Շուշան ԽԱԹԼԱՄԱՋՅԱՆ
Քաղաքացիական հասարակության և
տարածաշրջանային առաջընթացի ինստիտուտ
Երևան
«Սասնա ծռեր» խմբի կողմից Երևանում ՊՊԾ գնդի տարածքի գրավումը հարուցում է բազմաթիվ հարցեր, որոնցից որոշները դեռ պատասխան չունեն։ Տեղի ունեցածը հասարակության ներկայիս վիճակի լայն պատկերը բացահայտող յուրօրինակ լակմուսային թուղթ է։ Մարդիկ սովոր են իրավիճակը քննարկել տրամագծորեն հակառակ՝ հաճախ՝ զգացմունքային ազդեցությամբ պայմանավորված դիրքրեից, թեև վաղուց արդեն ժամանակն է անցնել էությունն ու օրինաչափությունները բացահայտելուն։ Իմ նպատակը կարեկցելն ու մեղադրելը չէ, ես ձգտում եմ քննել տեղի ունեցածը հանրային միտումների ու տրամախոսությունների (դիսկուրսների) տեսանկյունից, ինչպես նաև եզրահանգել՝ ի հայտ բերել քաղաքական և հասարակական հայեցակետերում «Սասնա ծռերի» գործողության «չոր մնացորդը», այսինքն՝ երևացող արդյունքը։
Նախ՝ ինչո՞ւ հենց հուլիսի 17-ին, այսինքն՝ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձին հաջորդած օրը։ Առաջին հայացքից՝ անկարևոր հարց է, որն, այնուամենայնիվ, չենք կարող շրջանցել։ Եթե ՊՊԾ գնդի գրավման ամսաթիվը նախապես էր ծրագրված, ապա հայ հասարակության և լրատվամիջոցների ուշադրության կիզակետում հայտնված թուրքական իրադարձությունների կապակցությամբ տրամաբանական էր այն չեղարկել։ Եթե գրավման որոշումն ընդունվել է թուրքական իրադարձությունների «տաք» հետքերով, ապա տրամաբանությունն ընդհանրապես հասկանալի չէ. ո՞րն էր բուն նպատակը։ Ինչպիսի՞ ռազմավարական կամ մարտավարական իմաստներ ուներ գործողությունը թուրքական հեղաշրջման փորձից անմիջապես հետո սկսելը։ Եթե գործողության մասնակիցները չէին համաձայնեցնում իրենց գործողությունները երկրի համար կարևոր տարածաշրջանային իրադարձությունների հետ, ապա եղածը լրջորեն մտահոգում է։ Արտասահմանյան ԶԼՄ-ներն, ընդհակառակը, թուրքական հեղաշրջման ու «Սասնա ծռերի» գործողության միջև զուգադիպություն են տեսել և հարց բարձրացրել, թե ինչպե՞ս պետք է ըմբռնել այն։ Այս միանգամայն տրամաբանական հարցադրման պատճառով միջազգային լրատվամիջոցները ՊՊԾ գնդի գրավումը մեկնաբանում էին հիշյալ բազմիմաստ համատեքստում, որը մեծացնում էր գրավման գործողության նշանակությունը։
Իրադարձությունների ավարտին խմբի ղեկավար Վարուժան Ավետիսյանն անսպասելիորեն հանդես է եկել հավելյալ քաղաքական հռչակագրով, որտեղ ասվում էր, թե իրենց պայքարն ունի «հակագաղութային» բնույթ։ Դրանով գործողությունն այլ իմաստ էր ստանում. խումբը սկսում էր միջազգային ասպարեզում հապճեպորեն դաշնակիցներ որոնել։ Փաստորեն, հիշյալ մանիֆեստը գրվել է հապճեպորեն՝ հետևանքների մասին առանձնապես չմտածող ինչ-որ անձի կողմից։
Զինված խմբի անդամները նաև հայտարարում էին, որ հասարակությունը նրանց պետք է ընկալի որպես գործիք՝ ազատությանը հասնելու յուրօրինակ բանալի։ Այսինքն՝ խումբը հայտարարում էր, որ ինքը որոշակի ծրագիր ունեցող քաղաքական խումբ չէ, այլ ընդամենը՝ վերջինիս մարտական ջոկատը։ Կրկին գործի են դրվել ասոցիատիվ նույնացումները. մարդիկ հիշել են, որ նախկինում էլ կային իրենց՝ որպես փոփոխությունների մեխանիզմի գործիք «անվարձահատույց» առաջարկող անձ։ Արդյո՞ք Լևոն Տեր֊Պետրոսյանը նրանցից մեկը չէր։ Այո՛, հենց ինքն էր՝ իր հերթական քաղաքական վերակենդանացման ժամանակ։ Ինչո՞ւ հայ հասարակության մեջ շատ են գործիքներն ու սակավ՝ իրական ճգնաժամային մենեջերները։ Ակնհայտ է, որ մենք բախվում ենք պատասխանատվության ճգնաժամին. քաղաքական ուժերը նախընտրում են համակարգի տապալման պատասխանատվությունը բարդել հասարակության վրա՝ սահմանափակելով իրենց պատասխանատվությունը «բանալու» կամ «դոմկրատի» դերակատարմամբ. չէ՞ որ նրանք զուտ «բարի նպատակներով» են առաջնորդվում։ Բայց հասարակությունն ինչպե՞ս իմանա, թե ո՞վ է կանգնած նման գործողության հետևում։ Չէ՞ որ շեշտը դրվում է զգացմունքների՝ պասիոնարության վրա։ Իրադարձությունները ցույց են տվել, որ հասարակությունում առկա են մի շարք կայուն՝ երբեմն տրամագծորեն հակադիր կարծիքներ մարդկանց՝ քաղաքականության վրա ներազդելու հնարավորությունների վերաբերյալ։
Նույնպես շատ տարբեր են կարծիքներն այն մասին, թե ինչպիսին պետք է լինի հայ նախընտրելի հասարակությունը. մեծ ու համերաշխ նահապետական ընտանի՞ք, թե՞ արևմտյան կաղապարի շրջանակում՝ վերջինիս բնորոշ սոցիալական բոլոր տարրերով ու մեխանիզմներով ապրող ժամանակակից հասարակություն։ Ընդ որում, քչերն են գիտակցում, որ սոցիումի մեջ այսպիսի մտայնությունների համադրումն ինքնին խնդրահարույց է և՝ հասարակական զարգացմանը խոչընդոտող գործոն։
Այս խնդրին սերտորեն աղերսվում է այն հարցը, թե որչա՞փ է Հայաստանում հարգվում այլ տեսակետը։ Ամբողջատիրական կամ ավտորիտար հասարակություններում զորեղ է միակարծության պահանջը, իսկ արևմտյան տեսակի հասարակություններում, ընդհակառակը, առկա է անհատականության և այլակարծության հանդեպ հարգանք։ Հայաստանում ընթացող շատ իրադարձություններ, ի հեճուկս երկրում հռչակագրվող հանդուրժողականության, վկայում են, որ Հայաստանում անհատականությունը, անկախ տեսակետ արտահայտելը, ազատ կենսակերպով ապրելն, ըստ էության, դրական չեն ընդունվում։ Հասարակության իրական հանդուրժողականությունն արտահայտվում է ոչ թե հանդիսավոր հռչակագրերի, այլ յուրաքաչնյուրին՝ այլոց չնմանվող «ուրիշը» լինելու անվտանգ հնարավորություն ընծայելու միջոցով։ Եթե կենցաղային հարթության վրա հանդուրժողականությունն արտահայտվում է մարդու՝ իր կենցաղավարական ու սոցիալական սովորույթներում արտաքնապես տարբերվելու հնարավորությամբ, ապա հասարակական֊քաղաքական կյանքում այն դրսևորվում է անվտանգ այլակարծության իրացմամբ։ Անգամ խաղաղ ժամանակներում հայերն առանձնապես հակված չեն բարյացակամորեն կամ գոնե անտարբեր վերաբերվել միմյանց այլազանության նկատմամբ, իսկ երբ հասարակության մեջ հակասություններն են սրվում և տեղի են ունենում հուլիսյան դեպքերի պես իրադարձություններ, միակարծության հասարակական պահանջը տեղի ունեցողի մասին ժողովրդականություն չվայելող կարծիք կրող անձի համար կարող է մինչև իսկ վտանգավոր դառնալ։
Առաջանում են ոչ վաղ անցյալի ուկրաինական դեպքերի հետ կապված ակամա ասոցիացիաներ։ Ասվածի վկայությունը՝ հուլիսյան ցույցերի ժամանակ խաղաղանպաստ արտահայտությունները և խաղաղ ու փոխզիջումային եղանակով իրավիճակը հանգուցալուծելու փորձերը խստորեն դատապարտելու միտումն էր։ Հեղափոխական գաղափարներին չհարող շրջահայաց անձանց կողմից «Սասնա ծռերի» գործողության քննադատությունը զգացմունքայնորեն դատապարտվում էր ակտիվիստների և որոշ լրատվամիջոցների կողմից։ Այս փաստերը մեզ հետ են մղում ղարաբաղյան շարժման ակունքի շրջանի ցույցերին, երբ հասարակությունը ցասմամբ մերժում էր նախկինում հեղինակավոր անձանց բոլոր զգուշավոր ու կշռադատված կարծիքներն ու գնահատականները, որոնց նպատակն էր կանխել իրադարձությունների անկանխատեսելի զարգացումը։ Մարդիկ պիտակավորվում էին որպես «ծախու» և «ոչ հայրենասեր»։ Մեր օրերում պիտակավորելը նույնքան տարածված է, որքան այն ժամանակ։ Այլ կարծիքի նկատմամբ ատելության հասնող անհանդուրժողականությունը լայնորեն ի ցույց է դրվում սոցիալական ցանցերում և համացանցային լրատվամիջոցներում։
Մենք պետք է մտորենք այն մասին, որ փոխզիջման մշակույթը զարգանալու սակավ հնարավորություններ ունի մի երկրում, որտեղ ավանդապահ֊արխայիկ պատկերացումների համաձայն փոխզիջումն ընկալվում է որպես պարտություն և խայտառակություն, իսկ փոխզիջման կողմնակից անձինք՝ որպես նվաստացման ու անարգանքի ջատագովներ։ Փոխզիջման այդպիսի ընկալումը ժամանակակից քաղաքացիական քաղաքական մշակույթին և «արևմտյան» սոցիալական կացութաձևին կայանալու հնարավորություն չի տալիս։ Վտանգավոր է, որ «Սասնա ծռերին» աջակցող երիտասարդներն ու ակտիվիստները մեծամասամբ կասկած անգամ չունեին, որ «նպատակն արդարացնում է միջոցները»։ Նրանք շատ հարևանցիորեն և առանց մտահոգվելու էին խոսում երկու ոստիկանների մահվան մասին։ Առաջանում է վտանգ, որ նոր իշխանությունը նույնպես չի մտահոգվելու քաղաքացիների իրավունքների և օրինականության պահպանմամբ։ Պատմությունը գրվում է հաղթողների կողմից. անհրաժեշտ շեշտադրումները որոշելու են նոր իշխանություններն ու ԶԼՄ-ները։
Գործողության հեղինակներին աջակցող և իշխանափոխություն պահանջող հասարակական ու քաղաքական ուժերը քաղաքացիներին նախատում էին անտարբերության և բողոքի ցույցերին ցածր թվային մասնակցություն ցուցաբերելու համար։ Քանակական և որակական քննությունը դեռ արվելու է, իսկ այժմ մեզ հասանելի են սոսկ էմպիրիկ գնահատականներ։Ըստ այդմ, մարդկանց հասցեին հնչած քննադատությունն արդարացված չէր, քանի որ մեր ժողովուրդն իր դառը փորձով գիտի, որ վարչակարգերի կտրուկ տապալումից հետո հնարավոր չէ ակնկալել ո՛չ անվտանգություն, ո՛չ խաղաղություն, ո՛չ բարեկեցություն, ո՛չ օրենքի գերակայության հաստատում, ո՛չ արդարություն։ Ի դեպ, Սարի թաղում անընդմեջ տևած ցույցի մասնակիցների առնվազն 1/3-րդը քաղաքի բոլոր կողմերից եկած սովորական հետաքրքրասեր մարդիկ էին, մինչդեռ ակտիվիստներն ու քաղաքական դեմքերը 70 տոկոսից ավել չէին։ Միջին խավը բավականին անհանգստացած էր տեղի ունեցած իրադարձություններով և դրանց ապակառուցողական զարգացմանն ու ընդլայմանը ոչ մի կերպ չէր նպաստում՝ դրանով իսկ, ինչպես և ամենուր աշխարում, փաստացիորեն քվեարկելով կայունության օգտին։ Համակարգային ընդդիմության գործիչներն իրադարձություններին սկսկել են բավական մեծ ուշացմամբ արձագանքել, քանի որ կեղեքող կասկածներով փորձում էին հասկանալ, թե որքանո՞վ այն իրենց «հարսանիքն» է և թե արդյո՞ք արժէ որևէ քայլով նպաստել իրենց կողմից անտեսվող Սեֆիլյանի ու նրա տղաների վարկանիշի աճին։
Ինչպե՞ս է արձագանքել իշխանությունը և ինչի՞ մասին է վկայում իրադարձություններին ի պատասխան նրա արձագանքը։ Բոլորս հիշում ենք, որ հայտարարություններն արվում էին ԱԱԾ-ի և Ոստիկանության մակարդակով։ Բարձրագույն իշխանությունը սկզբում նախընտրեց լռել։ Եթե սկզբում իշխանության լռությունը որոշակիորեն արդարացված էր (ասենք՝ տեղի ունեցող իրադարձությունների կարևորությունը և դրա քայքայիչ կամ միավորող ազդեցությունը չմեծացնելու համար), ապա հետո այն սկսեց գրգռել ժողովրդին և ընկալվում էր որպես թուլության, վախկոտության, ձախողվածության և անգամ՝ ինքնիշխան քաղաքական կամքի բացակայության վկայություն։ Ոստիկանության գործողությունները կարելի է բնութագրել որպես ոչ արհեստավարժ, նյարդային, հստակ ծրագիր և մոտեցում չունեցող, զուտ իրադարձային, ուստի և սխալներով լի, ուժի անհամաչափ կիրառմամբ աչքի ընկած պատժիչ քայլեր։ Ցույցի մասնակիցները ոստիկանության կողմից զանգվածաբար բերման էին ենթարկվում և մի քանի ժամ անց առանց որևէ մեղադրանքի առաջադրման ազատ արձակվում։ Ոստիկանությունն ու ԱԱԾ-ը «մեղմ ուժի» մասին ընդհանրապես պատկերացում չունեն։ Թեև իշխանությունը քաջատեղյակ է քաղաքացիների շրջանում առկա դժգոհությանը և քաղաքացիական կազմակերպվածության բարձր մակարդակին, նա չի ցանկանում մշակել տարբեր իրավիճակների համար նախատեսված գործողությունների ծրագիր։ Սա ստիպում է մտածել, որ իշխանությունները թերագնահատում են ճգնաժամի լրջությունն ու սխալ են գնահատում ստեղծված իրավիճակը։
Նախագահ Սերժ Սարգսյանի օգոստոսի 1-ին՝ քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, ուժային կառույցների և հոգևորականության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հնչած ելույթը հաստատեց այդ տեսակետը։ Թեև ելույթը պարունակում էր լուրջ խնդիրների գոյության մասին խոստովանություն, փոխզիջմանն ուղղված կոչեր և հասարակությանն ուղղված որոշ դրական ուղերձներ (օրինակ՝ ազգային վստահության կառավարություն ձևավորելու մտադրություն), այն աչքի էր ընկնում խնդրի էության ըմբռնման բացակայությամբ։ Ընդ որում, այն ավարտվել է լրագրողներին ուղղված՝ «անցածի մասին մոռանալու» տարօրինակ և անընդունելի «հայրական» հորդորով։ Այսպիսով, իշխանությունը կրկին հուշում էր, որ օրենքը երկրում ընտրովի է գործում և թե Հայաստանը պետք է ապրի ոչ թե իրավական հասարակության, այլ մեծ նահապետական ընտանիքի օրենքներով (դրանով իսկ հաստատելով երկրում և իշխանական կառույցներում նահապետական հարաբերությունների գերակայության հանգամանքը)։ Միևնույն ժամանակ, այս հորդորով իշխանությունը հաստատում էր, որ լրագրողների դաժան և անիմաստ ծեծուջարդը կազմակերպված էր հենց իր կողմից, այալպես ինչ կարիք կար լրագրողներին դիմել այն մոռանալու կոչով։ Այսպիսով, հասարակական հաշտության ակտի փոխարեն ելույթն ազդարարել է իշխանության ձախողումը և հանրային դաշտում նոր պայթյունի նախադրյալներ է ստեղծել։
Ո՞րն է «Սասնա ծռերի» գործողության և դրան ուղեկցած հանրային ոգևորության, դժգոհության և ոստիկանական ճնշման հետևանքը։ Ակնհայտ է, որ երկրում կան լուրջ դժգոհություն, իշխանության ճգնաժամ և քաղաքական ու հասարակական ուժեր, որոնք շարունակելու են բռնի իշխանափոխության քարոզը։ Արժե մտածել, թե ինչպես են անդրադառնալու հուլիսյան և հետագա իրադարձությունները երկրի ժողովրդագրության վրա։ Արդյո՞ք տեղի ունեցածը նպաստելու է արտագաղթին։ Ամենայն հավանականությամբ՝ այո՛, նպաստելու է։ Արտագաղթելու են և՛ կայունությունը նախընտրող մարդիկ, և՛ երիտասարդներ, որոնք չեն կարող սպասել երկրի բարեկեցիկ դառնալու օրվան։
«Սասնա ծռերի» գործողությունը չի հանգեցրել հասարակության միավորմանը, թեև անգամ անհատապես գործողությունը չողջունած շատ քաղաքացիներ այն արդարացնում են և ընդունում առանց դույզն իսկ դատապարտելու։ Այսպիսով, նրանք փաստացի կերպով իրենց նույնացնում են ապստամբ խմբի և նրա դավանած գաղափարների հետ։ Դրա մասին է վկայում սոցիալական ցանցերում գերիշխող տրամախոսությունը (թեև արժե հիշել, որ սոցցանցերում արտահայտվում են հիմնականում երիտասարդ, քաղաքականապես ակտիվ մարդիկ և միջին դասակարգի ստորին հատվածի արհեստավարժները)։ Հասարակության համար այսուհետ և՞ս պահանջված կլինեն «առանց երկյուղի և նախատինքի» հերոսներ։ Հասարակությունն իշխանություններից կպահանջի հետևողական բարեփոխումնե՞ր, թե՞ ամեն գնով պաշտոնանկություն, իսկ ընդդիմադիրներից՝ պատասխանատվություն։ Արդյո՞ք հասարակությունը պատրաստ է անկանխատեսելի վայրիվերումներով և արտաքին քաղաքական կողմնորոշման փոփոխությամբ սպառնացող հերթական հեղաշրջամնը։
Առանց այս հարցերին պատասխանելու՝ երկրի ապագան լինելու է հարցականի տակ։