NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է ”EurasiaNet” կայքում բլոգներից մեկի հեղինակ Ջոշուա Կուչերայի հոդվածը:
Ուկրաինայի հետխորհրդային հարեւաններն ուշադիր հետեւում են Կիեւում տեղի ունեցող իրադարձություններին, մասնավորապես, որպեսզի տեսնեն, թե ինչպես է արձագանքում Ռուսաստանը: Ցույցերի համար կայծն աշխարհաքաղաքական բնույթ ուներ՝ Վիկտոր Յանուկովիչի հանկարածակի որոշումը դանդաղեցնել Եվրամիության հետ բանակցությունները հօգուտ Ռուսաստանի գլխավորած Մաքսային միության:
Ուկրաինայի «կորուստը» մեծ հարված կհասցնի Վլադիմիր Պուտինի երազանքին հետխորհրդային ինտեգրացման վերաբերյալ: Սակայն ինչպե՞ս կարող է փոխվել Ռուսաստանի քաղաքականությունն այլ երկրների հանդեպ այն իրադարձություններից հետո, որոնք տեղի ունեցան Ուկրաինայում:
«Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի խմբագիր Ֆյոդոր Լուկյանովի խոսքով՝ Պուտինն ուկրաինական իրադարձությունները համարում է ապակայունացման արդյունք Արեւմուտքի կողմից. «Նրա կարծիքով՝ անկարգությունները պետք է ճնշվեն, քանի դեռ հսկայական հրդեհի չեն վերածվել: Հուզումները հանգեցնում են միայն քաոսի: Թույլ պետությունն ինքն իրեն թակարդն է գցում: Երբ այն սկսում է տատանվել, արտաքին ուժերը սկսում են քայքայել այն, մինչեւ որ չտապալվի: Արեւմեւտքը կործանիչ է: Այն կամ չի ըմբռնում իրավիճակի բարդությունը եւ պարզունակ կերպով է գործում, կամ դիտավորյալ կործանում է անցանկալի համակարգերը: Արդյունքում ամեն ինչ վատթարանում է: Ռուսական ազդեցությունը սահմանափակելու եւ Մոսկվայի նախաձեռնություններին խոչընդոտելու ցանկությունն Արեւմուտքի քաղաքականության անփոխարինելի հրամայականն է:
Նույն փաստարկը, մասնավորապես, Միջին Ասիայի վերաբերյալ հայտնել է «CentrAsia.ru» լրատվական կայքի խմբագիր Վիտալի Խլյուպինը «Մայդանի դասերը Կենտրոնական Ասիայի համար» հոդվածում: «Յանուկովիչը միաժամանակ ողբերգական ու կատակերգական կերպար է, ինչպես եւ կենտրոնաասիական ժամանակակից բոլոր կառավարողները»,- գրել է Խլյուպինը: Նրա խոսքով՝ «փոքր երկրները մեծ խաղում կարող են խաղարկվել պարզապես որպես շարքային զինվոր «մարտի» համար: Ղըրղըզ նախագահները եւ քաղաքական ֆաունայի մյուս ներկայացուցիչները պետք է հասկանանա, որ իրական քաղաքական կյանքի այս մեծ ու չար օվկիանոսում իրենք ավելին չեն, քան պարզապես կլիր, պլանկտոն, փափկամորթ եւ վեցոտնուկ՝ սննդի շղթայի ցածրագույն օղակ: Նրանք կարող են ծառայել որպես կերակուր»: Նա խոսում է այնպիսի ուժերի մասին, ինչպիսիք են ԱՄՆ-ը եւ Եվրոպան, թեեւ, կարծես, նույնը նաեւ Ռուսաստանի դեպքում է:
Մոսկվայից վերլուծաբան Միխայիլ Տրոիցկին «The Bug Pit» բլոգին հայտնել է, որ Ռուսաստանի կողմից ճնշման առավել հավանական օբյեկտ կլինի Հայաստանը, եւ որ Կրեմլն ուրախ կլինի Կենտրոնական Ասիայում տեսնել իր առավել բարդ դաշնակիցներից ոմանց տապալումը. «Ռուսաստանի դաշնակիցներից մեկը, որտեղ հնարավոր են քաղաքացիական հուզումներ, Հայաստանն է: Այժմ Մոսկվան կարող է ավելի զգույշ լինել Երեւանի դեպի Մաքսային միության շարժման ընթացքում: Ինչ վերաբերում է Եվրասիայի մյուս հետխորհրդային հատվածին, կարծում եմ, Մոսկվան հասկանում է իր ազդեցության սահմանները, երկրորդ, դեմ չի լինի որոշ առաջնորդների տապալմանը: Լուկաշենկոն ու Աթամբաեւը ձգտում են Ռուսաստանից գումար պոկել: Ոմանք նույնիսկ Ռուսաստանն օգտագործում են արդիականացման իրենց նախագծերում: Այսպես, Մոսկվան կամ ի վիճակի չէ օգնել ԱՊՀ անդամ երկրների առաջնորդներին, ինչպես Նազարբաեւն է, կամ չի ցանկանում անել դա (դա կարող տեղի ունենալ Ռահմոնի, Քարիմովի եւ անգամ Լուկաշենկոյի հետ):
Սակայն նա հավելել է, որ երկիրը, որտեղ նմանատիպ բողոքի ցույցերի հավանականությունը բարձր է, հենց ինքը Ռուսաստանն է, այնպես որ Կրեմլին ավելի շատ թող հուզեն սեփական խնդիրները, քան կայսրության ամրապնդումը: Նման եզրակացության է հանգել նաեւ Լուկյանովը. «Ուկրաինայի հանդեպ նրա քաղաքականության հիմնական շարժիչ ուժը կլինի ոչ թե էքսպանսիայի ձգտումը, այլ ցանկությունը նվազեցնել Ռուսաստանում քաոսի տարածման ռիսկը»:
Այնուամենայնիվ, քանի որ ժամանակներն արագ փոխվում են, ակնհայտ է, որ դժվար է ասել՝ ինչպես կզարգանան իրադարձությունները: Պետք է ուշադրությամբ հետեւել դրանց:
Աղբյուրը՝ http://news.am/arm/news/196332.html