Քաղաքային տարածության անհատականացումը և արգելված թեմաների շոշափումը
Զիգրիդ ՇԻՍԵՐ
Վիեննա
Վիեննայի համալսարանի ասպիրանտ
Այս հոդվածը վերլուծում է Ռուսաստանի Կրասնոդար քաղաքում գեղարվեստական անօրինական գործունեության հետևանքով տարածության վերափոխման սոցիալական և նյութական հետևանքները:
Առաջին՝ հոդվածում ուսումնասիրվում է փողոցային հատուկ մշակույթի տեղայնացումն ու դրա հասարակա-տարածական չափումները և խորանում է այդ տարածությունների օրինաչափությունների և սկզբունքների մեջ:
Երկրորդ՝ ուշադրության կենտրոնում են վերափոխման ձևերը: Հոդվածը հիմնված է էթնոգրաֆիկ ոլորտի այն աշխատանքի վրա, որն իրականացվել է 2009-2010թթ.՝ օգտագործելով մասնակցային դիտորդություն, ամենատարբեր հարցազրույցներ և քաղաքային տարածության վերլուծություններ:
Տեսականորեն կիրառվել են փիլիսոփայության և մարդաբանության տարածական քննադատական մոտեցումներ: Հոդվածը ցույց է տալիս ոչ միայն այն սահմանափակումները, որոնց հետ երիտասարդներն առերեսվում են, այլև ուսումնասիրում է բազմազան ստեղծագործ ուղիներ և տարածքներ, որոնք երիտասարդ արվեստագետները գտել են հասարակության հետ աշխատելու իրենց գործունեության ընթացքում:
Ներածություն
Սույն հոդվածն ուսումնասիրում է արգելված կամ անօրինական փողոցային մշակույթի դրսևորումները Ռուսաստանի Կրասնոդար քաղաքի արգելված վայրերում:
Այն ընգծում է արվեստի հասարակա-տարածական չափումները, նաև ցույց է տալիս Կրասնոդարի քաղաքային ստեղծագործ նորարությունների բազմազան փորձը:
Հոդվածում լսելի դարձնելով երիտասարդ փողոցային արվեստագետների ձայնը և ներկայացնելով նրանց պատմությունը՝ մի կողմից ցույց է տրվում այն սահմանափակումները, որ նրանք ունեցել են հասարակության մեջ իրենց գործնեության ընթացքում:
Մյուս կողմից՝ հոդվածում բացահայտվում են զանազան ռազմավարություններ և ելքեր՝ ստեղծագործ մտադրությունների իրականացման համար:
Մատնանաշելով կիրառական հետազոտության օրինակները`հոդվածը նաև ներդրում է կատարում տեսաբանական բանավեճերի մեջ՝ թե որքանով են մարդիկ տարածություններին իմաստ հաղորդում:
Կրասնոդար քաղաքը գտնվում է Ռուսաստանի հարավում և ունի 740 հազար բնակչություն: Այստեղ զարգանում է փոքրիկ, սակայն գործունյա փողոցային մշակույթ կրող համայնք, որը գործում է քաղաքի արգելված գոտիներում:
Հոդվածը հիմնված է Կրասնոդար քաղաքի 11 փողոցային արվեստագետների շրջանում 2009-2010թթ. կատարված էթնոգրաֆիկ աշխատանքի վրա: Փողոցային արվեստը քաղաքային փորձ է, նաև քայլող ազգագրություն՝ ուղեկցված ներկա կամ անցյալի արվեստագետների գործերով։ Այն վերածվել է «շրջմոլիկ տեսակետի», որը, ամեն ինչից զատ, նշանակում է, որ պատմությունները վերածվում են գիտելիքի: (Ingold/Vergunst 2008: 6)
Որպես կանոն, տարածության ձևափոխությունները հասկանալու համար ես հիմնվել եմ Հենրի Լեֆեբրի տեսությունների վրա և որդեգրել եմ նրա մոտեցումը: Համաձայն Լեֆեբրի՝ հասարակական տարածությունը ստեղծվում է հասարակական անհատների կողմից (Lefebvre 1991: 31): Նրանք իրենց գործողություններով փոփոխում են իրենց ֆիզիկական միջավայրը և իրենց դրոշմն են դնում տարածությա մեջ: Մեկ այլ հայեցակարգ, որը տեղին է այս աշխատանքի համար, տարածության հասարակական վերափոխումն է վայրի, որը նկարագրվում է Լորեն Զունիգայի (2003) և Գուպտա/Ֆերգյուսոնի (1997) կողմից: «Տարածությանը իմաստ է հաղորդվում, և դա կատարվում է հասարակության կողմից» (Gupta/Ferguson 1997: 40):
Մարդաբանների խնդիրն է վերլուծել, թե ինչպես են մարդիկ իրենց բնակության վայրերում խմբովի ձևավորում իմաստալից հարաբերություններ, ինչպես են տարածությանը իմաստ հաղորդում, կամ ինչպես են «տարածությունը» վերածում « վայրի » և ինչպես են մարդիկ գրում կամ ինչպես են տևական ժամանակով իրենց ներկայությամբ փոխում միջավայրը: (Low/Lawrence-Zúñiga, 2003: 185):
Այս հոդվածում ես օգտագործում են «վայրի կերտման» հայեցակարգը, իմա՝ տարածության հարմարեցումը փողոցային մշակույթին և վայրի իմաստավորումը անհատների համար:
Քաղաքի վերափոխումը արգելված փողոցային արվեստի միջոցով
Այս բաժնում մտադիր եմ ցույց տալ այն եղանակները, որոնցով երիտասարդները յուրացնում են Կրասնոդար քաղաքի տարածքները: Ես գերադասում եմ կիրառել փողոցային արվեստ, քան գրաֆիտի եզրույթը: Փողոցային արվեստը ներառում է քաղաքային տարածության մեջ ցանկացած տեսողական ստեղծագործ նորամուծություն: Փողոցային արվեստագետները սովորաբար լայնածավալության տեսանկյունից են օգտագործում քաղաքի տարածությունը, որպես իրենց կտավ, ներառելով պատերը, նստարանները, սյուները, ծառերը, աղբամանները, փողոցային նշանները:
Մինչ փողոցային արվեստագետ Ալեքսանդրը կենտրոնական տեղերում օգտագործում է իր իսկ կողմից տպված ցուցանակները և հետևում է մարդկանց արձագանքին, Նիկիտան և Սաշան նախընտրում են դասական գրաֆիտին և անվանական պիտակները:
20-ամյա ուսանող Լյոշան արդեն դադարել է զբաղվել փողոցային արվեստով, քանի որ բազմիցս խնդիրներ է ունեցել ոստիկանության հետ: «Մենք նկարում էինք և պահանջված էինք գրեթե ամենուր: Գնում էինք ամենակենտրոնական և տեսանելի կետերը: Մինչ այդ մեր նկարները պատրաստած էինք լինում տանը: Խառնում էինք գույները և նկարում՝ ունենալով նեոնային դեղին, արծաթագույն և այլն: Այնուհետև գործի էինք անցնում: Որտեղ որ պատ էինք տեսնում և հավանում, գեղեցկացնում և նկարազարդում էինք այն: Այդ պատճառով էլ անընդհատ խնդիրներ ունեինք ոստիկանության հետ: Դա խելագարություն էր: Այնուամենայնիվ, մենք անում էինք այն, ինչ ցանկանում էինք» :(FieldnotesMay 25th, 2010)։
Մաքսիմը կոնկրետ պատերի վրա ներկ փչելով-սփռելով ստանում էր բարձր որակի ծիծաղելի կերպարներ՝ մտադրություն ունենալով մարդկանց և հատկապես երեխաներին դարձնել երջանիկ և շրջակա միջավայրի նկատմամբ ավելի հոգատար:
Մինչդեռ Դիման պատմեց, որ ինքը գերադասում է կենտրոնական վայրերում պոռնոգրաֆիկ գրաֆիտիներ անել: Մինչ փողոցում նկարելը նա տանը պատրաստում է դիզայնը և տրաֆարետը:
Իմ հետազոտությունը ցույց է տալիս, որ Կրասնոդարում փողոցային արվեստի շրջանակը շատ մեծ է՝ ներառելով փչովի (spray) կամ տրաֆերատային գրաֆիտիներ, ինչպես նաև պիտակներ, պաստառներ, թղթից կտրված պատկերներ՝ ներկված գրիչներով, խոզանակներով և սպունգերով:
Փողոցային արվեստի տարածական չափումը. արգելված տարածքներ
Հասարակական վայրը, որպես «տան շարունակություն» և ազատ ու հասանելի տարածք, կարևոր է երիտասարդների համար՝ սովորելու և փորձարկելու իրենց կարողությունները և հաստատելու անհատական սահմանները: Բոլոր այդ երիտասարդ արվեստագետները համաձայնեցին, որ քաղաքում փողոցային արվեստի համար համապատասխան ենթակառուցվածքների պակաս կա: 2010-ին Կրասնոդարում միայն մեկ օրինական ճանապարհ կար փողոցային արվեստով զբաղվելու համար` «Ամենամյա գրաֆիտիի փառատոնը, որին միայն մի քանի արվեստագետների է թույլատրվում մասնակցել »:
23-ամյա Մաքսիմը, ով մի քանի անգամ մասնակցել է այդ փառատոններին, նշեց, որ քաղաքային իշխանությունները սովորաբար սահմանափակումներ են դնում: Մինչ նկարելը արվեստագետները պետք է իշխանություններին ներկայացնեն իրենց նախնական նկարի թեման և սևագրությունը: Դրանք ընգրկում են այնպիսի թեմաներ, ինչպիսին են` սպորտը, ընտանիքը, ընկերները, հանդուրժողականությունը և դպրոցը:
Նիկիտան և Սաշան, որոնք երկուսն էլ 16 տարեկան են, ասացին, որ շատ լավ կլիներ, եթե օրինական տեղեր հատկացվեին, որտեղ առանց վախենալու իրավական և հասարակական հետևանքներից ուառանց շտապելու հնարավոր կլիներ փորձ ձեռք բերել (FieldnotesApril 30th, 2010)։
Ալեքսանդրը ևս ողջունեց այս գաղափարը, սակայն նշեց, որ ինքը չի օգտագործի օրինական պատերը, քանի որ ինքը հատուկ տարածքի կարիք ունի իր թղթե նկարների համար, որոնք նա պետք է ինքնուրույն գտնի (FieldnotesMarch 27th, 2010)։
Լյոշան բացատրեց, որ անօրինականության հետ խաղալու փորձը հրաշալի էր իր համար: Այնուամենայնիվ, նա պատրաստ է անմիջապես նկարել ցանկացած պատի վրա, որը կտրամադրեն քաղաքային իշխանությունները: Շողացող աչքերով նա բացատրեց, որ կցանկանար կրկնօրինակել Ռեմբրանդ վան Ռիժինի աշխատանքները՝ կիրառելով իր հմտությունները (FieldnotesMay 25th, 2010)։
Չնայած փողոցային մշակույթն անօրինական է ամբողջ քաղաքում, սակայն կարևոր է իմանալ, թե փողոցային արվեստն ինչ ֆիզիկական չափորշիչներ է պահանջում: Կրասնոդարում նմանատիպ երկու վայր կա: Առաջինի մեջ հիմնականում մտնում են բնակչության մեծամասնության համար արգելված վայրերը և միայն փողոցային արվեստով հետաքրքրվողների համար են, որոնք փորձարկում են իրենց արվեստային հմտությունները: Սովորաբար հարևանններ չեն լինում, և այդ վայրերը տեսանելի չեն ճանապարհից:
Այս վայրերի առավելությունն այն է, որ նկարիչը կարող է փորձարկել առանց վախենալու, որ անօրինական քաշքշուկի մեջ կընկնի: Մեծաքանակ աշխատանքներ կարելի է գտնել քաղաքային երկաթգծային ցանցի մոտ: Ալեքսեյն ասաց, որ երկաթուղային գծերը լավ տարբերակ են պարապելու համար: Այնուամենայնիվ, մակերևույթը շատ վատն է փչովի գրաֆիտի անելու համար (FieldnotesJune 3rd, 2010)։
Նիկիտայի հետ քայլելով երկաթգծային կայարանով` նեղ փողոցները, մութ գետնանցումները, աղբը ստիպեցին ինձ հասականալ, որ այդ ճանապարհորդությունը տհաճ է և վտանգավոր:
Նման արգելված վայրերի թվում են նաև լքված շինարարական տարածքները: Ալեքսեյը պատմեց, որ սիրում է նկարել լքված շինհրապարակներում, եթե գտնում է նույնիսկ մեկ չոր պատ: «Բացի այդ, հնարավոր է հանգիստ աշխատել ցանկացած եղանակային պայմաններում: Նման վայրեր գնալը կարող է վտանգավոր լինել, քանի որ պետք է մագլցել բարձր պատեր, սուր մետաղական հենասյուներից չընկնել, կամ վտանգավոր էլեկտրալարեր լինեն կամ կամ էլ հարկ լինի ցատկել շենքի մյուս մասը »,- ասում է Ալեքսեյը(fieldnotes, June 3rd, 2010)։
Արգելված արվեստի երկրորդ կատեգորիան քաղաքի կենտրոնն է իր բազմաթիվ բակերով, որտեղ կարելի է առավելագույն դիտորդներ ունենալ: Դիման և Ժենյան նշեցին, որ դժավար է փողոցային արվեստով զբաղվել Կրասնոդարի հիմնական առևտրային փողոցում` «Կարմիր» փողոցում, քանի որ յուրաքանչյուր անկյունում կան վերահսկողական տեսախցիկներ և պաշտոնյաներ: Սովորաբար տարեց մարդիկ, տեսնելով նման տեսարաններ, ոստիկանություն են կանչում: Չնայած բռնվելու վտանգին՝ «Կարմիրի» շատ բակեր ունեն հարյուրավոր արվեստի գործեր՝ վկայությունն այն բանի, որ երիտասարդները գտնում են ելքեր նաև քաղաքի կենտրոնում:
Եզրակացություն
Այս հոդվածն ուսումնասիրում է Ռուսաստանի Կրասնոդար քաղաքում փողոցային մշակույթի փորձն ու դրա տարածական չափումը: Քանի որ օրինական պատեր չեն տրամադրվում, երիտասարդները փնտրում են վայրեր, որտեղ արվեստով զբաղվելն, այնուամենայնիվ, հնարավոր է: Իմ հետազոտությունը ցույց է տալիս, որ երիտասարդները կամ գնում են ոչ մարդաշատ և չվերահսկվող վայրեր, կամ քաղաքի կենտրոն, որտեղ նրանք մեծ ռիսկի են դիմում: Փողոցային արվեստով զբաղվելը կարևոր զբաղմունք է բոլոր այն արվեստագետների համար, ում հետ զրուցեցի իմ հետազոտության ընթացքում:
Ժամանակ անցկացնելով նման վայրերում և արվեստի միջոցով անձնավորելով դրանք` այդ վայրերն իմաստ են ստանում, այլ ոչ թե մնում պարզապես քաղաքային տարածություն:
Հղումներ՝
Engel, Barbara (2004). Öffentliche Räume in den blauen Städten Russlands. Entwicklungen, Status und Perspektiven. Funktionale und räumliche Anforderungen an die Erneuerung öffentlicher Räume in den neuen Industriestädten Sibiriens unter veränderten sozioökonomischen Bedingungen. Tübingen: Wasmuth.
Gdaniec, Cordula (ed.). (2010).Cultural Diversity in Russian Cities: The Urban Landscape in the Post-Soviet Era. Oxford: Berghahn Books.
Ingold, Tim/Vergunst Jo Lee (ed.) (2008).Ways of Walking. Ethnography and Practice on Foot. Aldershot: Ashgate.
Lefebvre, Henri (1991). The Production of Space. Oxford: Blackwell.
Schmidt, Nora (2009): Das Trottoir als Galerie: Ein Beitrag zur soziologischen Theorie der Street Art.Hamburg: Verlag Dr. Kovač
Madanipour, Ali (ed.). (2010). Whose public space?: International Case Studies in Urban Design and Development. London: Routledge Chapman & Hall.
Pink, Sarah (2009).Doing Sensory Ethnography. Los Angeles: SAGE.