Ստեֆան ՇՈՒԼՑ
Ռոբոտներ, ավտոմատացում, արհեստական բանականություն։ Մեքենաները փոխարինում են մարդկանց՝ զբաղեցնելով միլիոնավոր աշխատատեղեր. սա օրհնությու՞ն է, թե՞ անեծք։
Մասաչուսեթսի տեխնիկական համալսարանում կազմակերպված միջոցառումներից մեկի ժամանակ «Quartz» տեխնիկական բլոգի լրագրող Քրիստոֆեր Միմսը անսպասելիորեն հանդիպեց Baxter-ին՝ մի մեքենայի, որը տեսանելի ապագայում համաշխարհային աշխատաշուկան զգալիորեն ալեկոծելու ներուժ ունի։«Մարդ աշխատող»-ին՝ Homo Ergaster-ին, փոխարինելու եկած ռոբոտներին նվիրված իր հոդվածում Միմսը նկարագրում է ռոբոտին՝ գրելով, որ մարդկային կերպարանք նմանակող ռոբոտի գլխամասում տեղադրված էկրանի վրա դիտողին են նայում զույգ արտահայտիչ աչքեր, որոնք էլ ստեղծում են մեքենայի՝ մարդկային լեզուն հասկանալու համոզիչ պատրանք։
Միմսը այնուհետև մոտենում է Baxter-ին և վերջինիս ձեռքը տանում դեպի փոքր առարկաներով լի արկղը։ Մեքենայի մատներն անմիջապես վերցնում են փոքր առարկաներից մեկը։ Լրագրողը շարունակում է խնդիրներ առաջադրել ռոբոտին՝ նրան ուղեկցելով դեպի սեղանը, իսկ Baxter-ը հաջողությամբ կատարում է իրեն տրված խնդիրը՝ վերցրած առարկան անվնաս դնելով սեղանին։ Ռոբոտն անհամբեր շարունակում է կիրառել խնդրի կատարման նոր մոդելը. այն շարունակ վերադառնում է դեպի արկղը, վերցնում այնտեղից նոր առարկա, բերում և դասավորում սեղանի վրա։ Նրա համար բնավ խնդրահարույց չէ այն հանգամանքը, որ արկղում առկա օբյեկտները տարբեր չափսեր և քաշեր ունեն։ Շուտով խելացի մեքենան բարեխղճորեն ավարտին է հասցնում աշխատանքը, որը կրում է նույն բնույթը, ինչ, օրինակ, Amazon ծառայության պահեստի բանվորի աշխատանքը։ Փաստորեն վայրկյանների ընթացքում արհեստական բանականությունը կարողանում է ըմբռնել աշխատանքի բնույթը և հաջողությամբ լուծում տալ իրեն առաջադրված խնդրին։
Անցյալի օրինակները հուշում են, որ ավտոմատացման և թվայնացման սպասվող ալիքներն այս անգամ էլ սկզբունքորեն փոփոխելու են աշխատաշուկան, և դա տեղի է ունենալու շատ ավելի արագ, քան մենք սպասում ենք։ Այս ոլորտի մասնագետների շրջանում թեժ բանավեճեր են ընթանում այն հարցի շուրջ, թե ինչպես է նշված երևույթն ազդում ժամանակակից հասարակության վրա։
Արդյո՞ք պետք է սպասել զանգվածային գործազրկության, աղքատության և հասարակական կյանքի լայնածավալ աղավաղումների։ Թե՞ ընդհակառակը՝ մոտենում է մի դարաշրջան, երբ մարդը վերջապես կարող է իրեն լիարժեք մարդ զգալ. չէ՞ որ որքան սակավ է կենսաապահովման համար աշխատանքի վրա ծախսվող ժամանակը, այնքան ավելի շատ ժամանակ կարելի է հատկացնել ինքնազարգացման և կայացման գործընթացներին։
Ինչո՞վ է առանձնանում աշխատաշուկայի ներկայիս հեղաշրջումը
Առաջին անգամը չէ, որ համաշխարհային աշխատաշուկան ալեկոծումների շեմին է հայտնվում։ Մինչ այժմ արդիականացման բոլոր փուլերում ժամացույցի պես գործել է մի անխախտ օրինաչափություն. ավտոմատացման յուրաքանչյուր նոր աստիճան առաջ է բերել սկզբունքորեն նոր և բարձրակարգ աշխատատեղեր, որոնք փոխարինել են հին սերնդի միօրինակ և առողջության համար հաճախ ոչ բարենպաստ պայմաններ ապահովող աշխատատեղերին։
Այսպես, դեռևս 200 տարի առաջ ամերիկացիների 70%-ն աշխատում էր ֆերմաներում, այնինչ այսօր վիճակագրական այդ տվյալն ունի 1% արժեքը։ Աշխատանքի բնույթի փոփոխումը կատարվում է հետևյալ մոդելով. մինչ մեքենաները ստանձնում են վարելահողերի խնամքի ողջ լայնածավալ աշխատանքը, նախկին դաշտային բանվորները այժմ սկսում են աշխատել կոմբայնների և տրակտորների արտադրամասերում։ Եվ անգամ մինչ ռոբոտներն են ստանձնում արտադրամասերում ապրանքների թողարկման ողջ գործընթացը, նախկին արտադրող բանվորներն այժմ սկսում են զբաղվել այդ մեքենաների սպասարկմամբ և խնամքով։ Արդիականացման գործընթացի արդյունքում ստեղծվում են մի շարք նոր բնույթի աշխատանքներ, ինչպիսին են թունաքիմիկատների մասնագետի, կարտոֆիլի լոգիստի կամ ագրարային մթերքների կայքի վեբ-դիզայների աշխատանքները։
Ինչպես կարծում է ՄՏՀ փորձագետ և «Մեքենաների երկրորդ դարաշրջանը. ինչպես է թվային հեղափոխությունը փոփոխելու բոլորիս կյանքերը» գրքի համահեղինակ Էդրյու ՄաքԱֆին, արդիանականացման այս փուլում մեքենաները ոչ միայն կարողանում են շատ ավելի խճճված ու բարդ խնդիրներ կատարել, այլև փոխարինում են մարդկանց անգամ հոգևոր, ստեղծագործական բաղադրիչներ պարունակոր աշխատավայրերում։
Ինքնակառավարման համակարգերն այնքան են կատարելագործվել, որ Boeing 787 ինքնաթիռը կարողանում է առանց մարդկային միջամտության ինքնուրույն վայրէջք կատարել, իսկ առաջիկա տասնամյակների ընթացքում նման համակարգեր կտեղադրվեն նաև խոշոր բեռնատարներ մեքենաների և տաքսիների մեջ։ Թռչող անօդաչու սարքերն արդեն իսկ առաքում են նամակներ, պիցցա և ամենատարբեր կապոցներ։ Եվ մինչ արհեստակցական միությունները բանավիճում են, օրինակ, մաքրման ոլորտում նվազագույն խելամիտ աշխատավարձի չափաքանակի վերաբերյալ, արդեն իսկ տեխնոլոգիական ընկերությունները փորձարկումներ են անում պատուհաններ և սանհանգույցներ մաքրող ռոբոտների ստեղծման ուղղությամբ։ Անգամ երրորդ աշխարհի երկրներում արդեն իսկ կարելի է ձեռք բերել ամենօրյա օգտագործման փոշեկուլ-ռոբոտ` ընդամենը 89 եվրո արժողությամբ։
Ֆինանսական ընկերությունների շրջանում արդեն իսկ նկատելի է չաթ-բոթերին որպես ֆինանսական խորհրդատու օգտագործելու միտումը։ Սակավ չեն օրինակները, երբ կիրառվում են այնպիսի համակարգչային ծրագրեր, որոնք ճշգրտորեն արձանագրում են ֆինանսական ձեռնարկատերերի կողմից բանկային օրենսդրության խախտումների դեպքերը և այդ մասին հայտնում ղեկավարությանը։ Այսպիսի խելացի մեքենաների և ծրագրային ապահովման արդյունքում մենեջմենթի և խորհրդատվության ոլորտի բազմաթիվ մարդկային աշխատանքներ դառնում են ոչ ձեռնտու։
Հիվանդանոցներում քաղցկեղի ախտորոշման համար արդեն իսկ կիրառվում է IBM ընկերության արտադրության Watson արհեստական բանականության մոդելը, և անգամ որոշ վիրահատություններ կատարվում են ռոբոտների միջոցով։ IT ոլորտի հսկա Alphabet ընկերությունը պատրաստվում է իր Google Talk չաթ-ծառայության միջոցով նոր սերնդի թեժ գիծ ստեղծել, որի շրջանակներում սպառողների հարցերին հնարավորության դեպքում պատասխանելու է արհեստական բանականությունը։ Եթե սպառողի հարցը չափազանց բարդ լինի ռոբոտի համար, այդ դեպքում միայն օգնության կհասնի մարդ-օպերատորը։
Ինչպես գրում է «Wired» ամսագրի հիմնադիր Քեվին Քելլին, այսօր անգամ ստեղծագործական մասնագիտությունների տեր մարդիկ ապահովագրված չեն իրենց մասնագիտական ոլորտների ռոբոտացումից։ Որոշ համակարգիչներ օր օրի կարողանում են հեղինակել ավելի որակյալ երգեր, ոտանավորներ և անգամ վեպեր ու հոդվածներ։
Աշխատանքային ոլորտի այսպիսի լայնամասշտաբ վերափոխումներն այս կամ այն կերպ ազդում են բոլոր մասնագիտությունների վրա։ Օքսֆորդի համալսարանում արված հետազոտություններից մեկի արդյունքում պարզվել է, որ ԱՄՆ-ում տարածված 702 հիմնարար մասնագիտությունների 47%-ը ենթակա է կրճատման կամ վերափոխման։ Այսինքն՝ վերափոխումներն անմասն չեն թողնում և ոչ մի ոլորտ՝ սկսած գյուղատնտեսությունից և արդյունաբերությունից մինչև սպասարկում և այլևայլ ծառայություններ։
Ավելի արագ, ավելի էժան, ավելի խելացի
Արդեն այսօր արդյունաբերական ռոբոտները մատչելի են ոչ միայն ամենաբարձր միջին աշխատավարձ ունեցող երկրներում, այլև զարգացող երկրներում։ Չինաստանում վերջին տասնամյակի ընթացքում արդյունաբերական ոլորտի բազմաթիվ աշխատատեղեր են կրճատվել։ Այդ երկրի հարավում տեղակայված էլեկտրական մասեր արտադրող ընկերություններից մեկն արդեն իսկ կառուցել է մի գործարան, որտեղ ռոբոտները կատարում են մարդկային աշխատանքի 90%-ը։
«Boston Consulting Group» կազմակերպության վերլուծության համաձայն՝ արդյունաբերական ռոբոտների գները շարունակելու են նվազել։ Արդեն 2025 թվականին նման մեքենաների կիրառումը կարող է շահավետ լինել այնպիսի երկրներում, ինչպիսին, օրինակ, Մեքսիկան է։ Դա, բնականաբար, ունենալու է աննախադեպ սոցիալական հետևանքներ. զարգացող երկրներում հատկապես ցավոտ խնդիր է համարվում ցածր որակավորում ունեցող մասնագետների կամ ընդհանրապես որակավորում չունեցողների զբաղվածության խնդիրը, որոնց վերապատրաստելը բավականին բարդ գործընթաց է։ Իսկ մեքենաներն ավելի արագ և որակով կարող են կատարել նույն աշխատանքը՝ առանց վերապատրաստման և վարձատրելու անհրաժեշտության։
Ռոբոտների արտադրությանը զուգընթաց կտրուկ զարգացում է ապրում նաև արհեստական բանականությունը։ Մերօրյա գերհամակարգիչներն ընդունակ են այսպես կոչված «նեյրոնային ցանցերի» միջոցով վերարտադրել մարդկային ուղեղի կառուցվածքը և գործունեության մոդելները, ինչը նրանց թույլ է տալիս ինքնուրույն սովորել։ Համակարգչային բանականության բարձր մակարդակը լավագույնս ի ցույց դրվեց «Deepmind» ձեռնարկության արտադրության համակարգչի կողմից տարեսզբին «գո» խաղի լավագույն վարպետներին պարտության մատնելու իրադարձությամբ։
Չինաստանում ծագած այս հնագույն խաղը մեծ մտավոր լարում է պահանջում. այնքան մեծ է հնարավոր քայլերի քանակը, որ անգամ վարպետները երբեմն բնազդաբար են քայլեր կատարում, և անգամ բարձր արդյունավետությամբ համակարգիչները տարիներ շարունակ չէին կարողանում հաշվարկել գոյի բոլոր հնարավոր քայլերի տարբերակները։ Մասնագետները կարծում էին, որ դեռևս երկար տարիներ են պահանջվելու, մինչ համակարգիչը կկարողանա գոյի շրջանակներում գերազանցել մարդուն։
Այսպիսով, խելացի մեքենաների լայնածավալ կիրառումը կարող է ազդել մարդկային գործունեության այնպիսի ոլորտների վրա, ինչպիսին են, օրինակ, մարդկային ռեսուրսների կառավարումը, աշխատավարձերի վճարումը, ձեռնարկատիրական գործունեությունը, դրանց ուսումնասիրման արդյունքները և այլն։
Ապագայի մասնագիտությունները
Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ աշխատանքային ոլորտների հետևողական մեքենայացումը։ Որոշ փորձագետներ գտնում են, որ ապագայում նոր մարդկային մասնագիտություններ և աշխատատեղեր են ստեղծվելու։
Ապագայի մասնագիտությունները դուրս են երևակայության սահմաններից։ «Boston Consulting Group»-ի վերլուծաբան Էլիսոն Սանդերը գտնում է, որ ներքոհիշյալ մասնագիտությունները շուտով մեծ տարածում են գտնելու. ծերացման կանխման մասնագետ, վիրտուալ իրականություններում ծավալվող պատմվածքների հեղինակ, քաղաքային ֆերմեր, ընտանի կենդանիների հոգեբան, ինչպես նաև համակարգչային ու ծրագրային մասնագետների ողջ աստղաբույլը, որի մեջ են ներառվում նաև ռոբոտների սպասարկման ոլորտի մասնագետները։
«Wired»-ի հեղինակ Քելլին գրում է. «Մեր ապագայի եկամուտները կախված են նրանից, թե որքան արդյունավետ մենք կհամագործակցենք ռոբոտների հետ»։
Այլ մասնագետներ տրամադրված են ավելի հոռետեսորեն։ Այսպես, Հարվարդի համալսարանի պրոֆեսոր, ԱՄՆ-ի նախկին ֆինանսների նախարար Լարրի Սամմերսը կարծիք է հայտնում, որ ավելի շատ հին մասնագիտություններ են վերանում, քան ստեղծվում են նորերը։ Իսկ վերջինիս կոլեգան՝ պրոֆեսոր Գաութամ Մուկունդան, իրավացիորեն կարծում է, որ աշխատողները պետք է մշտապես բարձրացնեն իրենց որակավորման մակարդակը, որպեսզի խուսափեն ռոբոտների կողմից փոխարինվելու վտանգից։ Այնինչ՝ վերապատրաստումը թանկ արժե։ Այդպիսով, ամենևին չի բացառվում, որ շուտով այլևս շահութաբեր չի լինի աշխատողների հետագա վերապատրաստման վրա միջոցների ծախսումը։
Եթե հավատանք Սամմերսին և նրա կոլեգաներին, ապա գալու է ժամանակ, երբ հասարակության բնականոն կյանքի ապահովման համար ամենևին էլ կենսական նշանակություն չի ունենա մարդկային աշխատանքը։ Սակայն որպես վերջինիս արդյունք «բնավ անխուսափելի չեն սոցիալական անհանգստությունների դեպքերը»,- նշում է ՄաքԱֆին։
Վերջինս գրում է նաև, որ մեքենաների հեղափոխությունը նկատելի առավելություններ կարող է ունենալ. ռոբոտային տեխնիկայի կիրառումը այնպես է նպաստում արդյունավետության բարձրացմանը, որ կոնկրետ սոցիումի շրջանակներում ճիշտ հաշվարկներով ներդրվելու դեպքում այն կարող է նոր սոցիալական կապերի ստեղծման ներուժ դրսևորել։ Այդ դեպքում կարող են կյանքի կոչվել նաև անպայման հիմնային եկամտի հայեցակարգի տարրեր։
Այս սցենարը որպես հանգուցալուծում առաջարկում է այն մոդելը, որում մարդն իր կյանքի ապահովման համար պարտավոր չէ աշխատել։ Այսպես, մարդը կարող է ունենալ ավելի մեծ քանակությամբ ազատ ժամանակ ինքնազարգացմամբ և ինքնադրսևորմամբ զբաղվելու համար։ Եվ դա կստիպի մարդուն վերստին տալ իրեն երբեք չհնացող հետևյալ հարցը. «ինչու՞ եմ ես լույս աշխարհ եկել»։ Եվ գուցե այդ հարցին պատասխանելու համար մարդը ևս մի հնարամիտ մեքենա ստեղծի՝ մի արհեստական ուղեղ, որն այլ հարցերին զուգահեռ անպատասխան չի թողնի նաև այդ և «ո՞վ է մարդը» հարցերը։
Հակիրճ՝ որպես ամփոփում. աշխատաշուկան այսօր կանգնած է արագընթաց, համընդգրկուն և հնարավոր վտանգավոր փոփոխության առջև։ Արդյունաբերական ռոբոտներն օր օրի դառնում են ավելի էժան և ավելի խելացի, իսկ արհեստական բանականությունն աննախադեպ առաջընթաց է արձանագրում։ Գյուղատնտեսական, արդյունաբերական և սպասարկման ոլորտներում միլիոնավոր աշխատատեղեր են կրճատվում։ Որոշ փորձագետներ մտավախություն ունեն, որ սպասվելու են լուրջ սոցիալական անհանգստություններ, իսկ այլոք գտնում են, որ ռոբոտացման օգուտները ավելի մեծ են, և մարդկությունն ապագայում ավելի քիչ է աշխատելու։
Հեղինակի մասին
Ստեֆան Շուլցը SPIEGEL ONLINE-ի տնտեսական ոլորտի խմբագիր է, մասնագիտացումներն են՝ էներգետիկ ոլորտը, IT-տնտեսությունը և Չինաստանը։
Էլ փոստ՝ [email protected]
Գերմաներենից հատուկ «Անալիտիկոնի» համար թարգմանեց Նարեկ Խալաֆյանը
ԱՂԲՅՈՒՐ՝ Spiegel