Միքայել ԶՈԼՅԱՆ
Քաղաքագետ
Երեւան
Ուկրաինան եւ «նրա շուրջը». ղարաբաղյան հակամարտությունը փոփոխվող տարածաշրջանային համատեքստում
Ղրիմյան հանրաքվեից հետո Երեւանում ամենաքննարկվող հարցերից է այն, թե արդյո՞ք Ղրիմում տեղի ունեցածը կարող է նախադեպ համարվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման համար: Արտահայտվում էին ամենատարբեր տեսակետներ, ընդ որում` մեկնաբանների դիրքորոշումը սովորաբար կախված էր լինում արեւմտյան/եվրոպական կամ ռուսաստանյան/եվրասիական ինտեգրացիոն նախագծերի հանդեպ նրանց ունեցած վերաբերմունքից:
Տողերիս հեղինակին անգամ բախտ է վիճակվել խնդրո առթիվ երթուղայինում մի ամբողջ դասախոսություն լսել. մի երիտասարդ հեռախոսով իր հարազատներին էր Ղարաբաղի բարբառով բացատրում միջազգային քաղաքականության նրբությունները: Ցավոք, ուղեկիցս հաջորդ կանգառում իջավ, եւ ես այդպես էլ չիմացա, թե ինչ եզրակացությունների է նա հանգել:
Անձամբ ինձ թվում է, որ այս երկու դեպքերի համեմատությանը պատշաճում է անգլիական «նարինջը խնձորի հետ համեմատել» արտահայտությունը, քանի որ երկուսն էլ միրգ են, բայց դրանով նրանց նմանությունն ավարտվում է: Չէ՞ որ ի տարբերություն երկու տասնամյակ Ուկրաինայի կազմում ապրած ղրիմցիների` ղարաբաղցիներն անկախ Ադրբեջանի քաղաքացիներ չեն եղել, չեն ունեցել ադրբեջանական անձնագրեր, չեն ծառայել ադրբեջանական բանակում, չեն մասնակցել այդ երկրի նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին` էլ չխոսելով Ադրբեջանի անկախության հանրաքվեին մասնակցելու եւ այլնի մասին: Ղարաբաղն ու Ղրիմը տարբեր են նաեւ այն պատճառով, որ ի տարբերություն կայսրության վերականգնման փորձի տրամաբանության մեջ ներառվող Ղրիմի` Ղարաբաղն ընդհակառակը, կայսրության փլուզման հենց առաջին նշանակերից էր («կայսրություն» բառը ես օգտագործում եմ ոչ թե գնահատողական, այլ նկարագրական իմաստով):
Սակայն Ուկրաինայի հարավ-արեւելքում եւ նրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունները («Լեռնային Ղարաբաղ եւ նրա շուրջ» հայտնի արտահայտության նմանությամբ) մեր տարածաշրջանի համար ունեն ոչ պակաս կարեւոր հետեւանքներ, քան կարող էր ունենալ Ղրիմի իրավական նախադեպը: Այսօր առավել քան սովորական է դարձել այն պնդումը, թե ուկրաինական իրադարձությունները եւ դրանց երեւակումը համաշխարհային քաղաքականության ոլորտում հավասարազոր են մինչ օրս գոյություն ունեցած միջազգային հարաբերությունների համակարգի եթե ոչ փլուզմանն, ապա առնվազն լրջագույն ճգնաժամին: Անձամբ ինձ դուր չի գալիս նոր Սառը պատերազմի մասին թեզը, քանի որ աշխարհն, այնուամենայնիվ, շատ է փոխվել, եւ Սառը պատերազմի ժամանակաշրջանին` երկու մեկուսացված հակադիր ճամբարներին բնորոշ բաժանումն աշխարհում ներկայումս արդեն հնարավոր չէ: Սակայն, այսօր Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ գոյություն ունի շահերի բախում, որն արդեն թեւակոխել է այնպիսի փուլ, երբ երկու կողմերն այն ընկալում են որպես զրոյական գումարով խաղ: Իսկ սա չի կարող չազդել Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակի վրա:
Նոր իրականությունը հետզհետե իրեն ավելի հաճախ է զգացնել տալիս. նշենք ընդամենը հայկական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ մեղադրվող հասարակական գործիչների ձերբակալություններն Ադրբեջանում: Դեռեւս մի տարի առաջ նման բան դժվար էր պատկերացնել, բայց հետղրիմյան աշխարհում այդպիսի վարքագիծը կարող է կանոնավոր դառնալ: Իհարկե, նոր իրավիճակում դեռ շատ բան պարզ չէ. որքա՞ն երկար կտեւի հակամարտության «թեժ» փուլը, արդյո՞ք հակամարտությունը հնարավոր կլինի տեղայնացնել Ուկրաինայի սահմաններում, որչա՞փ են պատրաստ համագործակցելու ԱՄՆ-ն եւ ԵՄ երկրները, որքանո՞վ է ռուսաստանյան հասարակությունը պատրաստ արդի ճգնաժամի հարուցելիք սոցիալ-տնտեսական դժվարություններին: Այս հարցերին տրվելիք պատասխաններից է կախված, թե նոր «Սառը պատերազմը» լինելու է սուր, բայց սոսկ ժամանակավոր ճգնաժա՞մ միջազգային հարաբերությունների արդի համակարգում (2008թ. ճգնաժամի ավելի ծանր տարբերակը), թե՞ համաշխարհային քաղաքականության նոր ժամանակաշրջանի սկիզբ:
Զգուշավորությունից` հոռետեսություն. ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները նոր պայմաններում
Կանխատեսել, թե ինչ է լինելու Լեռնային Ղարաբաղում` նույնպես դյուրին չէ: Այսօր արդեն ակնհայտ է, որ փոխվում է այն համատեքստը, որում գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: Արդեն իսկ հասկանալի է, որ մենք ապրում ենք նոր` «ռեալփոլիթիկի» իրական աշխարհում, որտեղ չկան ընդհանուր շահեր եւ մեծ տերությունների երաշխիքներ ու ամենակարեւորը` չկան փոխադարձ վստահություն եւ պայմանավորվածությունները հարգելու ավանդույթ: Այս իրավիճակում հարկավոր է նորովի գնահատել տարիներ շարունակ բանակցությունների հիմքում ընկած առաջարկությունները: Այն, ինչ ժամանակին որոշակիորեն ռիսկային էր, այժմ առնվազն անիրական է թվում, իսկ առավելագույնը` նոր պատերազմը սկսելու պատրվակ:
Հակամարտության փուլային կարգավորման հայեցակարգը, որը 1990-ականների վերջերից ընկած էր միջնորդների համարյա բոլոր առաջարկությունների հիմքում, նախկինում էլ հակամարտող երկրների կողմից որպես բանակցությունների հիմք զգուշավորությամբ էր ընդունվում: Այսօր, երբ իրավիճակը հետզհետե ավելի անկանխատեսելի է դառնում, փուլային մոտեցման իրագործելիության նկատմամբ տարակուսանքը փոխվում է վերջինիս անհնարինության գիտակցմամբ: Օրըստօրե նվազ իրապաշտական են դիտվում որպես հակամարտության կարգավորման սկզբունքներ հայտնի տարրերը (տարբեր տարիների դրանք կոչվում էին «մադրիդյան», «պրահյան» սկզբունքներ եւ այլն, իսկ վերջերս նոր խմբագրմամբ դրանք ներկայացվել են ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի կողմից):
Անվտանգության միջազգային երաշխիքների գաղափարն ուկրաինական իրադարձություններից հետո, մեղմ ասած, շատ համոզիչ չէ: Խաղաղարար ստորաբաժանման մուտքն իրատեսական է թվում մինչեւ այն պահը, երբ ծագում է վերջինիս կազմի հարցը եւ ակներեւ է դառնում, որ ամեն պարագայում այն պետք է ներառի փաստացի դիմակայության մեջ գտնվող աշխարհաքաղաքական դերակատարների եւ նրանց դաշնակիցների` ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի զորքերը (տեսականորեն հնարավոր է ենթադրել այլ` ոչ տարածաշրջանային երկրներից չեզոք զորքերի մասնակցությունը, բայց այսօր գործնականում դա շատ դժվար է պատկերացնել): Պարտադիր կամարտահայտման մասին դրույթը նախկինում էլ բավականին անհստակ էր, իսկ այժմ` Ղրիմում եւ Դոնբասում անցկացված վիճելի հանրաքվեներից հետո, այն ավելի մեծ տարակուսանք է առաջացնում: Դժվար է ասել նաեւ, թե որքա՞ն կայուն է լինելու միջնորդ երկրների` ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի համագործակցությունը` հաշվի առնելով նրանց միջեւ համաշխարհային հարթությունում առկա հակասությունները: Անգամ եթե Ռուսաստանին ու Արեւմուտքին հաջողվի ղարաբաղյան խնդրի հանդեպ միասնություն պահպանել, միեւնույն է` նրանց միջեւ ուկրաինական համատեքստում գոյություն ունեցող հակամարտությունը կարող է ազդել հակամարտության կողմերի մոտ նրանց ընկալելիության վրա եւ որոշակիորեն սասանել նրանց` որպես խաղաղարարների հեղինակությունը:
Ավելին, քան տարածաշրջանային հակամարտություն. պատերազմի վերսկսման ռիսկերը
Այսպիսով, հակամարտության կարգավորման մասին խոսելն այժմ նախկինից ավելի բարդ է: Արդյո՞ք սա հղի է ռազմական հակամարտության վերսկսման վտանգի աճով: Ակնհայտ է, որ տարածաշրջանային եւ համաշխարհային անկայունությունը, կոշտ «ռեալփոլիթիքն» ու խնդիրների ուժային լուծման եղանակների գերակայությունը բարձրացնում են պատերազմի վերսկսման վտանգը: Ավելին` աճում են ոչ միայն հակամարտության կողմերի միջեւ, այլեւ տարածաշրջանային եւ համաշխարհային մակարդակներում իրավիճակի «բռնկմանը» նպաստող հնարավոր վտանգները: Եթե նախկինում հայ եւ ադրբեջանցի վերլուծաբանների այն խոսքերը, թե Ղարաբաղում պատերազմի վերսկսումը կարող է հանգեցնել Երրորդ աշխարհամարտի, ընկալվում էին որպես հարավային երկրների բնակիչներին բնորոշ չափազանցություններին հակված լինելու դրսեւորում, ապա այժմ այդ հեռանկարներն այլեւս իրականությունից կտրված չեն թվում: Վերջին իրադարձությունների լույսի ներքո Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի` ռազմական գործողությունների մեջ ներքաշվելու հնարավորությունը միանգամայն իրական է: Դժվար չէ ենթադրել, թե ինչի կարող է հանգեցնել այդ երկրների ռազմական միջամտությունը` Ղրիմում, Դոնբասում եւ Սեւ ծովում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում:
Անգամ եթե հակամարտությունը տեղայնացվի եւ հնարավոր լինի խուսափել վերոնշյալ վախճանաբանական սցենարից` հակամարտության վերսկսումն աղետալի հետեւանքներ կունենա տարածաշրջանի երկրների համար եւ մեծ խնդիրներ կհարուցի «գերտերությունների» շահերի համար: Ռուսաստանը հարկադրված կլինի ընտրություն կատարել «ռազմավարական դաշնակցի» եւ «ռազմավարական գործընկերոջ» միջեւ: Ամեն դեպքում, հակամարտության որեւէ ելք ռուսաստանյան արտաքին քաղաքականության համար նշանավորվելու է երկրներից մեկի կամ` հենց երկուսի կորստով: Եթե Ռուսաստանը ՀԱՊԿ շրջանակներում չսատարի իր դաշնակից Հայայստանին, դա կարող է հանգեցնել ոչ միայն Հայաստանի աշխարհաքաղաքական վերակողմնորոշմանը, այլեւ ողջ հետխորհրդային տարածությունում Ռուսաստանի հեղինակության անկմանը: Մյուս կողմից, մեծ հավանականություն կա, որ ռազմական հակամարտության ցանկացած ելքի դեպքում Ռուսաստանը կորցնելու է Ադրբեջանը: Ադրբեջանի կողմից Ղարաբաղը վերադարձնելուց կամ վերջնականապես կորցնելուց հետո Ռուսաստանը զրկվելու է այդ երկրի վրա ներազդելու ամենակարեւոր լծակից: Չպետք է մոռանալ նաեւ Ռուսաստանում բնակվող միլիոնավոր հայերի եւ ադրբեջանցիների մասին. բացառված չէ, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը տարածվի նաեւ ռուսաստանյան քաղաքների փողոցներում:
Արեւմուտքի տեսանկյունից հակամարտության թեժ փուլի վերսկսումը ոչ մի լավ բան չի խոստանում, հաշվի առնելով այն անկանխատեսելի (կամ էլ` լավագույնս կանխատեսելի) հետեւանքները, որոնք այս հակամարտությունը կարող է ունենալ էներգակիրների փոխադրման համար: Հասկանալի է, որ այժմ, երբ էներգակիրների մատակարարման տարբերակումը եւ Ռուսաստանից էներգետիկ կախման նվազեցումը քաղաքական առաջնահերթություն են, այսպիսի հեռանկարը չի կարող չանհանգստացնել արեւմտյան երկրներին: Միայն սա արդեն իսկ բավարար է, որպեսզի ԱՄՆ-ն եւ հատկապես ԵՄ-ն լրջորեն վերաբերվեն պատերազմի վերսկսման հնարավորությանը: Բացի դրանից, հակամարտության վերսկսումը կարող է վերջնականապես փլուզել Հարավային Կովկասում ժողովրդավարության զարգացմանն ու հակամարտությունների կարգավորմանն ուղղված Արեւմուտքի բոլոր նախաձեռնությունները, զրկելով Արեւմուտքն այն «սոֆթ փաուեր»-ից, որը նա ձեռք է բերել Հարավային Կովկասում վերջին տասնամյակի ընթացքում:
Իհարկե, չի կարելի բացառել, որ կողմերը կառաջնորդվեն ոչ թե սթափ հաշվարկներով, այլ զգացմունքներով եւ այլատյացությամբ: Չի կարելի բացառել նաեւ «սարաեւյան տարբերակը», երբ իրադարձությունների շղթան կհանգեցնի այնպիսի իրավիճակի, որ կողմերն այլեւս նահանջի տեղ չեն ունենա: Այնուամենայնիվ, որքան էլ զարմանալի լինի, հենց այն հանգամանքը, որ այսօր հակամարտության վերսկսումը հղի է շատ ավելի լուրջ հետեւանքներով, առիթ է տալիս հուսալու, որ հակամարտության վերսկսումը չեն թույլատրի: Ամեն դեպքում, բոլոր այն հայերն ու ադրբեջանցիները, ովքեր անտարբեր չեն իրենց երկրների ապագայի նկատմամբ, պետք է քաջ գիտակցեն, որ ներկայումս իրադարձությունների զարգացման ամենաբացասական սցենարներն ավելի անմիջական եւ իրական են` սպառնալով մեր երկրներին դառնալ մեծ խաղի պատանդ: Ինձ թվում է, որ հայերն ու ադրբեջանցիները դեռ ի վիճակի են կանխել մեր երկրների` որպես հասարակ զինվորների ներգրավումը «մեծ շախմատային տախտակում», թեեւ դրա համար անհրաժեշտ են ոչ քիչ ջանքեր: