Նիկոլ Փաշինյանի՝ ղարաբաղյան կարգավորման մոտեցումները
Թաթուլ ՀԱԿՈԲՅԱՆ
ՍիվիլՆեթի լրագրող, Հայկական ուսումնասիրությունների
ԱՆԻ կենտրոնի համակարգող
Երևան
Վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանն առաջին այցը կատարեց Արցախ: Մայիսի 9-ին Ստեփանակերտում տված ասուլիսում նա հայտարարեց. «Մենք պետք է հստակ պատասխանենք մի հարցի՝ ուզո՞ւմ ենք ղարաբաղյան հակամարտությունը լուծել, թե՞ չենք ուզում: Եթե միջազգային հանրությունը, այդ թվում Ադրբեջանը, ուզում են լուծել Ղարաբաղի հարցը, անտրամաբանական է, որ այդ հարցը քննարկվում է մի ձևաչափով, որով այդ հարցը չի կարող լուծվել: Ինչպե՞ս կարող է բանակցային այս ձևաչափը լուծել մի հարց, որի առանցքային մասնակիցներից մեկն ընդհանրապես սեղանի շուրջ չէ: Խնդրի լուծման ամենակարևոր բաղադրիչը ճիշտ ձևաչափով բանակցություններն են: Հակամարտության լիարժեք կողմերից մեկը՝ Արցախը, պետք է լինի բանակցությունների լիարժեք կողմ»:Փաշինյանը հայտարարեց նաև, որ ինքը պատրաստ է լիարժեք բանակցել Հայաստանի անունից, բայց Արցախի անունից պետք է բանակցի Արցախի իշխանությունը. «Արցախի անունից կարող է խոսել Արցախի իշխանությունը, ինչպես Հայաստանի անունից կարող է խոսել Հայաստանի իշխանությունը: Հայաստանը նույնպես հակամարտության կողմ է և ինքը լիարժեք կխոսի իր անունից: Արցախի անունից պետք է խոսի Արցախի իշխանությունը»:
Հայաստանի վարչապետն ընդգծեց նաև, որ «Արցախի հարցի էությունը մարդու իրավունքների պաշտպանության խնդիրն է, որովհետև Արցախի խնդիրը ծագել է, երբ Ադրբեջանը ոչ միայն ի վիճակի չի եղել ապահովել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի հայ բնակչության նվազագույն իրավունքները, այլև ուղիղ սպառնալիք է ստեղծել նրանց կյանքի և անվտանգության, ինքնության իրավունքին, սպառնալիք է ստեղծել Արցախի ժողովրդի գոյության համար՝ իրական սպառնալիք, և այդ սպառնալիքները ոչ թե բանավոր խոսքերով են արտահայտվել, այլ կոնկրետ գործողություններով՝ խաղաղ բնակչության դեմ ռազմական պայքար մղելով»:
Փաշինյանի հայտարարությանն առաջինն արձագանքեց պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը. «Վարչապետը հայտարարել է, որ … Հայաստանը հակամարտության կողմ է: Դա միշտ եղել է Ադրբեջանի պնդումը, այնինչ միջազգային հանրությունը գիտի, որ Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է, բանակցային գործընկեր, բայց ոչ երբեք՝ «հակամարտության կողմ»: Վերջապես (Փաշինյանի կողմից) արված հայտարարությունների մեջ կան նաև բանակցային մանրամասներին իրազեկ չլինելու դրսևորումներ»:
Փաշինյանը անպատասխան թողեց Վիգեն Սարգսյանի քննադատությունը: Շատերի համար զարմանալի՝ արձագանքը եկավ Հայաստանի առաջին նախագահի կողմից, ընդ որում՝ բավականին կոշտ:
«Փաշինյանին «բանակցային մանրամասներին իրազեկ չլինելու» մեջ մեղադրող Վիգեն Սարգսյանն իրականում ինքն է բացահայտում իր բացարձակ անտեղյակությունը Ղարաբաղյան կարգավորման գործընթացի բովանդակությանը: Հայաստանը, Ադրբեջանը և Ղարաբաղը միջազգային հանրության կողմից «ղարաբաղյան հակամարտության կողմի» կարգավիճակ են ստացել ԵԱՀԿ 1994թ. դեկտեմբերի 6-ի Բուդապեշտի գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթում և ավելի հստակ՝ ԵԱՀԿ ղեկավար խորհրդի նախագահի՝ 1995թ. մարտի 31-ի Պրահյան պարզաբանման մեջ: Այստեղից ակնհայտ է դառնում, որ Վիգեն Սարգսյանի արտահայտած այն միտքը, թե, իբր, Ադրբեջանն է, որ մշտապես պնդել է Հայաստանը ճանաչել ղարաբաղյան հակամարտության կողմ, նոնսենս է: Ադրբեջանն իրականում դա՜ չէ, որ պնդել է, այլ այն, որ Հայաստանը ճանաչվի ոչ թե ղարաբաղյան հակամարտության, այլ ղարաբաղյան պատերազմի կողմ, այսինքն՝ ագրեսոր»,- իր կարճ հոդվածում գրեց Տեր-Պետրոսյանը:
Հայաստանի առաջին նախագահը հիշեցրեց նաև, որ «հակամարտության լիարժեք ու իրավահավասար կողմի» Լեռնային Ղարաբաղի միջազգայնորեն ճանաչված կարգավիճակի ձեռքբերումը հայկական դիվանագիտության մեծագույն նվաճումն էր, որը մսխվեց Ռոբերտ Քոչարյանի, մեղմ ասած, հանցավոր անզգուշության պատճառով, ինչը դարձավ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ծագած բոլոր հետագա բարդությունների հիմքը:
Այս հայտարարությանը արձագանքեց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը. «ԼՂՀ ներկայացուցիչները դադարել են մասնակցել բանակցային գործընթացին Ռոբերտ Քոչարյանի՝ ՀՀ նախագահ ընտրվելուց առնվազն մեկ տարի առաջ: Իսկ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումներն ու բանակցությունները պարբերաբար կազմակերպվում էին՝ սկսած 1990-ից՝ Մինսկի գործընթացին զուգահեռ: Տեր-Պետրոսյանի ցինիզմի աստիճանն ապշեցնող է. նա կրկին մեղադրում է երկրորդ նախագահին մի բանի համար, որ ինքն է կատարել»:
Նախկին նախագահների բանավեճն ու պնդումները թողնենք մի կողմ և անդրադառնանք մի քանի մանրամասների, որոնք կարևոր են Հայաստանի և Արցախի այսօրվա բանակցողների, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի համար:
Շատ կարևոր է Արցախյան կողմի՝ բանակցային գործընթաց վերադարձնելու մտադրությունն ու ցանկությունը, ինչի մասին շեշտեց Փաշինյանը Ստեփանակերտում: Հայաստանի վարչապետը նաև հիշատակեց ԵԱՀԿ-ի 1992 թվականի մարտի 24-ի որոշումը, որով Արցախը ճանաչվել է բանակցությունների մասնակից:
Այո, ճիշտ է, որ Հելսինկիում, ԵԱՀԽ խորհրդի լրացուցիչ հանդիպման ընթացքում, ընդունվել է 11 կետից բաղկացած որոշում, որի 9-րդ կետում նշվել են այն երկրները, որոնք պետք է մասնակցեին Մինսկում անցկացվելիք այդ խորհրդաժողովին:
«Լեռնային Ղարաբաղի ընտրված և այլ ներկայացուցիչները՝ որպես շահագրգիռ կողմ, հրավիրվելու են խորհրդաժողովին նրա նախագահի կողմից՝ խորհրդաժողովին մասնակից պետությունների հետ խորհրդակցություններից հետո»,- ասվում էր մարտի 24-ի որոշման մեջ:
Անշուշտ, սա կարևոր ձևակերպում էր: Թեև Մինսկում խորհրդաժողով այդպես էլ չգումարվեց, սակայն փոխարենը ձևավորվեց Մինսկի խումբը, որն արդեն ավելի քան 25 տարի փորձում է իր միջնորդությամբ օգնել կողմերին՝ առաջարկելով լուծման տարբերակներ:
Վերադառնալով մարտի 24-ի որոշմանը, պետք է ուշադրություն դարձնել «Լեռնային Ղարաբաղի ընտրված և այլ ներկայացուցիչներ» ձևակերպման վրա: Ընտրված ներկայացուցիչները Լեռնային Ղարաբաղի օրինական իշխանություններն էին՝ ձևավորված 1991-ի դեկտեմբերի վերջերին կայացած խորհրդարանական ընտրությունների հենքով: Այլ ներկայացուցիչներ ասելով նկատի էր առնվում Շուշիի քաղաքային իշխանությունը, որը ադրբեջանական էր, այսինքն՝ նկատի էր առնվում Արցախի ադրբեջանական համայնքը:
Պաշտոնական Բաքուն տարիներ շարունակ փորձում է շրջանառության մեջ դնել Լեռնային Ղարաբաղի հայկական և ադրբեջանական համայնքներ ձևակերպումը, այսինքն՝ իբր Լեռնային Ղարաբաղը երկհամայնք միավորում է: Երևանն ու Ստեփանակերտը մերժում են այդ մոտեցումը: Եռակողմ ձևաչափով բանակցությունների ընթացքում, որը շարունակվել է մինչև 1997 թվականի ապրիլը, Ադրբեջանը փորձել է Շուշիի նախկին քաղաքապետ Նիզամի Բահմանովին ներկայացնել որպես Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչ, ինչն արժանացել է հայկական կողմերի առարկությանը:
Կհաջողվի՞ արդյոք պաշտոնական Երևանին հասնել նրան, որ Բաքուն համաձայնի, որպեսզի որպես բանակցությունների կողմ ներգրավվի նաև Ստեփանակերտը: Սա հեշտ լուծվելիք խնդիր չէ, քանի որ Ադրբեջանը ցանկանում է բանակցել բացառապես Հայաստանի հետ՝ փորձելով միջազգային հանրությանը ցույց տալ, որ հակամարտությունը երկու երկրների միջև է, և Հայաստանը տարածքային պահանջներ ունի Ադրբեջանից: Եթե անգամ Բաքուն համաձայնի, որ բանակցություններին մասնակցի նաև Լեռնային Ղարաբաղը, ապա առաջ կքաշի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների մասնակցության պահանջը, ինչպես 1990-ական թվականներին:
Անկասկած, Հայաստանը պետք է անի հնարավորը, որպեսզի վերականգնվի եռակողմ ձևաչափով բանակցային գործընթացը: Դա կարևոր է ոչ միայն նրա համար, որ ցույց տրվի, որ Արցախը բանակցությունների լիարժեք կողմ է, այլ առաջին հերթին նրա համար, որպեսզի Ստեփանակերտը ևս պատասխանատվություն կրի իր ճակատագրի շուրջ դիվանագիտական լուծումների և փոխզիջումների հարցում:
Ստեփանակերտի իր ասուլիսում Փաշինյանն ընդգծեց, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի բանակցային ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ինչը չի խանգարում, սակայն, որ լրջագույն ջանքեր գործադրվեն կրկնապատկելու, եռապատկելու ջանքերը Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ:
Մյուս կողմից, Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունը բացառում է խնդրի կարգավորումը, որովհետև չի կարող լինել խնդրի կարգավորում, երբ կողմերից մեկը հայտարարում է մյուս կողմին ոչնչացնելու իր մտադրության մասին: «Այս պայմաններում, մեր անելիքը երկուսն է, առաջին՝ ուժեղացնել և ավելի ուժեղացնել Հայաստանի և Արցախի անվտանգության մակարդակը, երկրորդ՝ միջազգային հանրությանը կոչ անել, որպեսզի նա Ադրբեջանին բերի կառուցողական դաշտ»,- ընդգծեց Փաշինյանը:
Վարչապետի նոր մոտեցումներից մեկն էլ հետևյալն էր. «Քանի դեռ Ադրբեջանը օգտագործում է ռազմատենչ հռետորաբանություն և բարձրաձայնում է Երևանը, Զանգեզուրը, Սևանը, Ստեփանակերտը նվաճելու իր մտադրության մասին, փոխզիջումների մասին խոսակցությունը պարզապես անիմաստ է: Փոխզիջումների մասին կարող է խոսք լինել միայն այն պարագայում, երբ մենք Ադրբեջանից ստանանք շատ հստակ ուղերձ, որ Բաքուն պատրաստ է ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»: