Սիրելիներս, թող Աստծո լույսը փարվի ձեր պատանի սրտերին և թող խավարը չքանա ձեր խռոված սրտերից, բայց հիշե՛ք, որ մենք փոքր ազգ ենք:
Թմբլիկներս, թող ձեր բարիկադները միայն բարի պտուղներ տան: Բայց այն բարիկադը, որը բարի պտուղ չի տալիս, պետք է հանել և կրակը նետել, իսկ մինչ այդ` հիշե՛ք, որ մենք փոքր ազգ ենք:
Հոգիս, դու Բաղրամյան փողոց կգաս մայրամուտից կես ժամ առաջ, և մինչ աքաղաղի կանչը երեք անգամ կհրաժարվես ենթարկվել ոստիկանի օրինական պահանջին, բայց խնդրում եմ, սթափվի՛ր ու հիշի՛ր, որ մենք փոքր ազգ ենք:
Պատանյակներս, Օպերայից դեպի Բաղրամյան ընկած ճանապարհին, սատանան ձեզ երեք անգամ կփորձի կանգնեցնել, բայց դուք ընդվզե՛ք ու հասե՛ք ձեր բարիկադներին, զի այնտեղ ձեզ սպասում են վահանակիր հրեշտակներն իմ: Սակայն հիշե՛ք, թե որքան փոքր ազգ ենք մենք:
Երիտասարդներս, մի քիչ գժուկ եղեք, մի քիչ խելառ, և ձեր թմբլիկ թաթիկների միջնամատը թող հպարտորեն վեր խոյանա ջրցանի շիթի ներքո, բայց նույնիսկ այդժամ` թրջված ու ջարդված, հիշե՛ք, որ մենք փոքր ազգ ենք:
Սիրելիներս, մենք չենք կարող կոտրել քաղաքացուն, ջահելին, իմ տեսակին: Հունիսի 23-ի առավոտյան մենք ձեզ չէինք կոտրում, այլ կոփում էինք ձեր պայքարի ոգին: Երանի նրանց, ովքեր չփախան ջրցանի շիթից, զի նրանցն է երկնքի արքայությունը: Եվ երանի նրանց, ովքեր հասկանում են, որ մենք փոքր ազգ ենք:
Այ տղա՛, մի բան արա երկրիդ համար, որ ազգդ հայոց հաղթահարի գերտերությունների տխմարությունները: Տու՛ր եղունգդ հանապազօրյա, որ քորի իր գլուխը ազգը հայոց: Իսկ եթե ոչ, չքվի՛ր աչքիցս և այդ ընթացքում հիշի՛ր, որ մենք փոքր ազգ ենք:
Ախ դու, պստիկ հեղափոխական, այծիկ, քո չարաճճի աչքերի մեջ կայծկլտում է լույսը Աստծո, բայց խոտոր է ճանապարհը ընտրյալների: Դրա համար` զգուշացի՛ր փարիսեցի գրանտակերներից և ուսուցանի՛ր նրանց` փոքր ազգ լինելու արվեստը:
Եթե նույնիսկ մեկ մոլորյալ ցուցարար կա այստեղ, մենք եկել ենք նրա համար` ցույց տալու ճանապարհը լույսի: Քրիստոսն էլ աշխարհ եկավ հենց մոլորյալների համար` ուսուցանելու նրանց խոսքը Աստծո: Մենք ձեզ չենք ծեծի, այլ կբժշկենք: Բայց բժշկելը երբեմն ցավոտ է լինում: Ու նույնիսկ ցավերի մեջ անագորույն, հիշե՛ք, որ մենք փոքր ազգ ենք:
Զավակներս, աշխարհը սատանային է պատկանում, իսկ Բաղրամյան պողատան` մեզ: Սատանայինը` սատանային, մերը` մեզ: Ազատե՛ք Բաղրամյան պողոտան, տվե՛ք մերը մեզ, զի տվողի հոգին լեցուն է սիրով և հավատով առ այն, որ մենք փոքր ազգ ենք:
Ու կգան պատգամավորներ` գառան մորթի հագած, ու պատ կկանգնեն Աստծո հրեշտակների և մարդկանց միջև: Եվ կտիրի Բաղրամյանում սատանայի իշխանությունը, մինչև Մեսիայի երկրորդ գալստյան օրը, ով կգա քարոզելու, որ մենք փոքր ազգ ենք:
Անջատվե՜ք, խախաղվե՜ք խնդրում եմ: Անջատումը տանում է խաղաղության, իսկ միացումը` ըմբոստության: Բայց աղետաբեր է ըմբոստությունը մեզ համար, որովհետև մենք փոքր ազգ ենք:
Ու՞ր են մեր սերնդի ծերուկ ավազակները, մաքսավորներն ու փարիսեցիներն այդ, որ սատանայի պղտոր դավերն են նյութում պատանիների դալար սրտի նրբալար արահետներում: Ու՞ր են նրանք, որ մոռացել են, թե որքան փոքր ազգ ենք մենք:
Ու կգա օրը դատաստանի, և Աստծո հրեշտակները կիջնեն Բաղրամյանից` լյառն ի վար, կզրնգան վահանները սարսափազդու, ջրի պաղ շիթեր կհորդեն երկնքից, և վայ նրան, ով գլուխը խոնարհելու փոխարեն միջնամատը պարզի դեպի երկինք և մոռանա, թե որքա՜ն փոքր ազգ ենք մենք:
Եվ չարի ու բարու վերջին ճակատամարտում, երբ սատանան վերջնականապես ջախջախվի, երբ լույսը հաղթի խավարին, երբ կենդանի պատը քանդվի, երբ բարիկադները այրվեն ծխալով, երբ փրկվածների մարմինները դես ու դեն նետվեն, երբ քաոսի դժնդակ ոգին տիրի ամենուր, հանկարծ կհայտնվի ՆԱ` սարսափազդու, բայց գթասիրտ, դաժան, բայց հոգատար: Եվ վերջակետ կդնի չարի ու բարու հազարամյա պատերազմին` ասելով բառերը աստվածատուր` Ես Գասպարյան Վովան եմ, Վովան եմ, Վովան: Ու կցրվի խավարը: Ու լույս կտիրի: Ամեն:
Lragir.am-ի պարականոնների արձանագրման բաժին