Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Վերլուծաբան
Երեւան
Մինչեւ Մաքսային միությանը միանալու մասին ՀՀ նախագահի 2013թ. սեպտեմբերի 3-ի որոշումը պարբերաբար նշվում էր, որ Հայաստանը բազմավեկտոր արտաքին քաղաքականություն է վարում, որը հնարավորություն է տալիս արդյունավետորեն համագործակցել հակադիր շահեր ունեցող տարբեր ուժային կենտրոնների հետ: Իհարկե, հարկ է փաստել, որ դա ոչ միայն դիվանագիտական հարթակում ՀՀ-ի ցուցաբերած ճկունության, այլ նաեւ միջազգային ասպարեզում ստեղծված նպաստավոր դրության արդյունք էր, երբ տարածաշրջանային դերակատարների շահերը պարզապես մրցակցում, այլ ոչ թե բախվում էին միմյանց: Ասվածի վկայությունը Արեւելյան գործընկերության ծրագիրն էր:
Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ-ի քաղաքականության փոփոխությունները ԽՍՀՄ փլուզումից հետո մինչեւ 2007 թվականը, ըստ մեզ, անցել են մի քանի փուլեր: Սկզբնական շրջանում ԵՄ-ն փորձում էր չխախտել դեռեւս Սառը պատերազմի տարիներին ձեւավորված բաժանարար գծերը, եւ այս տարածքը դիտարկում էր որպես ՌԴ-ի առանձնահատուկ շահերի գոտի, որի հետ հարաբերությունները կառուցվում էին բավականին զգուշավորությամբ: Սակայն հետագայում ԵՄ-ն աստիճանաբար փորձեց կոտրել այդ կարծրատիպը` տարածաշրջանում հիմնական դերակատարներից մեկը դառնալու հայտ ներկայացնելով: Ընդհանուր առմամբ, 2003 թվականը կարող ենք ընդունել որպես այս տարածաշրջանում ԵՄ-ի իրականացրած քաղաքականության շրջադարձային կետ, երբ ընդունվեց Եվրոպական անվտանգության ռազմավարությունը, որին հաջորդեց Եվրոպական հարեւանություն քաղաքականության ծրագրի մեկնարկը, ապա նաեւ ԵՄ-ի մեծ ընդլայնումը: ԵՄ-ն սեփական անվտանգությունն ապահովելու միտումով բավականին լուրջ հայտ ներկայացրեց տարածաշրջանում իր կշիռն ու դերակատարությունը բարձրացնելու համար: Սակայն պետք է փաստել, որ այդ քաղաքականությունն իրականացնելիս հաշվի էին նստում ՌԴ-ի հետ` ձգտելով խուսափել բախումնային իրավիճակից: ԵՄ-ՌԴ հարաբերություններն այդ ժամանակահատվածում կարող ենք բնութագրել որպես մրցակցային, որտեղ, սակայն, զգուշավորությամբ պահպանվում էին խաղի կանոնները: Այսինքն` կողմերից յուրաքանչյուրը գործում էր լռելյայն ձեռք բերված համաձայնության շրջանակներում:
Արեւելյան գործընկերությունը, որը մեկնարկեց 2009-ին, ԵՄ-ի կողմից տարածաշրջանում սեփական ազդեցությունը մեծացնելուն ուղղված վերջին քայլն է, որով ծրագրին մասնակից երկրները հետագայում կանգնեցին եվրոպական կամ եվրասիական ընտրանքի առաջ: Ըստ Բորդոյի համալասարանի պրոֆեսոր Ջ. Լուսաքի գնահատականի՝ 2008 թվականից ի վեր Բրյուսելը չափազանց ակտիվ է տարածաշրջանում` հայտ ներկայացնելով դառնալ տարածաշրջանի նոր գերտերություններից մեկը:
Հայաստանը, ինչպես եւ Արեւելյան գործընկերության անդամ մյուս երկրները, կանգնեց ոչ ցանկալի ընտրության առջեւ: Չնայած այն բանին, որ ՀՀ-ն եւ ԵՄ-ն դեռեւս 2010թ. հուլիսից բանակցում էին Ասոցացման համաձայնագրի կնքման շուրջ, եւ ամեն ինչ գրեթե պատրաստ էր 2013-ի նոյեմբերին Վիլնյուսում նախաստորագրելու այն, սակայն սեպտեմբերին բոլոր պլանները հօդս ցնդեցին: Քաղաքագիտական, լրատվական եւ մի շարք այլ շրջանակներում ՄՄ-ին միանալու հայտարարությունը անակնկալ եւ մեկ գիշերում կայացրած որոշում որակեցին, սակայն նույնիսկ մեկ հպանցիկ հայացքը ՀՀ տնտեսությանը բավական էր ենթադրելու, որ նման կախվածության պարագայում ՀՀ-ն ստիպված էր գնալու այդ քայլին: Եթե համեմատեինք նաեւ 2007-ին ՀՀ-ում ընդունված Ազգային անվտանգության ռազմավարության (ԱԱՌ) մեջ ԵՄ-ին եւ ՌԴ-ին հատկացված դերերն, ապա ակնհայտ կդառնար, որ Հայաստանի ընտրությունը միանշանակ կանգնելու էր Մաքսային միությանն անդամակցելու վրա:
Այսպես, ՀՀ ԱԱՌ-ի մեջ նշվում է, որ ԵՄ-ի հետ սերտ հարաբերությունների հաստատումը բխում է Հայաստանի երկարաժամկետ շահերից` ընգծելով, որ Եվրոպական կառույցների, առաջին հերթին ԵՄ-ի եւ նրա անդամ երկրների հետ հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից է: «ԵՄ-ի հետ բազմակողմ համագործակցության հետագա խորացումը դրական անդրադարձ կունենա Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման եւ իրավական պետության կայացման, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության վրա»:
ԱԱՌ-ի մեջ մեծ կարեւորություն է տրվում նաեւ հայ-ռուսական հարաբերություններին` նշելով. «Դրանք կրում են ռազմավարական բնույթ, ինչը պայմանավորված է Հայաստանի անվտանգության ապահովման գործում
Ռուսաստանի կարեւոր դերով, հայ-ռուսական ավանդական բարեկամական կապերով, առեւտրատնտեսական լայնածավալ համագործակցությամբ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի ունեցած դերակատարմամբ, ինչպես նաեւ Ռուսաստանում հայկական ստվար համայնքի առկայությամբ»:
Պետության համար առաջնային պահանջմունքներից կամ գործառույթներից մեկը երկրի սահմանների անվտանգության ապահովումն է: Անվտանգության դասական սահմանումներում այն ասոցացվում է ռազմական ուժի հետ: ՀՀ-ն տվյալ պարագայում առաջնորդվել է հենց այդ մոտեցմամբ:
Հայաստանի ներկայիս իրավիճակը որոշակի նմանություններ ունի Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ֆինլանդիայի իրավիճակի հետ, երբ վերջինս ստիպված էր հավասարակշռություն պահպանել ՆԱՏՕ-ի եւ Վարշավյան պակտի երկրների հետ: Արդյունքում քաղաքագիտական բառարաններում գերմանացի քաղաքագետ Ռիչարդ Լովենտալի կողմից 1961-ին ներմուծվեց «ֆինլանդիզացիա» եզրույթը, որը բնութագրում է մի ֆենոմեն, երբ փոքր երկիրը, որը գտնվում է ագրեսիվ հարեւանի կողքին, համաձայնում է ընդունել արտաքին քաղաքականության ոլորտում ինքնիշխանության կրճատումը, որպեսզի պահպանի իր անկախությունը: Այս կերպ, ինչպես վկայում են այդ քաղաքականության կերտողները, Ֆինլանդիան, որն ընդամենն ուներ հինգ միլիոն բնակչություն եւ 800 մղոնանոց սահման Ռուսաստանի հետ, կարողացավ պահպանել իր անկախությունը եւ չմտնել խորհրդային երկրների ցուցակ: Հայաստանը եւս գնաց գրեթե նույն ուղով, ինչ Ֆինլանդիան, ինչն էլ հնարավորություն տվեց խուսափել մայդանային սցենարի հայկական տարբերակից:
Այդ որոշումից գրեթե 2 տարի անց ՀՀ-ն փորձում է վերագտնել արտաքին քաղաքականության ոլորտում կորցրած հավասարակշռությունը: 2015-ի մայիսին կայացած Ռիգայի գագաթաժողովում, ի թիվս բազմաթիվ պայմանավորվածությունների, խոսվեց նաեւ Ասոցացման համաձայնագրի նոր տարբերակի ստորագրման մասին, որտեղ հնարավոր է ընգրկվի տնտեսական բաղադրիչը եւս: Եթե ՌԴ-ն չխոչընդոտի այդ համաձայնագրի կնքմանը, որի նախանշաններն առայժմ չկան, փաստացիորեն դա կնշանակի նաեւ ԵՄ-ԵԱՏՄ անուղղակի համագործակցության սկիզբ, մանավանդ, որ ԵՄ-ն այլ մաքսային միությունների հետ համագործակցելու մեծ փորձ ունի: Այսպես, չնայած նրան, որ ԵՄ-ն Հարավային Ամերիկայում գործող ՄԵՐԿՈՍՈՒՐ մաքսային միության հետ բանակցություններ է վարում, այն նաեւ առեւտրա-տնտեսական լավ հարաբերություններ ունի այդ միության հիմնադիր երկրներից մեկի՝ Բրազիլիայի հետ: ԵՄ-ի եւ մեկ այլ մաքսային միության հետ համագործակցության լավ օրինակ է նաեւ հարավարեւելյան Ասիայում գտնվող ԱՍԵԱՆ-ի երկրների հետ համագործակցությունը:
Ստեղծված իրավիճակում Հայաստանը պետք վճռականություն ցուցաբերի եւ դառնա ԵՄ-ԵԱՏՄ հաշտեցման առաջին օղակը: Չնայած, որ Հայաստանը չստորագրեց Ասոցացման համաձայնագիրը, սակայն մի շարք չափանիշներով Արեւելյան գործընկերության երկրների շարքում առաջատար արդյունքներ էր գրանցում: Հիմա Հայաստնաը մտել է մի համակարգի մեջ, որը շատ հեռու է այդ չափանիշներից եւ կարող է բացասական լուրջ հետեւանքներ ունենալ: Տվյալ պարագայում կարեւոր է, որ հայկական կողմն ինքը նախաձեռնություն ցուցաբերի եւ միջազգային հարաբերությունների համակարգում ներկայանա նոր մոդելով, որին տվել ենք «արմենիզացիա» անվանումը: Արմենիզացիայի մոդելն իրենից ենթադրում է եվրոպական չափանիշներին համապատասխանող ժողովրդավարական-իրավական պետություն, որն իր արժեքային համակարգով մոտ է եվրոպականին, սակայն հանգամանքների բերումով գտնվում է մեկ այլ համակարգի մեջ եւ կապող կամուրջ է հանդիսանում երկու բլոկների միջեւ:
ԵՄ-ի հետ համագործակցության ընդլայնումը խթանելու նպատակով կարեւոր է, որ Հայաստանը ներկայացնի այս մոդելի կարեւորությունը` ցույց տալու համար, որ համագործակցել Հայաստանի հետ, բարեփոխումներ կատարել մեր երկրում նշանակում է բարեփոխումներ կատարել ավելի մեծ համակարգում: