Մարիա ՊԼԻԵՎԱ
Լրագրող
Ցխինվալ
Անցնող տարվա ընթացքում Հարավային Օսիայում ոչ մի արտասովոր բան տեղի չի ունեցել. երկրում կայացել են խորհրդարանական ընտրություններ, ոչ կառավարական կազմակերպությունների դեմ օրենք է ընդունվել (օրենքում դրանք անվանված են ոչ առեւտրային կազմակերպություններ), իրականացվել է հանրապետության գլխավոր ավտոմայրուղու` Տրանսկամի վերանորոգումը, ճանապարհ, որը ոչ միայն Հարավային Օսիան է միացնում Հյուսիսային Օսիայի հետ, այլեւ ողջ Հարավային Կովկասը` Հյուսիսային Կովկասի հետ: Կարգի է բերվել նաեւ մայրաքաղաքը հեռավոր Լենինգորի շրջանի հետ կապող ճանապարհը, որը 2004-2008թթ. մասամբ գտնվել է Վրաստանի իրավասության ներքո: Իսկ արտաքին քաղաքականության մեջ «ամենանշանավոր» իրադարձությունը Հարավային Օսիայի կողմից Լուգանսկի եւ Դոնեցկի ժողովրդական հանրապետությունների ճանաչումն էր:
Տարին սկսվեց նրանով, որ հունվարին Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովը ցրեց հանրապետության կառավարությունը ու վարչապետի պաշտոնակատար նշանակեց մշակույթի նախկին նախարար Դոմենտի Կուլումբեգովին, ով հետո հաստատվեց այդ պաշտոնում: Իր հատուկ հայտարարության մեջ Տիբիլիովը քննադատեց կառավարության աշխատանքը` նախարարների կաբինետին մեղադրելով չհամաձայնեցված գործողությունների եւ նախագահական հանձնարարականների չկատարման մեջ: Իրականում դա պարզապես իրական գործունեության տպավորություն թողնելու նպատակ ուներ. նրա նախորդներն էլ էին սեփական անգործությունն արդարացնելու նպատակով ցրում նախարարների կաբինետը:
Խորհրդարանական ընտրություններ
Փետրվար ամսից սկսվել էր խորհրդարանական ընտրապայքարն` ավելի քան 15 քաղաքական կուսակցությունների մասնակցությամբ, որոնք վերջին նախագահական ընտրություններից հետո բուսնում եւ աճում էին երկրաչափական պրոգրեսիայով: Սակայն հանրապետության ԿԸՀ-ը գրանցել է միայն 9 կուսակցություն: Իրապես անկախ կամ ընդդիմադիր կուսակցություններ դրանց մեջ չկային, այդ իսկ պատճառով ընտրությունների արդյունքները բավականին կանխատեսելի էին: Իշխող «Միասնություն» կուսակցությունը չի հաղթահարել 7 տոկոսանոց պատնեշը, եւ նրա տեղը զբաղեցրել է նույնանման «Միասնական Օսիա» կուսակցությունը. ինչպես ասում են` «գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում»:
Նախորդ խորհրդարանական կուսակցություններից նոր խորհրդարան է անցել միայն «Ժողովրդական կուսակցությունը»` ընդամենը չորս մանդատով: Մի ժամանակ, «Ժողովրդական կուսակցությունն» իսկապես անկախ կուսակցությունն էր, բայց 2009թ. ապրիլին այն ռեյդերական գրավման է ենթարկվել նախկին նախագահ Կոկոյտիի կողմից, որից հետո կուսակցության լիդեր եւ անդամներ են դարձել Կոկոյտիին լիովին հավատարիմ անձինք:
Հարավային Օսիայի քաղաքական կուսակցությունների առանձնահատկություններից է այն, որ կուսակցության անդամ եւ պատգամավորության թեկնածու կարող էին դառնալ բոլոր պաշտոնյաները, անգամ` ուժային կառույցների աշխատակիցները: Այդ իսկ պատճառով նախորդ գումարման խորհրդարանն ավելի նման էր փոքր ՊՆ-ի (պաշտպանության նախարարության): Սակայն, 2014թ. հուլիսի 1-ին ուժի մեջ է մտել կառավարության մասին նոր օրենքը, որի համաձայն՝ հարավօսական կառավարության անդամները չեն կարող լինել քաղաքական կազմավորումների անդամ: Դրանից հետո այն ժամանակվա արտգործնախարարի պաշտոնակատար Դավիթ Սանակոեւը լքեց իր իսկ ղեկավարած կուսակցության շարքերը:
Թե ինչպես են Հարավային Օսիայի քաղաքացիները նախապատվություն տվել այս կամ այն կուսակցությանը` արժանի է առանձին հոդվածի, ավելի շուտ` երեք արարով թատերական ողբերգության: Կուսակցությունների քաղաքական ծրագրերը միմյանց չափազանց նման էին, իսկ մարդիկ շարունակում էին ընտրություն կատարել` առաջնորդվելով ազգակցական կամ ընկերային սկզբունքներով: Օրինակ, «Հարավային Օսիա» թերթի խմբագիրը գրում էր, որ այդ 15 կուսակցությունների ղեկավարների ցուցակում նա հայտնաբերել է իր երկու ազգականի եւ մեկ դասընկերոջ: Նա շվարած հարց էր տալիս, թե այդ դեպքում ինչպե՞ս է հնարավոր չեզոքություն պահպանել:
Նոր գումարման խորհրդարանի որոշ առանձնահատկությունները չափազանց նման են նախորդ գումարման խորհրդարանի ուրույնություններին. 34 պատգամավորից վեցը կանայք են: Մյուս կողմից, խորհրդարանը բավականին երիտասարդացել է: Եթե նախկինում ժողովրդի ծառաների միջին տարիքը 51 տարեկան էր, ապա այժմ այն կազմում է 42 տարեկան: Նոր գերագույն օրենսդիր մարմնի գրեթե բոլոր պատգամավորներն ունեն բարձրագույն կրթություն, սակայն նրանց մեջ ոչ ոք չունի գիտության թեկնածուի գիտական կոչում:
Վհուկների որս
Մայիսի 7-ին Հարավային Օսիայի խորհրդարանի հաստատմանը ներկայացվեց ոչ կառավարական կազմակերպությունների մասին նոր օրինագիծ: Օրինագիծը մշակվել էր հանրապետության Արդարադատության նախարարության կողմից սույն թվականի մարտ ամսին եւ ենթադրում էր ներմուծել «օտարերկրյա գործակալ» եզրույթը` արտերկրից դրամաշնորհ ստացող ոչ կոմերցիոն (ՈԿ, հետայսու` ՈԿԿ` ոչ կառավարական կազմակերպություն) կազմակերպությունները բնութագրելու համար: Նշենք, որ Հարավային Օսիայի գործարարներից ոչ ոք ՈԿԿ գործունեություն չի ֆինանսավորում: Ոչ կառավարական հատվածի ներկայացուցիչները հայտարարել են, որ «օտարերկրյա գործակալ» եզրույթի կիրառությունն իրենց հանդեպ անհանդուրժելի է: Հարավային Օսիայի քաղաքացիական հատվածի ներկայացուցիչների կարծիքով` նման եզրույթն իրենց որպես «օտարերկրյա լրտես» էր պիտակավորում: Նրանք ԶԼՄ-ների միջոցով հայտարարեցին, որ նոր օրենքը ոչ միայն խաթարում է իրենց քաղաքացիական ակտիվությունը, այլեւ սպառնում անձնական անվտանգությանը:
Պատերազմական պայմաններում ավելի քան 20 տարի ապրող` ատելությամբ, վախով ու կասկածամտությամբ լի հասարակությունը չի խորանալու իրավաբանական մանրամասների մեջ: Արդարադատության նախարարն այդ նախաձեռնությունը հիմնավորել է «պետությունը ֆինանսավորման անվստահելի աղբյուրներից պաշտպանելու» եւ «ՈԿԿ միջոցով հասարակության մեջ անառողջ միտումների ներթափանցումը կասեցնելու» անհրաժեշտությամբ:
Նախորդ գումարման խորհրդարանի փոխխոսնակ Միրա Ցխովրեբովան սատարել է ՈԿԿ դիրքորոշմանը եւ խիստ քննադատության է ենթարկել առաջարկված օրինագիծը: Նա իր գործընկերներին հիշեցրել է, որ լրտեսական գործունեությամբ, այդ թվում եւ 2008թ. օգոստոսին, զբաղված անձինք մինչ օրս դատարանի առաջ չեն կանգնել: Նրանց գործունեության քննությամբ չեն զբաղվել նաեւ համապատասխան լիազորված կառույցները:
Փորձագետ Ալան Պարաստաեւի կարծիքով` տրամաբանական չէ ՈԿԿ նկատմամբ այդչափ խիստ միջոցներ ձեռնարկելը: «21-րդ դար» թերթի խմբագիր Թիմուր Ցխուրբաթիի խոսքերով` «Հիշյալ օրենքի ընդունմամբ ոչինչ չի փոխվելու, բոլորը նախկինի պես կշարունակեն աշխատել: Օրինագիծն ընդամենը պատրվակ է` թշնամիների կարիք ունեցող իշխանության գործունեության իմիտացիան ապահովելու համար, որովհետեւ նրանք ստեղծագործել դեռ չեն սովորել»:
Վերջապես, մայիսի կեսերին Հարավային Օսիայի խորհրդարանը ոչ կոմերցիոն կազմակերպությունների մասին նոր օրենք է ընդունել` առանց այս հարցում ռուսաստանցի գործընկերներին լիովին հետեւելու: Հանրապետության քաղաքացիական հատվածի ներկայացուցիչներին հաջողվել է ազդել միայն իրենց իրավաբանական կարգավիճակը սահմանող եզրույթի փոփոխության վրա: Նրանք համոզել են օրենսդիրներին փոխարինել «օտարերկրյա գործակալ» եզրույթը «արտասահմանյան գործընկեր» ձեւակերպմամբ: Նրանք նաեւ մտադիր էին դիմել նոր գումարման խորհրդարանին` առկա երկիմաստ իրավիճակը քննարկելու համար: Նոր գումարման խորհրդարանը դեռեւս այդ հարցին չի անդրադարձել:
Սահմաններ
Մարտի կեսերին «Հարավային Օսիա» պաշտոնաթերթը հրապարակեց Հարավային Օսիայի եւ Վրաստանի պետական սահմանը հատելու պարզեցված կարգի մասին կառավարության որոշումը: Հարավային Օսիայի իշխանությունները որոշել են, որ ժամանակն է կարգավորելու հանրապետության Լենինգորի շրջանի` Վրաստանում փախստականի կարգավիճակ ունեցող բնակիչների հարցը: Եթե նրանք չհրաժարվեն այդ կարգավիճակից, ապա նրանց պետք է մերժվի Լենինգոր վերադառնալու համար վրաց-հարավօսական սահմանի հատման թույլտվությունը:
Լենինգորի շրջանում էթնիկ վրացիների մեծամասնությունն ունի նաեւ վրացական անձնագրեր, որոնց շնորհիվ նրանք Վրաստանում փախստականի նպաստ են ստանում: Սահման հատելու խնդիրներն առկա են նաեւ այն պատճառով, որ շատ էթնիկ վրացիներ չեն կամենում ստանալ հարավօսական անձնագրեր: Նախկինում այդ մարդիկ սահմանը հատում էին «Ձեւաթուղթ 9»-ի պես մի տեղեկանքի օգնությամբ: Սահմանը հատելու կարգի խստացումից հետո նրանք ստացան հարավօսական անձնագրեր: Իրականում, Վրաստանի հետ սահմանն այս մարդիկ անցնում են երկու անձնագրով: Ռուս սահմանապահներին (2008 թվականից ի վեր Հարավային Օսիայի սահմանը, ռուս-հարավօսական միջպետական պայմանավորվածությունների համաձայն, պահպանում են ռուսաստանցի սահմանապահները) Լենինգորի բնակիչները ցույց են տալիս հարավօսական անձնագրերը, իսկ վրացի սահմանապահներին` վրացականները:
Հոկտեմբերի վերջին «Эхо Кавказа» տեղեկատվական հարթակում մեծ հոդված հայտնվեց, որտեղ նշվում էր, որ Լենինգորի բնակիչների համար դեռեւս արդիական է հատուկ անցագրեր ստանալու խնդիրը, առանց որոնց նրանք չեն կարող հատել Վրաստանի սահմանը: Տեղական վարչակազմի ներկայացուցչի խոսքերով` Լենինգորում մշտապես բնակվող մարդկանց մեծամասնությունն արդեն իսկ ստացել է հարավօսական անձնագրեր: Այնուամենայնիվ, շատ լենինգորցիներ բողոքում են, որ զրկվել են իրենց հարազատներին տեսնելու հնարավորությունից: Նրանք պնդում են, որ հաճախ կես տարուց ավել են սպասում պահանջված անցագրերի ստացմանը: Այս իրավիճակը Հարավային Օսիայի համար բավականին վտանգավոր է, քանի որ շրջանի բնակչության մեծամասնությունը կարող է ի վերջո մշտական բնակության համար Վրաստան տեղափոխվել: Այս դեպքում վրացական իշխանությունները Հարավային Օսիայի դեմ հավելյալ խաղաքարտ կունենան` ստեղծված իրավիճակը միջազգային հանրությանը ներկայացնելով որպես նոր «էթնիկակակն զտումներ»: