, կամ ընդհակառակը` չափազանց հավակնոտ գտնվի, երկու դեպքում էլ դա ճակատագրական հետեւանքներ կունենա ՙեվրասիական՚ ինտեգրման համար: Հետեւաբար, որպեսզի ՙեվրասիական՚ նախագիծը չձախողվի, անհրաժեշտ է, որ Ռուսաստանն իր վրա վերցնի պատասխանատվությունն այդ կառույցի ապագայի համար: Ընդ որում, միայն պատասխանատվություն ստանձնելը բավարար չէ: Ռուսաստանը պետք է նաեւ կարողանա որոշ դեպքերում սանձել իր իսկ հավակնությունները, որպեսզի մնացած մասնակիցներն այդ գործընթացը չընկալեն որպես վտանգ` անկախության եւ ինքնիշխանության հնարավոր կորստի առումով: Խնդիրն այն է, թե արդյոք այսօրվա Ռուսաստանն ի վիճակի է ապահովել այդ նուրբ հավասարակշռությունը:
Այս խնդրում Ռուսաստանի իշխանություններին կարող է խանգարել ռուսական ազգայնականությունը: Ռուսական ազգայնականությունը Ռուսաստանում ներկայում դարձել է ազդեցիկ գործոն: Ինչպես ցույց են տալիս պարբերաբար տեղի ունեցող ծայրահեղ ազգայնականների ելույթները` արդի Ռուսաստանում որեւէ այլ գաղափարախոսություն ի վիճակի չէ մրցել ազգայնականության հետ` մարդկանց մոբիլիզացման առումով: Այսպես, 2010 թ. դեկտեմբերին ազգայնականների ելույթը Մոսկվայի կենտրոնում անհամեմատ ավելի մեծ արձագանք ստացավ, քան ազատականների կողմից կազմակերպվող սակավամարդ ակցիաները, կամ էլ իշխանամետ քաղաքական ուժերի կողմից ՙպարտադիր-կամավոր՚ սկզբունքով կազմակերպված միջոցառումները, որոնց մասնակիցներին սովորաբար հավաքագրում են վարչական լծակների օգտագործմամբ:
Իհարկե, կարելի է անգամ երկրի մայրաքաղաքի կենտրոնում հավաքված մի քանի հազար ազգայնականների համարել լուսանցքային (մարգինալ) ուժ: Սակայն, էլ ավելի կարեւոր է այն հանգամանքը, որ ազգայնամոլությանը բնորոշ գաղափարները վաղուց արդեն դադարել են Ռուսաստանում ընկալվել իբրեւ լուսանցքային, ծայրահեղական երեւույթ: Նման գաղափարներ, կարծրատիպեր, դավադրության տեսություններ կարելի է գտնել ռուսական ԶԼՄ-երում, ինտերնետում, քաղաքական գործիչների, մտավորականների եւ պետական պաշտոնյաների խոսքում: Քաղաքական ուժերը եւ Ռուսաստանի իշխանությունները հաճախ տուրք են տալիս ազգայնական հռետորաբանությանը` նպաստելով, որ այն հասարակության կողմից ընկալվի իբրեւ նորմալ երեւույթ:
Ռուսական ազգայնականության, մասնավորապես ծայրահեղ ազգայնականության պատճառներից է այն գաղափարախոսական վակուումը, որն առաջացավ ԽՍՀՄ փլուզումից հետո: Կոմունիստական գաղափարախոսությունն արդեն իսկ վարկաբեկվել էր ԽՍՀՄ գոյության վերջին տասնամյակներին, իսկ ազատական-ժողովրդավարական գաղափարները վարկաբեկվեցին Ելցինի կառավարման օրոք: Այս պայմաններում ազգայնականությունը փաստորեն հայտնվեց առանց լուրջ մրցակիցների: Այսօր գրեթե բոլոր ազդեցիկ քաղաքական ուժերի գաղափարախոսությունը կարելի է այս կամ այն չափով բնութագրել իբրեւ ազգայնական: Իշխանության կուսակցությունը` Միացյալ Ռուսաստանը, կարելի է բնորոշել իբրեւ աջակողմյան չափավոր պահպանողական-ազգայնական կուսակցություն, թեեւ կուսակցության ղեկավարները խուսափում են իրենք իրենց բնորոշել որպես ՙազգայնականներ՚: Ձախ համարվող ուժերը, մասնավորապես ՌԴ Կոմկուսը, դեռեւս 1990-ականներից սկսած զուգակցում են պահպանողական-ազգայնական հռետորաբանությունը եւ սոցիալական արդարության կոչերը: Եվս մեկ ազդեցիկ ուժ` Ժիրինովսկու Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, բացահայտորեն խաղում է ՙազգայնական՚ դաշտում: Այսպես կոչված ՙաջ՚ կամ ՙժողովրդավարական՚ ուժերը, որոնց մինչ այժմ բնորոշ է եղել բացասական վերաբերմունքն ազգայնականության հանդեպ, այսօր բավականին թույլ են եւ ընտրությունների ժամանակ ստանում են բնակչության չնչին մասի աջակցությունը:
Ավելին` ազատական-ժողովրդավարական ուժերի շրջանում կարծես սկսում է ձեւավորվել այն գիտակցությունը, որ նրանք կարող են ապահովել հասարակական զգալի աջակցություն միայն այն դեպքում, եթե ավելի բաց լինեն ազգայնական գաղափարների հանդեպ: Այսպես, կոռուպցիայի դեմ իր պայքարով հայտնի բլոգեր Ալեքսեյ Նավալնին փաստարկում է, որ անհրաժեշտ է աշխատել ազգայնական տրամադրվածություններ ունեցող զանգվածների հետ, որպեսզի Ռուսաստանում ձեւավորվի ավելի չափավոր, եվրոպական տիպի ՙքաղաքացիական ազգայնականությունը՚: Նավալնու մոտեցումը, որը նախկինում դատապարտում էին ՙհին դպրոցի՚ ընդդիմության առաջնորդները, այսօր ըմբռնում է գտնում ազատական-ժողովրդավարական քաղաքական շրջանակներում: Իհարկե, առայժմ այնքան էլ պարզ չէ, թե որքանով կհաջողվի ազգայնականությունը ժողովրդավարական բարեփոխումների համար ծառայեցնելու այդ փորձը, սակայն ինքնին այն հանգամանքը, որ ազատական ուժերը ձգտում են խաղալ ՙազգայնական դաշտում՚, արդեն իսկ բավականին շատ բան է ասում Ռուսաստանում տիրող գաղափարախոսական դաշտի մասին:
Ռուսական ազգայնական դաշտն աչքի է ընկնում հայեցակարգերի մեծ բազմազանությամբ, սակայն կարելի է առանձնացնել ռուսական ազգայնականության երկու հիմնական գաղափարական հոսանքներ կամ տարատեսակներ: Դրանք են կայսերապաշտական ազգայնականությունը եւ էթնիկ-ռասայական ազգայնականությունը: Առաջինը շեշտը դնում է Ռուսաստանի համաշխարհային (կամ ավելի չափավոր տարբերակներում` տարածաշրջանային) առաքելության վրա, ձգտում է այս կամ այն ձեւով ռուսական կայսրության վերականգնմանը: Այս ուղղության տեսակետից Ռուսաստանի գլխավոր թշնամիներն են համաշխարհային ՙուժային կենտրոնները՚` Արեւմուտքը, ԱՄՆ-ն, ՙջհուդա-մասոնական դավադրությունները՚ եւ այլն: Ռուսական ազգայնականության մյուս տարբերակի համար առավել կարեւոր է էթնիկ ռուսների դիրքը ՌԴ ներսում: Այդ ուղղության նպատակն է Ռուսաստանը դարձնել ՙմաքուր ռուսական՚ պետություն, իսկ հիմնական հակառակորդներ են համարվում այլ էթնիկ խմբերի ներկայացուցիչները` կովկասցիները, ասիացիները, սեւամորթները, ներգաղթողներն ընդհանրապես: Ի տարբերություն կայսերապաշտ ազգայնականության` այս ուղղության կողմնակիցներն, ընդհակառակը, ձգտում են տարանջատվել մյուս հետխորհդային երկրներից, հնարավորինս սահմանափակել ոչ-ռուսների մասնակցությունը Ռուսաստանի կյանքին: Հենց այս ուղղության հետ են կապված այնպիսի նախաձեռնություններ, որոնք պահանջում են սահմանափակել ոչ-ռուս քաղաքացիների մուտքը Մոսկվա եւ այլ քաղաքներ: Այս ուղղության ազդեցության արդյունք է ՙբավական է կերակրել Կովկասը”՚ նախաձեռնությունը, որը պահանջում է սահմանափակել Հյուսիսային Կովկասին տրվող պետական օգնությունը: Ավելին` որոշ ազգայնական շրջանակներում ավելի հաճախ լսվում են պահանջներ` առանձնացնել Հյուսիսային Կովկասը Ռուսաստանից:
Ազգայնականության այս երկու տարբերակները գաղափարախոսական առումով հստակորեն տարբեր հայեցակարգեր են, որոնք ունեն տարբեր պատմական եւ գաղափարական ակունքներ: Մեկն իր ակունքներով գնում է դեպի Ռուսական կայսրության պատմության որոշակի փուլում տիրապետող դարձած պահպանողական-ազգայնական գաղափարախոսությունը, մյուսն ավելի ՙարդիական է՚, այն արտահայտում է Արեւմտյան Եվրոպայից ներմուծված ռասիստական եւ էթնո-ազգայնական տեսությունների ազդեցությունը, որոնք թեեւ արեւմտա-եվրոպական հասարակություններում հիմնականում մերժված են, Ռուսաստանում դեռեւս շատերի կողմից արդիական են համարվում: Այնուամենայնիվ, պետք է նաեւ հաշվի առնել, որ իրական կյանքում հաճախ դժվար է միմյանցից բաժանել ազգայնականության այդ երկու ուղղությունները, քանի որ շատ հաճախ հանդես են գալիս միասնության մեջ:
Ազգայնականության որ տարբերակն էլ գերիշխող դառնա ռուսական քաղաքական դաշտում` այն դժվար համատեղելի է Եվրասիական նախագծի իրականացման հետ: Կայսերապաշտական տիպի ազգայնականության հաղթանակի դեպքում այն կարող է հանգեցնել Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ ծավալապաշտական եւ կայսերապաշտական տարրերի գերակայության, ինչն իր հերթին կարող է առաջացնել համապատասխան հակազդեցություն ՙեվրասիական նախագծի՚ մյուս մասնակիցների մոտ: Ռասիստական միտումներով ազգայնականության դիրքերի հզորացման դեպքում, ընդհակառակը, ինքը Ռուսաստանը կարող է կորցնել հետաքրքրությունը ՙԵվրասիական նախագծի՚ նկատմամբ: Ռուսաստանում հաճախ են հնչում նախկին խորհրդային երկրներից սահմանազատվելու, նախկին խորհրդային հանրապետությունների հետ անցագրային ռեժիմ հաստատելու, ներգաղթողներին արտաքսելու, որոշ մասնագիտություններով աշխատողների շրջանում էթնիկ քվոտաների համակարգեր ստեղծելու եւ նմանատիպ այլ կոչեր: Նման տրամադրություններն այս կամ այն չափով պետք է հաշվի առնվեն Ռուսաստանի իշխանությունների կողմից: Բնական է, նման տրամադրությունները չեն կարող նպաստել տարածաշրջանային ինտեգրմանը, քանի որ, ինչպես ցույց է տալիս ԵՄ փորձը, ինտեգրումը նախեւառաջ ենթադրում է սահմանների թափանցիկություն եւ աշխատուժի ազատ միգրացիա:
Այս ամենը սոսկ տեսական դատողություններ չեն: Արդեն իսկ կան նախանշաններ, որոնք վկայում են այն մասին, որ ռուսական քաղաքական վերնախավի ինտեգրացիոն նախագիծը կարող է բախվել ռուսական հասարակության` նախկին խորհրդային հարեւաններից սահմանազատվելու ձգտմանը: Նոյեմբերի կեսերին Մոսկվայում Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի ղեկավարները ստորագրեցին մի շարք փաստաթղթեր, որոնք, ըստ էության, պետք է հիմք դառնան Եվրասիական միության ստեղծման համար: րեթե նույն օրերին, ի պատասխան Տաջիկստանում ռուս օդաչուների ձերբակալմանը, Ռուսաստանում ձերբակալվեցին հարյուրավոր ՙապօրինի՚ տաջիկստանցի ներգաղթողներ, իսկ ՌԴ լխավոր հակահամաճարակային բժիշկ ենադի Օնիշչենկոն հայտարարեց, որ պետք է սահմանափակել Տաջիկստանի քաղաքացիների մուտքը ՌԴ, քանի որ Տաջիկստանում տարածված են ՁԻԱՀ-ը եւ թոքախտը: Տաջիկստանի քաղաքացիներին արտաքսելու կոչերը լայն աջակցություն գտան ռուսաստանյան հասարակության ամենատարբեր հատվածների մոտ:
Իհարկե, այս ամենի անմիջական պատճառը ՌԴ քաղաքացիների ձերբակալությունն էր, սակայն այն առիթ դարձավ, որ եւս մեկ անգամ բարձրաձայնվեն նախկին խորհրդային երկրներից դեպի Ռուսաստան ներգաղթը կանգնեցնելու պահանջները: Այսպիսով, ստացվում է, որ մի կողմից Ռուսաստանի իշխանությունը ձգտում է տարածաշրջանային ինտեգրման, իսկ մյուս կողմից` Ռուսաստանի հասարակությունը կտրականապես դեմ է հետխորհրդային տարածքում տեղաշարժի ազատությանը, որը ցանկացած ինտեգրացիոն նախագծի կարեւորագույն տարրերից է: Փաստորեն, քանի դեռ ինտեգրումը սահմանափակվում է հայտարարություններով եւ փաստաթղթերի ստորագրմամբ` Ռուսաստանի հասարակությունը ողջունում է այն, սակայն երբ գործը հասնի իրական ինտեգրման, ռուսաստանյան հասարակության վերաբերմունքը եվրասիական նախագծին կարող է փոխվել: Թե ինչպես կլուծվի այդ հակասությունը` այսօր դժվար է ասել, սակայն ակնհայտ է, որ այն լուրջ ազդեցություն կարող է գործել եվրասիական ինտեգրացիոն նախագծի ճակատագրի վրա: