Հարկ է արձանագրել, որ 44-օրյա պատերազմի արդյունքներից մեկը դարձել է Արցախի շուրջ հակամարտության կարգավորման մինսկյան ձևաչափի վերակենդանացման փոխադարձ պատճառականությունը՝ Արցախի կարգավիճակի որոշման հարցը բանակցությունների սեղանին վերադարձնելու անհրաժեշտությամբ հանդերձ։ Այսօր այս երկու հարցերը սերտորեն փոխշաղկապված են մի շարք հանգամանքների բերմամբ, որոնց սկիզբը դրել են Ադրբեջանը, Թուրքիան և Ռուսաստանը։ Արցախի կարգավիճակի որոշման անհրաժեշտությունն արդիականանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային ձևաչափի վերականգնման անհրաժեշտությանը զուգահեռ։
Այսպիսով, Ռուսաստանի մասնակցությամբ 2020 թ․ նոյեմբերի 9-ին և 2021 թ․ հունվարի 21-ին ռազմական գործողությունները դադարեցնելու և հետագա պայմանավորվածությունները կյանքի կոչելու վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի ստորագրած եռակողմ հայտարարություններից հետո բանակցային գործընթացը վերջնականապես հայտնվել է Մոսկվայի միահեծան վերահսկողության ներքո։ Նաև հասկանալի է, որ արցախյան ճակատի ուղղությամբ համարյա բոլոր կարևոր քայլերը Մոսկվան այժմ պետք է համաձայնեցնի իր մարտավարական֊իրադրային դաշնակցի՝ Անկարայի հետ։ Ռեջեփ Էրդողանին չի հաջողվել դառնալ հակամարտության պաշտոնական միջնորդ-մոդերատոր, սակայն ոչ պաշտոնական մակարդակի վրա ՌԴ նախագահ Պուտինն այժմ ստիպված է արցախյան հիմնախնդրին վերաբերող ամեն մի քայլ քննարկել իր թուրք բարեկամ-գործընկերոջ հետ։ Դրա մասին է վկայում հայ գերիների հայրենիք վերադարձի շուրջ Իլհամ Ալիևի հետ պայմանավորվելու Պուտինի անկարողությունը։ Ալիևն իբր համաձայնվել էր, բայց ռուսական օդանավը Բաքվից Երևան է վերադարձել միայն ռուս գեներալ Ռուստամ Մուրադովի հետ։ Դատելով դրան հաջորդած Պուտին-Էրդողան հերախոսազրույցի հապճեպությունից՝ պարզ է դառնում, որ հայ գերիներին վերադարձնելու վերաբերյալ վերջնական որոշումն ընդունել է ոչ թե Ադրբեջանի, այլ Թուրքիայի նախագահը։
Այսպիսով, հայ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի դիպուկ գնահատմամբ՝ Ալիևի սեղանին բացի Մոսկվայի հետ կապող հեռախոսից հայտնվել է երկրորդը՝ Անկարա զանգահարելու համար։ Եվ, դատելով Ալիևի աճող և վաղուց դիվանագիտական էթիկետի շրջանակներից դուրս եկած լկտիությունից, նա տվյալ հեռախոսից ակտիվորեն օգտվում է։ Այս ամենն Էրդողանի համար ստեղծում է ոչ պաշտոնական, բայց բավականին ակտիվ համանախագահության հնարավորություն Արցախի շուրջ պայմանական միջնորդական առաքելությունում։ Ալիևին այն տալիս է Մոսկվայի և Անկարայի ճնշման միջև խուսանավելու տարածություն։ Դատելով եվրասիականության հանրահայտ ռուսաստանցի ջատագով Դուգինի խոստովանություններից՝ Մոսկվան, «զոհաբերելով դաշնակից Հայաստանին», Ալիևից ակնկալում է առնվազն Ադրբեջանի մուտքը ԵԱՏՄ։ Ըստ ամենայնի՝ Ալիևն, իրոք, ռուս գործընկերոջն այդ խոստումը տվել է, իհարկե, Ռուսաստանի «դաշնակցին զոհաբերելու համաձայնության» դիմաց։ Սակայն, անձամբ Պուտինի կողմից Ալիևին տրված մանևրելու տարածությունը թույլ է տալիս պնդել, որ Մոսկվան դեռ շատ երկար է սպասելու Ադրբեջանի մուտքին ԵԱՏՄ։ Դրա անուղղակի ապացույցն արդեն հիշատակված Բաքու-Երևան մեկ ուղևորով չվերթն էր։
Այս համապատկերում ստիպված ենք արձանագրել, որ Ռուսաստանի հարաբերությունները թե՛ իրադրային դաշնակից Թուրքիայի, թե՛ Հարավային Կովկասում իր ռազմավարական գործընկեր Ադրբեջանի հետ այսօր բավականին բարդ, հակասական և խճողված են։ Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերությունների մասին խոսելն առհասարակ ավելորդ է։ Բավարարվենք միայն մեկ փաստի հիշատակմամբ․ 1999 թ․ հոկտեմբերի 27-ից սկսած Հայաստանը կորցրել է Ռուսաստանի ռազմավարական գործընկերոջ կարգավիճակն ու ձեռք է բերել նոր՝ ռազմավարական պատանդի կարգավիճակը։ Եվ հենց այս իրադրության՝ Հայաստան֊Ադրբեջան-Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների ֆոնին՝ Մոսկվայի կողմից կոմատոզային վիճակի հասցրած ԵԱՀԿ Մինսկի խմբի վերակենդանացման միջոցով տարածաշրջան վերադառնալու Ֆրանսիայի և ԱՄՆ սեփական հայտերը միանգամայն սպասելի և տրամաբանական են։
Հասկանալի է, որ Փարիզն ու Վաշինգտոնը պատրաստ չեն հաշտվել Պուտին-Էրդողան սեպարատ խաղի արդյունքների հետ, առավել ևս պաշտոնապես ամրագրել դրանք։ Սա հատկապես այսպես է Սպիտակ տան օվալ սենյակի տիրոջ՝ իզոլյացիոնիստ Թրամփի հեռանալուց և գլոբալիստ Բայդենի իշխանության գալուց հետո։ Թվում է, որ ԱՄՆ նախագահի կողմից Ցեղասպանության փաստի ճանաչումն Էրդողանին հղված սոսկ առաջին ուղերձն է այն մասին, որ Արևմուտքի կողմից Թուրքիայի զսպման քաղաքականությունը չի չեղարկվել։ Ավելին՝ Թուրքիայի նախագահի անսանձ համառության պատճառով այս ուղերձները հետզհետե ավելի ու ավելի հաճախակի կհնչեն։ Բոլորովին էլ բացառված չէ, որ Արցախի կարգավիճակի որոշման անհրաժեշտության մասին հիշատակումը լինի այդպիսի ուղերձներից մեկը՝ Կոսովոյին անկախություն տալու օրինակով, որին յուր ժամանակին Թուրքիան մեծապես ողջունել է։
Եվս մեկ կարևոր հանգամանք։ Թուրքիայի օգնությամբ Արցախի և Հայաստանի դեմ ագրեսիա գործած Ադրբեջանը հաջողությամբ խախտել է միջազգային իրավունքի այն հիմնարար սկզբունքներից մեկը, որի վրա հիմնված էր ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը՝ ուժի չկիրառման և ուժի կիրառման սպառնալիքի չկիրառման սկզբունքը։ Երկրորդ՝ տարածքային ամբողջականության սկզբունքն Ադրբեջանը, նույն ինքն Ալիևի բացահայտ խոստովանությամբ, հաջողությամբ իրացրել է։ Այսպիսով՝ բանակցային սեղանին ինքնաբերաբար մնացել է երեք սկզբունքներից միայն մեկը՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը։ Հետևաբար՝ միջնորդներն այժմ պետք է բանակցություններ վարեն բացառապես այս վերջին հիմնարար սկզբունքի, ինչպես նաև մարդասիրական բնույթի հարցերի, մասնավորապես՝ հայ ժողովրդի դեմ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետևանքների վերացման շուրջ։
Վերոշարադրյալի լույսի ներքո միանգամայն ակներև է, որ Մինսկի խմբի վերակենդանացման հեռանկարն, ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանին և Թուրքիային առանձնապես չի ուրախացնում։ Իսկ Մոսկվան այս հեռանկարի հանդեպ սկսել է երկակի վերաբերմունք տածել, գոնե՝ այս վերջին շրջանում։ Պատերազմի օրերին Պուտինը ղարաբաղյան հակամարտության մասին խոսում էր գերազանցապես Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու անհրաժեշտության դիրքերից։ Այսօր Մոսկվան, թող որ դժկամորեն՝ հեռավոր ապագայի հեռանկարով, նույնպես խոսում է Արցախի կարգավիճակի մասին։ Այս զիջողականությունը նույնպես իր պատճառներն ունի։ 2020 թ․ սեպտեմբերին համաձայնվելով Արցախի թուրք-ադրբեջանական մասնատմանը և նոյեմբերի 9-ին ստորագրելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի հայտարարությունը՝ Ռուսաստանը «մարտական հետախուզության» միջոցով անցել է ղարաբաղյան հակամարտության սեպարատ կարգավորման։ Եվ եթե ըստ նախապես մշակված սցենարի ամեն ինչ հարթ ընթանար, ԵԱՀԿ Մինսկի խմբի վերակենդանացման ուղղությամբ Մոսկվան ոչ մի հակում և հետաքրքրություն չէր դրսևորի։
Բայց ամեն ինչ հարթ չի ընթացել և չի ընթանում։ Ի պատասխան Արևմուտքի՝ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու և անգամ SWIFT-ից անջատելու սպառնալիքների՝ Մոսկվան իր բանակը հեռացնում է Ուկրայինայի սահմանից։ Իսկ ՀԱՊԿ անդամ Ղրղզստանի և Տաջիկստանի միջև մեկօրյա պատերազմը Ռուսաստանի համար բազմաթիվ մտահոգեցնող ահազանգերից է։ Այս իրավիճակում Մոսկվան չի կարող անտեսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար սեփական միջազգային մանդատն օգտագործելու՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ձգտումները։ Ավելին՝ համանախագահ գործընկերների հետ քննարկելով մինսկյան ձևաչափում բանակցություններ վերսկսելու հնարավորությունը, Մոսկվան դրանով իսկ զգաստացնում է Անկարային և Բաքվին՝ իր սանձազերծ իրադրային դաշնակիցներին և ռազմավարական գործընկերներին։ Մոսկվան օգտագործում է Մինսկի խմբի վերակենդանացման հեռանկարը որպես հնարավորություն և Թուրքիայի և Ադրբեջանի վրա դիվանագիտական ճնշում գործադրելու լծակ։
Այսպիսով, ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ համանախագահող երկրների բացակայության պայմաններում Արցախի շուրջ ներկայումս ստեղծվել է բավականին տարօրինակ կացություն։ ԱՄՆ-ն և Ֆրանսիան ջանք են գործադրում հակամարտության կարգավորումը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի մասնակցությամբ եռակողմ ձևաչափից ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափ վերադարձնելու համար։ Եվ քանի որ Արցախի կարգավիճակի հարցն առկա գործընթացի շրջանակից դուրս մնացած միակ հարցն է, ԱՄՆ-ն և Ֆրանսիան տրամաբանորեն փորձում են նոր բանակցային օրակարգ ստեղծել բացառապես Արցախի կարգավիճակի հարցը քննարկելու համար։ Այլ հարցերն արդեն լուծված են․ դրանք պարզապես չկան։ Այս վերջին հանգամանքը չափազանց կարևոր է, որովհետև Մինսկի խմբի բոլոր երեք երկրների միջև այդ օրակարգի շուրջ կոնսենսուսի բացակայությունը կասկածի տակ է դնում ոչ միայն նրա արդյունավետությունը, այլև նրա իսկ գործունեության ապագան։ Այսպիսով, այսօր հակամարտության կարգավորումը մտել է մի փուլ, որում Արևմուտքի և Ռուսաստանի միջև հարաբերությունների ընթացիկ դրությունը նրա վրա բավականին մեծ ազդեցություն է գործում։
Եվ, ըստ հերթականության, բայց ոչ ըստ կարևորության վերջին հանգամանքը․ վերոնշյալ փաստերի համագումարը թույլ է տալիս ենթադրել, որ հենց Արցախի կարգավիճակի հարցում կոնսենսուսի հասնելու հնարավորությունն է պայմանավորում ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա գոյության խնդիրը։