Մասիս ՄԱՅԻԼՅԱՆ
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար
Ստեփանակերտ
Տարբեր առիթներով փորձագիտական և այլ շրջանակներում անդրադարձ է կատարվում Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության հնարավորություններին ու հեռանկարներին։ Երբեմն էլ հակասություն է նկատվում պաշտոնական միջազգային ճանաչում չունենալու և ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու միջև։
Հարկ է նշել, որ Արցախի Հանրապետությունը հռչակվել է 1991 թվականին, և բնական է, որ մենք պետք է ունենանք արտաքին հարաբերություններ, այդ թվում՝ միջազգային ճանաչման հասնելու համար: Մենք իրականացնում ենք ճանաչված պետություններին բնորոշ գործառույթներ, որոնցից է, նախ և առաջ, անվտանգ զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների ստեղծումը։Արցախի Հանրապետությունը լիովին համապատասխանում է 1933 թվականի «Պետությունների իրավունքների և պարտականությունների մասին» Մոնտեվիդեոյի կոնվենցիայով սահմանված՝ պետությունների միջազգային իրավասուբյեկտության չափանիշներին, որոնք են՝ մշտական բնակչություն, որոշակի տարածք, սեփական կառավարություն, այլ երկրների հետ հարաբերությունների մեջ մտնելու կարողություն:
ՄԱԿ-ի անդամ պետությունների կողմից Արցախի Հանրապետության դեռևս չճանաչված լինելու հանգամանքը չի կարող կասկածի տակ դնել այն իրողությունը, որ Արցախը հանդես է գալիս տարածաշրջանում որպես կարևոր ռազմաքաղաքական գործոն։
Հայտնի են բազմաթիվ պետություններ, որոնք միջազգային ճանաչում են ստացել իրենց ստեղծումից տասնամյակներ հետո։ Ավելին, հարկ է հիշատակել նաև Շվեյցարիայի օրինակը, որը միջազգայնորեն ճանաչվել է մի քանի հարյուր տարի հետո։
Արցախի ճանաչման գործընթացը սկսված է։ Ներկայումս այն ընթանում է օտարերկրյա պետությունների առանձին վարչական միավորների՝ նահանգների, շրջանների և քաղաքների մակարդակներով։ Այս առումով Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից հետևողական աշխատանքներ են տարվում նշված սուբյեկտների հետ համագործակցության ընդլայնման ուղղությամբ։ Օրինակ, ընթացիկ տարվա աշնանը Արցախ ժամանեց նաև մեր հանրապետությունը ճանաչած ԱՄՆ նահանգներից մեկի՝ Կալիֆորնիա նահանգի պատգամավորների պատվիրակությունը։ Այցի շրջանակներում տեղի ունեցած պաշտոնական հանդիպումների ընթացքում քննարկվել են տարբեր բնագավառներում երկկողմ փոխգործակցության հեռանկարային ուղղությունները։ Վերջերս էլ Կալիֆորնիա էր այցելել ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանը, ով մի շարք հանդիպումներ է ունեցել նահանգի պատասխանատու ներկայացուցիչների հետ։ Ի դեպ, Կալիֆորնիան իր տնտեսության ծավալով աշխարհի զարգացած տնտեսությունների տասնյակում է գտնվում։
Այս համատեքստում կցանկանայի անդրադառնալ մեկ այլ հարցի ևս։ Արցախը դեռևս 1993 թվականին ԵԱՀԿ կողմից ճանաչվել է որպես հակամարտության կողմ։ Այսինքն, ԵԱՀԿ փաստաթղթերում հստակ նշված է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունում ներգրավված են երեք կողմեր՝ ԵԱՀԿ անդամ երկու պետություն և երրորդ կողմ, որը Լեռնային Ղարաբաղն է: Այս հանգամանքը հաստատում է Արցախի կարևոր դերը տարածաշրջանում, այդ թվում՝ նրա անվտանգության ճարտարապետության մեջ։ Հարկ է նշել, որ Արցախը հանդես է գալիս ոչ թե որպես անվտանգության սպառող, այլ անվտանգության մատակարար (security provider):
Ինչ վերաբերում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման խաղաղ գործընթացին, հարկ է նկատի ունենալ, որ բանակցային գործընթացն արդեն իսկ ունի իր պատմությունը։ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Մինսկի խմբի (ԵԱՀԿ ՄԽ) շրջանակներում հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններն սկիզբ են առել դեռևս 1992 թվականին և ունեցել են տարբեր փուլեր։
Մինչև 1997թ. տեղի էին ունենում լիարժեք՝ եռակողմ ձևաչափով բանակցություններ, որոնք ընթանում էին դասական եղանակով։ Եվ հենց այդ ժամանակահատվածում արձանագրվեցին կարգավորման գործընթացում եզակի շոշափելի արդյունքներ՝ 1994թ. և 1995թ. կնքվեցին հրադադարի և դրա ամրապնդման մասին եռակողմ համաձայնագրերը, որոնց ներքո կա նաև արցախյան կողմի ստորագրությունը։ Սակայն, 1997 թվականից ի վեր, կարելի է ասել, խաղաղ գործընթացն ընթանում է խեղված ձևաչափով՝ առանց Արցախի ուղղակի մասնակցության, ինչը բացասական է ազդում կարգավորման գործընթացի արդյունավետության վրա։
Այժմ, դասական առումով, բանակցային գործընթաց չկա: 1997 թվականից սկսած միջնորդները կիրառում են մաքոքային դիվանագիտության (shuttle diplomacy) մեթոդը. աշխատանքներ են տարվում կողմերի հետ մի շարք սկզբունքների համաձայնեցման շուրջ, որոնց հիման վրա հնարավոր կլինի շարունակել բանակցությունները:
Սակայն այդ գործընթացը դժվարությամբ էր ընթանում, իսկ 2016թ. ապրիլին Ադրբեջանի սանձազերծած պատերազմը, ինչը շատ մեծ հարված էր նաև խաղաղ գործընթացին, ավելի է հեռացրել հակամարտության վերջնական լուծման հասնելու հեռանկարները։
Ներկայումս անհրաժեշտ է ջանքերն ուղղել տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման ուղղությամբ և պայմաններ ստեղծել խաղաղ կարգավորման գործընթացի անշրջելիության ապահովման համար։ Այդ գործընթացում առանցքային դեր կունենա արցախյան կողմի լիարժեք մասնակցությունը։
Արցախի պաշտոնական պատվիրակության վերադարձը բանակցային սեղանի շուրջ ոչ միայն կվերականգնի երկխոսության խաթարված ձևաչափը, այլև կբարձրացնի խաղաղ գործընթացի արդյունավետությունը։ Բանակցությունների բոլոր փուլերին Արցախի լիարժեք մասնակցությունը կարևոր է հակամարտող կողմերի՝ խաղաղ գործընթացի արդյունքների համար պատասխանատվությունը կիսելու տեսանկյունից։ Արցախի իշխանությունները շարունակում են հանդես գալ գործընթացին լիարժեք մասնակցության օգտին և պատրաստ են դե-յուրե իրենց վրա վերցնել տարածաշրջանային խաղաղության և, ընդհանրապես, տարածաշրջանի ճակատագրի համար պատասխանատվության իրենց բաժինը։