Հայաստանը՝ արատավոր շրջապտույտում
Անահիտ ՇԻՐԻՆՅԱՆ
Միջազգայնագետ
Երևան
Անվտանգությունը Հայաստանի արտաքին քաղաքական վճռորոշ անկյունաքարերից է։ Սակայն հայկական դիվանագիտությունը խիստ պարզունակ է ընկալել արտաքին քաղաքականությունն անվտանգությանը ծառայեցնելու հրամայականը։ Ամեն ինչ հանուն անվտանգության զոհաբերելու մոտեցումը հանգեցրել է արտաքին քաղաքականության էրոզիայի , որն էլ առաջին հերթին պետք է ապահովեր այդ անվտանգությունը քաղաքական հակակշիռերի եւ զսպման միջոցով։ Հայաստանը կենտրոնացել է անվտանգության առավելապես ռազմական բաղադրիչի զարգացման վրա։ Արդյունքում նրա հռչակած բազմավեկտոր քաղաքականությունը թեքվել է ի շահ վեկտորներից մեկի՝ Ռուսաստանի, որպես կոշտ՝ ռազմական անվտանգության երաշխավորի։Միաժամանակ՝ Հայաստանը չի հաշվարկել եւ ճիշտ չի գնահատել ռուսական շահերի փոխակերպման միտումները, որոնք այլ տրամաբանություն են ստացել 2000-ական թվականներից՝ նախագահ Պուտինի իշխանության գալուց հետո։ Արդեն այս ժամանակներից սկսած՝ Արեւմուտքի հետ ավելի սուր դիմակայության մեջ մտած եւ գերտերության հավակնություններ ունեցողՌուսաստանը սկսեց կարեւորել մի կողմից՝ ռազմավարական կշիռ ունեցող Թուրքիայի, մյուս կողմից՝ էներգակիրներով հարուստ Ադրբեջանի հետ հատուկ հարաբերությունների կառուցումը՝ հաճախ Հայաստանի շահերի հաշվին։
Ռուսաստանի շահերի փոխակերպման եւ Հայաստանի դերի նվազման պայմաններում անվտանգության երաշխիքների գինը Հայաստանի համար անընդհատ բարձրանում է։ Հայաստանը հայտնվել է արատավոր շրջապտույտում․ որքան շատ է հանուն անվտանգության զոհաբերում իր արտաքին քաղաքական ինքնիշխանությունը, այնքան ավելի խոցելի է դառնում այդ անվտանգությունը։ Հայաստանի անվտանգությանը մարտահրավեր են նետում ոչ միայն իր հակառակորդները, այլ անուղղակիորեն նաեւ իր ռազմավարական դաշնակիցը, որն իր ձեռքում է պահում անվտանգային երաշխիքները չեղարկելու հնարավորությունը։ Հայաստանը հավակնում է դասագրքային օրինակ ծառայել, թե ինչպես կարելի է մեծացնել անվտանգության խոցելիությունը արտաքին քաղաքականության ձախողման միջոցով։
2016թ. ապրիլյան պատերազմից հետո հայաստանյան դիսկուրսում գերակայում էր այն տեսակետը, որ պատերազմը տեղի ունեցավ ռազմական ուժերի հարաբերակցության խախտման պատճառով՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող հարձակողական սպառազինությունների հետեւանքով։ Սակայն ոչ պակաս կարեւոր էր ուժերի քաղաքական հարաբերակցության խախտումը, ինչը տեղի էր ունեցել Հայաստանի արտաքին քաղաքական դիրքերի խարխլման հետեւանքով՝ հատկապես 2013թ․ սպետեմբերի 3-ի՝ Մաքսային միությանը միանալու որոշումից հետո։
Սեպտեմբերի 3-ի շրջադարձը բացահայտեց Հայաստանի ամենամեծ անվտանգային խոցելիությունը՝ գերկախվածությունը Ռուսաստանից։ Այն համախտանիշն էր հայ-ռուսական հռչակված ռազմավարական գործըկերության անհավասարության, որը ձեւավորվել էր դրան նախորդած տասնամյակում։ Գերկախվածությունն այնքան էր մեծացել, որ Հայաստանն այլեւս չկարողացավ հարաբերությունների անհամաչափությունը նվազեցնելուն միտված քայլ անել Եվրամիության հետ Ասոցացման եւ ազատ առեւտրի պայմանագրի ստորագրման տեսքով։
Հայաստանի այս խոցելիությունից օգտվեցին ե՛ւ նրա ֆորմալ դաշնակիցները, ե՛ւ նրա հակառակորդ Ադրբեջանը։ Հատկապես 2013թ․-ից հետո Հայաստանի ֆորմալ դաշնակիցները սկսեցին ավելի բացահայտ արհամարհել նրա շահերը ՀԱՊԿ-ում, այնուհետեւ՝ ԵԱՏՄ-ում։ Մի կողմից՝ Ռուսաստանը եւ Բելառուսը զենք էին վաճառում Ադրբեջանին, մյուս կողմից՝ Բելառուսը եւ Ղազախստանը չէին թաքցնում, որ ավելի են կարեւորում հարաբերությունները Ադրբեջանի հետ։ Հայաստանի պաշտոնական դաշնակիցներն էներգակիրներով հարուստ Ադրբեջանի հետ իրենց հարաբերությունները խորացրեցին հենց Հայաստանի շահերի հաշվին։
Սրան զուգահեռ՝ Հայաստանը կորցրել էր նաեւ իր արեւմտյան գործընկերերի վստահությունը։ Այն նաեւ չուներ բարոյական աջակցություն Արեւմուտքից, քանի որ պնդում էր, որ որոշումն իրենն է, եւ տեղի չի ունեցել Մոսկվայի ճնշման տակ՝ ինչպես իրականում գիտեին բոլորը։
Հայաստանի դիրքերի կտրուկ անկումը Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների եւ ՀԱՊԿ շրջանակներում հանգեցրեց նրան, որ դրանք դադարեցին պատերազմի զսպման եւ կանխարգելման դեր խաղալ տարածաշրջանում: Սեփական դաշնակիցների կողմից Հայաստանի քաղաքական մեկուսացումը բարոյապես հզորացրեց Ադրբեջանին։ Հենց այս արտաքին քաղաքական իրողության պայմաններում Ադրբեջանը նախաձեռնեց ապրիլյան պատերազմը։
Հայաստանի արտաքին քաղաքական ինքնիշխանության խարխլումը հանգեցրել է նրան, որ Ադրբեջանը ղարաբաղյան հարցի շուրջ բանակցում է ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի հետ։ Սա լուրջ մարտահրավեր է տարածաշրջանային անվտանգությանը։
Ադրբեջանական քաղաքական միտքը անկախությունից ի վեր զարգացրել է այն համոզմունքը, որ ղարաբաղյան հակամարտության լուծման բանալին գտնվում է Մոսկվայում․ բավական է Մոսկվան ցանկանա, եւ հակամարտությունն անմիջապես կլուծվի, բնականաբար ի շահ Ադրբեջանի՝ վստահ են Բաքվում։ Այս համոզմունքն ավելի է ամրապնդվել Հայաստանի արտաքին քաղաքական ինքնիշխանության թուլացմանը զուգընթաց։ Ադրբեջանական քաղաքական էլիտան կարծում է, որ Մոսկվան կարող է Հայաստանի հանդեպ իր ազդեցության լծակներն օգտագործել՝ պարտադրելու վերջինիս այս կամ այն լուծումը։ Դրա դիմաց Բաքուն պատրաստ է սակարկել, օրինակ, ռուսական ինտեգրացիոն կառույցներում իր մասնակցության շուրջ։ Այս թեզն առաջին անգամ գործնականում լուրջ կիրառելու փորձ արվեց 2015թ․-ին՝ կրկին Հայաստանի արտաքին քաղաքական խոցելիության տպավորության պայմաններում։ Հենց այս ժամանակ առաջ քաշվեց այսպես կոչված Լավրովի պլանը: Այն ենթադրում էր ղարաբաղյան ստատուս քվոյի մասնակի փոփոխություն՝ չսահմանելով Ղարաբաղի կարգավիճակի հարցում որեւէ իրական երաշխիք։ Դիվանագիտական ճանապարհով Հայաստանին պարտադրել այս լուծումը հնարավոր չէր, սակայն լուրջ ռազմական կորուստների փաստի առաջ կանգնեցնելով՝ գուցե հնարավոր լիներ։ ԹեեւՂարաբաղի բանակը կանգնեցրեց ապրիլյան պատերազմը, այն նշանավորվեց Հայաստանի արտաքին քաղաքականության պարտությամբ․ Հայաստանի քաղաքական եւ ռազմական դաշինքները պատերազմի զսպման իրենց գործառույթը չկատարեցին, չգտնվեց որեւէ գործընկեր, որը բարոյական աջակցություն կհայտներ Հայաստանին պատերազմից հետո, իսկ Ադրբեջանը ոչ մի քաղաքական գին չվճարեց նախաձեռնած պատերազմի համար։
Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը հնարավորություն է տալիս Հայաստանին վերաիմաստավորել իր արտաքին քաղաքական եւ պաշտպանական քաղաքականությունը։Անվտանգության ռազմական բաղադրիչը կարեւոր է եւ ռազմաքաղաքական զսպման դեր է խաղում։ Սակայն Հայաստանը պետք է դադարի անվտանգությունը դիտարկել միայն այս համատեքստում։ Ճկուն արտաքին քաղաքականությունը, մրցունակ տնտեսությունը, արդյունավետ գործող ժողովրդավարական ինստիտուտները անվտանգության ապահովման համալիր համակարգի ոչ պակաս կարեւոր մաս են կազմում եւ ունակ են փոխհատուցել սպառազինությունների եւ մարդկային ռեսուրսների սահմանափակությունը։
Հայաստանի արտաքին քաղաքականությունը, մասնավորապես, պետք է լուծի անվտանգությանն ուղղված հետեւյալ խնդիրները․
- Հաղթահարի Հայաստանի անվտանգային խոցելիության եւ աշխարհաքաղաքական անելանելիության տպավորությունը։Աշխարհաքաղաքական դետերմինիզմը պետք է դադարի Հայաստանի համար ծառայել որպես արտաքին քաղաքական տեսլական։
- Վերականգնի պատերազմի զսպման մեխանիզմները՝ դրանք զարգացնելով ոչ միայն ռուսական, այլեւ առնվազն նաեւ արեւմտյան եւ իրանական ուղղություններով։ Սա ենթադրում է նաեւ ռազմական համագործակցության աշխարհագրության ընդլայնում։
- Դիվանագիտական միջոցներով մեծացնի պատերազմի քաղաքական գինը Ադրբեջանի համար։
- Ադրբեջանին ստիպի բանակցել Հայաստանի եւ Ղարաբաղի հետ, ոչ թե Ռուսաստանի։
Այս խնդիրների իրագործումը մեզ բերում է դարձ ի շրջանս յուր։ Առանց արտաքին քաղաքական ինքնիշխանության վերականգման եւ Ռուսաստանի հետ իրական դաշնակցային հարաբերությունների հաստատման հնարավոր չէ կոտրել այն արատավոր շրջապտույտը, որում հայտնվել է Հայաստանը։ Հայաստանը չի կարող անվտանգային միջավայրի այլ արդյունք ստանալ՝ նույն արտաքին քաղաքական եւ պաշտպանական տրամաբանությունը շարունակելով։ Հայկական դիվանագիտությունը կարող է դասեր քաղել Թավշյա հեղափոխությունից, որը հաջողեց՝ հակառակ ներքաղաքական անելանելիության եւ դետերմինիզմի կանխատեսումների։