Անուշ ՍԵԴՐԱԿՅԱՆ
Քաղաքագետ
Երևան
Թավշյա հեղափոխությունը Հայաստանում արմատականորեն փոխեց քաղաքական դաշտի վերադասավորությունը՝ կոտրելով կարծրատիպեր, բերելով հույսեր և մտահոգություններ:
Ընտրությունների նախաշեմին, երբ արդեն առարկայական է դառնում գլոբալ քաղաքական թրենդը՝ իր ներքին և արտաքին բաղադրիչներով, Արցախի խնդիրը ակնհայտորեն դառնում է առավել բարդ ու խճճված, քանի որ փոխվում են թե Հայաստանում հիմնական որոշում ընդունողները, թե աշխարհաքաղաքական տիրույթը: Նման փոփոխությունների շարքում կարելի է դասել Բոլթոնի այցը Հայաստան, Իրանի նկատմամբ պատժամիջոցների հարցի և Արցախյան հակամարտության համակցումը տարածաշրջանային կոնտեքստին:
ՀՀԿ-ի կառավարման ընթացքում Արցախի հարցի “սեփականատերը” իշխանություն էր և նրա աշխարհաքաղաքական շահառու ու հովանավոր Ռուսաստանը:
Ներկա իշխանությունների օրոք փորձ է արվում հարցը տեղափոխել հանրային քննարկման տիրույթ, միածամանակ, սակայն, ակնհայտորեն միտում է ձևավորվում քննարկման թեժ դիսկուրսից դուրս պահել աշխարհաքաղաքական բաղադրիչը, մասնավորապես՝ ամերիկյան բանակցությունների, ամերիկյան զենքի և ընդհանրապես տարածաշրջանում Հայաստանի հստակ դերակատարմնա հարցը։
Արցախի հասարակական-քաղաքական դաշտում նույնպես ծավալվում են փոփոխություններ:
Արցախի առաջադեմ երիտասարդությունն ու քաղաքացիական հասարակությունը պահանջում են թավշյա հեղափոխության վերարտադրություն Արցախում:
Դա հասկանալի է, ելնելով հեղափոխական իրադրությանէությունից, ինչպես նաև արցախցիների բնական դժգուհությունից երկրում առկա կոռուպցիոն դեպքերի և բռնաճնշման մեխանիզմների հանդեպ:
Սակայն թավշյա հեղափոխության ռեպլիկացիան Արցախում միառժամանակ հետաձգվում է, ելնելով նաև մի շարք օբյեկտիվ գործոններից.
-Արցախը հակամարտության գոտի է, ուր ցանկացած երկարացված ներքին անկայունություն կարող է ավարտվել անկախատեսելի հետևանքներով
-Հեղափոխության և ժողովրդավարության ջատագովները դեռևս թվով զիջում են առավել պահպանողական շերտին, որն Արցախի գերակա խնդիրը շարունակում է տեսնել անվտանգության մեջ: Այդ հարցերում տարակարծիք են նաև քաղաքացիական հասարակության որոշակի շերտեր:
-Եւ, վերջապես, Արցախն անկախացումից ի վեր իր ներքին և արտաքին կարգավիճակի հանգուցալուծումներն արդարացիորեն կապում է Հայաստանի հետ, իսկ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարություններում բազմիցս ընդգծել է, որ դրանք բացառապես Արցախի խնդիրներն են:
Նման պնդումները, քաղաքականորեն արդարացված լինելով, միաժամանակ ժամանավորապես կասեցնում են արմատական փոփոխությունների տեսլականը, բայց և ճանապարհ են բացում առավել երկարաժամկետ գործնեության համար։
Արցախի ժողովրդավարացումն անխուսափելի է մի շարք խնդիրների իրագործումից հետո.
ա) Հայաստանի նորելուկ ժողովրդավարությունը պիտի ինստիտուցիոնալիզացվի՝ ապահովելով կայուն օրենսդրական և դատական մեխանիզմներ
բ) բանակցությունների նոր փուլ մտնող արցախյան հիմնախնդիրը պիտի ստանա նոր ձևակերպում ՝միգուցե ձևավորելով բանակցային նոր ձևաչափ Արցախի մասնակցությամբ
Դրանից հետո Արցախում թավշյա հեղափոխությունը կարող է ուղղակի արտատպվել արցախյան ինստիտուտների գործնեության վրա, բերելով ժողովրդավարացման և հակամարտության հանգուցալուծման միաժամանակյա հեռանկարային հաղթանակի։