(Ռոբերտ Դ. Կապլանի «Աշխարհագրության վրեժը. ի՞նչ կարող մեզ է պատմել քարտեզը գալիք հակամարտությունների և ճակատագրի հետ մարտի մասին» [1] մենագրության տեսություն)
Հրաչյա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Քաղաքագետ
Ստեփանակերտ
Նախաբան
Հասկանալու համար, թե ինչպես են գործելու աշխարհաքաղաքական դերակատարները և տարածաշրջանային ուժի կենտրոնները՝ երբեմն բավարար է սոսկ մի հայացք նետել քարտեզին: Վերջին տասնամյակներում համաշխարհայնացման գործընթացների շնորհիվ ընդունված էր կարծել, որ ժողովրդի ու պետության ճակատագրերում վճռորոշ է տնտեսությունը: Սակայն, եթե դուք կամենում եք հասկանալ, թե որոնք են Չինաստանի քաղաքական անկայունության կամ, ընդակառակը, Իրանի կայունության արմատները, ապա դուք նախ ստիպված կլինեք մոտենալ քարտեզին՝ իր նոր գրքում է ասում Ռոբերտ Դ. Կապլանը[2]: Կապլանն ընկալում է քարտեզը «որպես մարդկության բաժանման տարածական պատկերացում» և ենթադրում է, որ մարդկությունը հիմնականում տարանջատված է: Մարդկության «տարանջատվածության» վրա շեշտադրումը արտաքին քաղաքականության մեջ նրան դեպի իրատեսություն է տանու: «Աշխարհագրությունը,- գրում է Կապլանը,- մարդկության բուն պատմության ֆոն է… Պետության դիրքը քարտեզում առաջինն է, որ նրան բնորոշում է՝ անգամ գերակա փիլիսոփայությունից ավելի»:
Կապլանը չունի պատրանքներ այն մասին, թե ինչպիսի բանավեճեր կհարուցի իր իրապաշտությունը: Նա հանգիստ և կշռադատված բացահայտում է իր գրքի հանդեպ բացասական վերաբերմունքի աղբյուրը: Սառը պատերազմի ավարտն, ըստ նրա, կուրացրել է արևմտյան ինտելեկտուալներին աշխարհի բազում կոշտ ու տհաճ իրողությունների հանդեպ: «Բոլորս հանկարծակի հայտնվել ենք մի աշխարհում, որտեղ Գերմանիայի արհեստական սահմանի ապամոնտաժումը հանգեցրել է այն ենթադրության, որ բոլոր մարդկային բաժանումներն ու տարակարծությունները հաղթահարելի են…, որ շատ արագ մոդայիկ և ամենքի ականջին ընտանի դարձած համաշխարհայնացում բառն ոչ այլ ինչ է, քան պատմության և միջազգային անվտանգության համակարգի բարոյական ուղղվածություն, և ոչ թե այն, ինչ այն իրականում կար՝ սոսկ տնտեսական և մշակութային զարգացման փուլ»:
Այսպիսով, Կապլանի համար աշխարհագրությունը համաշխարհային գործընթացներն ուղղորդող ուժերի շրջապտույտն ըմբռնելու ուղեցույց է: Սույն տեսակետի իրավացիությունը ստուգելու համար նա խորանում է ուսումնասիրվող առարկայի մեջ՝ հենվելով դասական աշխարհաքաղաքականության հասկացությունների քննահենքի վրա, որը համաշխարհային պատմությունը նկարագրում է «Ցամաքի և Ծովի միջև բախման» եզրույթների միջոցով: Կապլանի տրամախոսության մեջ առանցքային կերպարը Հելֆորդ Մակքինդերն[3] է: Բացելով և մեկնաբանելով նոր պայմաններում Մակքինդերի «Հարթլենդ» հասկացությունը՝ Կապլանը հավելում է դասական աշխարհաքաղաքականության ևս մի առանցքային հասկացություն՝ Նիկոլոս Սփայքմենի[4] «Ռիմլանդի» գաղափարը:
ԱՄՆ
Ինչո՞ւ է ԱՄՆ-ն գերտերություն դարձել: Ամերիակայում տարածված է այն տեսակետը, թե դա տեղի էր ունեցել ամերիկյան ազգի ներուժի շնորհիվ, սակայն հնարավոր է նաև այլ պատասխան: ԱՄՆ-ն Երկիր մոլորակի բարեխառն գոտու բնական պաշարներով հարուստ վերջին մասն է, որը յուրացրել են եվրոպացիները: Կապլանը մեջբերում է Նիկոլաս Սփայքմենի խոսքը, որը մի առիթով նշել է, թե Ջորջ Վաշինգտոնից մինչև Ֆրանկլին Ռուզվելտ ընկած ժամանակահատվածում Միացյալ Նահանգների համար շատ բան էր փոխվել, «բայց Ատլանտյան օվկիանոսը շարունակում է տարանջատել Միացյալ Նահանգները Եվրոպայից և Սուրբ Լավրենտիոս գետի նավահանգիստները դեռ շրջափակվում են սառույցով»: Ըստ Կապլանի՝ Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսներն Ամերիկային ոչ միայն իդեալիզմի շքեղություն են շնորհել, այլև «Միացյալ Նահանգների համար անմիջապես մատչելի են դարձրել աշխարհում քաղաքականության և առևտրի երկու հիմնական զարկերակները՝ Ատլատիկայով դեպի Եվրոպա և Խաղաղ օվկիանոսով՝ դեպի Արևելյան Ասիա»:
Ռուսաստան
Ինչո՞ւ Ռուսաստանի նախագահն Արևելյան Եվրոպայում և Կովկասում ձգտում է պատնեշային գոտիներ ստեղծել ճիշտ այնպես, ինչպես նախկինում այն ստեղծում էին ԽՍՀՄ-ը և Ռուսաստանյան կայսրությունը: Վլադիմիր Պուտինը կանգնած է մայրցամաքային տերության խոցելիության խնդրի առջև, քանի որ Ռուսաստանի սահմանները պաշտպանված չեն լեռնաշղթաների կամ գետերի բնական արգելապատնեշներով: Այսպիսի աշխարհագրության հետևանքն էր ներխուժումներից պաշտպանվելու համար մեծ տարածություններ վերահսկելու ազգային գաղափարի և անհրաժեշտության ձևավորումը: Թե՛ Ալեքսանդր Ա-ն և թե՛ Ստալինը տարբեր ժամանակաշրջաններում էին ղեկավարում Ռուսաստանը, բայց երկուսն էլ մղել են «դեպի ծով ելքի համար անվերջանալի պայքար»:
Բոլշևիկների՝ ամենամեծ կայսերապաշտների օրոք մենք տեսնում ենք թե՛ Ռուսաստանյան կայսրության ամենաբարձր թռիչքը և թե՛ վերջինիս փլուզումը: Կապլանը քննում է Ստալինի «ձախողված», կամ ինչպես ավելի ճիշտ կլինի ասել՝ թերավարտ աշխարհաքաղաքականությունը: Արևմուտքի «զսպման» քաղաքականությունն, ըստ Կապլանի, կայանում էր Ռիմլենդի պաշտպանության մեջ, երբ Հարթլենդն ի դեմս ԽՍՀՄ-ի փորձում էր վերջինիս ամրությունը Եվրոպայում, Հարավային Ասիայում, Մերձավոր Արևելքում և Հարավ-Արևելյան Ասիայում: Ինչպես ասել է Հենրի Քիսինջերը 1957 թվականին՝ «սահմանափակ պատերազմն ընդունելի արժեք ունեցող միակ միջոցն է, որն ի վիճակի է կանխել Եվրասիայի եզերային հատվածների զբաղեցումը խորհրդային բլոկի կողմից»:
Ռուսաստանը 21-րդ դարում. Սառը պատերազմում Արևմուտքի տարած դյուցազնավիպական հաղթանակը հանգեցրել է կայսրության փլուզմանը: Հարթլենդն այլևս վտանգ չի ներկայացնում, քանի որ Ռուսաստանը վերջինիս վրա այլևս բավարար չափով չի գերիշխոմ: Քարտեզի վրա առկա գծերը կարող են փոփոխվել, բայց ուրվագծերը՝ ո՛չ: Պուտինի համար արևմտյան կողմնորոշումը ծայրաստիճան կարևոր է, եթե նա կամենում է վերականգնել իր ժողովրդի նախկին փառքը և պաշտպանել նրան տարատեսակ ներխուժումներից: Բանալին Ուկրաինան է: Ազգային անվտանգության գծով նախկին խորհրդական Զբիգնև Բժեզինսկին ասում է, որ առանց Ուկրաինայի Ռուսաստանը դեռ կարող է կայսրություն լինել, բայց՝ «գերազանցապես ասիական բնույթի», որը կենտրոնացած է Կովկասի և Կենտրոնական Ասիայի վրա: Սակայն «Ռուսաստանյան գերակայության տակ վերադարձած Ուկրաինայի շնորհիվ Ռուսաստանը ավելացնում է 46 միլիոն բնակչություն իր արևմտակողմնորոշված ժողովրդագրությանը և Եվրոպային անսպասելի մարտահրավեր է նետում՝ անգամ եվրաինտեգրված լինելու դեպքում»: Աշխարհագրությունից և ազգայնականության հրամայականներից ծնված այս ողբերգությունը գալիք տասնամյակներում վերջնականապես հանգուցալուծվելու է: Նույն այդ աշխարհագրությունն է «ղեկավարում Ռուսաստանի ու Չինաստանի մշտապես լարված հարաբերությունները», երբ ավտորիտար կառավարման հանդեպ փոխադարձ համակրանքը և ինքնիշխան լինելու արտոնությունը վարչակարգերը դեպի միմյանց է մղում:
Արժանին հատուցելով Ռուսաստանին՝ Կապլանն, այնուամենայնիվ, վճիռ է կայացնում՝ Վլադիմիր Պուտինը և Դմիտրի Մեդվեդևն «առաջարկելու համար փաստորեն ոչ մի վեհ գաղափար չունեն, նրանց մոտ որևէ տեսակի գաղափարախոսություն չկա. նրանց օգտին է միայն աշխարհագրությունը, բայց դա ակնհայտորեն բավական չէ»:
Չինաստան
Միաժամանակ, Արևմուտքը պետք է պատասխանի վերածնված Չինաստանի հարուցած ռազմավարական մարտահրավերին: Այս հարցում ճիշտ չէ կենտրոնանալ միայն տնտեսության ու քաղաքականության վրա և հաշվի չառնել աշխարհագրությունը: Տնտեսական հզորությունը և մեծաքանակ բնակչությունը թույլ են տալիս Չինաստանին Հեռավոր Արևելքի, Ռուսաստանի, Կենտրոնական և Հարավ-Արևելյան Ասիայի հարակից հատվածներում ստեղծել ազդեցության գոտիներ: Միաժամանակ, Չինաստանը Ռուսաստանի նման կանգնած է Տափաստանի կողմից ներխուժման միևնույն սպառնալիքի առջև: Չինաստանի աշխարհագրական հրամայականը ողջ պատմության ընթացքում եղել էր «նրան Մանչժուրիայից ժամացույցի սլաքին հակառակ մինչև Տիբեթ» երիզող չորային լեռնաշխարհների վերահսկողությունը: Այստեղ՝ բարձրադիր սարահարթերում, բնակվում են նշանակալից ազգային փոքրամասնություններ. տիբեթցիները՝ հարավ-արևմուտքում, ույգուր թուրքերը՝ արևմուտքում և էթնիկ մոնղոլները՝ հյուսիսում, որոնք միասին շրջափակում են չինացիների էթնիկական միջուկին՝ Խանին: Ներկայումս Չինաստանը վերահսկում է այդ ճգնաժամային տարածաշրջանները և հենց դրա շնորհիվ էլ կարող է իրեն թույլ տալ իրականացնելու ծավալապաշտական արտաքին քաղաքականություն և ունենալ ծովային հավակնություններ: Սակայն, ի տարբերություն Ռուսաստանի, Չինաստանը ձտում է ընդարձակել իր տարածքային ազեդցությունն «ավելի շատ առևտրի, քան պարտադրման միջոցով»:
Արևմուտքը Չինաստանի ղեկավարությանը համառորեն առաջարկում է ազատականացնել քաղաքական համակարգը: Սակայն չինացի առաջնորդները ճանաչում են իրենց աշխարհագրությունը և հասկանում, որ կառավարման անգամ մասնակի ժողովրդավարացումը կարող է հանգեցնել երկրի փլուզմանը: Այդպիսի քաղաքականությունը կարող է գնահատվել որպես անկայուն, բայց այն թելադրվում է մայրացամաքային աշխարհագրությամբ, որը ձգվում է մինչև Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասը, որտեղ Չինաստանն իրեն անկյուն մղված է տեսնում ԱՄՆ ծովային դաշնակիցների՝ Ճապոնիայից Ավստրալիա ձգվող շղթայով:
ԱՄՆ–Չինաստան. Արդյո՞ք դա նշանակում է, որ Միացյալ Նահանգները կարող են ռազմական հակամարտության մեջ հայտնվել Չինաստանի՝ որպես ասիական հզորությամբ օժտված մի երկրի հետ, որը ձգտում է ընդլայնել իր ռազմածովային ազդեցությունը հարակից տարածաշրջաններում, որտեղ ներկայումս գերիշխում է Ամերիկան: Կապլանի պատասխանը երկակի և հակասական է: Մի կողմից, նա գտնում է, որ Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև պատերազմի հավանականությունը չափազանց հեռու է»: Մյուս կողմից, նա ենթադրում է, որ եթե Չինաստանի տնտեսությունը շարունակի զարգանալ նույն արագությամբ, ապա այն «կարող է իր մեջ պարունակել սաղմնային շատ ավելի մեծ հզորություն, քան 20-րդ դարում ԱՄՆ որևէ այլ հակառակորդինը»:
Պատերազմից խուսափելու համար, Կապլանի կարծիքով, Միացյալ Նահանգները պետք է խմբագրեն Արևելյան Ասիայում իրենց ռազմածովային հավակնությունները և ճանաչեն Չինաստանի գերիշխանությունն այսպես կոչված «առաջին կղզային շղթայի» վրա, որն աղեղով ներառում է Ճապոնիան, Ռյուքյու կղզեխումբը, Կորեական թերակղզու մի մասը, Թայվանը, Ֆիլիպինները, Ինդոնեզիան և Ավստրալիան: Թերևս Միացյալ Նահանգների կողմից դա կարող է չափազանց մեծ զիջում դիտվել, բայց այն կարող է անխուսափելի դառնալ, քանի որ Ամերիկան կանգնած է իր ռազմածովային հզորության ակնհայտ անկման առջև: Չինաստանը հայտնվել է Կենտրոնական և Արևելյան Ասիայում, Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասում, ռազմածովային ներկայություն պահպանելով Արևելյան և Հարավ-Չինական ծովերում, ինչպես նաև ներկա է գտնվելու Հնդկական օվկիանոսի ափի նավահանգիստներում և ծովային հաղորդակցությունների մնացած ենթակառուցվածքներում և զենքի շուկայում: Կապլանի կարծիքով, «Չինաստանում միայն մեծ քաղաքական և տնտեսական անկարգությունները կարող են փոխել այդ թրենդը»:
Իրան
ԱՄՆ-ն Իրանի իշխանություններին դիտում է գաղափարախոսության տեսանկյունից, սակայն կարևոր նշանակություն ունի նախ երկրի աշխարհագրական դիրքն ու նրա մշակույթը: Իրանը գտնվում է Իրանական լեռնաշխարհում՝ անմատչելի բնական բերդատարածությունում, որը գերիշխում է Մերձավոր Արևելքի, Պարսից ծոցի և Կասպից ծովի նավթարդյունաբերող տարածաշրջանների վրա: Թեև Իրանն ավելի փոքր է, քան Հնդկաստանը, Չինաստանը, Ռուսաստանը կամ Եվրոպան, «նա տիրապետում է Մերձավո Արևելքի առանցքային աշխարհագրությանը՝ դիրքի, բնակչության և էներգակիր պաշարների առումով և համապարփակ աշխարհաքաղաքականության համար առանցքային է հանդիսանում»:
Իրանի պատմությունից բխող մյուս առավելությունը կապված է երկրի ոգեղեն ժառանգության, մշակութային ավանդության և քաղաքակրթական խորության հետ: Այաթոլաների վարչակարգը մարերի, պարթևների, աքեմենյանների և սասանյանների սոսկ ժառանգորդն է, որոնց ազդեցության ոլորտին էին ենթարկվում աշխարհագրությունները՝ Սիրիական անապատից մինչև Հնդկական ենթամայրցամաքը: Սակայն այսօր Իրանը սահմանափակված է մշակութային ազդեցության և մեղմ ուժի գործածության մեջ: Իրանի խնդիրը «կղերական կառավարման խեղդող կայունությունն է (անսասանելիությունը)»: Կապլանը շատ բացասաբար է վերաբերվում այաթոլաների վեհացմանը և այն բռնությանը, որը նրանք կիրառում են Իրանի պատմության «զգացմունքային, բարդ և մտավորապես խթանող ավանդույթների նկատմամբ»: Ներկայիս վարչակարգի բռնապետությունը «թե՛ սահմանափակում է իր հզորությունը և թե՛ ազդարարում իր մոտալուտ անկման մասին»:
Այսպիսով, Իրանը աշխարհագրական և մշակութային տեսանկյուններից Մեծ Մերձավոր Արևելքի առանցքային պետություն է, հետևաբար՝ Միացյալ Նահանգների համար չափազանց կարևոր է վերջինիս հետ փոխզիջման հանգել: Ժողովրդավարական կամ կեղծ-ժողովրդավարական Իրանը «իրանական պետության աշխարհագրական հզորության շնորհիվ հնարավորություն ունի գործողությունների դրդել արաբական աշխարհում և Միջին Ասիայում իրեն սատարող հարյուր միլիոնավոր մահմեդականների»: Այդպիսի Իրանը, Կապլանի աչքերում, անխուսափելի ապագան է: Տվյալ տեսանկյունից Արևմուտքում Իրանի դեմ առճակատման և պատերազմի վերաբերյալ շատերի ընդունած հապճեպ որոշումը Կապլանի կողմից սխալ մոտեցում է դիտվում: Արևմուտքը պետք է շահագրգռված լինի ոչ այնքան Իրանի միջուկային ծրագրի կասեցմամբ, որքան վարչակարգի վերափոխմանը միտված մեծ ռազմավարության մշակմամբ:
Սիրիա և Իրաք
Աշխարհի ոչ մի այլ մասում աշխարհագրությունն այնքան անարդիական չէ, որքան Մերձավոր Արևելքում: Օրինակ, Իրաքում շումերների, աքադացիների և ասորիների ժամանակներից լեռնային հյուսիսը և գետային տարածությունները հարավում և կենտրոնում գտնվում էին փոխադարձ դիմակայության մեջ: Այսօր որպես անտագոնիստներ հանդես են գալիս շիաները, սունիներն ու քրդերը: Փոխվել են քաղաքակրթությունները և ժողովուրդները, բայց անփոփոխ է մնացել պատերազմի քարտեզագրությունը:
Ոչ պակաս բարդ պատկեր է տիրում Սիրիայում: Այսօր սիրիական ճգնաժամին Արևմուտքի ուղիղ միջամտության օգտին կոչեր են հնչում, թեև հարկ է հիշել, որ ներկայիս Սիրիան Օսմանյան կայսրության շրջանակներում Լիբանանի, Հորդանանի և Իսրայելի տարածքները ներառող իրականության մասն էր: Անգամ այժմյան մասնատված տեսքով Սիրիան վերարտադրում է նախկին Օսմանյան կայսրության բոլոր համայնքային բաժանումները: 1944 թ. անկախության ձեռքբերման պահից սկսած իր էթնոդավանական կազմն այսպիսին է. ալավիները՝ հյուսիս-արևմուտքում, սունիները՝ կենտրոնական միջանցքում, դրուզները՝ հարավում: Այս կացությունը Սիրիային վերածում է արաբական Հարավսլավիային և համաարաբականության բաբախող սրտի:
Սակայն Սիրիան դատապարտված չէ քաոսի և անիշխանության մեջ գահավիժելուն: Պատմությանը ծանոթ են հազարամյակների մեջ արմատներով թափանցող տնտեսական և այլ հարաբերությունների կարգավորման դեպքեր՝ գյուղատնտեսության կազմակերպման յուրահատուկ պայմաններում: Որպես օրինակ կարելի է հիշատակել Իրաքն ու Միջագետքի քաղաքակրթությունները: Այս հանգամանքը Սիրիան և Իրաքը ենթադրվածից նվազ արհեստական իրականություն է դարձնում, որը կործանելը դյուրին գործ չէ:
Եվրոպա
Եվրոպայի նույնիսկ ժամանակակից ճգնաժամը և ֆինանսական խնդիրները կրում են վերժամանակային աշխարհագրության կնիքը: Իրականում, գոյություն ունեն աշխարհագրության ազդեցություն կրած տնտեսական զարգացման տարբեր տիպի մի քանի եվրոպաներ: Եվրոպայի աշխարհագրական հարստությունն, իր հերթին, առաջացրել է լեզվախմբերի և ինքնիշխան պետությունների մեծ զանազանություն՝ սնուցելով միասնության բացակայությունն՝ ի հեճուկս մայրցամաքը միավորելուն կոչված բոլոր համաեվրոպական կառույցների: Այնուամենայնիվ, ի հակակշիռ այլևայլ մռայլ կանխատեսումների, Եվրոպական Միության ժողովրդագրական և տնտեսական չափերը Կապլանին հանգեցնում են այն եզրակացության, որ ԵՄ-ն «մնալու է աշխարհում հետարդյունաբերական հաղորդակցությունների մեծ օղակներից մեկը»:
Մեծ Բրիտանիան, գրում է Կապլանը, «պաշտպանված լինելով սեփական սահմաններում և կողմնորոշվելով դեպի օվկիանոս, հարևաններից ավելի վաղ է կարողացել զարգացնել ժողովրդավարական համակարգը»: Թեև բրիտանական կղզային ինքնությունը նրան ներխուժումներից որոշակի պաշտպանվածություն էր ապահովում, մայրցամաքին անմիջական մերձավորությամբ դիրքը ստեղծում էր սպառնալիքի ու վտանգի բավարար մակարդակ, որպեսզի Բրիտանիան զարգացներ «նրան դարերի ընթացքում բնորոշ յուրահատուկ ռազմավարական անհանգստությունը՝ Լա-Մանշի և Հյուսիսային ծովի հանդիհպակաց ափին գտնվող Ֆրանսիայի և Ստորին երկրների[5] քաղաքականության նկատմամբ»:
Պատահական չէ նաև, որ հենց Հունաստանն է ԵՄ ամենախնդրահարույց անդամը: Գտնվելով Բալկանների և Միջերկրական աշխարհի խաչմերուկում՝ Հունաստանը բյուզանդական ինքնակալության, ապա նաև օսմանյան բռնատիրության ժառանգորդն ու խորթ շառավիղն է: Արդի Հունաստանի համար աշխարհագրական ճակատագրի հետևանքներն արձագանքում են հարկերի մուծումից անզուսպ խուսանավելու և մրցունակության արմատական բացակայության և սրճարանի հովանավորչական քաղաքականության տեսքով:
Կառլոս Մեծի կայսրության շուրջ ձևավորված Եվրոպայից բացի կա նաև Միտել-Եվրոպա՝ Կենտրոնական Եվրոպա (Mitteleuropa)՝ կենտրոնաեվրոպական էություն, որի վրա ներկայումս գերակայում է միացյալ Գերմանիան: Պատմական Գերմանիան բաց և չպաշտպանված սահմանների մեջ միշտ էլ վտանգ է տեսել: Դեպի նախկին կոմունիստական ճամբարի Արևելյան Եվրոպա Գերմանիայի ճանապարհին առկա են 21-րդ դարի իրողությունների վրա բարդվող մի քանի ֆիզիկական արգելապատնեշներ, որոնցում կան որոշ պատնեշային պետություններ: Եվրոպայի աշխարհագրական պաշտպանությանն անհրաժեշտ ու դեռևս Մակքինդերի կանխագուշակած պատնեշային պետություններն արդեն իրականություն են դարձել Ռուսաստանյան վերջին կայսրության փլուզումից հետո և կարող են նպաստել ռուսաստանյան Հարթլենդի և եվրոպական Ռիմլենդի միջև հնամենի գծի կայունացմանը՝ դրանով իսկ խթանելով Միտել-Եվրոպայի ամրապնդումը:
Սակայն աշխարհաքաղաքականությունը երաշխիքներ չի ապահովում: «Բայց ի՞նչ, եթե Եվրոպայի ճակատագիրն, ըստ Մակքինդերի, դեռևս կախված է ասիական պատմությունից վերածնված Ռուսաստանի ձևից: Այդ դեպքում այն կարող է վտանգ պարունակել: Ի՞նչն էր մղում Խորհրդային Միությանը՝ համառ աշխատանքով կայսրության համար շահելու Արևելյան Եվրոպան…, որին այսօր էլ պահում է՝ լիտվացիների, լեհերի, շվեդացիների, ֆրանսիացիների և գերմանացիների թալանած և ասպատակած Ռուսաստանի ժառանգությունը, որը ստիպում էր նրան պատմական Ռուսաստանի և Կենտրոնական Եվրոպայի միջև ընկած տարածությունում հպատակ վարչակարգերից բաղկացած սանիտարական պատնեշ ստեղծել»:
Եզրակացություն
Աշխարհագրությունը ողջամտություն է, բայց ճակատագրապաշտություն չէ: Նոր տեխնոլոգիաները սեղմել են տարածությունն ու ժամանակը, բայց նրանք չենք կարող հրաժարվել աշխարհագրությունից, որն այս կամ այն կերպ իր մեջ է պարունակում պատմությունն ու մշակույթը, ուստի և՝ ժողովրդի ու պետության ճակատագիրը: Թեև ժամանակակից վերնախավը սովորել է տեղաշարժվել օդանավներով, երբ աշխարհն, իրոք, հարթ է դառնում, իսկ տեղեկատվական տարածութունն ու համաշխարհային տնտեսությունը սահմաններ չեն ճանաչում, աշխարհագրության գործոնը նախկինի պես շարունակում է մեծ դեր ունենալ: Արդի աշխարհում հաջողված քաղաքականություն վարելու համար առաջին հերթին հարկ է կենտրոնանալ սահմանափակումների վրա, այսինքն՝ ուշադրություն դարձնել աշխարհագրությանը: Աշխարհագրությունը հաղթահարելու համար հարկ է այն նախևառաջ ճանաչել ու հարգել: Պետություն կառավարելու արվեստը ենթադրում է աշխատանք հնարավորի եզրագծին, ընդսմին՝ առանց այդ եզրագիծը հատելու: «Ազգային սահմանափակումները ճանաչող ողջամիտ և իմաստուն քաղաքականություն կերտողները գիտեն, որ պետական կառավարման արվեստը ենթադրում է եզրագծին հնարավորինս մերձ լինելը՝ առանց այն հատելու»:
Աշխարհագրության իմացությունը թույլ է տալիս տեսնել այդ եզրագծերի մի մասը:
[1] Robert D. Kaplan. The Revenge of Geography: What the Map Tells Us About Coming Conflicts and the Battle Against Fate.New York: Random House, 2012. 432 pp. Գիրքն ունեցել է լայն արձագանք, իսկ հեղինակի որոշ գաղափարներին ու մոտեցումներին ծանոթանալը Հայաստանի և հետխորհրդային տարածության խնդիրներով զբաղվողների համար կարևոր ենք համարում: Հպանցիկ քննությունը պատրաստված է հեղինակի՝ ԶԼՄ-ներում հրապարակված մեկնաբանությունների, գրախոսությունների, հոդվածների և հարցազրույցների հիման վրա:
[2] Ռոբերտ Դ. Կապլանը ողջ աշխարհով մեկ ճամփորդած՝ 1857 թ. հիմնված «արտաքին քաղաքականության և տնտեսության, ինչպես նաև մշակութային հարցադրումների վրա սևեռված «Ատլանտիկ» (The Atlantic) ամսագրի գլխավոր աշխաևրհաքաղաքական վերլուծաբան և Նոր ամերիկյան անվտանգության կենտրոնի» (Center for a New American Security) ավագ գիտաշխատողն է: Նա Արևմուտքում հետսառըպատերազմյան աշխարհն ընկալելու համար կարևոր և որոշիչ համարվող 14 գրքերի հեղինակ է:
[3] Հելֆորդ Ջոն Մակքինդերը (Halford John Mackinder) (1861-1947) ականավոր անգլիացի աշխարհագրագետ և արդի աշխարհաքաղաքականության հայրն է՝ 1904 թ. լույս տեսած հայտնի «Պատմության աշխարհագրական առանցքը» հոդվածի հեղինակը, որում Մակքինդերը շրջանառության մեջ է դնում Հարթլենդի (Heartland)՝ (մեջտեղի կամ միջուկի աշխարհ) հասկացությունը: Հաճախ հենց այս աշխատության հրապարակումն է դիտվում աշխարհաքաղաքականության՝ որպես գիտության սկիզբը, թեև Մակքինդերն անձամբ այս եզրույթը չի կիրառել:
[4] Նիկոլաս Ջոն Սփայքմեն (Nicholas John Spykman) (1893–1943)՝ հոլանդական ծագմամբ ամերիկացի աշխարհագրագետ: Ողջ աշխարհով մեկ որպես թղթակից ճամփորդելուց հետո նա դարձել էր Յելսի համալսարանի պրոֆեսոր, որտեղ 1935 թ. հիմնադրել է «Միջազգային հետազոտությունների ինստիտուտը»: Վերջինս «Զսպման» հայեցակարգի և միջազգային հարաբերությունների ամերիկյան տեսության մեջ դասական իրատեսության մոտեցման հիմնադիր-հայրն է: Նրա տեսության հիմքում ընկած է «Ռիմլենդի» (աղեղային աշխարհի)՝ որպես համաշխարհային քաղաքականության առանցքային տարածքի հիմնադրույթը: Նիկոլաս Ջոն Սփայքմենը նաև «Ամերիկյան ռազմավարությունը համաշխարհային քաղաքականության մեջ» և «Աշխարհի աշխարհագրություն» հայտնի աշխատությունների հեղինակն է:
[5] Ժամանակակից Նիդեռլանդների, Բելգիայի և Լյուքսեմբուրգի, կամ՝ Բենիլյուքսի երկրների տարածքը: