Դրվագ՝ շվեդ հայտնի դիվանագետի հետ հանդիպումից
Հյուրանոցի նախասրահում անսովոր լռություն է. Շվեդիայի Ուփսալա քաղաքի համալսարանի Հակամարտաբանության ֆակուլտետի հրավերով դասընթացի մասնակիցները հուզված սպասում են պատվավոր հյուրի գալուն:
Շվեդական կարգապահական նորմերի համաձայն՝ տասներեքն անց քսանհինգ րոպեին ֆակուլտետի ավագ դասախոս Փիթըր Ուալենսթինի ուղեկցությամբ՝ ձեռնափայտին հենված, ներս է մտնում հայտնի դիվանագետ, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 60-րդ նախագահ, 80 ամյա հոբելյանը բոլորող Յան Էլիասոնը: Դիվանագետը հերթով բարևում ու ծանոթանում է մասնակիցների հետ, հարցնում, թե որ երկրից են ու իր կյանքից մի փոքրիկ դրվագ պատմում տվյալ երկրի մասին:
-Բարև Ձեզ: Որտեղի՞ց եք:
-Բարև Ձեզ: Ես Հայաստանից եմ:
-Օ՜, Դուք գիտե՞ք, որ ես մասնակցել եմ Լեռնային Ղարաբաղի հետ կապված բանակցություններին:
-Տեղյակ եմ. հույս ունեմ ավելին իմանալ Ձեզնից:
Բոլորս մտնում ենք սրահ: Ինչպես որ հարկն է՝ դիվանագետն սկսում է սեփական երկրից: Մասնակիցները տարբեր տիպի հակամարտություններից տուժած երկրներից են, և բոլորիս շատ հետաքրքիր է, թե ինչպես է Շվեդիայի թագավորությունը հասել աշխարհում ամենաբարձր կենսամակարդակն ունեցող երկրների եռյակ, որ գործոններն են բերել շվեդական կյանքի այդ աստիճան կազմակերպվածությանն ու օդում թևածող հանգստությանը:
Մեզ համար զարմանալի էր իմանալ, որ դահլիճում ներկա ազգությամբ շվեդների մեծամասնության (այդ թվում՝ Յան Էլիասոնի) հարազատներից շատերը մինչև 20-րդ դարի սկզբները մահացել են համատարած սովից: Սակայն հենց այդ շրջանում մոտ 1 միլիոն աղքատ բնակչության արտագաղթը ԱՄՆ նոր հնարավորություններ է բացել: 19-րդ դարի կեսերից պարտադիր դարձած տարրական կրթությունը, դարավերջին սկսված արհմիութենական շարժումը ու 1900 թվականից էլեկտրաէներգիայի հասանելիությունը նոր մոտեցումների ու պահանջների սկիզբ են դրել բնական ռեսուրսներով այդքան հարուստ շվեդական պետության համար:
Բոլորս փորձում ենք մտաբերել նշվածներին համապատասխան հանգամանքներ ու հասկանալ՝ ինչպես է, որ շվեդների մոտ ստացվել է:
1814 թվական. սա այն տարեթիվն է, երբվանից սկսած Շվեդիայի հասարակությունը չի առնչվել «պատերազմ», «հակամարտություն», «մարտական գործողություններ» կամ նմանատիպ այլ երևույթների հետ: 205 տարի շարունակ նրանք ապրում են խաղաղ:
Եվ հենց այս խաղաղ երկրից սերող դիվանագետը մեծագույն հուզմունքով պատմում է այն ճակատագրական ժամերի մասին, որ 80-ականներին անց է կացրել Սադամ Հուսեյնի հետ նույն սենյակում, շեշտում անձնական հարաբերություններ ստեղծելու և մշակութային առանձնահատկությունները զգալու կարևորությունը ու վերհիշում մի դրվագ իրանցիների հետ բանակցությունից, երբ լարումը թուլացնելու համար նաև խնդրել է իրեն տանել ծանոթանալու Շիրազի գորգագործությանը…
Ապա անդրադառնում է ղարաբաղյան հակամարտությանը.
«…1993-1994 թվականներին էր. մեր ուղղաթիռը ծայրահեղ պայմաններում վայրէջք կատարեց բանակցությունների վայրում: Հայկական և ադրբեջանական կողմերի միջև բանակցությունների ընթացքում մտաբերում եմ Ուփսալայի համալսարանի հակամարտաբանության ֆակուլտետի երիտասարդ դասախոսներից մեկի մշակած հետաքրքիր մատրիցան, որը ներկայացնում է ինքնավարության 8 չափորոշիչներ և 3 մակարդակներ: Այդ փաստաթղթի մի քանի օրինակ տալիս եմ կողմերին, սակայն անարդյունք: Տարիներ հետո տարբեր հանդիպումների ժամանակ կողմերն ինձ ասում են, որ այն իսկական գլխացավանքի պատճառ է դարձել իր հստակությամբ, – պատմում է դիվանագետը ու խորը հոգոց հանում, – իրականում, հիմա շատ անհանգիստ եմ ԼՂ հակամարտության հետ կապված…»«Անթաքույց է համաձայնությունը այդ անհանգստության հետ», – մտածում եմ ես: Բարեբախտաբար, խոսքի իրավունք է ստանում մեր հայրենակիցը Լիբանանից.
-Պարո՛ն դեսպան, ես Լիբանանից եմ, բայց հայ եմ: Ուզում եմ մի դիտարկում անել: Հայկական կողմին ինքնավարության վերաբերյալ մատրիցայում նախընտրելի մակարդակ ընտրելու առաջարկ անելը, իմ կարծիքով, հավասարազոր է Հարավային Կորեային Հյուսիսային Կորեայի սահմաններում ինքնավարություն ունենալու պայմաններ առաջարկելուն:- Այն ժամանակ դա բավականին գործուն տարբերակ էր թվում, հիմա՝ համոզված չեմ, թե կբերի ցանկալի արդյունքի: Ցանկալի արդյունքը գործողությունների պլանի հիմնանպատակն է: Հակամարտությունների դեպքում հասարակությունների գիտակցական թե ենթագիտակցական հիմնանպատակը պետք է որ խաղաղությունը լինի կամ դառնա:
Մեր դեպքում, երբ ողջ տարածաշրջանով անընդհատ մետամորֆոզների միջով ենք անցնում, հեշտ է միայն ասելը՝ «Եկե՛ք ապրենք խաղաղ»: Դա նույնքան տեսական է թվում, որքան երբեմնի առաջարկած մատրիցան: Բոլոր մատրիցաների ամենածանր փորձաքննությունը ժամանակն է տալիս։ Տվել է նաև այս մատրիցային։ Առայժմ չկա ժամանակի փորձաքննությանը դիմացած որևէ մատրիցա։ Այդուհանդերձ, միշտ էլ օգտակար է անցյալի փորձին տեղեկանալը։