Հիացաբար «հուռա» գոչելով՝
Մենք անհանգստացրինք Արծվին՝
Երկնքի արքային,
Սրբերի հոգիների պահապանին։
Թերևս նրանցից մե՞կն է նա,
Ով կրակի մատնվեց՝
Հանուն Հավատի և Սիրո առ Քրիստոս։
Վերելք դեպի Դիզափայտ սրբազան լեռը սկսվեց շաբաթ օրը՝ հոկտեմբերի 19-ին, վաղ առավոտյան Ստեփանակերտի «Ազատության» հրապարակում արշավի մասնակիցների հավաքով։
Խմբում կային և՛ երեխաներ, և՛ մեծահասակներ։ Ներկա-բացակայից հետո մենք տեղավորվեցինք միկրոավտոբուսներում և շարժվեցինք մինչև այն կայանատեղին, որտեղից պետք է սկսվեր մեր արշավի հետիոտն մասը։
Կայանատեղին գտնվում է Ստեփանակերտից մեկ ու կես ժամ հեռավորության վրա, Հադրութի շրջանում՝ Քոշ֊աղբյուր աղբյուրի մոտ, որտեղ վերջերս տեղադրվել է հավատի և անկոտրում ոգու խորհրդանիշ Խաչը։ Կայանատեղիում ուժ հավաքելով՝ արշավախումբն առաջ շարժվեց։ Եղանակը տհաճ անակնկալ չմատուցեց, ինչի համար բոլորս շատ ուրախ էինք։ Մեզ սպասում էր վերելք դեպի Դիզափայտ սրբազան լեռը։
Դիզափայտ լեռը սրբատեղի է դարձել քրիստոնեությունից շատ առաջ։ Այս տեղը պարուրված է առասպելներով և ավանդազրույցներով։ Դրանցից մեկի համաձայն աստվածաշնչյան ժամանակներում, երբ Աստված բարկանալով մարդկանց մեղսագործությունների վրա, որոշել է բնաջնջել նրանց, լեռը համաձայնվել է իր վրա վերցնել մարդկության մեղքն ու պատիժ կրել։ Այդ ժամանակ Աստծո կամքով լեռան վրա են տեղացել կործանարար զորության կայծակները։ Բայց լեռը չի կործանվել և դարձել է երկրպագության վայր։
Սրբատեղի տանող միակ արահետն անցնում է զառիվայր և վտանգավոր լեռնալանջերով․ հազարամյակների ընթացքում այն խոտով չի ծածկվել և չի անհետացել։
****
Լեռան անվանումը կապված է նորադարձ քրիստոնյաների մարտիրոսական նահատակության պատմության հետ, որոնք փորձել են վանքում ապաստան գտնել, բայց բռնվել և դաժանաբար սպանվել են հեթանոսների կողմից։ Նրանց փայտի պես միմյանց վրա են դիզել և կենդանի վառել։ Ահա այստեղից է լեռան Դիզափայտ անվանումը։
Վանքը բազմիցս ասպատակվել և տուժել է վաչկատուն բարբարոսների ավերիչ հարձակումներից, ուստի և նախնական տեսքով չի պահպանվել։ 17-րդ դարում նրա քարերից կառուցվել է հռոմեական բազիլիկ եկեղեցու հատակագծով փոքր մատուռ, որը մինչև օրս պահպանվել և կանգուն է։ Եկեղեցին գտնվում է ծովի մակերևույթից 2478 մ բարձրության վրա։
Արշավի կազմակերպիչ Վադիմ Բալայանը, որը «համատեղության կարգով» արշավի մեկ այլ մասնակից Քրիստինի ամուսինն էր, մի զավեշտալի դեպք է պատմել։ Մի օր, երբ նա զբոսաշրջիկներին պատմում էր սրբատեղիի աշխարհագրական դիրքի մասին, միկրոավտոբուսի վարորդն առարկել է․ «Ինչպե՞ս կարելի է խոսել ծովի մակերևույթից բարձրության մասին, եթե Արցախում ծով չունենք»։
Վադիմ Բալայանի հիմնադրած «Crasy Tour»-ի շնորհիվ մեր քաղաքացիներն ու հյուրերը հնարավորություն են ստացել ի մոտո ճանաչել մեր երկրամասի պատմությունն ու մշակույթը։ Կարևոր է նաև, որ ընկերությունն իր գործունեությամբ խթանում է ակտիվ հանգստի տեսակ համարվող սպորտային զբոսաշրջությունը բնակչության զգալի հատվածի մոտ՝ անկախ տարիքից։ Որոշ չափով այն լուծում է նաև սոցիալական խնդիրներ, հասարակության հոգևոր զարգացման, կրթության և ազգային առողջացման հարցեր։
Մենք հաճելիորեն զարմացանք, տեսնելով մի ամբողջ ընտանիք՝ որդիների և թոռների հետ մի տատիկի, որը պատրաստվում էր հաղթահարել դժվարամատչելի լեռնագագաթը։ Առանձնահատուկ հիացմունք էին առաջացնում թոռները, որոնք առաջինը հասան գագաթ։ Իսկ «Օռլյոնոկ» և «Զարնիցա» ռազմամարզական և աշխատանքային ամառային ճամբարների միջով անցած տատիկը ոգեշնչում էր երիտասարդներին իր էներգիայով և լավատեսությամբ։
Լերա թոռնիկն անձնվիրաբար հաղթահարում էր կնճռոտ արահետի դժվարությունները՝ իր վախերը, տարակուսանքներն ու ինքն իրեն։ Եվ նա պարգևատրվել է Բարձրյալին իր ցանկություններն ու աղերսանքն անձամբ ընծայելու հնարավորությամբ։ Եկեղեցու խորանում դրված է մի տետր, որում ուխտավորներն իրենց խնդրանքներն են գրառում։
«Հարգելի´ արշավականներ, Աստծուց մեքենա կամ բնակարան մի՛ խնդրեք։ Ամեն խմբի նա կարող է նվիրել միայն մեկ մեքենա և մեկ բնակարան։ Իսկ սա արդեն վիճակախաղ է։ Դրա համար՝ խնդրեք որևէ հոգևոր ու նվիրական բան»,- կատակեց արշավի կազմակերպիչը։
Այս խոսքերից հետո «ափսոսանքի» դրսևորումը երկար չտևեց, «վիճակախաղի մասնակիցներն» էլ այդպիսի հեռանկարից շատ չնեղվեցին, քանի որ դրա փոխարեն հնարավորություն էին ստացել վայելելու իրենց աչքերի առջև բացված աննկարագրելի գեղեցկությունը՝ Արաքսի հովիտը և Մռավի լեռնաշղթայի գագաթները։ Եթե դուք ուզում եք հավաստիանալ «երկնքին ձեռքով դիպչել» արտահայտության իսկությանը, ապա Կատարովանքը հենց այդ տեղն է։
Հայտնվելով բարձունքում՝ դուք ասես սավառնում եք ամպերի վրայով՝ զգալով Տիեզերքի ներդաշնակող շունչը և Հավերժության լուռ ականատես հին վանքի պարիսպների խորաթափանց լռությունը։
«Ղարաբաղյան ժամանակագրություն․ 1989-2009» գրքում Բ․ Բարատովը գրում է․ «Եթե հին առասպելներն ու ավանդապատումները չլինեին, արժեր դրանք հորինել, որպեսզի մարդը բարձրանար Դիզափայտի բարձունք և բերկրալից ուրախություն ապրեր։ Վերելքի դիմաց մեզ եկեղեցու պատերից ներս պարգևվել է հոգու հանգստություն․ այս սրբավայրում ուխտավորներն Աստծուց հիվանդների ապաքինում և նվիրական իղձերի իրականացում են հայցում։ Մարդիկ հավատում են, որ այս ամայի վերամպային եկեղեցում Բարձրյալը լսում է իրենց աղոթքի ձայնը»։
***
Առասպելներից մեկը պատմում է Թագուհի անունով գեղեցկուհու մասին, որը հրաժարվել է ամուսնանալ հեթանոս զորավարի հետ։ Զայրացած զավթիչն իր զինվորներին հրամայել է սրախողխող անել նրան և մասնատված մարմնի մասերը նետել դաշտ՝ վայրի գազաններին կերակուր։ Գիշերը զինվորներն անսովոր կրակներ են տեսել։ Մոտենալով՝ նրանք տեսել են, որ նահատակված օրիորդի մարմնի մասերը լույս էին ճառագում։ Վախենալով երկնային պատժից՝ հեթանոս զինվորները քրիստոնեություն են ընդունել և զորավարի հրամանով նույնպես նահատակվել են։
Նահատակներին ողջակիզելու համար հավաքված հասկերից պոկված սերմերը տարեցտարի բերք էին տալիս, իսկ կանայք այդ սերմերն օգտագործում էին գուշակելու համար, թե ինչ սեռի երեխա են կրում իրենց սրտի տակ։ Ահռելի քարի տակից մի բուռ հող հանելով՝ կանայք սերմեր էին որոնում։ Եթե կինը գտնում է ցորենի սերմ, ապա տղա երեխա կծնի, իսկ եթե գարի՝ աղջիկ։ Այդ պատմությունների իսկությունը ստուգելն անհնարին է, բայց եթե դրանք մինչև մեր օրերն են հասել, ապա, թերևս, առ այդ կա Աստուծո կամքը։ Ստուգել հնարավոր է միայն անձնապես․ ներքին ուժ գտնել, սար բարձրանալ, սուրբ մասունքներին երկրպագել և աղոթել, ինչն էլ արել ենք։
Հետդարձի ճանապարհն այդքան էլ դժվար չէր, թեև մեր ոտքերը երբեմն սայթաքում էին։ Բոլորն աշխույժ էին, ծիծաղում և կատակում էին՝ հավաքելով վերելքի ժամանակ ճամփեզրին թողած ուսապարկերն ու բաճկոնները։
Ռիմա տատիկը ճանապարհի բոլոր փորձությունները հաղթահարած թոռնիկ Լերայի համար հաջողեցրել է հավաքել ալպիական ծաղիկների մի փունջ։
Իսկ արծվի անհանգստությունը փոխարինվել է մեր հետևից հնչած ուրախ կռինչով։